ՀԱՐԿ ՀՈԳԵԿԱՆ

ԵՐԳ ԵՌԱՁԱՅՆ

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ 
 
Ախ, իմ հայրենի՜ք... 
 
Իմ ամբողջ կյանքում լեզուդ եմ սերտում 
Եվ չեմ սովորել անսխալ խոսել, 
Անսխալ խոսել քո մասին քեզ հետ. 
Շփոթվում եմ միշտ անանց հուզմունքից... 
 
Երբ վաղ գարնանըդ կկուդ է կվվում, 
Ինձ ամեն անգամ այնպես է թվում, 
Թե թարգմանում է իր թլվատ լեզվով 
Շնորհավորման իմ խոսքը կակազ. 
Նա քո գարունն է շնորհավորում 
Եվ ի՛մ փոխարեն... 
 
Քո ամառային ստվերներն անգամ 
Իրենց լռությամբ ինձ են թարգմանում՝ 
Երգելով հիմնը արևիդ լույսի. 
Ելևէջում են յուրահատկորեն՝ 
Երկարանալով ու կարճանալով 
Սև բոցերի պես։ 
Աշնան կաթուկը այգիներիդ մեջ 
Բերք ու բարիքիդ օրհներգումն է իմ՝ 
Համաշխարհային - մատչելի լեզվով... 
Եվ նույնիսկ այնժամ, 
Երբ խոսում եմ ես քո մասին քեզ հետ, 
Մինչևի՛սկ այնժամ 
Այլ բան չեմ անում, 
Քան թե խոսքերով չափում եմ միայն իմ լռությո՜ւնը, 
Որպեսզի կրկի՛ն հասկանամ ցավո՜վ, 
Թե այդ լռության համեմատությամբ 
Խոսքերն այդ որքա՜ն փոքր են ու չնչին... 
 
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
 
Դու՝ 
            Հազարամյա իմ ազգանո՜ւնը, 
Ես - 
            այնպե՛ս ապրել կարողանայի, 
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար 
Դու երբևիցե անհարմար չզգաս... 
 
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ 
Ա՛խ, երանի՜ թե ես այնպե՛ս մեռնեմ, 
Որ դու... ինձ սգաս։ 
 
 
ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ 
 
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
 
Ես ոչի՛նչ, ոչի՜նչ քեզ տալ չեմ կարող. 
Ինչ էլ տամ՝ կրկին տվածդ եմ տալիս։ 
 
Մինչևիսկ չունեմ պարտքի զգացում. 
Ես ոտից-գլո՜ւխ քո պարտքն եմ որ կամ։ 
 
Հավաստիացման խոսք նա է ասում, 
Ով ուզում է, որ հավատան իրեն։ 
 
Իսկ ես միտք չունեմ հավատացնելու.
Ես հավատն եմ քո, 
Քայլո՜ղ հավատը... 
 
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
Ինձ կոչ են անում կյանքըդ ճանաչել,- 
Ավելո՜րդ ձգտում. 
Ես մասն եմ կյանքիդ։ 
 
Ես քո մամուռն եմ՝ 
Հինավուրց ու նոր քո կամուրջների քարերի վրա, 
Քո աղբյուրների գուռերի կողին։ 
 
Եվ քո մրմուռն եմ, 
Որ չի թարգմանվում ուրիշ մի լեզվի... 
 
Ծուխն եմ երեկվա քո երդիկների 
Եվ քո այսօրվա ծխնելույզների ծուխն եմ միմիայն՝ 
Քո թեժ կրակից թերևըս անմաս, 
Բայց ծնված այդ նույն կրակից քո թեժ։ 
Քո ծուխն եմ միայն, 
Եվ մթնոլորտին քո շունչն եմ խառնում՝ 
Այդ ծխի տեսքով։ 
Քո ծուխն եմ միայն. 
Խոսել չեմ կարող, 
Բայց նկարում եմ կենդանությունըդ՝ 
Երկնի կտավին... 
 
Քո հավերժական ու մշտափոփոխ բնանկարի 
Երանգներից եմ այնպե՛ս ներկոտված, 
Ինչպես երկինքըդ՝ արևմտոցին։ 
Ձեռքիդ հետքերից դաջված եմ այնպե՜ս, 
Ինչպես գիշերվա երկինքդ՝ աստղերով... 
 
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
 
Ես կյանքիդ համար կյանքըս չեմ տվել՝ 
Ես չեմ մասնակցել և ո՛չ մի մարտիդ, 
Բայց կես քայլ անգամ չեմ արել կյանքում, 
Որ քեզ չբերի. 
Քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում՝ 
Շրջագծի պես... 
 
Վերևից ցած են ջրերըդ հոսում, 
Իսկ ես իմ ցածից 
Լուռ մագըլցում եմ դեպի բարձունքըդ՝ 
Քո շոգի` նման... 
 
Ու երբ գարունդ է նորից կրկընվում
Մի հրաշալի էպիգոնությամբ, 
Չոր ցողունիդ պես ծաղկում է իմ մեջ 
Նույն միտքը միայն. 
-Թեկուզ անանուն՝ 
Ինչպես խոտերըդ սարերիդ լանջին, 
Եթե ես օգնեմ կանաչությանըդ, 
Կարող եմ ասել. 
«Ե՜ս էլ ապրեցի»... 
 
 
ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ 
 
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
 
Ես խոսքեր ունեմ քեզ համար պահված, 
Որ չի գտնելու ո՛չ մեկն աշխարհում, 
Եվ որ առայժըմ ինքս էլ չեմ գտել։ 
 
Խոսքերն այդ իմ մեջ և՛ կան, և՛ չկան՝ 
Ստորերկըրյա քո ջրերի պես։ 
Կարող են այրվել, նաև այրում են՝ 
Ինչպես խաղողիդ անխառըն օղին։ 
 
Մոտիկ են նրանք, բայց նաև անհաս, 
Ինչպես այն լեռը, 
Որ գերբդ է դարձել...

03.I.1960թ.
Թիֆլիս


ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Դու մեր մեծ երթի գավազանակիր 
Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան, 
Մեր ազնըվության գովասանագիր, 
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։ 
Անցյալին պարզված դու մեր լսափող, 
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։ 
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, 
Նարեկացիով օծված ու յուղված։ 
 
Դաժան դարերի ամե՛ն մի ժամին 
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։ 
 
Բարդելով վերքին վերք ու անարգանք, 
Հեծության վրա մի նոր հեծություն՝ 
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, 
Խլել է մեզնից փառք ու մեծություն, 
Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ 
Մեր հո՛ղը, հո՛ղը, 
Մեր սուրբ հայրենի՜ն։ 
 
Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։ 
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ, 
Բայց և... դարավոր բնիկ վայրերի 
Կորըստի լեղի կարո՜տն է քսել, 
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի 
Արցո՛ւնքը, սակայն... և արյո՛ւնը սև, 
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից. 
-Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով, 
Մեր հայրենահամ անուշ բարբառով։ 
 
Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։ 
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել, 
Հատել է ականջ ու ոտնաթաթեր, 
Աչքեր է հանել դաշույնով իր սուր, 
Կտրել է նաև արմատից լեզուն, 
Եվ սակայն... իզո՜ւր. 
Չի՛ հատվել լեզուն, 
Մնացել է նա՝ հատվելո՜վ անգամ... 
 
Քե՛զ՝ մեր հայկական և արամական, 
Չկարողացան քեզ խլել մեզնից 
Ո՛չ խարդավանքով արամեական, 
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ, 
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով, 
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ, 
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով. 
Ո՜չ ճշմարտությամբ, 
Ո՜չ էլ ստերով։ 
 
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։ 
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ, 
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել, 
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ, 
Որ հազարամյա դաժան մարտերում 
Փողփողացել է միշտ էլ... սրտերո՜ւմ։ 
 
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող. 
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։ 
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող, 
Ինչպես երկինքը երբեք չի փլվում։ 
Չե՜ս խլվի երբեք, 
Չե՜ս փլվի երբեք, 
Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում... 
 
Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, 
Որ քեզ կամենա գողանալ մեզնից. 
(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա). 
Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու, 
Այլև մասո՜ւնք ես, 
Մասո՛ւնք ես մի սուրբ, 
Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝ 
Դարերի խորքից դարերին հասած։ 
 
Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասունքըս ո՜րն է։ 
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։ 
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես, 
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես, 
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես, 
Շատերի մեջ ես, բայց պետական ես, 
Եվ դրանով իսկ դու պետքական ես 
Այն պետությանը, որ վաղը պիտի 
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

29.I.1962թ.
Երևան


ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ծննդյան 1600-ամյակի առթիվ։ 
«Ոչ միայն որ գործենն պարտական են, այլև որ յանձն առնուն»։
Ա 
Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք 
Միայն նախդըրիվ-ոսկեղենիկով 
Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն, 
Որոնց կերպը դու առել ես գուցե 
Հին գործիքներից մեր դարբինների 
Եվ այն կեռերից ամենատարբեր, 
Որոնցից զեն ու զարդ էին կախում... 
 
Բայց Գյուտարարիդ համեմատությամբ 
Ես՝ Դանիելյան թերատ այբուբեն, 
Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից, 
Չեմ կարող զնգալ 
Ու չեմ էլ զնգում, 
Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ, 
Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով 
Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում, 
Եթե Քո անվամբ մի ամբո՜ղջ ազգ է կոչում ինքն իրեն, 
Ա՛զգ, 
Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, 
Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք՝ 
Թեկուզև մի օր... 
Եվ պե՞տք է արդյոք, 
Որ արձաններըդ հառնեն աստ ու անդ, 
Եթե Ինքըդ Քեզ - քանի՜դար արդեն -
Քանդակում ես միշտ 
Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին 
Երեսունևվեց կերպերով անքանդ։ 
 
Պե՞տք է ուրեմըն... 
Ու պետք է եթե՝ 
Քե՛զ... Պետք չէ բնա՜վ, 
Պետք է... միայն մե՛զ։ 
 
Բ 
Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին, 
Վերաքննությամբ պիտի մեզ ներես, 
Եթե խոսում ենք քանդակ-արձանից, 
Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում, 
Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ, 
Որ չեն տարբերվում կռապաշտներից։ 
Եվ ա՛յն պատճառով պիտի մեզ ներես, 
Որ հնուց անտի սովոր լինելով 
Հարկի և տուրքի, 
Բաժի և սակի 
Ու վճարելով միշտ ճարահատյալ, 
Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել՝ 
Հարկը հոգեկա՜ն։ 
Եվ Դու՝ եզակի մի հարկահավաք, 
Որ ընտըրված է - ոչ նշանակված, 
Ա՛ռ ու մթերի՜ր, 
Ա՛ռ ու պաշարի՜ր 
Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու, 
Որպեսզի կրկին վերաբաժանես՝ 
Մեր նեղ օրերին, 
Բայց... իբրև նպաստ 
Եվ ոչ մուրածո ողորմաբաժին... 
 
Գ 
Աշխարհզբոսիդ համեմատությամբ 
Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս, 
Ի լրո՛ գիտեմ, 
Որ քեզ ծին տված բնիկ գավառում 
Կար մի մենաստան՝ 
«Սուրբն Կարապետ», 
Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ: 
 
Մենք կին չենք, 
Այր ենք, 
Տղամարդ ենք մենք, 
Սակայն անօրեն մի նոր օրենքով 
Փակ է մեր առջև 
Ո՛չ միայն դուռն ու գավիթը վանքի, 
Այլ գավա՜ռն ամբողջ 
Եվ ո՜ղջ մի երկիր, 
Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա։ 
 
Մենք կին չենք, 
Այր ենք, 
Տղամարդ ենք մենք, 
Եվ ընդդեմ այս բաց անարդարության 
Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում, 
Բայց փակում այնպես, 
Ինչպես փակում են մարդիկ մատները, 
Եվ ստացվում է դրանից... բռունցք։ 
 
Ուստի իզուր է խոսքը երդումի։ 
Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք՝ 
Քո Հացեկացը կպեղենք բրչով, 
Եվ տարոնական պարզած երկնի տակ 
Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի, 
Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին...
 
Դ 
Սակայն... Եվ սակայն 
Կա սուրբ Օշական, 
Որ ազգի համար մի շատ վաղեմի
Հավասար է նոր Երուսաղեմի։ 
 
Աշուն է հիմա։ 
Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին 
Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր, 
Իր տերևները, որ շատ են նման 
Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի։ 
 
Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա։ 
Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա, 
Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար։ 
 
Գաղտնասացության համար չեմ ծնվել, 
Ես գիտեմ սակայն, 
Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք 
Անխոս-լռելյայն երդում է տալիս
Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ։ 
Անձնադատորեն նա հանձն է առնում 
Արդյունավորվել մի՛միայն այնպես, 
Որ հողագնդի բյուր լեզուներից 
Անարտաքսելի մնա հավիտյան 
Մեր այն բարբառը, 
Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել, 
Բայց մեխե՜ր նաև՝ 
Գամելու համար հին ու նորօրյա պիղատոսներին։ 
 
Կանխասացության համար չեմ ծնվել, 
Ես գիտեմ սակայն, 
Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք 
Եվ վա՛ղը պիտի դառնա մասնակից 
Քո անկշռելի որքանությանը, 
Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը, 
Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի՝ 
Փոխելով քայլն իր մոլորագընաց, 
Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին, 
Դասալիք լինի բանակից վարձու։ 
Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք 
Ավանդակորույս իրենց վանքի դեմ 
Վերստին պիտի աչքերը բանան։ 
Հայոց աշխարհի այրերից նրանք, 
Ովքեր հուլաբար ճամփա են ընկել 
Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ՝ 
Օտար հովերի ապտակին հլու, 
Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ՝ 
Խորհե՛ն հայերեն, 
Ապրե՛ն հայօրեն... 
 
Ե
Հոռետեսության համար չեմ ծնվել 
Եվ դեմ եմ հիմար լավատեսության, 
Սակայն շատերից մեկն էլ ես՝ գիտե՛մ. 
Դու էիր, որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր, 
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար։ 
Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր, 
Որ եթե մի օր - աստվա՜ծ չարասցե - 
Գտած հնարըդ դառնա գործազուրկ, 
Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած, 
Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի։ 
 
Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով՝ 
Չունեցար որդի, 
Ճիշտ է առավել, 
Որ զավակի տեղ ժառանգներ ունես՝ 
Սերո՜ւնդ ու սերո՛ւցք, 
Որոնք անըստգյուտ գյուտովըդ գիտեն, 
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար... 
 
Ննջի՛ր ուրեմըն սուրբ շիրիմիդ տակ, 
Քանզի արթուն ես մեր հոգիներում։ 
 
Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ 
Հավասարվում ենք, դառնում աջակից. 
-Դու... գործն ես արել, 
Մենք... հանձն ենք առել...

12.IX,1961թ. 17.IX.1961թ.
Երևան




Lilas
⇑ Наверх
⇓ Вниз