ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

ԴԻՄԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀՕԳՈՒՏ ԱՆԴԻՄԱԿՈՒԹՅԱՆ

Ե՛ս՝ հեղինակ պարականոն գրքերի
Եվ չգրված օրենքների վերծանող,
Ասում եմ ձեզ.
-Մ՛ի վախեցեք վատթարից,
Նա է լավի օժանդակը թաքնըված...
 
Ե՛ս՝, հոդախտով տառապողըս ողջ կյանքում,
Խոնավության բանտարկյալըս ու գերիս,
Տալիս եմ ձեզ իմ ցավըզգա ոտքերիս
Խորհուրդը խոր և հրամանն ահարկու.
-Խոնավությունն ունի ծաղիկ անարմատ,
Որ ծաղկում է ծիածանի յոթ գույնով,
Ու բորբոս են կոչում նրան աշխարհում։
Երբ բորբոսն է քարտեզ գծում մեր հացին
Կամ մեր հոգում,
Կամ երկրի մի անկյունում,
Զո՜ւր միամիտ կրակապաշտ մի՛ դարձեք.
Արեգակը պիտի խնդա՛ ձեզ վրա,
Պիտի խնդա՜,
Ո՛չ թե հասնի ձեր կանչին։
Ուրեմն ինձ պես խոնավապա՛շտ եղեք դուք,
Դարձեք ինձ պես հավատացյա՛լ բորբոսի
Եվ ապրեցեք նրա գծած քարտեզի
Մի անկյունում, ինչպես ցավը՝ հոդի մեջ...
 
Ե՛ս՝ անվավեր խլիրտների թվացույց
Եվ մասնագետ հոգեհարցման,
Ես հիմա
Ասում եմ ձեզ.
-Հավատն ինչքան պակասի,
Այնքան հույսը կավելանա ձեր սրտում,
Որովհետև վստահելը՝ լավ է շատ,
Բայց չափից շատ վստահելը՝ մի աղետ,
Որ չի կախվում թշվառական մեր գլխին,
Այլ աճում է , քաղցկեղի պես, մեր ներսում...
 
Ե՛ս՝ նո՛ր գուշակ ըստ ստվերի և շուքի,
Ասում եմ ձեզ.
-Ստվերները կարճանում,
Ու շուքերը երկարում են... առանց մե՛զ,
Բայց մենք պիտի շուքից հյուսենք ամուր թոկ,
Բայց մենք պիտի սյուներ շինենք ստվերից՝
Սպասելով, թե ե՞րբ պիտի այդ թոկով
Ու սյուներով մի օր պիտի սարքվի կախաղան
Ստի՜ համար, որ հերաթափ գլխի պես
Չի՛ սանրվում, բայց սանրի պես շիկացած
Մեր ուղեղի գանգուրներն է հարթեցնում...
 
Ե՛ս՝ այդ ստի սխալների սրբագիր
Եվ ուշացող արդարության խմբագիր,
Ասում եմ ձեզ (մի՛ զարմացեք), որ իրոք
Ամենամեծ միամիտին աշխարհում
Մարդիկ Աստված կամ Արարիչ են կոչել։
Եվ ասում եմ ու հիշեցնում վերստին,
Որ աստծուն էլ այդ միամիտ,
Եվ աստծո՜ւն
Եթե երեք սուտ աղոթքով դու դիմես,
Ապա չորրորդ սուտ աղոթքով չե՜ս խաբի...
 
Ե՛ս,
Որ Աստծուն Աստվածատուր եմ կոչում.
Ե՛ս՝ խեռորեն խռովարար-խռովիչ,
Աստվածամերժ-աստվածարկու մի չաստված,
Ասում եմ ձեզ, երկրորդելով երրորդում,
Որ երկնքում իրո՛ք չկան աստվածներ:
Նրանք վաղուց երկրի վրա են բազմած,
Բայց ո՛չ ուղտի սապատի պես, այլ ուղտի
Անտանելի բեռի նման, որ մի օր
Ցած կնետի համբերատար ո՜ւղտն անգամ:
Խռովության սերմը, իբրև մանանեխ,
Տարածվում է արտաշնչմա՛մբ մեր բերնի,
Տարածվում է երկրից երկիր, վարակում
Մինչև անգամ աստվածներին հողեղեն,
Որ մեր հոգում ոտնագնդակ են խաղում,
Որ խրվել են մեր կոկորդում՝ իբրև խորխ,
Եվ մեր լեզվից կախ են տվել կեռերով
Անվերջ նեխո՛ղ, բայց չփտո՛ղ մի դիակ...
 
Խռովության սերմը, իբրև մանանեխ,
Իբրև որոմ մի փրկարար, իբրև ախտ,
Ահավասիկ և նրանց է վարակում:
Եվ ահա ե՛ս՝ մանանեխի մի պտղունց,
Մի բուռ որոմ, ախտի մանրէ մի սրվակ,
Ուզում եմ ձեզ ուրախացնել՝ ասելով.
-Երբ աստվածներն են խռովում իրարից՝
Մարդիկ իրար հասկանալ են սկսում...

17.XI.1963թ.
Երևան


ԴԱՐԱԿԵՍԻ ՀԻՄՆԸ

1.
Առաջներում մերպեսներին
          Այրում էին խարույկի մեջ...
          Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներըս,
          Խարույկ՝ մեզնո՛վ։
          Աղը կրակ է հանգցընում։
          Բայց մենք պիտի մեր կրակով աղն էլ վառենք,
          Որ ավելի բոցավառվենք,
          Այնպե՛ս վառվենք,
          Որ չմնա նույնիսկ մոխիր ու մնացորդ...
 
2. 
Առաջներում մերպեսներին
Կա՛մ քառատում, կա՛մ սպանում էին դանդաղ՝
Մեր մարմնի մեջ ցից խրելով,
Ինչպես քորոցն են մխրճում
Թիթեռնիկի եղա՜ծ-չեղած մեկ օրվա մեջ...
          Հիմա պիտի մենք ինքներըս հանգիստ նստենք
          Հեռուստացույց-աշտարակի բարձըր ցցին,
          Որպեսզի մեր սուր դեմքերով ու խոսքերով
          Մենք ինքներըս ցցվենք-մնանք
          Ողջ մարդկության ականջներում ու աչքերում՝
          Իբրև նշտար ապաքինման,
          Իբրև ասեղ սրսկումի...
 
3. 
Առաջներում մերպեսների ականջն էին հատում հիմքից,
Կտրում ձեռքը, կտցում աչքը, հատում լեզուն
Կամ ճակատին խորատպում անջինջ խարան՝
Համարելով մեզ չար կախարդ,
Սուտ մարգարե։
          Իսկ մենք հիմա պիտի արձակ ու համարձակ
          Վերադառնանք վաղնջական մեր արհեստին՝
          Դառնանք կախարդ... մեր բարությամբ,
          Գեղեցիկի ու վսեմի նոր հարությամբ,
          Եվ մարգարե դառնանք իրոք՝
          Ա՛յն անվանի և անանուն խոտերի պես,
          Որ զգում են մոտալուտը արեգակի,
          Եվ կամ թե չէ ա՛յն գազանի մաշկի նման,
          Որ փոխվում է՝
          Եղանակի փոփոխումը նախզգալով...
 
4. 
Առաջներում մերպեսներին նայում էին,
Ինչպես նայել ու նայում են բորոտներին։
          Եվ, ճիշտն ասած, մենք իսկապես
          Բորոտներ ենք, սակայն... ներսից։
          Թաքուն տենդից, ցուրտ առնելուց 
          Դուրս է տալիս շուրթը ոմանց,
          Իսկ մեր՝ ներսը,
          Իսկ մեր՝ հոգին։
          Կարմի՜ր-կարմի՜ր բշտիկներով
          Մենք պատված ենք ներսից այնպես,
          Ինչպես հոնի աշնանային ծառը դրսից։
          Մեր ներսն ամբողջ ասես լինի համակ խտուտ,
          Ինչպես կուրծքը նորահարսի։
          Քոր է գալիս մեր ներսն ամբողջ...
          Ու... մեր ներսով - ներաշխարհով 
          Մենք քսվում ենք ու քսքսվում
          Ողջ աշխարհի ելունդներին,
          Բարի ձեռքին մարդկայնության,
          Սիրո սուր-սուր եղունգներին
          Եվ ցասումի սանրին քերող...
 
5. 
Սոխի գլխի տեղ էին մեզ դնում հաճախ։
Մենք, որ սոխի գլուխ չէինք բոլորովին,
Մենք նման ենք սոխի գլխի լոկ այնքանով,
Որ նրա պես բազմաշերտ ենք, բազմափաթեթ։
          Եվ մենք հիմա մեզ ինքներըս
          Պիտի բացենք հոժարակամ,
          Բացենք շե՛րտ-շե՛րտ, փաթե՜թ-փաթե՜թ,
          Երբ որ պետք է՝ թեկուզ կծու սոխի՛ նման,
          Երբ որ պետք է՝ արդեն ծաղկի կոկոնի՛ պես:
          Պիտի բացվենք հոժարակամ
          Փաթե՜թ-փաթե՜թ ու շե՜րտ առ շե՜րտ,
          Մինչև հասնենք մեր միջուկին՝
          Ինչպես մայրերն են սպառում իրենց կաթը,
          Մինչև իսպառ մենք սպառվենք,
          Ինչպես այրերն են սպառում 
          Որդեսերման զորությունը...
 
6. 
Կան խայտառակ ժամանակներ,
Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
Ապա նրա ձեռք ու ոտքին
Ուրիշներն են դնում կապանք։
          Մենք մեր լեզվի կապն ենք կտրել, 
          Որովհետև, ճիշտ է, լեզուն չունի ոսկոր,
          Բայց կարող է... ոսկո՛ր ջարդել,
          Նաև կապա՜նք ձեռք ու ոտքի։
          Մենք, որ մարդ ենք ծնվել մորից,
          Ո՛չ, չենք ուզում դառնալ նորից
          Ինչ-որ ընձուղտ երկարավիզ ու բծավոր,
          Մենք չենք ուզում դառնալ ընձուղտ,
          Որ վիզներըս չերկարացնենք
          Դեռ չեղած ու չլինելիք
          Բան տեսնելու հիմար հույսով։
          Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,
          Որ մեր մաշկին անհուր աստղեր չդաջոտեն՝
          Մեզ դարձնելով մի սուտ երկինք։
          Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,
          Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին
          Ո՛չ մի անգամ ամբողջ կյանքում
          Ձայն ու ծպտուն չի՜ արձակում...
 
          Մենք ուզում ենք գործի լեզո՜ւն,
          Բայց ո՛չ իբրև երկանք ստի
          Ու ջրաղաց խաբեության։
          Դժվար բան է սուտ ասելը,
          Բայց սուտ ասելն ավելի է հեշտ ու դյուրին,
          Քան թե անվերջ սուտ լսելը։
          Ռետինաձև սուտ ծամելուց մենք զզվել ենք։
          Լավ ապրանքը ինքն է ծախվում,
          Ու վատն է, որ պիտի գովես։
          Իսկ մենք դեմ ենք ամե՜ն տեսակ փերեզակի...
 
          Մենք ծնվել ենք, աշխարհ եկել,
          Ո՛չ թե թվալ - երևալու խաբեությամբ,
          Այլ լինելո՜ւ,
          Ա՛յն լինելու, ինչ կանք իրոք։
          Մենք ծնվել ենք, որ մարդկության
          Հազար ու մի «ինչու»-ներից գոնե մեկի
          Հարցապնդող աչքում մխենք
          Մեր գոնե մե՛կ պատասխանը
          Եվ դրանով գոնե մաս-մաս վերադարձնենք
          Օտարացվող էությունը մեր մտքերի,
          Որ չխամրեն սրանք այնպես, կարծես իսկույն
          Չորացնում են ծծողական կոչվող թղթով
          Եվ մեզ տրված մեծությունից
          Թողնում միայն մի ճմըռթված թղթի կտոր,
          Որ կոչվում է «Ստացական»...
 
7. 
Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի,
Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ.
Ծնվում են մեծ, բայց չեն թողնում, որ դառնան մեծ։
          Մենք ծնվեցինք... 
          Ու սնվեցինք
          Շատ ավելի «ալելույա-օվսաննա»-ով,
          Քան թե հացով սովորական...
          Ճարպոտ մուժն էր վարագուրում
          Կիսաքաղցի մեր աչքերը։
          Փայտոջիլներն էին կծում ու կծոտում
          Երազները մեր անմարմին։
          Բայցևայնպես մերպեսները կարողացան
          Պատիվն իրենց պահել ճերմակ
          Եվ խիղճն իրենց պահել մաքուր՝ աղի նման,
          Որովհետև մերպեսները
          Նախընտրում են զրկվել գլխից,
          Քան խոնարհել գլուխն իրենց նրա՛նց առաջ,
          Ովքեր լուրջ-լուրջ փորձ են անում 
          Ուղեղ հատել՝ դրամի պես
          Ու միտք դաջել՝ լաթի նման։
 
          Մերպեսները, ո՛չ, երբևէ
          Ծունկ չեն ծալում կուռքի առաջ
          Եվ չեն հանում իրենց աչքը ա՛յն պատճառով,
          Որ այդ կուռքը, կիկլոպի պես, մեկ աչք ունի։
          Շա՜տ-շա՜տ՝ նրանք կկոցում են մեկ աչքն իրենց,
          Որ... ավելի հեռո՛ւն տեսնեն ու պա՜րզ տեսնեն։
 
          Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝
          Անտանելի ցավն աշխարհի
          Որևէ կերպ բարձրացնելու
          Եվ արևի կիզարանում մոխրացնելու նպատակով։
 
          Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝
          Գեղեցկության մերկ ծնկներին շուլալվելո՛ւ,
          Հողի տաքուկ բուրմունքի մեջ լուռ հալվելո՛ւ,
          Մանուկների աչքերի մեջ նկարվելո՛ւ երազանքով...
 
          Մենք թռչուն չենք,
          Որ մի կաթիլ ջուր ըմպելով՝
          Կտուցներըս անմիջապես երկինք տնկենք։
          Ով ուզում է իր ջուրն ըմպել աղբըրակից,
          Նա չի՛ կարող չխոնարհվել,
          Նա չի՛ կարող ծնկի չգալ։
 
          Եվ չի՛ կարող չխոնարհվել,
          Ու չի՛ կարող ծնկի չգալ՝
          Ով ուզում է նայել խորքը ջրհորների,
          Որոնք նույնպես ուրիշ բան չեն,
          Քան թե կուռքեր՝
          Արձանները ա՛յն աղջամուղջ-մթնշաղի,
          Որ ներաշխարհ կամ հոգի է կոչվում դարեր։
          Եվ մերպեսներն ա՛յդ կուռքին են երկրպագում,
          Խոնարհվում ու ծնկի գալիս
          Ա՛յդ կուռքերի առաջ միայն՝
          Նրանց մթին հայելու մեջ
          Իրենք իրենց ճանաչելով...
 
8. 
Ու գալու է մի ժամանակ,
Երբ որ պիտի մարդիկ նաև մերպեսների՛ն երկրպագեն՝
Ոչ կուռքի՛ պես,
Ո՛չ էլ աստծու,
Այլ... հերոսի՜,
          Որովհետև մենք լավ գիտենք,
          Որ շատ հաճախ
          Բռունցքով ենք զարկում մեխի ծակող ծայրին,
          Մեր բռունցքով՝ մուրճի տեղակ։
          Բայց դրա հետ գիտենք նաև.
          -Բռունցքը չէ,
          Որ սարքվել է մուրճի ծանոթ օրինակով,
          Այլ մուրճն է հենց,
          Որ սարքվել է մեր բռունցքի նմանությամբ։
          Ու մենք գիտենք.
          -Եթե քամին
          Ընդամենը մեր մազերի հետ է խաղում,
          Ապա ինքը եղանակը խաղ է անում... մեր գլխի՜ հետ։
          Բայց աստղերը իրենց կլոր - ճերմակ սանրով
          Հանգստարար շարժումներով ամեն անգամ
          Հարդարում են քամուց գզված մեր մազերը
          Ու դրանով հավատացնում իրենց ու մեզ,
          Որ առայժմ... մեր գլուխը իր տեղումն է...
 
          Այս հավատով ու հույսով է, բարեկամըս,
          Որ աշխարհում մերպեսները ամեն գիշեր
          Աղքատ քնում ու զաթնում են հարստացած...

18-20.XI.1963թ.
Երևան


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՍԱՐՔԵՐԻՆ

Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
 
Հաշվեցե՛ք հապա, 
Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում 
Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից 
Դեպի ամոթխած այտերը նրա՝ 
Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,
Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել։ 
Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում 
Մեր մթնոլորտված աչքերի միջով, 
Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի,
Եվ այս փոխադարձ ճառագայթումը 
Վտանգավո՞ր է մեր սրտի համար, 
Թե՞ օգտակար է։
 
Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
 
Հաշվեցե՛ք հապա, թե մեր ափերով
Քանի՞ կիլովատ հոսանք ենք տվել
Երեխաների մազերին փափլիկ ու թաթիկներին, 
Մեր սիրածների իրանին ճկուն,
Ուսերին նկուն մեր տատիկների,
Եվ մեր ստացածն ինչքա՞ն է պակաս
Կամ ինչքա՞ն ավել։
 
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
 
Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև, 
Թե մեզնից գոնե մեկ՛ը իր կյանքում 
Քանի՜ կնոջ է տենչանքով նայել,
Քանիսի՛ն՝ մաքուր մի հիացմունքով, 
Քանիսի՛ն՝ միայն եղբոր քնքշությամբ...
Նշեցեք նաև տեղերն ա՛յն կանանց, 
Որ կարող էին մեզ խորունկ սիրել, 
Բայց մենք այդպես էլ չհանդիպեցի՜նք:
Եվ թիվն ասացեք ա՛յն մանուկների, 
Որ կարող էինք ունենալ կյանքում,
Բայց մենք չունեցա՛նք ու չե՜նք ունենա։ 
Եվ թիվը նաև ա՛յն մանուկների, 
Որ պիտի մերը լինեին կարծես, 
Բայց մերը չեղա՜ն...
 
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
Մենք դեռ մի կարգին չգիտենք նույնիսկ, 
Թե այդ ինչի՞ց է մարդը ծիծաղում, 
Մի՛միայն մարդը,
Եվ ո՛չ մի ուրիշ կենդանի էակ :
Դուք մեր ծիծաղի 
Ալիքների թիվն ասացեք հապա,
Ծույց տվեք նրանց գույները պես-պես 
Եվ քմծիծաղի ու քրքջոցի 
Տարբերությունը հասկացըրեք մեզ...
 
Էլեկտրական ձեր գանգով հուժկու 
Ու ճառագայթուն-անսպիտակուց-կիկլոպյան բիբով 
Տարրալուծեցեք կարոտն էլ հապա, 
Բաղադրեցեք այն ծուխն էլ անտես, 
Որ անջատվում է միշտ այդ կարոտից 
Եվ ու՞ր է քաշվում...
 
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
 
Ա՛յն թվականը նշեցեք հիմա, 
Գեթ այն մոտավոր, մոտալուտ տարին, 
Երբ որ, վերջապե՛ս, ազգերը խոցված 
Պիտի ողջանան կամ ապաքինվեն, 
Եվ վիրավորող ազգերն ստանան
Հատուցումն արդար ու չբեկանվող:
Թե չէ՝ շատերը, քանի՜ դար արդեն, 
Հույսները կտրած անողորմ աստծուց՝ 
Սպասու՛մ են դեռ։
Սպասու՛մ են դեռ։
Դու՛ք՝ նո՜ր աստվածներ նո՛ր ժամանակի,
Սուտ դուրս չգայիք գեթ դու՛ք, գոնե դու՜ք...
 
Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք 
Երկրներ կապող ա՛յն կամուրջների,
Որոնց վրայով 
Կուզեինք նաև մե՛նք անցած լինել,
Բայց դեռ չե՛նք անցել 
Ու չե՜նք անցնելու...
 
Թիվը ցույց տվեք 
Ա՛յն երազների և անուրջների,
Որ այս բառով են կոչվում աշխարհում
Լոկ ա՛յն պատճառով,
Որ չեն կատարվու՜մ...
 
Անկասկածելի թիվը նշեցեք ա՛յն կասկածների, 
Ինչից մենք հաճախ հասունացել ենք, 
Առավել հաճախ՝ վաղաժամ թոշնել...
Ցույց տվեք գիծը հիասթափությա՜ն, 
Եվ հուսանք, 
Որ դա գեթ չի ունանա ձևը կայծակի...
Եվ գիծը նաև հուսախաբությա՜ն, 
Որ մեր կյանքի հետ 
Վա՜յ թե հենց կազմի զուգահեռություն, 
Իսկ զուգահեռը զուգահեռի հետ 
Չի՛ հատվում կարծեմ...
 
Եվ թիվն ասացեք 
Մեր ա՛յն ժամերի, անթի՜վ- անհամա՜ր, 
Որ ծանր ու թեթև ժամանակներում կորա՜ն-գնացի՜ն
Ինչ- որ հերթերի 
Ու երթերի մեջ
Եվ ընթերցման մեջ ա՛յն բազմալեզու օրաթերթերի, 
Որոնց սևաբոց գլխագրերից 
Ամեն առավոտ 
Հրանոթների կենտ աչքն է նայում մեր զույգ աչքերին, 
Սուզանավերն են մեր տենչանքները հոգու մեջ սուզում, 
Ջրածընային արկերն են ուզում 
Մեր երակների կարմիր արյունից 
Ճերմակ ջուր ծնել...
Այսքանից հետո պիտի՛ որ հաշվեք 
Եվ ասե՛ք, թե դեռ քանի՜ տոնն ատոմ ճեղքելուց հետո 
Հեշտ կարելի է այս Երկրագնդի միջուկն էլ ճեղքել։ 
Պիտի՛ որ հաշվեք, 
Թե դեռ ի՞ նչ զենքեր ծնելուց հետո 
Մայրը կզրկվի զավակ ծնելու կարողությունից։ 
Թե այսքանն ասեք՝ 
Էլ հարկ չի՛ լինի, որ ասեք նաև
Ծանրության չափը հավատազրկման.
Կմնա միայն, որ պարզաբանեք,
Թե ի՞նչ հրաշքով
Հավատազրկման այդ բեռան ներքո
Մինչև վիզներս չենք խրված հողում՝ սուր ցցի՛ նման...
Բարեկամաբար ասացե՛ք նաև. 
Քանի՞ տարին մեկ աշխարհ է գալու 
Ա՛յն անդերսենյան մանուկը, 
Որից 
Թագավորները պիտի իմանան, 
Որ մերկ են իրենք։
Եվ խնդրեմ՝ նաև ավելացրե՛ք. 
Այդ իմանալով՝ 
Թագավորները 
Ծածկո՞ւմ են արդյոք մերկությունն իրենց,
Թե՞ շարունակում կրկին մերկ մնալ 
Եվ հակառակը կամեցողներին
Հարկադրում են՝ 
Աշխարհում ապրել կապվա՜ծ աչքերով...
 
Եվ ասե՞ք գուցե, 
Թե բեթհովենյան խլությունն արդյոք 
Չի՞ կապվում բնավ 
Ա՛յն ահագնացող պայթյունների հետ, 
Որ կատարվում են հիմա աշխարհում 
Եվ վե՜ր աշխարհից։ 
Ու թե կապ ունի, խնդրե՜մ, պարզեցե՛ք . 
Աշխարհը հիմա 
Անթիվ- անհամար բեթհովեններո՞վ կըերջանկանա,
Թ՞ե կավելանա պարզապես թիվը խլացածների...
Հաշվեցե՛ք նաև, մի վերջի՜ն անգամ, 
Թե այդ ի՞նչ ձևով,
Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի 
Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել 
Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ...

26.X.1962թ.
Երևան


ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Եռում է ջուրը.
Ասես թոքերի բորբոքում ունի մինչևիսկ սա էլ։
Իսկ բուժո՜ղն ով է,
Եթե հիվանդ ես հիմա և ինքըդ,
Ու քեզ բուժում են 
Նաև թեյ կոչված նո՛ւյն եռման ջրով,
Որ նմանապես 
Թոքերի ուժեղ բորբոքում ունի...
 
Հիվանդ հայացքըդ
Մութ մառախուղի վեհ վերելակով
Թագավորաբար լեռն է բարձրանում,
Ինչպես երևի բարձրացել են գահ...
 
Տենդոտ հայացքըդ
Հիմա հածում է դիմացի ձորում,
Որտեղ պառկած են այլազան քարեր՝
Բրածոյացած նախնիների պես...
 
Թեպետ իրար հետ վաղուց եք ծանոթ,
Թեպետ ծանոթ է պապերի՛դ անգամ,
Բայց քրտնած գլխով տված բարևիդ
Չի՛ պատասխանում։
Դուրս տված բերնով ճամփած ժպիտիդ
Չի պատասխանում նո՛ւյնպես։
Իսկ ինչո՞ւ։
Որովհետև իր անունը... Ժայռ է,
Ինքն էլ երբևէ
Ոչ միայն կյանքում չի հիվանդանում,
Այլև... անմահ է...
Աստվա՛ծ իրեն հետ։
Դու թե՛յըդ խմիր։
Սառե՞լ է։
Տեսա՞ր. ջրի թոքերի բորբոքումն անցավ։
Կանցնի և քո՛նը։
Հապա եկ փորձենք. տաքություն չունե՞ս։
 
...Ջերմաստիճանի որոշման համար
Ձեռքը դնում են մարդու ճակատին։
Այդ շարժումի մեջ չկա՞ խոր իմաստ
Եվ խորհուրդ խորին,- ո՛վ ի՞նչ է կարծում։
 
Իսկ աշխարհումըս բանտեր քի՞չ կային,
Որ ստեղծեցին նաև այս մե՛կը՝
Այս ջերմաչա՜փը։
Եվ ի՞նչ հանցանք է գործել սնդիկը,
Որ տառապում է մենախցի մեջ...
Բայց գոնե լավ է,
Որ սնդիկային այդ մենախուցը
Լայն է ավելի, քան մարդկայինը։
Լա՞յն է, թե՞ երկար,- միևնույնը չէ՞։
Իսկ շատ չես խոսո՞ւմ.
Չէ՞ որ հիվանդը
Այսքան խոսելու իրավունք չունի։
 
...Կլռե՛մ։
Կուզես՝ կքնե՜մ անգամ,
Միայն թե... ջարդե՛նք այս ջերմաչափը։
Թվում է, թե իմ հիվանդությունը
Ո՛չ թե իմ մեջ է,
Այլ սրա՜, սրա՛՝
Այս ջերմաչափի՜։
Ուրեմըն ջարդե՛նք այս ջերմաչափը,
Եթե ես մեղք եմ՝ սնդիկն առավել...

9.11.1965թ.
Չանախչի


ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Անտարբերությո՜ւնը...
Ուխտյալ թշնամու պես հետևում է նա ինձ,
Բուսնում խոտի՛ նման,
Թառում փոշու՛ նման,
Խեղդում խորխի՛ նման։
(Գերանդի՜ եմ դառնում,
Խոզանա՜կ եմ դառնում,
Հա՜զ եմ դառնում):
 
Եթե կարճակոճըղ իր հասակը ներեր
Ու ձեռքը հասցըներ իմ կոկորդին բարակ՝
Խեղդամահ էր արել նա ինձ վաղո՜ւց։
(Եվ մինչ նա շարունակ ձեռքն է մարզում-վարժում,
Ես էլ աշխատում եմ հասակ նետել անվերջ):
 
Իմ բերանն է փակում հազա՜ր ու մի ձևով,
Իր համբույրո՜վ անգամ,
Սո՛ւտ համբույրով նույնիսկ։
(Եվ մարմինս է դառնում համատարած բերան,
Ու բերանըս փակող համբո՜ւյրն անգամ, նա՛ էլ,
Որ... ես խոսքըս խոսեմ,
Ասելիքըս ասեմ
Եվ դրանով մարդուս ի՛ր դասի մեջ դասեմ,
Մեզ ասո՜ւն են ասում, 
Ո՛չ անասուն)...
 
Ա՜խ, այս մշտափոփոխ-ինքնաբեկող,
Ամե՜ն ինչի տակից միշտ դուրս եկող
Անտարբերությո՜ւնը,
Որ հիմա էլ արդեն, երբ այլ հնար չունի,
Աշխատում է մի կերպ ինձ ներշնչել,
Թե խոսելը նույնն է, ինչ... ստելը։
(Ու ես ծա՜նըր-ծա՜նըր լռությունը
Բարձրացնում եմ խոսքի աստիճանի։
Ու ես ծա՜նըր-ծա՜նըր խոսքը իջեցնում եմ,
Դնում պատվանդանին քար լռության,
Եվ այդ մթությունից ծնվում է այն բիճը,
Որ սերում է սիրո՜ւց,
Բայց ո՛չ երբեք պարտքից, 
Ու կարճ կոչվում է Ճիշտ,
Երկար՝ Ճշմարտություն):
 
...Եթե ինձ ծնողը ինձ չի ուզում պահել,
Թող որբանոց հանձնի, վնաս չունի՜։
(Շա՜տ ավելի լավ է որբ մեծանալ,
Քան թե ամբողջ կյանքում ապրել միշտ ո՛րբ)...

9.XI.1965թ.
Չանախչի


 1 2 3 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз