ԱՆՏԻՊՆԵՐ

ԵՐԳԻ ՎԱՐՊԵՏԻՆ

...Երբ հարգում են հիշատակը հանգուցյալի՝
Ընդունված է չանդրադառնալ: Սակայն ինչպե՞ս, ինչպես լռե՞լ,
Երբ բովանդակ զարհուրանքը մոտ անցյալի
Կամենում են երկրի վրա նորից փռել,
Կամենում են կրկին հանել հրապարակ,
Լույս ընծայել նոր վարիանտով, հավելվածով արյունալի,
Կամենում են նորից նրանք,
Որոնք ձայնը կախարդական քո քնարի
Խլացրին բիրտ խուժանի քրքիջի մեջ...
 
Հոկտեմբերը մեզ առհավետ փրկեց մահվան ճիրաններից:
Ավանդական մեր դաշտերում հնչեց նորից
Քո «Հորովելը» քաղցրալուր,
Պտղավորվեց «Ծիրանի ծառը» քաղցրանուշ,
Եվ «Անտունին» քո հանճարեղ,
Սրտակեղեք ծանոթ երգը «տնավարի»,
Թովիչ դարձավ էլ ավելի՝
Դադարելով կյանք լինելուց
Եվ մնալով լոկ իբրև երգ,
Լոկ եղանակ չնաշխարհիկ:
Բայց աշխարհին
Սպառնում են այսօր նորից կոտորածով:
Ատլանտյանով դեպի Բոսֆոր, Մարմարա ծով,
Թավալվում է մի մութ ալիք:
Հոխորտանքով ամոթալի՝
Յաթաղանն են փոխարինում ատոմային արկով նրանք,
Ենիչերին՝ էքսպերտով,
Կավե բերդը՝ «Թռչող բերդով»,
Եվ մահիկը՝ արշավանքով խաչակրաց:
Սակայն մարդը իր դարավոր խաչը կրած
Շպրտել է արդեն մի կողմ՝ Չինաստանից
Մինչև Վարշավ և Վարշավից մինչև Աթենք...
Եվ թող հիմա «Հորովելը» քո հանճարեղ
Թող որ փռվի մեր արտերին,
Իբրև սիմվոլ խաղաղության,
         Իբրև բարիք,
                   Իբրև ցորեն:
Թող փառավոր կվարտետդ քո համբավը հեռուն տանի:
Մենք հանգիստ ենք վաղվա հանդեպ.
Հին աշխարհի պատառոտվող խավարի դեմ՝
Մեր երկիրը «քելեր-ցոլեր»:

IX.1949թ.


ՀԻՆ ԵՂԱՆԱԿ

Գնդակներն են պաղ, աղջիկները՝ տաք:
-Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ...
 
Բանտերը՝ խավար, ծոցը՝ սպիտակ:
-Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ...
 
Հանցանք չեն հարցնի, հերիք է պիտակ:
-Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ...
 
Ապրելն է դժվար, մեռնելը՝ կատակ:
-Մեկ չէ ուր սատկել, որ երկնքի տակ...

1960-ական թթ


ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
 
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
 
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
 
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:

1968թ.


ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
 
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
 
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
 
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք՝ դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:

1968թ.


***

Դու աղջիկ ես մի հասարակ
Եվ գերում ես՝ քո հմայքին
Ես անծանոթ, և անտեղյակ,
Անգետ խաղի ու քմայքի:
Օ, այնպես հեշտ, լավ է քեզ հետ,
Ես չեմ փնտրում խոսքեր հարուստ,
Որով գիտեն ոմանք շոյել,
Թեկուզ... առանց հավատալու:
Ոչ ջանք իզուր- սրամտել,
Ոչ կոմպլիմենտ- խոսքի շոյանք...
Ողջը այնպես հեշտ է, թեթև,
Հասկանալի և հասարակ:
Բայց... ափսոս որ դու ուշացար,
Ոչ, շտապել եմ ես իզուր...
-Քեզ նայելով անդարձ անցած
Պարզությունս եմ ցավով հիշում...

28.II.1958թ.
Մոսկվա


 < 1 2 3 4 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз