ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

***

Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում,
Դրսում մութն էր իջնում խաղաղ:
Սիրում էի ձեր տան բակում խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հե՜տ, քեզ հե՜տ խաղալ:
 
Աստղերն էին ելնում մեկ-մեկ, լուսինն արծաթ
Լեռան ժայռոտ պռունգին էր հոգնած նստում:
Մութը՝ լուսնից հալածվելով՝ իջնում էր ցած,
Բայց զո՛ւր էին, իզո՜ւր էին կանչում մեզ տուն: 
 
Վառվում էին ճրագները մեկ-մեկ գյուղում,
Շներն էին մեկ-մեկ տալիս լուսնահաչի:
Ես չեմ հիշում՝ ինչպե՞ս էինք մթնում խաղում, 
Բայց զո՛ւր էին, իզո՜ւր էին կանչում հացի:
 
Ինձ մի մթին իրիկուն է կարծես պատում.
Մոռացել եմ, ես չեմ հիշում շատ բան հիմա,
Բայց հիշում եմ՝ սիրում էի խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հետ՝ ձեր տան բակում, մեր տան դիմաց:

02.V.1946թ.
Երևան


***

Մեզ ստիպում են, որ խռով մնանք.
-Չպետք է մեկտեղ խաղալ ու խոսել:
Ա՜խ այդ մեծերը... Կռվել են նրանք
Եվ իրար ծանր խոսքեր են ասել:
 
Չեն խոսում նրանք հենց երեկվանից,
Մեզ էլ են սաստում.- Չպե՛տք է խոսել:
Ա՜խ, ես ի՞նչ ասեմ քո պառավ նանին,
Ա՜խ, ես ի՞նչ ասեմ հորթուկին ձեր սև:
 
Ամուր չի կապում հորթուկին նանը,
Ու պառավն ինքը քնում է շոգին:
Եվ անմիտ հորթը՝ այդ անպիտանը, 
Գալիս է մտնում մեր ջրած այգին,
 
Ուտում է նա մեր անմոռուկները,
Վարունգի մատղաշ տնկերն է ոտնում.
-Դառնանա՜ն պիտի մեր վարունգները,-
Խեթում է հայրըս ու տեղ չի գտնում:
 
Ես չեմ հասկանում հորս մտքերը
Եվ այս մեծերին չեմ սիրում էլ ես.
Լավ չէ՞՝ դառնանան մեր վարունգները,
Քան թե ես ու դու դառնանանք այսպես...

17.V.1946թ. VII.1953թ.
Երևան Չանախչի


***

Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվըզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:
 
Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք քաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
«Սիրեմ-սիրեմ» անվերջ խաղում:
 
Անուններում երեք հոգու
Եվ դո՛ւ կաս միշտ, և ե՛ս միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը՝ ո՜չ մի անգամ:
 
Որքա՜ն անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:
 
Չէ՜, ինձ չէի՛ր, չէի՛ր սիրում...
Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ էր այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ:

V.1946թ. 18.VII.1953թ.
Երևան Նավչալու


***

Այն առուն, որ ձեր բակով է հոսում,
Անցնում է անվերջ մեր պատի տակով,
Ողջ օրն աղմըկում, ուրախ վազվըզում,
Տանջում է նրան լուրջ ու կատակով.
 
Մերթ հրում է նա, մերթ՝ խտուտ բերում 
Ինձ նման հլու-հնազանդ պատին:
Պատը սիրում է, ուստի և՝ ներում 
Այդ չարաճճի խաղերը անթիվ:
 
Ձեր առուն շատ է երբ երես առնում,
Իրեն մոռացած՝ պատն էլ, ինձ նման,
Ստվերով զգո՜ւյշ ցած է կռանում,
Ուզում է գրկել-համբուրել նրան:
 
Փախչելիս, դիտմամբ, առուն սայթաքում,
Ընկնում է հանկարծ գիրկը մեր պատի:
Ստվերը պատի իջնում է թաքուն,
Բայց առուն շտապ ելնում է ոտի:
 
Շիկնանքը պահած իր պաղ հատակում՝
Մի պահ վարանքով նայում է առուն
Եվ ալիքներով... շրը՜խկ,- ապտակում,
Քրքըջո՛ւմ, քեզ պես, փախչո՜ւմ է հեռու...

10.V.1946թ. 20.VII.1953թ.
Երևան Չանախչի


***

Ես գիտեի, որ դա չէր կարելի.
Կծեծեր մայրս, եթե իմանար...
Դու, նստած բակի սալաքարերին,
Գուլպա ես գործում եղբորդ համար:
 
Իսկ եղբայրդ ու ես «տափուկ» ենք խաղում՝
Հոգնած քարտեզից, թիվ ու գծերից:
Եվ ես՝ հաղթողս ցանկացած խաղում, 
Ես՝ ճանաչվածս նույնիսկ մեծերից,
 
Պարտվո՜ւմ եմ այսօր, ես ամեն անգամ
Տանուլ եմ տալիս ու... չեմ ամաչում,
Եղբայրդ էլ, պա՛րզ է, խնդում է քահ-քահ
Եվ ամեն անգամ ինձ կույր է կոչում:
 
Ես կո՞ւյր... Կո՜ւյր էի մինչև այդ կյանքում
Ու բացվել էին աչքերըս արդեն.
Գարնան գիժ քամին, քեզանից թաքուն,
Քո կուրծքն էր բացում ու փակում իմ դեմ:
 
Ես գիտեի, որ դա չէր կարելի,
Բայց նայո՜ւմ էի - կո՛ւյր չէի արդեն:
Այդ կյանքն էր բացվում իմ դեմ, սիրելի՛ս,
Եվ արժե՜ր խաղում կույր լինել, պարտվել...

21.V.1946թ. 17.VII.1953թ.
Երևան Չանախչի


Սկիզբ  < 4 5 6 7 8 9 10 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз