ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

***

Աշնան եղյամն է իջել ձորերին,
Քարին ու թփին - ամենո՜ւր իջել:
Մեր ջահել, մատղաշ մեր խնձորենին
Սպիտակել է, ինչպես տատն իմ ծեր:
 
Գոմում երինջն է բառաչում տխուր,
Մինչդեռ մարագում խուրձն է առվույտի:
Երդիկն ու հայրս չիբուխ են ծխում:
Շունը կլանչով ելնում է ոտի:
 
Դու, չստեր հագած, վազում ես բակով,
Թռչում ես առուն, ինձ ես որոնում:
Ես, ոտաբոբիկ, ձեռքիս մահակով
Եղյամն եմ թափում մեր խնձորենու:
 
Ուրախ բառաչ է բարձրանում գոմում՝
Պահածո դարձած խուրձի հոտերից:
Ա՜խ այդ հայացքը, որ դու ես գամում
Եղյամից սառած բոբիկ ոտերիս...
 
Ցուրտ է: Թոնիրն է բորբոքվում ներսում:
Ախ այդ հայա՜ցքը... Ձմեռ է արդեն,
Մինչդեռ չգիտես, չէ՛, ի՜նչ եմ ասում,
Գիտես՝ արբունքի գարունն է մեր դեմ...

21.V.1946թ. 21.VII.1953թ.
Երևան Նավչալու


***

Մեր թոնիրն այսօր բորբոքուն է.
-Եկ մեր տո՛ւն, եկ խաղա՛նք միասին:
Երազկոտ ու տաք է մեր տունը.
-Եկ խոսե՛նք մեր գալիք տան մասին:
 
Կրակը բորբոքվում է ներսում,
Եվ ծուխ է դուրս փչում երդիկը.
-Առանց քեզ, ա՜խ, իմ սիրտն է մրսում,
Առանց ինձ չի՞ տխրում սրտիկըդ:
 
Մայրըս, տե՛ս, խմոր է նա հունցում.
-Կսիրի, թե լինես իր հարսը:
Այդ մասին դու ի՞նչ ես մտածում.
-Թե մերժես՝ կատի՛ քեզ, այդ պարզ է:
 
Խմորը հորդում է տաշտից դուրս.
-Կարոտս հասել է կատարին:
Ծուխը, որ ելնում է երդից դուրս,
Այդ քեզ է նա կանչում.- Մո՛տ արի:
 
Սակայն դու իմ կանչը չես լսում.
-Չե՞ս լսում, թե՞ քնքուշ ստում ես...
Ա՜խ, ինչո՞ւ մեծացար այդպես շուտ,
Որ այդպես ո՜ւշ-ո՜ւշ գաս մեր տունը...

10.V.1946թ.
Երևան


***

Ինձ թվում էր նա գեղեցիկ,
Ինձ թվում էր նրա նման
Ուրիշ աղջիկ գյուղում չկա: 
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով:
 
Մինչև հիմա կա այն հացին,
Որի բնին մինչև հիմա
Նրա անվան փորվածքը կա:
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով: 
 
Նա ինձ համար թանկ էր, անգին,
Ես առաջին անգամ հանգին
Նրա անվամբ ծանոթացա:
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով:
 
Կարծես ինքս էլ ինձնից թաքուն,
Կարմըրելով թունդ ամոթից՝ 
Ես գողություն արի կյանքում.
Նրա նկարն անհետացավ
Մեր ջոկատի պատի թերթից...
Արժե՞ արդյոք շարունակել՝ ձեր կարծիքով...

01.XI.1952թ.
Մոսկվա


***

Ծաղկանկար շալը ուսիդ՝ 
Ձեր տան կտրին նստում ես դու,
Ծով աչքերով կանչում ես դու
Տղային ձեր հարևանի:
Բայց նա ինչպե՞ս և ո՞ւր գա նա,
Երբ հոնքերով սաստում ես դու,
Խեղճ տղային տանջո՜ւմ ես դու:
         Նա չգիտի, թե ինչ անի:
 
Իսկ հետո էլ՝ ուսերիցըդ 
Շալըդ ահա առնում ես վար,
Խաղում ես դու ծոպերի հետ,
Մեկ էլ նրա՛, նրա՜ հոգու,
Որ չգիտի՝ գա՞, թե չգա, 
Եվ մոլորված խեղճ ու շվար՝ 
Քեզ պես ծաղկած իրենց այգու
Դռնակն է լոկ բացում-փակում:
 
Երբ աչքերով կանչում ես դու
Ու հոնքերով սաստում նրան,
Դու չգիտե՛ս, չէ՜, չգիտես՝ 
Ոնց ես հանում նրա հոգին:
Ա՜խ, ի՞նչ անի, դե ի՞նչ անի
Հարևանի ձեր խեղճ տղան.
Փոքրիկ էլ չի, որ վեր կենա,
Մոր մոտ գնա 
         ո՜ւ բողոքի:

23.VI.1946թ. 17.VII.1953թ.
Երևան Նավչալու


***

Իմ արցունքները թեպետ չեն հոսում,
Բայց ինքը սիրտըս արցունքով է թաց՝ 
Ինչպես մանկության օրերում անցած,
Երբ լալիս էի ես անարտասուք
Եվ մորըս ասում.
         -«Քաղցա՛ծ եմ, քաղցա՜ծ»...
 
Բռնում էր մայրս հարցերի ճամփան,
Որ սիրտս շահի իր ունեցածով.
Չի՞ր, չամի՞չ, փշա՞տ, թե՞ տանձ ու խնձոր:
Իսկ ես մտքիս մեջ ունեի մի բան
Եվ մյուսները մերժում էի չոր:
 
Հարցնում էր էլի իմ մայրը ջահել,
Ու թվարկելիս և ա՛յն էր հիշում,
Ինչ որ ես էի մտքումըս պահել:
Կուզեի, որ նա մեկից կռահեր,-
Եվ այդ էլ էի դառնացած մերժում:
 
Արցունքով է թաց իմ սիրտը կրկին...
Գիտե՛մ, թե ինչով կհանգստանա.
Աչքերըդ նրան հանել են խելքից,
Նա թունդ է առնում քո տանջող քելքից:
Բայց ինչպե՞ս քո դեմ նա իրեն բանա:
 
Տեսնում եմ ես քեզ, երբ ոսկեհանդերձ
Քո հագուստներով շորոր ես տալիս,
Երբ սափորն ուսիդ աղբյուր ես գալիս:
Բայց ես քեզ՝ սիրո ծարավով հանդերձ՝
Չտեսնելու եմ վերստին տալիս:
 
Թե խոստովանեմ՝ գուցե չմերժես,
Բայց ցավալի է, որ միանգամից
Դու չես կռահում և մի անգամ ինձ
Այնպես չե՜ս նայում, չե՜ս ժպտում այնպես,
Որ այսպես լցվա՛ծ, լքվա՜ծ չզգամ ինձ:

23.V.1946թ. 21.VII.1953թ.
Երևան Նավչալու


Սկիզբ  < 5 6 7 8 9 10 11 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз