ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏ

Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ.
Նա նորածի՛ն չէ,
Այլ առնվազըն ութ հազար և ութ հարյուր տարեկան:
 
Այդ ախտով էին տակավին հիվանդ
Հին հելլենացիք, հնդիկները հին:
Եվ Հոմերոսի կուրությունն իրոք այդ ախտից էր հենց:
Եվ այդ նույն ախտով գերեզման իջան
Ձե՛ր Նարեկացին, Շեքըսպիրը մե՛ր,
Ու բոլո՜ր նրանք, ովքեր թոք ունեն՝
Մեր մոլորակի կիսագնդերի մեծության չափով
Կամ այնքա՛ն մեծ սիրտ,
Որ գրավում է տեղն էլ թոքերի...
 
Այս ախտով մարդիկ չե՛ն վարակվում, չէ՜,
Այլ վարակված են ծնվում մայրերից:
Այս ախտը միայն նրա՛նց է բռնում,
Ովքեր յոթ հազար յոթ գույն են տեսնում ծիածանի մեջ,
Ովքեր լսում են
Մոլեկուլների խելահեղ վազքի համանվագը
Ա՛յն մուրճերի մեջ կամ կացինների,
Որոնք մինչևիսկ զնգոց չեն հանում,
Այլ համր են ու լուռ՝ կուռքերի նման...
 
Այս ախտը միայն նրա՛նց է կպչում,
Ովքեր նայում են սևուկ գոմեշին,
Իբրև մի քայլող սև դաշնամուրի,
Որ նվագում է լոկ իրե՛նց համար:
 
Այս ախտը միայն նրա՛նց է կպչում,
Ովքեր ապառաժ անտաշ քարի մեջ
Տեսնում են Ֆորում, տեսնում Զվարթնոց,
Ժայռի զանգվածում տեսնում Աջանտա, Էլլորա, Գեղարդ,
Անգույն կտավին՝ սրբազան ընթրիք ու Մագթաղինե,
Եվ ամեն անցնող երիտասարդի հոգու խորքերում՝
Մի ննջող Համլետ, արթուն Օթելլո...
 
Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք,
Լոկ նրա՛նք, 
Ովքեր մենակության մեջ
Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի.
Լոկ նրա՛նք,
Ովքեր այս Երկրագնդի պտույտն զգում են կրունկո՜վ իրենց
Եվ արմըտիքի աճումն զգում են իրենց ափերո՛վ,
Եթե մինչևիսկ իրենց ափերը պահում են օդում.
Լոկ նրա՛նք,
Որոնց չեն կարողանում ո՛չ մի կերպ սիրել
Բոլո՜ր դարերի արքաներն ամեն
Եվ կործանում են սրանց ո՞չ միայն աքսորով, բանտում,
Այլ նաև սրանց պալատ բերելով
Ու... սուտ սիրելով...
 
Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ...

15.XI.1963թ.
Երևան


ՀԻՄՆ ՔԱՐԱՆՁԱՎԻ

Մենք դուրս ենք եկել մութ քարանձավից
Միլիո՛ն ու միլիո՛ն տարիներ առաջ:
 
Մենք դուրս ենք գալիս նո՛ւյն քարանձավից
Ամե՜ն ակնթարթ:
 
Նո՛ւյն քարանձավն է մեզ հետապնդում
Մեր ներսի՜ց արդեն:
 
Ու մեր երգածի կեսից ավելին
Նո՛ւյն քարանձավի արձագանքն է հենց:
 
Մնացած կեսով մենք հիմնն ենք երգում
Նո՛ւյն քարանձավի՝
 
Անեծքանման խոսքերով այն կույր,
Որոնց իմաստն ենք հասկանում այնքան,
 
Որքան պառավը՝ իր հմայական խառնակ խոսքերը,
Որքան երեխան՝ իր խառնիճաղանջ շուտասելուկը...

11.XI.1965թ.
Չանախչի


ՄԵԾ ՈՒՂՏԻ ՓՈՔՐԻԿ ԱԿԱՆՋՈՒՄ

Ի՜նչ-որ ժամանակ,
Մեզանից առա՛ջ, մեզ անհա՛յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե՛լ,
Այն մեկը՝ չանե՛լ,
Այս՝ համարել ճի՛շտ,
Այն՝ մերժել-վանե՛լ,-
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել պատիվ ու... պարտականություն...
 
Ու մենք էլ ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ո՛չ մեր հագուստը,
Այլ հոգի՜ն մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը՝ մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:
 
Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խազի վրայով
Ասեղը կյանքի՝
Կորզելով միշտ նո՛ւյն
Ու մի՜շտ տանջալից ա՛յն եղանակը,
Որ վաղո՜ւց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...
 
Եվ մի արտառո՛ց,
Շատ տարօրինա՛կ ու տա՜ք ցանկություն
Հալածում է ինձ
Ու հետապնդում օրը ցերեկով.
Ես կամենում եմ (և ձե՜ր փոխարեն)
Ո՛չ թե լոկ մռռալ կամ թե գռմռալ,
Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝
Մռութըս դրած այս քարի՞ն արդյոք,
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չե՛մ կարեկցում... արհամարհո՜ւմ եմ
Ա՛յն թշվառական կենդանիներին,
Որոնք «ընտանի» պիտակն են կրում,
Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,
Իսկ իմ կարծիքով՝
Իբրև խոր խարան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապատվում եմ
Նույնիսկ մկա՛նը, առնետի՜ն անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...
 
Ու երբ քնի մեջ մղձավանջային
Ձեզ առնետները կրծոտեն սիրով,
Դուք՝ արթնանալով՝ մի պահ մտածեք,
Թե արժի՞ արդյոք դարեր շարունակ
Քնել մե՜ծ ուղտի փոքրի՛կ ականջում...

14,20.XI.1963թ.
Երևան


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորի՛ց մեջըս խոսեց ֆրանսիացին...
Եվ ակամա, նորի՜ց, ես չանսացի
Իմ պապերի ձայնին՝ խոհեմությա՛ն,
Հա՛յր Սուրբ Խոհեմության,
Որին պիտի 
Հիմա խոստովանեմ իմ մեղքերը:
 
Հա՛յր Սուրբ, ես կուզեի կյանքի՜ս գնով
Ջնջել «զգույշ» բառը:
Մեծ մե՞ղք է սա:
 
Հա՛յր Սուրբ, ես կուզեի դարձնել կանոն
Անկանոնությունը:
Մեծ մե՞ղք է սա:
 
Կարելի չէ՞, Հա՛յր Սուրբ, որ ոտքերը,
Գեթ ոտքե՛րը լինեն ինքնագլուխ,
Գեթ ոտքե՛րը, Հա՛յր Սուրբ, ո՛չ գլուխը...
Թե՞ մեծ մեղք է դա էլ:
 
Եվ մահի չափ հոգնած մի կա՜րճ պահի
Կարելի չէ՞ արդյոք «մարդ եմ» բառին
Չհագցընել ո՛չ մի նեղ ածական...
Թե՞ մեծ մեղք է դա էլ:
 
Հա՛յր Սուրբ, եթե մարդը հավատացյալըդ չէ,
Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի:
 
Խո՛ս-տո՛-վա՛-նո՛ւ-թյա՜ն եմ կարոտ, Հա՛յր Սուրբ՝
Չներվելո՛ւ գնով
Եվ բանադրվելո՜ւ:
 
Որտե՞ղ խոստովանեմ,
Եվ ո՞ւմ խոստովանեմ,
Հա՛յր Սուրբ Խոհեմություն...
...Ո՛չ սուրբ և ո՛չ էլ հայր...

14.VII.1963թ.
Երևան


ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ

Հիմարացած ու վերացած, խեղճ ու վսեմ՝
Կանգնել եմ ես այս պարզերես երկնքի դեմ
Ու նայում եմ՝
Հորթուկի պես
Եվ կամ քրմի՝
Լիությունից թեթևացա՜ծ.
Եվ... հավատում եմ աստըծուն:
 
Ձեռքըս գցում այս ծռմռված առվի վզից
Ու ձգելով-բարձրացնելով գլխիցըս վեր՝
Ստեղծում եմ մի պսպղուն աղեղ-կամար,
Որ չի՜ փլվի,
Քանի դեռ ես չեմ կամեցել:
Մոտեցնում եմ հետո երկու ափըս իրար՝
Ծափ տալու պես,
Եվ՝ հնազանդ իմ ափերի այդ շարժումին՝
Քարափները գալի՜ս իրար,
Միանում են իրար անձայն...
Եվ ինքըս ինձ հավատալով՝
Է՛լ աստըծուն չե՜մ հավատում:
 
Ափս եմ քսում հողի դեմքին,
Անբաղաձայն
Ու նախնական մի կենտ բառ եմ ասում նրան,
Ու նա - շոյված՝ կատվի նման - մեջքը ցցում
Եվ իր երկար պոչն է շարժում՝ գետի տեսքով:
Ու ես կրկին հիմարացած և ինքնագոհ՝
Շոյելու պես ապտակում եմ
Այս պարզերես լուռ երկնքին
Ու ժպտում եմ՝
Մանուկի պես
Եվ կամ մոգի՝
Նորից լցվա՜ծ-լրիվացա՜ծ...
Եվ... հասկանում եմ աստըծուն:

08. XII.1962թ.
Երևան


 < 1 2 3 4 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз