ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ

ԽՈՀ ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իմ հասակակիցներին
Թարմությամբ է շնչում մեր մարմինը կայտառ,
Տանջում է մեզ հաճախ ավելցուկ կորովից.
Մկանների խաղից սուր խտուտ են զգում
Մեր բազուկներն առողջ...
 
Սիրում ենք մենք կարդալ
Աղջիկների հայացքը խռովիչ,
Նրանց ժպիտները, որոնք անբառ բառով
Զրուցում են մեզ հետ
Երազներից, սիրուց և գորովից...
 
Քայլից մեր կորովի - մայթերը ժպտում են,
Ժպտում՝ մերթ ծառերի կանաչ կատարներով
Ու մերթ խանութների ցուցափեղկով մաքուր.
Ժամի պես թռչում է, անէանում տարին,
Մինչ պատրաստ ենք կառչել ատամներով
Ուրախության անցնող ակնթարթից թեկուզ...
 
-Ջահել ենք մենք, այո՛,
Ինչպես որ չեն եղել տարեկիցները մեր
Ո՛չ մի երկնքի տակ, ո՛չ մի դարում...
Բայց լինելով առույգ, երջանիկ և առողջ,
Մենք անփույթ չենք եղել
Անգամ մեր մանկական տարիներում այն վառ.-
-Հանգամանքները մեզ հասուն են դարձրել
Կարծես մեր տարիքից ավելի վաղ...
 
II 
Մեծ Հոկտեմբերն էր, որ մեզ սերմանեց,
Եվ առաջին ճիչը,
Մեր առաջին ճիչը
Անլսելի դարձավ այն խոլ կռիվներում,
Ուր թշնամին իբրև դժնատեսիլ անեծք
Կախվել էր մեր անմեղ օրոցքների վրա,
Մինչդեռ, իբրև բարի և փրկարար հուռութք,
Հնգճյուղանի աստղը
Իր բախտի հետ նաև մեր կյանքն էր պաշտպանում...
 
Մենք առաջինն էինք, որոնց մկրտեցին
Ո՛չ մյուռոնով թթված,
Այլ ռևոլյուցիայի ավազանում,
Եվ առաջին բառը, որ սերտեցինք,
Չէր կրկնված անուն,
Որով մորը, հորը, եղբորն են անվանում.-
Դեռևս քայլելով չորեքթաթիկ,
Մենք նախ շշնջացինք.
-Լենին պապիկ…
 
Մենք առաջինն էինք, որ մեր մոր ստինքից
Ներծծեցինք կարծես
Մոր կաթի հետ նաև հասուն խելք ու բնազդ,
Ու մեր մանկությունը անցավ և՛ մանկաձև,
Բայց յուրովի՛ այնքան,
Այնքան տարբե՛ր սակայն,
Որ հին սերունդներին թվար գուցե
Ո՛չ մանկություն բնավ...
 
Ի՞նչ էր հեքիաթների կրտսեր ու քաջ որդին
Նրա քեռու, իմ հոր և քո եղբոր առաջ.
Ի՞նչ էր հեքիաթների լուսավոր ու մթին՝
Իրար միշտ հակառակ աշխարհների
Ներհակությունը պա՜րզ և հասարակ -
Իրական աշխարհի ներհակության առաջ...
 
...Մեր խաղերն իսկ կարծես
Ձևված էին օրվա ահեղ անց ու դարձի
Եվ իրական կյանքի ներհակության վրա,
Երբ մենք փոշիներում նեղ փողոցի,
Այգիներում բերրի, արոտներում անբերք
Ո՛չ թե խաղում էինք «պահմտոցի»,
Այլ «մարտնչում» էինք «բուրժուի» դեմ...
 
Այսպես մենք մեծացանք ու ապրեցինք կյանքում,
Բայց դեռ չգիտեինք, թե ի՛նչ է «կյանք», «ապրել»,
Երբ ահավոր մահը մեզ հանդիպեց.-
...Տուն դառնալով «կռվից», փոշիներով «արնոտ»,
Դեռ առաջին անգամ մինչ այդ մեզ անծանոթ
«Ուրախություն» բառը նո՛ր միայն հասկացած
(Կռիվ-խաղում տարած մեր հաղթության պատվին),-
Ո՞վ չտեսավ արդյոք դառն արցունքի կաթիլ
Իր հոր արևախանձ քթարմատին,
Ո՞վ չլսեց արդյոք հեկեկանքը իր մոր.
 
-Ինչո՞ ւ:
-Մեռել է...
-Ո՞վ...
-Լենին պապին...
 
...Այսպես մեր հոգու մեջ կյանքը իրար խառնեց
Մեր առաջին վիշտը և առաջին խինդը,
Մեր առաջին վիշտը, որ մատներով քարե
Կմճտեց մեր սիրտը... սակայն բերեց նաև
Եվ առաջին միտքը.
 
-Ապրել ու պայքարել
Ինչպես Լենինն ինքը...
 
III 
Իսկ նա պատվիրել էր նախ սովորել:
 
-Դպրո՛ց, ուսումնարա՛ն, գիրք ու հրա՛շք...
Մեր աչքերի առաջ միանգամից
Հանկարծակի իրեն դրսևորեց
Մի անծանո՜թ աշխարհ նո՛ւյն աշխարհի վրա:
 
Գալիքը մեր կյանքի
Հեռո՜ւ-հեռուներից մեզ երևաց արդեն,
Դրսևորեց իրեն պարզ ու որոշակի,
Երբ մեր առաջ կանգնեց անցյալի դեմ:
 
Մենք իմացանք արդեն,
Որ քարն իր ծավալով է ջուր արտամղում,
Ուստի հարկավոր է լինել ո՛չ թե թեթև,
Այլ մե՛ծ, ծանրաբարո՛ և ծավալո՜ւն:
 
Մենք իմացանք արդեն
Օրենքը հակադարձ բաղդատության.
Դու թո՛ւյլ լինես եթե՝
Ուժեղ պետք է լինի չար թշնամին քո տան:
 
Մենք իմացանք նաև,
Որ մենք ծնվել էինք, աշխարհ եկել
Ո՛չ լոկ մեր մայրերի արգանդից մերկ,
Այլ խավարից խարխուլ հին աշխարհի.-
 
Ուստի՝ նախ և առաջ մեզ օթևա՛ն էր պետք,
Հարկավոր էր կերտել դաստակերտնե՛ր քարից,
Հարկավոր էր կերտել գործարաննե՛ր բազում
Եվ քաղաքնե՜ր շինել պայծառ ու բազմամբոխ,
Քամել ու ամբարել բերք ու բարիք փարթամ,
Որ այնուհետ միայն մեր բերանում լեզո՛ւն
Եվ մեր կրծքի ներքո արդարացի խանդով
Սե՛րը, ցանկությո՜ւնը և տենչա՜նքը խայտար...
 
Եվ առաջին սերը մեզ շա՜տ ուշ այցելեց -
Պատանության փակվող դարպասների առաջ,
Քանզի կառուցման ու կերտման մոլուցքի մեջ,
Աննախադեպ մի նոր կյանքի համար
Պայքարի դիրքերում,
Կարծես ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ցանկություն
Ունեցանք մենք՝
Հույզերը անձնական,
Մեր զգացումները տեսնել և դիտելու...
 
Իսկ մինչ այդ, մինչ այն -
Նա մեր կրծքի ներքո միանգամից աճեց,
Հսկայացավ իբրև առասպելի մանուկ:
Բայց շատերը մեզնից
Մեկ ուրիշի առաջ դեռ այն չէին բացել,
Երբ անխուսափ դարձավ կամ այն կրկի՛ն գոցել,
Կամ նրա հետ մեկտեղ և միասին -
Մերթ այն իբրև ամուր զրահ հագած,
Մերթ զրահի ներքո՝ մեր կրծքի տակ փակած,-
Ելնել մեզ փրկելու չար օրհասից...
 
Նենգ թշնամին արդեն մեր դռանն էր հասել
Խաղաղ մեր շեները այրող իր առաջին ինքնաթիռով...
Ու մենք լուռ փակեցինք դասագիրքը մեր բաց,
Թողած դպրո՛ց, դասե՛ր,
Կիսատ թողած նաև խոստովանքը սիրո,
Ելանք ի մա՛րտ, գրո՜հ...
 
IV 
Ջահելությունը մեր
Վրա հասավ կռվի թեժ դիրքերում,
Խրամատում խոնավ,
Մեր հայրենի տնից հաճախ այնքա՜ն հեռու,
Փրկության ու մահվան ակնթարթի առաջ:
 
Նա ծովերում թրջվեց և չխեղդվեց հազիվ
Ալիքներից գոռոզ և կատաղի,
Դուրս ելնելիս բերած մեջքի վրա
Ջրականի սպին, իսկ կոպերի վրա՝
Քարացած մրմուռը օվկիանոսյան աղի...
 
Թրջվե՜ց, օ, նա թրջվեց և ցամաքում՝
Քրտինքից ավելի իր արյունով,
Եվ չորացավ եթե՝ նա չորացավ անգութ
Բոցերից այն, հրից այն խոլ հրդեհների,
Որոնք իր հայրենի տունն էին ճարակում...
 
Ջահելությունը մեր...
Գնդակն առավ նրան և խոցոտեց,
Վառոդի ծուխն անգամ
Կարծրացավ կիսախանձ նրա թարթիչներին...
Տանկը նրան ոտնեց
Եվ արկերի անթիվ բեկոր-պատիճներից
Կերպարանքը նրա
Ոչ այն է թե կարծես նոր ծաղկատար դարձավ,
Ոչ այն է թե հանկարծ ընդմիշտ պեպենոտվեց...
 
Այո՛, տեսավ նա մահ, կործանում և ավեր
Ապրեց անկում, արյուն և արհավիրք,
Բայց ինքն իրեն երբե՜ք, երբե՛ք նա չդավեց
Եվ ինքն իրեն փրկեց օրհասական ժամին...
 
. . . . . . . . . . . . . . . . . . .
 
...Այսպես, պատերազմի սարսափները ապրած,
Ապրած զրկանքների, լարման պահեր,
Որոնց չէր դիմանա
Ուրիշ ոչ մի մկան, ուրիշ նյարդ ու ջիղ,-
Մենք քայլում ենք հիմա նորից առո՛ւյգ, ջահե՜լ,
Մենք քայլում ենք հիմա 
Կեցվածքներով հպարտ և հայացքով վճիտ:
 
Մենք քայլում ենք հիմա
Եվ աշխատում, գործում և երազում նորից,
Եվ ժպտում ենք խաղաղ՝ նման մանկան,
Ու պատրաստ ենք անգամ
Մարող վերջալույսի երփներանգ գույներից
Նորից գծել ջահել կնոջ ու աղջկա
Կերպարանքներ թովիչ -
Հանդերձներով շքեղ, երերածուփ...
Ու պատրաստ ենք անգամ,
Առանց հարցընելու վաճառման գներից,
Նրանց համար գնել երկինքներ ու աստղեր,
Եվ դղյակներ՝ սիրո խորհուրդներով լեցուն...
Այո՛, ջահել ենք մենք,
Մեր մարմընով կայտառ, մեր սրտերով արի,
Մեր աշխարհո՛վ, հողո՛վ,ապագայո՛վ.
Ջահել ենք մենք, սակայն և միևնույն պահին
Կրած տառապանքով, մաքառումով, ցավով,
Անցած և դեռ գալիք փորձանքներից
Ո՛վ կարող է ասել՝ քանի՜ հազար դարի
Իմաստություն ու փորձ, զգոնություն մի սառն
Եվ տաք բոցկլտումներ ու ժայթքումներ դիզած...
 
Դո՛ւ, որ դարեր հետո
Փորձես պիտի կերտել մեզ արժանի արձան,
Դո՛ւ, որ լոկ գրքերի անկյանք արահետով
Կուզես մեր դեմքերը տեսնել պարզ ու պայծառ,
Հազարամյակների փոշիների տակից,-
Ուզում եմ քեզ օգնել, արվեստակի՛ց:
 
Պե՛տք չեն հղացումներ, գյուտեր տաղանդավոր,
Սլացումներ ըմբոստ ու կեցվածքներ խրոխտ,
Նույնպես անթեք գլուխ, համառ ծնոտ պետք չէ՛:
Աշակերտի նման
Դուք մեր դեմքը միայն... պատճենեցե՛ք:
Նա ամե՜ն ինչ կասի իր գծերով -
Եվ այնքա՜ն հասարակ,
Եվ այնքա՜ն անսովոր:
 
Պատվանդանի վրա
Պետք չէ փորագրել ո՛չ մի անուն:
Առանց այդ էլ պիտի մեզ ճանաչեն նրանք:
 
Ուրիշ այդ ո՛ր դարում,
Ուրիշ ո՛ր աշխարհում
Կա՛ր, կարո՛ղ էր լինել մի այսպիսի սերունդ -
Հավերժորեն կայտա՛ռ, երիտասա՜րդ,
Եվ միևնույն պահին՝
Իմաստությամբ, փորձով, տառապանքով հարուստ... 

14-24.VIII.1947թ. 16.IX.1947թ.
Նավչալու Երևան


ՏՈՒՆԸ

Հայրենադարձ հայերին
Ա. 
Եվ Եփրատի ափին իմ տնակը այրվեց,
Մի բուռ մոխիր դարձավ հիմքի վրա,
Նրա միակ սյունը ծնկի նման ծալվեց,
Եվ գերանը ջարդվեց՝ մեջքի նման:
 
Ձեղունը՝ Եփրատի եղեգներից անթիվ,
Իբրև սև սուգ՝ մնաց սեմին փարված,
Լոկ մի ելուն մնաց կիսակործան պատից,
Աղոթող ձեռքի պես վեր կարկառված:
 
Շունը, չիմանալով այլևս ի՞նչ անի՝
Ոռնա՜ց, քինով հաչեց երկնքի դեմ,
Որտեղից նայում էր մի արյունոտ մահիկ՝
Հրաշքով սպասվող փրկության տեղ:
 
Շունը ոռնա՜ց դեռ տաք մոխիրների վրա,
Եվ Եփրատի ծանոթ եղեգնուտում,
Իմ հայրենի քամին ցավով սուլե՜ց, նվա՛ց
Աստանդական կյանքի երգը տրտում:
 
Բ. 
Հետո ես փորձեցի տունս շինել դարձյալ
Իմ հրդեհված հոգու մի բուռ մոխրով.-
Մերթ Նեղոսի ափին, սֆինքսի աչքի տակ,
Ում գաղտնիքի՛ց անգամ իմ վիշտն էր խոր:
 
Մերթ հեռավոր Հինդում, Մեռյալ ծովի հանդեպ,
Ամեն մի ցամաքի, կղզու վրա -
Դամասկոսից Բեյրութ և Բեյրութից Աթենք
Ու Աթենքից մինչև Կալիֆորնիա:
 
Ես փորձեցի կրկին տունս վերաշինել,
Բայց... հայրենի հողից, ջրից հեռու
Ողջն անապատ թվաց... Զո՛ւր էր տան հիմք դնել
Անապատի փխրուն ավազներում:
 
Բայց ի՞նչ... Դարձի ճամփան փակ էր, երկիրն՝ հեռու,
Ամեն քայլափոխում - սահմանագիծ,
Ամեն ծովի վրա - կապույտ փականք՝ նեղուց
Եվ քաղաքից - քաղաք՝ նոր անձնագիր:
 
Իսկ ես մի մարդ էի անտո՛ւն, անանձնագիր
Անանձնագիր մի մարդ, պանդուխտ մի հայ,
Իր մարմնից զատված մի դեգերուն հոգի՝
Անկարող իր մարմնին կրկին դառնալ...
 
Գ. 
Դադարել էր հոգիս հավատալուց վաղուց
Ամեն մի հրաշքի՝ այն օրից դեռ,
Երբ սեփական տան մեջ, իր հայրենի հողում
Ամբողջ մի ժողովուրդ սրով մորթվեց:
 
Երբ մազապուրծ սրից և մահերից ամեն,
Պանդխտելով ափեր խորթ ու հեռու,
Վերադարձի հույսը երկնքի չափ անմերձ
Եվ փրկության հույսը միֆ էր թվում:
 
Բայց... արդ տուն եմ շինում փեշերի տակ Մասյաց,
Հրազդանի ափի՛ն, Արտաշատո՛ւմ...
Նա հառնում է իբրև պատանեկան հասակ,
Իբրև վերադարձած երջանկություն:
 
Նա հառնում է այստե՛ղ... Չե՛մ հավատում բնավ
Որ իմ տան դեմ այսպես երջանկորեն խրոխտ
Մասիսներն են կարծես ձուլվում եղբոր նման,
Մասիսնե՛րը - վաղո՜ւց զատված օտար թրով...
 
Նա հառնում է այստեղ - պապերիս այն հողում,
Ուր ամեն ինչ այնքան նո՛ր է, աննախադե՛պ,
Որի վրա բախտի արեգակն է շողում
Հին աշխարհի մթան ու խավարի հանդեպ,
 
Որ թանկ է ինձ համար և՛ հայրենիք իբրև
Ե՛վ օթևան իբրև նոր մարդկության...
-Այդտե՛ղ է դարավոր երազն իմ առնում կերպ,
Իմ մայր Հայաստանում, Կրեմլի լույսի տակ...

01.II.1947թ.
Երևան


ՄԱՍԻՍՆԵՐԸ

Զրույց ռուս ճակատային բարեկամիս հետ
Հիշո՞ւմ ես,
Մարտերի և արյան մեջ մեր իսկ,
Երբ մենք մեր հողն էինք
Զենքով, ատամներով ու արյամբ պաշտպանում,
Հիշո՞ւմ ես,
Կարճատև այն պահերին,
Ռազմադաշտն էր երբ գեթ մի վայրկյան լռում
Ահեղ գոտեմարտի աղմուկներից դաժան,
Գտնում էի պահեր, որ քեզ պատմեմ նորից
Իմ աշխարհի մասին արևաշատ...
 
Սա՛ է իմ քաղաքը - երիտասարդ և ծեր -
Որ ծնվել է թեպետ ձիգ դարերի հեռվում, 
Բայց հասակ է առել, հասունացել ինձ հետ,
Հասունացել ինձ հետ՝
Լոկ մի քառորդ դարում:
 
Սա՛ է Աբովյանը,
Այն փողոցը ահա,
Ուր ամեն սալաքար,
Եվ ասֆալտի փոշու յուրաքանչյուր հատիկ
Հազար գաղտնիք ունի իր շերտերում պահած:
Այո՛,
Թեկուզ մաշված այս քարաշեն պատից
Դու կարող ես քաղել պատմությունը մեր ողջ՝
Մըթնշաղից անտիկ
Մինչև այս օրերը հարատևող...
Նայի՛ր, ահավասիկ,
Տե՛ս - նա՛, որի մասին
Պատմել եմ քեզ այնքան ստեպներում անլեռ...
Սա՛, այս լեռը մթար,
Որին մենք կոչում ենք Արարատ կամ Մասիս,
Սա, որ երկփեղկված է, ճեղքված երկու մասի...
Խորհրդանշանն է սա մեր գոյության,
Եվ ոչ թե սոսկական ձյունոտ մի լեռ.-
Այսպես երկու մասի
Ճեղքված էր մեր սիրտը և հայրենիքը մեր...
 
II 
Մենք հայ էինք ծնվել այս երկնի տակ, այստե՛ղ,
Մինչդեռ երկնքի տակ հայրենիքը հայի
Ամեն ծնվողի հետ ստանում էր նոր տեսք,
Փոփոխվում էր ընդմիշտ նա ամեհի
Այն թշնամու ձեռքով դաժան ու բազմադեմք,
Որ մերթ մի արքա էր ասորական,
Եվ սեպի պես մեր սիրտն էր մխրճվում,
Կրծում մեր քարերն իսկ՝ սեպագրով...
Մերթ մի հույն էր անտիկ -
Մագաղաթի ետև թաքցըրած իր թրով,
Մերթ փղերով զինված կրակապաշտ պարսիկ,
Որը քանի՜ անգամ ջանաց մոխրացնել
Մեր ինքնության հուրը իր ատրուշաններով...
 
 
Դարեր ի վեր այդպես բզկըտեցին նրանք,
Խլեցին մեր հողը, մեր հայրենին,
Առան մեր օջախից անձողներ ու կրակ,
Այրեցին մեր տունը նույն այդ հրով,
Եվ նույն հրդեհների - որպես կուռքի առաջ -
Գլխատեցին նրանք մեր հայրերին,
Երկիրը դարձնելով մի անտերունչ այրի...
Բզկտված ու բոկոտ, ծվատված ու վհատ -
Արյո՛ւն էր ծործրում նրա ամեն քայլից,
Արյո՛ւն, որ իր հետքը, իր դրոշմն է թողել
Մեր անցյալի՛, անվա՛ն, մեր պատմությա՛ն,
Եվ արնագույն մեր այս տուֆ քարերի վրա...
 
Բայց վերջում էր բախտը պահել սարսափելին.
 
Վերջում արևելյան մի բռնակալ
Բավական չէ նրա բարիքները տիրեց,
Բավական չէ նրա բորբ արյունը հագավ,
Իբրև սուլթանական բորբ ծիրանի,-
Մի գիշեր էլ հանկարծ՝
Ննջող ներքինու պես կեսգիշերին զարթնած
Օշարակի, օ՜, ո՛չ - ալ արյան ծարավից,-
Ուզեց մորթել ողջին, ջարդել և սպանել...
 
Ո՞վ է հարցնում՝ ինչո՞ւ.-
 
Որովհետև նրան, այդ սուլթանին,
Տերությունը իր ողջ -
Բալկաններից Աթենք և Աթենքից Հալեպ,
Եվ Հալեպից Մասիս - թվում էր մի հարեմ,
Ուր կարող էր շրջել կեղտոտ ու տարփալից,
Ուր կարող էր տիրել և սպանել...
 
Այդպես մի խոլ գիշեր
Նրա կնքահայրը - գերմանական արքան,
Իր մուսուլման սանին հասկացրեց,
Որ Հայաստանն, իբր, վեհափառ սուլթանին
Կամեցել է... մտքով դավաճանել
(Ակնարկել էր արքան ռուս ջահել ցարին):
 
Կյանքո՞ւմ, թե մտքի մեջ - միևնույն էր արդեն
Եվ որոշվեց նրան,
Ի շահ Վիլհելմ կայզեր, ի շահ մեծ սուլթանի,
Յաթաղանով մորթել...
 
...Այդ մե՛նք էինք, ընկե՛ր, այդ ժողովուրդն էր իմ,
Որին իր իսկ տան մեջ, իր սեփական հողում
Մորթում էին մի խաչ և մի կիսատ լուսին,
Մինչ միևնույն պահին ամբողջ Եվրոպայում
Դիվանագետները «ի փառըս Հիսուսի»,
«Հայկական հարցն» էին - իբրև մեծ պաս՝
Անլուծելի պահում...
 
Այդ մեկն էր Մասիսի զույգ կեսերից...
 
Մյուս կեսը սակայն -
Նույնքան անուժ, անհույս և վտանգված նույնքան,
Ապաստանեց Կարմիր Հոկտեմբերին:
Ի՞նչ իմանամ - գուցե հենց քո հայրը, ընկե՛ր,
Իր լայնարձակ ազատ ստեպներից
Եկավ և իմ հորը, որ մեռնում էր, փրկեց...
 
Սակայն նայիր հիմա
Նրան, որ իջնում է հանդիպակաց մայթից:-
 
Նա զավակն է նրա,
Այն խեղճ հայի որդին,
Որին սպանեցին իր անկողնում և կամ
Խաչեցին սեփական իր տան պատին,
Թաղեցին իր հերկած
Գարնանային ցանքսի ակոսի մեջ դեռ տաք...
 
Իսկ սա - հանձնվեց իր անօգնական բախտին,
(ինչ որ նրա մի զույգ ոտներն էին վտիտ),
Եվ - մինչդեռ ես այստեղ
Նորից հայ հողն էի հերկում արդար խոփով
Եվ ակոսին հանձնում վաղվա հունձքը մեր թանկ,-
Օտար և տոթակեզ երկնքի տակ
Անհույս պանդխտելով տարիներ ու դարեր,
Ջայլամի պես նա իր ձուն էր դնում
Օտար անապատի ավազներում,
Ավազներում և՛ տաք,
Ե՛վ... անարև:
 
Մինչդեռ ես մա՛րդ էի, քաղաքացի և հա՜յ,
Նա մարդ չէր, այլ պանդուխտ -
Մի բառ, որ չեմ կարող
Քո մայրենի լեզվով ճիշտ թարգմանել...
 
Պանդուխտ էր նա երեկ:-
Այդ՝ Մասիսն էր ճեղքված,
Այդ՝ մեր բախտի աղետն էր դարավոր,
Երբ ժողովուրդը մեր
Ամենուր էր թեկուզ, ամենուրեք սակայն
Ժողովուրդ չէր, այլ հայ, որ ահավոր
Տառապանքի, վշտի ծանրությունը սրտում,
Լոկ մի երազ ուներ անմարելի -
Վերադառնալ ի տո՛ւն,
Ի հայրենի՜ք...
 
Իսկ հայրենիքը մեր - նոր հայրենիքը մեր,
Որ փռված է ազատ այս երկնի տակ,
Որ փրկված է ընդմիշտ, որ փրկված է հավետ
Բոլոր ոսոխներից և սրերից մթար,-
Ընդունեց իր կորած, իր հալածված որդուն՝
Հողը խնդությունից համրացած մի մոր պես,
Իսկ ջրերը խայտող,-
Եվ փոխարեն նրա՛, և իրե՛նց տեղ նույնպես,-
Կարկաչներով ուրախ և ինքնագոհ ցայտով...
 
Այժմ հաշտ են թվում
Մեր հողն ու երկինքը, մեր բախտն ու ապագան
Մեր նոր և մեր միակ Հայաստանում.
Եվ ձուլված է թվում ճեղքված Մասիսն անգամ
Խնդությունից այս խոր ու բարձրանուն:
 
Այժմ քա՜ղցր է շրջել, մարտի ընկե՛ր, քեզ հետ,
Շրջել իմ հայրենի այս աշխարհի վրա,
Եվ հացի հետ նաև քեզ հետ սիրով կիսել
Խնդությունն այս վարար...
 
Շրջել խնդությունից շիկնած Երևանում,
Այգիներում մեր ճոխ, մեր արտերում անափ՝
Գալիք սպասումի երազներով հարուստ
Ու հույսերով կանաչ:
 
Շրջել Մասիսների հայացքի տակ հողե,
Այս ներգաղթած հայի աչքի առաջ,
Որ փրկված է ընդմիշտ արհավիրքի հողմից,
Եվ ընկե՛ր իմ, քեզ հետ Ռուսիային հղել
Երախտապարտ խոսքեր՝
Ծաղկած Հայաստանի, փրկված հայի
Եվ մտախոհ մեր այս Մասիսների կողմից...

28.XII.1946թ.
Երևան


ՎԵՐՋԻՆ ՓՈՍՏԻՑ

Բաց եմ անում օրվա լրագիր-թերթերը.
-«Հեռագրեր», «Լուրեր» և «Վերջին ժամ»,
Նորից հաղորդումներ «Վերջին փոստից»:-
 
-Ամերիկացիք անվերջ 
Զինում են թուրքական և հունաց բերդերը,
Արյան մեջ ճողփում է Ինդոնեզիան,
Գներն են բարձրանում Անգլիայում սաստիկ:
Ֆունտ ստերլինգն այնտեղ
Ճգնաժամի պարապ ժանիքների ներքո
Բզկտվում է արդեն,
Մինչդեռ Եվրոպայի ավելի քան կեսում
Ահազանգի պես գոռ
Հնչում է զնգոցը դոլլարների...
Ամերիկացիք իրենց երկիրն են լրտեսում,
Որ բաց անեն ատյան
«Անհնազանդ անձանց» գոյության դեմ...
Գլորվել է գովված «դեմոկրատիան»,
Եվ զուսպ, ներողամիտ մի ժպիտով
Կանգ է առել լինչյան դատաստանի հանդեպ...
 
Իսկ ատոմյան ռո՞ւմբը,
Որով կամենում են ահաբեկել, անդարձ
Թաղել նոր խաղաղված աշխարհի հանգիստը,
Իսկ նոր պատերազմի ուրվակա՞նը...
 
Փակում եմ թերթերը զայրույթով մի արդար.
-Լսեցեք դուք, միստըր,
Լռեցե՛ք դուք, միստըր,
Բավակա՛ն է:
 
Ճիշտ է, մեր մարդկային բնությունը հաճախ
Կարծես մոռացկոտ է,
Մի՛ մոռացեք սակայն, որ խոսում է ձեզ հետ
Պատերազմում հաղթած ռազմիկը
Եվ ո՛չ թե վախկոտը:
 
Մի՛ մոռացեք սակայն.
(Այստեղ մոռացումը լուրջ վտանգ է),
Եվ հիշեցե՛ք, եթե մոռացկոտ եք,
Որ այս՝ նա է խոսում,
Ում հաղթական ձայնի արձագանքը
Դեռ չի մարել այնտեղ -
Գոթական շենքերի կամարների տակ սուր...
 
Մի՛ մոռացեք սակայն,
Որ այս՝ նա՛ է խոսում,
Որի ձեռքով վառված թեժ խարույկը
Տաք մոխիրի ներքո մխում է լուռ,
Եվ պահպանում է դեռ կայծեր հրի
Սաքսոնական թավուտ անտառներում,
Ալպիական լեռանց կատարներին:
 
Այդ հիշելով, միստըր,
Մոռացե՛ք ատոմյան ձեր արկերը,
Մոռացե՛ք արկերը, բավակա՛ն է...
Մենք, որ պատերազմը
Իր ողջ կենդանությամբ ճաշակել ենք,
Հաճույքով չենք դիտում
Կրկին մարմնավորվող նրա ուրվականը...
 
Ընդունեք այս, միստըր,
Ո՛չ թե սպառնալիք,
Այլ իբրև պարզ նոտա նրանց կողմից, որոնք
Մաքրեցին աշխարհից գերմանական արնոտ սվաստիկը...
 
Ընդունեցեք նաև այս խոսքերով՝
Հարկ լինելու դեպքում կրկին մարտնչելու
Եվ հաղթելու մեր վառ հավաստիքը...

17.II.1947թ.
Երևան


ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋ

Ահա քարտեզն իմ դեմ -
Հողագունդը համայն,
Որ չգիտես ինչից, ինչ խոլ ուժից, ահա
Ծեփվել, տափակվել է իմ տան պատին.
Եվ իմ մատն է շարժվում նրա երկայնքն ի լայն,
Քաղաքներ է մտնում նա բազմաթիվ.-
Չի՛ մոտենում ոմանց,
Կարծես թե ինքն իրեն չանարգելու համար,
Իսկ ոմանցից հեռու,
Իբրև հարգ ու պատիվ,
Մի պահ ակնածանքով անշարժանում...
 
Ահա քարտեզն իմ դեմ -
Սարդոստայնի նման
Սարքած խաչմերուկներ ու գծերի հանգույց,
Ուր ամեն գույն կարծես ունի տարբեր իմաստ
Եվ ամեն մի երկիր՝ ուրիշ մի գույն.-
Մեկը դեղին՝ դեղնած կարծես ներքին մաղձից,
Մյուսը գորշագույն՝ մոխրի նման,
Մեկը դժգույն, գունատ,
Կարծես իր դարավոր ճնշումից ու քաղցից,
Մյուսն՝ օտար փայլով շառագունած...
 
Այս քարտեզն է ահա իմ աչքերի հանդեպ,
Ուր գույների, բոլոր երանգների ծովում
Իմ երկիրն է շողում,
Իմ երկիրը բոսո՛ր, կարմրահանդերձ...
Եվ իսկապես, արդյոք չունե՞ն ներքին իմաստ
Այս գույները բոլոր, նշաններն այս թաքուն:
Բարբաջա՞նք է անմիտ,
Սակայն ահավասիկ իմ աչքերի դիմաց,
Գծով ցանկապատված այս վանդակում,
Կարծես թե պահված է մի գայլ պոչատ,
Որ թաթերը խրած Հռենոսից այն կողմ,
Երախը լայն բացած,
Դեպի մեզ է նայում վայրի ախորժակով:
 
Եվ գծերն այս...
Մի՞թե ձեզ չեն ասում ոչինչ:
Չեմ հարգում գծերն այն, շոշափուկներն այն ջիլ,
Որ երկիրն այս ծերուկ
Տարածում է հեռու -
Շոտլանդիայից մինչև Ցեյլոն ու Հնդկաչին,
Նա, որ Լամանշից վեր,
Ծովային մի հսկա հիդրայի պես,
Ցցել է իր մեջքը ջրերի մեջ վճիտ:
 
Եվ կամ թե սա, կարծես
Լինի մի կենտ կոշիկ երկայնաճիտ
(Մյուս թաթը իր հին փառքի հետ կորցրած),
Որ թաղվել է կիսով ծովում Միջերկրական
Եվ չի սուզվել սակայն...
Է՛հ, թող և չսուզվի,
Ու թող ապրի, մնա, որքան ինքը կուզի,
Միայն թե թող ապրի խղճով մաքուր
Եվ անառիթ, կամ թե պատրվակով մի սուտ
Խաղաղ հարևանի տուն չխուժի...
 
...Հենց այստեղ է հատվում այն ծովային ճամփան,
Որով կարող եմ ես ամենուրեք հասնել,
Ամենուրեք, ուր որ սիրտս ուզի:
Բայց միտք ունի՞ արդյոք ձանձրույթից սիրտ մաշել,
Անցնել մյուս ափը անծայր օվկիանոսի
Եվ այն հողը մտնել, որն իբրև պարզ կշեռք
Պանամայի բարակ կշռափայտից
Կախած իր հակամետ նժարներով երկու՝
Դոլլարների վարկով,
Եվ նորագյուտ արնոտ ատոմային արկով
Երկրագնդի բախտը կշռե՞ լ է հավակնում...
Եվ ավելի լավ չէ՞ անցնել փոքր-ինչ կուզիկ
Դարավանդը այս թեք, որից փոքր այն կողմ
Էգեյանն է նազում անփութորե՜ն անփույթ...
Ցուցամատս է դողում լարման ուժից,
Առանձին չափով է այստեղ սիրտս խփում...
 
Ծովն է կապո՜ւյտ, կապո՜ւյտ -
Նման մաքուր խղճի՝
Հանցապարտ ափերի քարե սրտին փարված,
Իսկ մաքրաթույր ծովի երկու ափում,
Իբրև խարխուլ մեջիթ,
Մի երկիր է փռված...
 
Իր ջրերով ծովը երկփեղկել է նրան,
Կիսել անհավասար երկու մասի,
Բայց այդ իրավունք է մի՞թե տալիս նրան,
Որ իր օրինակով միջահատի, կիսի
Մի հողաշերտ (ծանո՜թ և հարազատ անուն),
Ուր աղբյուրն այս մասի
Այնտե՛ղ է լիճ դառնում,
Եվ այն, մյուս մասում սկիզբ առած գետը,
Չուզենալով օտար ծովերի մեջ թափվել,
Մոլորվում է այնտեղ ու ճահճանում...
 
...Օ, դժվա՛ր է ապրել մեզ արտասահմանում
Թեկուզ միա՛յն մատով...
Հեռվից իմ երկիրն է հմայում և գերում
Եվ ես, ասես ծանոթ արահետով,
Կամենում եմ դառնալ, դառնալ նրա՛ն փարվել,
Փարվել նրան, իբրև արդարության,
Փարվել նրան, իբրև այս աշխարհի խղճի՝
Ցուցամատիս վրա բերած հայցումնագիր հազար նոտա՛,
Բոլոր նրա՛նց կողմից, ովքեր չունեն կյանքում,
Այ՛ո, չունեն կյանքում այլ իրավունք,
Բացի քե՛զ, իմ երկիր, հավատալուց...
Բերած և այն հույսը, և այն հո՛ւյսը նաև,
Թե շտկվեն պիտի այն շեղումնե՛րն ամեն,
Որ դեռ մնացել են, քարտեզ, իբրև սև բիծ,
Իբրև բռնակալի յաթաղանի սպի
Քո անտարբեր դեմքի
Եվ... պատմության պղտոր հայացքի մեջ:

7-9.II.1947թ.
Երևան


 < 1 2 3 4 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз