ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

***

Ծառերն են բացվել, բողբոջել նորից,
Մայիսն է կրկին իջել ձեր այգում.
Բուրմունք է ելնում տամուկ հողերից,
Ծանոթ խայտանքով սիրտս վարակում:
 
Գանգուր բաղեղն է աճել վերստին,
Փարվել չափարին ծաղկած ձեր այգու,
Կարոտդ է այդպես փարվել իմ սրտին,
Գաղտնիքդ սակայն... լեզուս է փակում:
 
Գարո՜ւն: Աշխարհում նորից հիմա նա
Ինչ ունի՝ փռե՜լ, բացել է ինքը: 
Ինչ լա՜վ է գարնան գաղտնիքն իմանալ,
Երբ թաքուն է մեր... սիրո գաղտնիքը:

22.V.1946թ. 21.VII.1953թ.
Երևան Նավչալու


***

Մեր տնից ձեր տուն՝ կավաշեն մի պատ, 
Եվ այգուց այգին՝ մի բարակ առու,
Մեր հին տանձենու ճյուղը մրգապատ,
Մեր փշատենին մեջքով իր սապատ
Ձեր այգու մեջ են մրգերը փռում:
 
Մեր տնից ձեր տուն մի պատ է միայն,
Իմ սրտից սիրտըդ՝ պարիսպ ահագին,
Որ ինձ օղակեց այս երեկոյան,
Ինչպես նշանի մատանին քո այն՝
Զվարթ աղմուկում նշանդրեքի:
 
Մեր այգին ցավից կուչ եկել հիմա,
Ցանկապատվել է փշով մասրենու,
Եվ ամոթահար՝ քո դրժման համար՝
Ձեր ասող-խոսող առուն էլ հիմա
Թփերի մեջ է անվերջ թաք կենում:
 
Զարմանքից ապշած՝ մեր հին տանձենին 
Բարի գլուխն է թափ տալիս ցավով.
Մեր անուրջներին, շշուկին սովոր՝
Ուսն է թոթափում և ձեր հացենին -
Իրավունք ունի, նա՜ չէ հանցավոր:
 
Հիմա ի՞նչ անել, ի՞նչ է հարկավոր:
Թո՛ղ որ ժողովը քո հարցը քննի,
Թո՛ղ որ քեզ այնտեղ կոչեն «քաղքենի»,
Թո՛ղ որ հորջորջվեն «պսակ ու քավոր»,-
Սերը չես ծածկի փրփուրով քենի...
 
Մեր տնից ձեր տուն՝ լոկ ցածրիկ մի պատ, 
Իմ սրտից սիրտըդ՝ պարիսպ ահագին:
Քո մատի վրա դեռ թանաքապատ
Այդ դո՛ւ ես կրում մատանիդ հպարտ,
Բայց նա սեղմում է ի՛մ սիրտն ու հոգին:

14.V.1946թ. 20.VII.1953թ.
Երևան Նավչալու


***

Հիմա ողջն ասես մի հեքիաթ լինի, այնքան է հեռու,
Հիմա ողջն ասես լինի մի ծանոթ, մի անցած երազ:
Հերանցդ տնից, որ դեմի սարի լանջին է թառում,
Իջնում ես դու ցած՝ գլխարկդ թեքած մի կողքի վրա:
 
Քո ափսեաձև գլխարկը դեղին միշտ թեքած մի կողմ,
Ինձ այնքան ծանոթ քո կանաչավուն զգեստը հագիդ,
Երբ անցնում էիր դպրոցի շենքի ու մեր տան կողքով,
Դու նման էիր, շա՜տ էիր նման արևածաղկի:
 
Չէ՛, այդ ե՜ս էի, ես էի նման արևածաղկի.
Որտեղ դու՝ այնտեղ և իմ գլուխն է ակամա հակվում, 
Որտեղ որ դու ես՝ միշտ նույն գլխարկը ու շորը հագիդ, 
Ինձանից անկախ, ուրիշից թաքուն՝ այնտեղ եմ թեքվում:
 
Շա՜տ ջուր է հոսել - անցել են արդեն տարիներ քանի:
Մեծ քաղաքների մայթերում արդեն՝ ես նույնիսկ հիմա 
Երբ հանդիպում եմ քեզ նման մեկին՝ միշտ շուռ եմ գալիս, 
Միշտ ետ եմ դառնում՝ արևը սիրող այն ծաղկի նման...

23.I.1947թ. 20.VII.1953թ.
Երևան Նավչալու


***

Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ,
Սապատ տանիքով ծխոտ մի հյուղակ,
Ուր մանկությունն իմ ոչ ոքի չի խաբել
Խաղալիքներով:
 
Պաղ ալիքներով
Լվացվում անփույթ, դեմքս էի սրբում
Ինչով պատահեր, մեծ մասամբ թևքով,
Եվ, լեցուն սիրով ու անրջանքով
Ու մի կարոտով, որ անուն չունի,
Դաշտ էի ելնում գառների հետքով:
 
Իմ գառներն էին մուշ-մուշ արածում,
Իսկ գարնան հովը շվի էր ածում
Վայրի հացենու փչակում խորունկ,
Ուր ծաղկել էր մի սիրո անմոռուկ:
 
Իմ ուսին էիր մեղմորեն փարվում,
Ձեռքս էիր բռնում ափերով քո տաք...
Ողջը աշխարհում իմ շուրջն էր փռվում,
Իսկ ես՝ ողջի հետ՝ քո ոտքերի տակ...
 
Գառներն՝ իմ ձայնին, ես քո հայացքին 
Հնազանդ այնպես և այնպես խոնարհ,
Շրթներիս վրա խոսքը հիացքի,
Երջանկությունից աչքերս խոնավ՝
Տուն էի դառնում իրիկնապահին,
Եվ այդժամ միայն, միայն այդ պահին
 
Հասկանում, որ մի մեծ բան է պակաս.
Որ ես մենակ եմ և որ դու չկաս,
Որ դու եղել ես իմ երազներում,
Որ ես խաբվել եմ երազանքներով:
 
...Իսկ դու այդ պահին ինձանից հեռու,
Խաբված ես եղել խաղալիքներով.
Տարված ես եղել նույն այն գրքերով,
Որտեղ հերոսի-ասպետի դերում
Ես էի կրկին քո սիրտը գերում...
 
...Անուն չունեիր դու այն ժամանակ,
Չէ՞ որ, սիրելի՛ս, դեռ այն ժամանակ
Ո՛չ երջանկություն, ո՛չ կարոտ, ո՛չ սեր
Եվ ո՛չ տխրություն չունեին անուն:
 
Ես հիմա եկել ու քեզ եմ հասել
Ո՛չ երազանքով, այլ իրականո՜ւմ: 
Ես սիրում եմ քեզ նույն սիրով հիմա
Եվ պատանեկան նույն երազանքով:
Այժմ սիրելի անունիդ համար
Շրթներս են դողում մի գորովանքով,
 
Որ նույնիսկ հիմա դեռ անուն չունի,-
Բայց ես, փոխարեն քո թանկ անունի,
Երգերում դարձյալ քեզ «սեր» եմ կանչում,
Անվանում եմ «բախտ», «կարոտ» ու «թախիծ»,
Կուչ գալով ցավից և ոչ թե վախից՝ 
Մերթ ընդ մերթ նաև «տենչանք» եմ կոչում:

21.VII.1953թ.
Նավչալու


***

Թե ողջն այս էր նույնիսկ՝ լոկ մի գիշեր անցած,
Այգու չափարն այն հին, այն կարկաչող առուն,
Ու մեր ստվերները մթնում արձանացած,-
Ես քեզանով դարձյա՛լ այնպես լի եմ, հարո՛ւստ,
 
Թե ողջն այս էր նույնիսկ՝ ողջը քի՜չ չէր, անգի՛ն.
Այնտեղ տաք շշուկից ձմռան ձյունն էր հալչում,
Ասես մեզ էր լսում կիսաքնած այգին,
Մինչ մեր խոսքերի տեղ աղբյուրն էր կարկաչում:
 
Թե ողջն այս էր նույնիսկ՝ կյանքը քաղցր է հավետ 
Եվ ապրելու համար արժե մեռնե՜լ անգամ,
Միայն թե դու կրկին կախարդես ու թովես,
Միայն թե քեզ նորից իմ մատներով զգամ:
 
Միայն թե այն կավե չափարը շեն մնա,
Այգին ու դեղձենին ծաղիկ հագնեն նորից,
Եվ դեղձենու ծաղկի առէջների վրա
Մնա թեկո՜ւզ մի շունչ քո տաք շշուկներից:

21.XII.1946թ.
Երևան


Սկիզբ  < 6 7 8 9 10 11 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз