ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՈՒՆԴԸ

Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,
Երբ հասկանում են,
Հանկարծ ըմբռնում,
Որ իրենց գործը այն շիշն է միայն,
Որ ծով է նետում նավորդը մեռնող՝
Փրկություն հայցող տողով մի քանի:
Եվ ժամանակի ծովը քմահաճ
Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞...

31.XII.1961թ.
Երևան


ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Բոլորի պես՝
Նրանք նույնպես
Անկարող են ապրել առանց թթվածընի:
Սակայն նրանք
Ամեն վայրկյան նա՛խ այրվում են անթթվածին,
Հետո՛ միայն հրդեհվում են՝ քարածխի պես:
 
Նրանց լացը չի կտրվում
Ամե՜ն տեսակ քաղցրավենիք ստանալով:
Թե լալիս են՝
Ընդերկրյա անցուղո՛ւ պես:
 
Նրանք նաև ծիծաղում են,
Ու ծիծաղը
Զրնգում է մաքրահունչ դրամի՛ պես,
Եվ դրանից աշխարհն ինքն է հարստանում,
Բայց ո՛չ իրենք:
 
Թե քրտնում են՝ ո՛չ ամոթից,
Այլ միմիայն... ապակո՜ւ պես՝
Իրենց ներսի՛ տաքությունից,
Երբ որ... սաստիկ ցուրտ է դրսո՜ւմ:
Ու թե նրանք սուտ են ասում,
Ապա՝ շա՜տ-շա՜տ՝ որսորդի՛ պես,
Ո՛չ ավելի:
 
Իսկ թե ուրիշ կերպ են ստում՝
Այդ իրե՛նք չեն,
 
Այլ ծպտված ճարպըկորդիք,
Որ գործում են միայն նրանց անձնագրով:
 
Բոլորի պես՝
Նրանք նույնպես
Անկարող են ապրել առանց հաց ու ջրի,
Սակայն նրանք
Չեն էլ կարող ապրել միա՛յն հաց ու ջրով...
 
Անկեղծ ասած՝
Նրանց, իրոք, չնախանձել չի՜ կարելի,
Բայց լինում են և այնպիսի՛ ժամանակներ,
Երբ որ նրանց... պետք է խղճա՜լ:

09.X.1961թ.
Երևան


ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԲԱԽՏԸ

Թեկուզ և ձեռքըդ գրչից էլ զրկեն,
Դու, միևնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես:
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես:
 
Քեզ կույր են կոչում,
Բայց տեսնում ես այն,
Ինչ որ շատերը չե՜ն կարող տեսնել:
Քեզ կաղ են կարծում,
Բայց այնտե՛ղ ես դու,
Ուր նրանք երբե՜ք չեն կարող հասնել:
 
Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Նա ամեն մեկին տարբեր է սիրում
(Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում):
 
Հաջողությունը թո՛ղ երես թեքի,
Հաջողությունը թո՛ղ քեզնից տա խույս...
Թո՛ղ նրանք լինեն հաջող որսի շուն,
Իսկ դու կմնաս ձախորդ հետախո՜ւյզ:
 
Թո՛ղ նրանք լինեն հայտնի թարգմանիչ,
Իսկ դու ուզում ես մնալ վերծանո՜ղ:
Թո՛ղ նրանք լինեն անցավ մանկաբարձ,
Իսկ դու մնում ես կարեվեր ծնո՜ղ:
 
Թո՛ղ նրանք լինեն դարի մունետիկ.
Իսկ դու մնում ես դարի գաղտնարա՜ն,
Նրա՛նք՝ թեկուզ և ծառայեցընող,
Դո՛ւ՝ ժողովրդի ինքնակամ ծառա՜ն...
 
...Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր:
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն...

[1961թ.]


ԵՐԵՍ ՈՒ ԱՍՏԱՌ

Ուռենիները նրա՛ համար են,
Որպեսզի... ցույց տան ջրին ճանապարհ:
 
Եվ ծուխը, նո՜ւյնպես, նրա՛ համար է,
Որպեսզի... ցույց տա ուղղություն քամուն:
 
Ծղրիդներն, անշո՜ւշտ, նրա՛ համար են,
Որպեսզի... մամլեն մութն իրիկնային
Իրենց նվագի նո՛ւյն ձայնանիշով:
 
Եվ արտույտները նրա՛ համար են,
Որպեսզի... իրենց երգով չորացնեն
Շաղն ու եղյամը վաղ առավոտվա:
 
Իսկ ուշ աշունն էլ նրա՛ համար է,
Որպեսզի ...
...Դանդաղ-դանդաղ լայնացնի տարածությո՜ւնը՝
Տերևաթափո՛վ...
 
Բանաստեղծնե՞րը:
Նրա համար չե՞ն,
Որպեսզի... այսպե՛ս
Ամե՜ն բան շրջեն աստառի վրա...

23.VI.1965թ.
Երևան


ՔԱՂՑԸ՝ ՔԱՂՑԿԵՂ

Նորի՛ց՝ բառի սո՜վ,
Խոսքի խեղճություն:
Ուզում ես խոսել,
Իսկ բառե՞ր... չկա՜ն:
 
Եվ ինքդ՝ տնկված ոտնաթաթերիդ,
Մի տարօրինակ լրտեսի նման,
Ականջդ ես հպում սրտիդ պատերին,
Ու... հազա՜ր ու մի անկե՛րպ, աննմա՛ն,
Տարտա՛մ ձայներից գլուխդ է պտտում:
Այսպես՝ անտառում ծառե՞րն են փտում,
Թե՞ քարտեզներում գետերն են ստում՝
Խաղալով խշշոց, կարկաչ ու սահանք:
 
Այսպես՝ մի անքուն գիշերապահակ
Ձայներն է լսում քնած քաղաքի,
Որ շուտով պիտի դառնան ահագին,
Հորդե՜ն-վարարե՜ն անկարգ ու հախուռն՝
Նման... հանճարեղ սևագըրության:
 
Իսկ հիմա... քնած քաղաքն է տխուր,
Քարտեզի վրա գետերն են տխուր,
Աճող ու փտող ծառերն են տխուր,
Եվ նման է դա ա՛յն գեշ դըրության,
Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ,
Ու բառի սովը՝ ցավագարություն:
 
Ո՞ւր ես, հանճարե՛ղ սևագըրություն...

13.I.1962թ. 25.X.1962թ.
Երևան


 1 2 3 4 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз