ԴԻՄԱԿՆԵՐ

ՄԻԱՉՔԱՆԻՆ

Մի աչքով եմ նայում կյանքին:
(Երկրորդ աչքըս ապակուց է):
Եվ մի հատիկ իմ այս աչքով 
Շատ եմ տեսնում,
Իսկ երկրորդով՝ ավելի՛ շատ,
Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով... մի՜շտ երազում...

14.XI.1963թ.
Երևան


ՄԻՈՏՆԱՆԻՆ

Մի ոտ չունեմ,
Ուստի և ձեր երկուսի տեղ
Երեքն ունեմ:
Երկու ոտով,
Ինչ դուք չունեք և հեշտ կոչում եք «հենակներ»,
Ես մայթերն եմ կետադըրում,
Որ մարդկային կյանքի վեպը դյուրին կարդա
Մայթագրեր ընթերցելու ընդունակը,
Իսկ երրորդով,
Որի համար ինձ կոչում են միոտանի
Երրորդով էլ տնտեսում եմ տան ծախսերըս՝
Ձեր զույգի տեղ միշտ կենտ կոշիկ պատվիրելով:
 
Չե՞ք նախանձում...

[1963թ.], [X,XI.1965թ.]
Երևան, Չանախչ


ՀԱՐԲԵՑՈՂԸ

Նա հենվել է հին սեղանին արմունկներով
Ու ճոճվո՜ւմ է - ու ճոճվո՜ւմ է
Արդեն դատարկ գավի վրա,
Ինչպես... ահեղ մի անդունդի...
 
Անթարթ փայլը
Իր աչքերի ճմռթորված բոլորակի 
Ասես լինի արտացոլք մի հեռավոր մոլորակի,
Որ չունի լույսն իր սեփական...
 
Եվ իր գլխով,
Ուր փլված է միջնորմ ամեն 
Ու ջարդված է ամեն փական,
Պտտվելով դեգերում է այն քաոսը,
Որ եղել է ծնող մայրը
Այդ միևնույն մոլորակի...
 
Իր դեմ-դիմաց տնկված շիշը
Պատրաստ է, տե՛ս,
Կարծես երկինք սլանալու՝
Մի նորօրյա հրթիռի պես,
Որ վառելիք չունի սակայն...
 
Կրծած-թողած դեղին մեջքը աղաձկան
Շա՜տ է նման սղոցաձև լեռնապարի,
Որ սրա պիշ-չռված աչքում
Մեծանում է վայրկենապես
Ու... ճոճվո՜ւմ է,
Իսկ փուլ գալիս
Սրան՝ հերթով կախ է տալիս
Սղոցաձև ատամների կեռ-կատարից,
Կախ է տալիս,
Բայց չի խեղդում,
Որովհետև փոխարկվում է նորից ձկան...
 
Իսկ իր դիմաց հաց իսկ չկա,
Այլ փշրանքներ չոր ու ցրիվ
Հին սփռոցի ամպած-զամպած դեմքի վրա՝
Աստղերի պես...
 
Դեռ թեքված է
Ու ճոճվում է վաղո՜ւց դատարկ գավի վրա,
Ինչպես... ահեղ մի անդունդի:
Եվ գավի մեջ
Նա թերևըս պարզ տեսնում է
Մի ցամաքած հատակ... ծովի,
Հենց ա՛յն ծովի, որ կստացվեր,
Եթե կյանքում իր կոնծածը
Կուտակեին մի տեղ հանկարծ:
Մինչդեռ հիմա՝ դատա՜րկ մի շիշ,
Որ սեղանը դարձըրել է
Հրթիռարկման հրապարակ,
Եվ մի դատա՜րկ գավաթ ցմփոր,
Որի վրա,
Ինչպես ահեղ մի անդունդի,
Ինքը թեքվել ու ճոճվում է:
 
Ու ճոճվում է... լոկ կե՜նտ մի գավ բան խմելուց...
Եվ ինքն անգամ չիմանալով՝
Երազում է... հրազենի մի կե՜նտ գնդակ,
Որով իր դեմ տնկված շիշը, ինքն էլ մեջը,
Վեր կսուրար դեպի երկինք
Ու կտանե՜ր - կհասցընե՜ր
Իր իսկական... հայրենիքը՝
Քաոսային միգամածը...
 

30.III.1967թ.
Արզնի


ԽԵՂԿԱՏԱԿԸ

-Որտե՞ղ են ապրում քամիները:
-Պալատների մեջ:
Եվ, անշո՛ւշտ, մեր իսկ ռունգներում:
 
-Որտե՞ղ է մեռնում լռությունը:
-Քարոզների մեջ:
Եվ բռնադատված մեր իսկ ունկերում:
 
-Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:
-Մեր հին թշնամու եղունգների տակ,
Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:
 
-Որտե՞ղ են մեռնում բոլոր կուռքերը:
-Ծափ ու ծնծղայի ծանրության ներքո,
Նաև խունկերում:
 
-Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:
-Ո՛չ գանգում,
Այլ մեր վերքերո՜ւմ:
 
-Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:
-Մե՛ր,
Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում...

25.X.1962թ.
Երևան


ԾԱՂՐԱԾՈՒՆ

Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել...
 
Ես, ինչ խոսք, այսօր պիտի բոց չուտեմ
Կամ կուլ տամ դաշույն
Ու կլլածիս տեղ
Բերնիցըս հանեմ թաշկինակ կամ ծիտ,
Ինչպես անում են 
Շատ սովորական ձեռնածուները:
 
Եվ գլխիս վրա չպիտի դնեմ
Մի հսկայական երկաթե գերան
Ու կախ տամ վրան
Ճութ-ճութ կիսամերկ կանայք սիրունիկ,
Ինչպես անում են, գիտե՛ք, կրկեսում:
 
Եվ ո՛չ էլ պիտի ես արջ պար ածեմ
Մի զույգ շնիկի հաչոց-նվագով...
 
Կարող եմ նաև դդումից սարքել
Արև՝ թե կուզեք , թե կուզեք՝ գլուխ...
Սատուռնից սարքել լայնեզըր գլխարկ
Եվ տեղն ու տեղն էլ նվիրել սիրով
Ծխախոտագործ մի ընկերուհու...
Իսկ գլխարկից էլ կարդինալ սարքել
Կամ մարշալ
Եվ կամ...
Ախար, բարեկա՛մ,
Ախար ինձ համար ո՜չ մի բան չարժի
Փայտին տալ, ասենք, ուղեղի ծալքեր,
Ուղեղից... հավի համեղ կուտ սարքել,
Կուտից՝ կերակուր հասարակական...
 
Սակայն ես այսօր
Չե՛մ զբաղվելու նման բաներով:
 
Ես այսօր պիտի ձեզ հավատացնեմ,
Ձե՛զ հավատացնեմ - ի՛նձ վստահեցնեմ,
Որ հենց վաղվանից,
Պատվով ու հարգով,
Բանտարկյալները գազանանոցի
(Փղից սկսած ու հասած օձին),
Առա՛նց, խտրության ու տարբերության,
Բոլո՜րը պիտի ստանան կարգով
Համապատասխան շքանշաններ
Եվ… ինչի՞ համար.
Լոկ համբերությա՜ն...
 
Շքանշաններ կստանան, այսպե՛ս,
Բոլո՛րը,
Գուցե զեբրերից բացի`
Ա՛յն հին էշերից, որ մինչև այսօր
Չեն դարձել կարգին-լավ քաղաքացի.
Երբեմըն, դարձյա՛լ, տալիս են քացի`
Իրենց վանդակի ճաղերին թեպետ,
Բայց մեկ չէ՞ միթե. քացի է քացին…
 
Հույս ունեմ, որ դուք
Ինձ հավատացիք,
Ուստի թույլ տվեք՝ շարունակելով՝
Ձ՛եզ հավատացնել - ի՛նձ վհատեցնել,
Որ ճշմարտություն իսկույն ասելը
Դարձել է մի բան՝ այնքա՜ն հասարակ,
Որքան... ներեցե՛ք... որքան... միզելը:
Ուստի ասե՜մ ձեզ՝ բարեկամների՛ս,
Որ այսու և ետ բացառված հաշվեք
Հիվանդությունը երիկամների՝
Կա՞պ կոչվի, թե՞ մապ,
Քա՞ր կոչվի, թե՞ մար,-
Մեկ չէ՞ ձեզ համար...
Ուստի ո՞նց չասեմ բարեկամներիս,
Որ այսու և ետ պետք չէ սուտ ծախել,
Այլ, ինչպես ինքըս, մեջքից պոչ կախել
Ու... քշե՜լ կծող ճանճերին բոլոր՝
Դրանք կոչվեն մի՞տք, մտատանջությո՞ւն,
Թե՞ հոգետագնապ,-
Մի՞թե նույնը չէ...
 
Եվ ես,
Վերջապե՛ս,
Էլ ինչպե՞ս, ինչպե՞ս
Ձե՛զ վհատեցնեմ - ի՛նձ հավատացնեմ,
Որ ահա այսպե՛ս,
Ճի՛շտ ու ճի՛շտ այսպես
Ա՛յն դեղին ցուլը,
Որ ուզում էի աշնանը գնել,
Կերավ ա՛յն կանաչ բանջարեղենը,
Որ ուզում էի գարնանը ցանել:
Ի՜նչ չտեսություն,
Ի՜նչ չտեսություն...
 
Ուրիշ ի՞նչ:
Ոչի՜նչ:
Ոչինչն էլ՝ քո պինչ,
Քո պինչն էլ՝ մի պոչ
Եվ... ցտեսությո՜ւն...

15,20.III.1967թ.
Արզնի


 1 2 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз