ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

ԱՇԽԱՐՀ... ԱՇԽԱՐՀ

Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին,
Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ
Իմ ջերմ մատներով՝
Անմայր մնացած
Մինուճար որդուն սիրող հո՛ր նման։
 
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Որ իմ մազերն ես հանգուցել ամուր
Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
Ամեն էակիդ մագիլ ու մատին,
Շոշափուկներին, բեղիկ ու թաթին,
Եվ իրար ձգում փոխադարձորեն
Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
Որ... ինքըդ ապրես համակշռված,
Իսկ ես էլ...
Իսկ դու
Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում,
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ։
 
Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ... մեռնեմ։
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ո՛չ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այս վիճակը քո,
Ո՞նց պիտի լինես,
Ի՞նչ պիտի անես։
Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Փո՜ւչ ու ո՛չ աշխարհ։

9.XI.1965թ.
Չանախչի


ՍԽԱԼ ԽՈՍՔ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Գժվել է գարունը:
Եվ օդը գինով է:
Եվ լույսի՛ց, լոկ լույսի՜ց կարող է մայրանալ,
Կարող է մայրանալ... մինչևիսկ չբե՜րը:
Մինչդեռ ես կրում եմ ուժից վեր այս բեռը՝
Իմ գլխի՛ և սրտի՜ այս բեռը,
Որի տակ
Իննաձև մարմինըս քարշում եմ ութաձև:
 
Քարշում եմ:
Չե՛մ խորհում:
Եվ դա իմ խորհելն է:
Չե՛մ լսում:
Չե՛մ ուզում ընդունել ո՜չ մի ձայն:
Բայց անվերջ լսվում է, թե՛ իմ մեջ, թե՛ իմ շուրջ.
«Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:
 
...Ինչ-որ բան սխալ է հենց Երկրի առանցքում,
Որ ուղի՛ղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությա՜մբ:
 
Ինչ-որ բան սխալ է մինչևիսկ լույսի՛ մեջ,
Որ պիտի՛ ունենար ծանրություն ու կշիռ:
 
Թե կրոնն է սխալ՝ այդ վաղո՜ւց հայտնի է,
Բայց մի տեղ սխալ չէ՞ և հավա՛տ կոչվածը:
 
Ինչ-որ բան սխալ է ճշմարտի մեջ անգամ,
Եվ ստույգ կոչվածն է ստուգվել աղերսում:
 
Ինչ-որ բան սխալ է և արյա՛ն,արյա՜ն մեջ.
Չհեղվե՛ր, հեղվելիս ինչո՞ւ է մակարդվում:
 
Թե ձեռքն է գավաթին երկարվում հուսահատ`
Սխալ է և գինի՜ն.
Չի ՛ խցվում կոկորդում:
 
Սխալ են ջրե՛րն էլ,
Հոսում են վերից վա՛ր,
Վերից վա՜ր,
Վերից վա՜ր`
Անընդհատ անկում է:
 
Կոշկատակն է սխալ.
Հողից է մեզ կտրում:
 
Սխալ է և հողը.
Առնըվում-ծախվում է:
 
Սխալ է կրակն էլ.
Ինչի՞ս է մխալը:
 
Լռությունն է սխալ.
Մեր թևերն է փետրում:
Իսկ անկե՜ղծ խոսելը... սխալ ու սխա՜լ է:
 
Իսկ ի՞նչն է տարբերում և ի՞նչն է անջատում 
Փակուղի ասվածից հորիզոն կոչվածը,
Եթե սա` ոտքերըդ, նա աչքերդ է հատում:
 
Սխալ է ջարդելը,
Բայց չէ՞ որ դրանից
Երկրաչափն է կարծեմ օգտըվում արանքում.
Ձևերն են բազմանում այդ ջարդում-փշրումից:
 
Սխալ կա թերևըս և նրա՛նց արարքում, 
Որ անկեղծ ձգտում են շտկելու սխալը
Եվ ամեն մի սխալ շտկելիս, ակամա,
Գործում են նո՛ր սխալ,
Սխալ է ձգտո՜ւմը:
 
Ինչ-որ բան, ու լո՜ւրջ բան, անկասկա՛ծ, սխալ է
Եվ մարդուս մարմնի մեջ,
Մի գլխով ի՞նչ անել,
Երբ այսքա՜ն դժվար է անսխալ ապրելը...
 
Հետո ի՞նչ դուրս եկավ,
Սխալ է ատե՛լը
Սխալ է սիրե՛լը,
Այրվե՛լը,
Մխա՛լը:
 
Սխալ է , անկասկա՛ծ, և այսպես դատելը
Ուստի և այս երգը... սխալի՜ց սխալ է...

19,20.V.1961թ. 25.VII.1961թ. 22.IX.1961թ. 10.X.1961թ.
Երևան


ԿԱՅԱՆԱԼԻՔ ԶԲՈՍԱՆՔ

Վճռել եմ հաստա՛տ,
Պիտի շո՛ւն պահեմ...
 
Եվ ամեն գիշեր,
Երբ միլիոնավոր հոգնած կոշիկներ 
Դռան մուտքի մոտ
Լաթերի վրա մտնեն խորունկ քուն`
Արդեն չպաշտվող տոտեմների պես,
Երբ նեղ օրերից այլևս ազատված
Մեր հագուստների կոճակները խեղճ
Ազատ շունչ առնեն մի քանի ժամով,
Ու փողոցներով երբեմն սուրա
«Շտապ օգնության» մեքենան միայն` 
Իր զույգ աչքերի ճառագայթներով
Պոզահարելուվ խավար ու ստվեր,-
Շանըս հետ պիտի ելնեմ ման գալու,
Որ մտերմաբար ասուլիս անենք
Անդորրության մեջ կեսգիշերային,
Քաղաքի պարապ պողոտաներում:
-Իմ նախա՛-նախա՛-նախապապերի ազնի՜վ օգնական,
Գազա՛ն երբեմնի,
Այսօրվա նույնիսկ քաղաքաբնա՛կ շուն իմ, սիրելի՜ս,-
Ես նրան կասեմ,-
Քո ականջներում առայժմ չկա 
Հեռախոսային լար ու լսափող,
Եվ քո բնական հոտառությունը չի չարաշահվում,
Որ իմ մշահոտ-ճենճերահոտով
Մտածմունքներիս ու տվայտանքիս նյութը որոշվի
Քիմիական ստույգ տարալուծությամբ:
 
(Նա պոչով օդում «այո» կգծի):
 
Ամենքս էլ մի քիչ շուն ենք, շո՛ւն եղբայր,
Մեր անխախտելի հավատարմությամբ
Առ Աստված:
Որին հիմա ամենքըս «Գալիք» ենք կոչում,
Եվ առ Հայրենիք,
Որ ձեր շնային լեզվով, կարծում եմ,
Կոչվում է «Ոսկոր»,
Եվ առ այն էգը, որ էգ չե միայն,
Այլ «Սեր» է նաև,
Ինչին շնային լեզվով, երևի,
Դուք «Ծուծ» եք կոչում:
 
(Նա պոչով գետնին «դիցուք» կգծի):
 
Ամենքս էլ մի քիչ շուն ենք, շո՛ւն եղբայր,
Եվ ամեն մեկս էլ մեր հաչոցն ունենք:
Եվ մինչև անգամ լույսերն են հաչում`
Լուսամփոփների բացուխուփ բերնով.
Այս լուսազդներն են հաչում համրորեն`
Իրենց գույների տուրևառությամբ.
Եվ հանրակառքի ուղիներն այս զույգ`
Իրենց զնգոցի երկար կաղկանձով:
Իսկ մարդի՜կ…
Ոմանք իրե՛նք չեն հաչում.
Նրանց տեղ իրենց սրտե՜րն են հաչում`
Կարոտի՛ բերնով ու տառապանքի՛...
Եվ կա մի հաչոց, որ լաց է կոչվում,
Կա՛, որ կոչվում է հառաչ, հեկեկոց,
Կա՛, որ կոչվում է աղաղակ ու ճիչ,
Կա՛, որ կոչվում է ծիծաղ կամ քրքիջ: 
Այս վերջին հաչն է ինձ շատ դուր գալիս,
Թեպետ շատ հաճախ ինձ տեսնում ես դու
Ոչ թե խնդալիս,
Այլ դառն լալիս:
 
(Նա պոչով կասի մի հաստատ «այո»):
 
Իսկ նրանք, իմ շո՛ւն, ովքեր շա՜տ են շուն,
Իրե՛նք են հաչում, ըստ որում, գիտե՞ս,
Մենք հաչոց ունենք հազա՜ր մի տեսակ,
Մինչ քեզ ծանոթ են մի քանիսը լոկ...
 
Այնպես որ, շո՛ւն իմ, ամենքս էլ իրոք
Մի որոշ չափով շուն ենք, եղբա՛յրս:
Ու շուն եմ ե՛ս էլ` ամենքի նման,
Նրանցից գուցե այնքանո՛վ տարբեր,
Որ ես մերժում եմ պատառը ճարպոտ,
Ինձ մի ոսկորն էլ հերի՜ք-հերի՜ք է...
 
(Նա պոչն է տնկում` իբրև հարցական)։
 
Ոնց եմ ոսկորով ոսկո՞րըս լցնում։
Աստղերից ցատկող լվեր բռնելով,
Հոգու ջրհորի ջրիմուռներով,
Ա՛յն քարաքոսով, որ «խիղճ» է կոչվում
Եվ ամենից շատ (թե անկեղծ ասեմ)՝
Ա՛յն արմատներով, որոնց մեր լեզուն 
Կոչում է «ջղեր»
 
(Այս խոսքիս վրա, իբրև միջակետ, 
Շունըս կդնի մի բերան հաչոց։
Փողոցով կանցնի մի բարակ քամի՝
Ջանալով ավլել ստվերն իմ ու շան։
Լուռ կհորանջի մի լապտեր աղոտ՝
Արդեն ձանձրացած ա՛յն ցուցանակից,
Ում ծառայում է տարիներ անվերջ)
 
Եվ զկռտոցը իմ կոշիկների
Մի պահ չի հնչի ամայության մեջ,
Որովհետև ես պիտի կանգ առնեմ
Ցուցանակների մի խմբի առաջ
Ու շանըս ասեմ.
-Նայի՜ր, շո՛ւն եղբայր,
Նայի՛ր այս բազում ցուցանակներին։
Տեսնու՞մ ես, շո՛ւն իմ, պատերն էլ ունեն
Իրենց պատային ճակատագիրը,
Որ «ցուցանակ» է կոչվում մեր լեզվով։
Եվ համատարած գրագիտության
Այս աննախադեպ լուսավոր դարում, 
Երբ հազարավոր տարիներ առաջ
Մեռած լեզուն էլ վերծանվում է հեշտ,
Եվ մինչև անգամ
Լուսնի հակառակ երեսն են կարդում
Ու Վեներայի
Կամ Մարսի օդը դարձնում այբուբեն,-
Մեր երկտողանոց ճակատագիրը մնում է դարձյալ
Անընթեռնելի՛ և անմեկնելի՜...
 
(Այս խոսքս վրա
Շունըս իր ետին ոտներից մեկը կկտրի գետնից
Եվ անդաստիարակ-անկիրթի նման
Կթրջի պատի քարը սրբատաշ,
Ու մենք միասին տուն կգանք կրկին,
Որ միլիոնավոր կոշիկների հետ
Իմոնք էլ քնեն մուտքի դռան մոտ՝
Արդեն չպաշտվող տոտեմների պես,
Եվ նեղ օղերից այլևս ազատված
Խեղճ կոճակներն էլ իմ վերնաշապկի
Ազատ շունչ առնեն մի քանի ժամով)...
Իսկ շունըս...
 
Սակայն ես դեռ շուն չունե՜մ
Եվ չգիտեմ էլ՝ արժե՞ ունենալ։
Իսկ եթե նրա ականջների մեջ
Հեռախոսային լար ու լսափող թաքցրած լինե՞ն
Ու չարաշահեն նրա բնական հոտառությու՞նը
Եվ իմ մշահոտ- ճենճերահոտով
Մտածմունքներիս ու տվայտանքիս նյու՞թը որոշեն
Քիմիական ստույգ տարրալուծությամբ։
 
Վճռել եմ հաստա՛տ.
Շուն չե՜մ պահելու...

20-21,26.XI.1963թ.
Երևան


ՄԱՆԿԱԿԱՆ ՃՈՃՔ

Կապույտ-կապարե մենակության մեջ անծիր երկնքի
Թռչուններն իրենց երգն են չորացնում:
Մինչդեռ լեռների պղնձե-պաղած միայնության մեջ
Ավելացնում եմ ես էլ աչքերիս թացությունը տաք:
Եվ հորիզոնը, ամառվա տապից,
Դարձել է կարծես մանկական մի ճոճք:
Ա՛խ, երանի՜ թե նա ինձ քնացներ
Եվ կամ ստիպեր,
Որ ուրախության ճիչեր ճչայի:
Սակայն այդ ճոճքից
Ուժեղանում է միա՜յն ու միա՛յն գլխապտույտըս,
Որով մի հսկա զերո է գծվում՝
Իր մեջ առնելով 
Ի՛նձ,
Թռչունների՛ն,
Երկի՛նք ու երկի՜ր,
Եվ դուրս թողնելով
Լոկ հորիզոնն ու մենակությունը,
Որպեսզի... մեկը ճոճվի՜ ու ճոճվի՜,
Մյուսն էլ... քարանա ու հավերժանա...
 
Ո՛չ մի ժամանակ,
Ո՛չ մի ժամանակ,
Մենք այսպես մենակ ու մենիկ չէինք,
Ինչպես որ հիմա,
Երբ միասին ենք բոլորս առավել,
Քան թե որևէ ուրիշ ժամանակ...

10.XI.1965թ.
Չանախչի


ՃԱՄՓԵԶՐԻ ԽՈՏԸ

Իմ բախտը բերեց.
Ես ո՛չ մի անգամ
Չշփոթեցի իմ ահեղ դարը օրացույցի հետ,
Եվ ո՛չ մի անգամ
Չկարողացա (չկարողացա՜-չկարողացա՜)
Դառնալ խոսափող ա՛յն անցողիկին,
Որ համարժեք էր հաջողությանը...
 
Իմ բախտը բանեց.
Ես բոլորի՜ հետ ու մեկտեղ էի,
Բայց ո՛չ նրանց հետ,
Ովքեր գոռգոռում
Ու բոռում էին բոլորի՜ անվամբ,
Բոլորի՜ն անվերջ վկա բերելով,
Մինչ այդ «բոլոր»-ի
Անունը թե կար` ամանում չկար...
 
Իմ բախտը բերեց.
Ես գրչիդ կո՛թը հաճախ ծծեցի
Ու հենց դրանո՛վ հաճախ կշտացա,
Բայց ո՛չ երբևէ գրիչ ծախելով...
 
Իմ բախտը բանեց,
Ինչպես բանում է բախտը այն... խոտի,
Որ ճանապարհի եզրին է բուսնում.
Մի՛շտ կոխկրտվելով`
Ես ցողունի տեղ, ստիպվա՛ծ, արմա՜տ երկարացըրի...

14.XI.1963թ.
Երևան


 < 1 2 3 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз