ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`
Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են... անգործությունից...
Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու...
Եվ կերպարանքով ա՛յն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահակ թեպետ
Ու միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,
Իրենց լքելով`
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա...
 
Մաքրություն է պետք` ժպիտի՛ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:
 
Մաքրություն է պետք` ծիծաղի՜ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով`
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի և առանց ջրի...
Մաքրություն է պետք` տեսքով մեխակի՛,
Որ հողը մեխի հողին` իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ` նրանց…
 
Մաքրություն է պետք` տեսքով սոխակի՛,
Որ միայն իրե՜ն,
Լո՛կ իրեն ծանոթ մի այբուբենով
Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք
Եվ պատասխաններ թերևս ստանա,
Մեզ համար անհա՛յտ, լո՜ւրջ պատասխաններ...
 
Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա՛յն թռչունի,
Գլխարկը կարմիր - ինքը սև համակ
Հենց ա՛յն թռչունի,
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփարախ-անհոտ կարդինալի պես
Ո՛չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար...
 
Մաքրությո՜ւն է պետք...
 
Մաքրություն է պե՛տք,
Որ քարերն անգամ
Ներքնապես զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բույսերն էլ… արև՜
Եվ ո՛չ թե միայն անտես թթվածին,
Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,
Ինչպես մեղեդին` վսեմ տաճարում,
Գույնը` հանճարեղ կտավի վրա,
Եվ խաղալիքը` մանկան ձեռներին...
 
Աշխարհին... մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի... անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք` անմաքուրնե՜րը,
Քանզի... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...

27,31.X.1965թ.
Չանախչի


ԱՄՊՈՏ ԵՂԱՆԱԿ

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ... համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի...
 
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես...
 
Իսկ դրսում ցուրտ է,
Դրսում` ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՛յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշտրուքը անօգ ծառերի`
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման`
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:
 
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես...
 
Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխս եմ հանում ես` լոտոսի պես.
Մինչև կզակըս արդեն ջրասույզ`
Չեմ խեղդվում դարձյալ:
Իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես,
Ու թուրքի՜ նման:
 
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես...
 
Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը` արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ`
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:
 
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես...
 
Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված`
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին`
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:
 
Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի...

08,19.XII.1962թ.
Երևան


ԹԱԽԾԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քայլում եմ այնպե՛ս,
Ոտներըս կարծես լինեն ուրիշի,
Այնպե՛ս կանգ առնում,
Ուրիշն է կարծես կանգ առնում այստե՛ղ`
Այս քաղաքային լճակի առաջ,
Ու նայում այնպե՛ս,
Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում։
Եվ այս վիճակը տևում է այնքան,
Մինչև որ հանկարծ
Մի ժանիքավոր-գիշատիչ քամի
Վրա է ընկնում
Ու քաղաքային այս խեղճ լճակն է հոշոտում քինով։
Եվ ջուրը կարծես չի՛ լալիս անգամ.
Ջուրը տենդո՜ւմ է...
 
…Մի ժանիքավոր թախիծ էլ հիմա 
Մխվել է իմ մեջ, ինչպես անձավում, 
Եվ հոշոտում է իմ էությունը։
 
Ա՜խ, փախստական իմ էությունը պետք է ե՛տ բերել,
Մի կերպ ե՛տ բերել, թեկուզ խաբելո՜վ,
Թե չէ դատարկված իմ քարանձավում 
Ամայությունն է զկրտում անվերջ,
Թե չէ արթնացած իմ չղջիկներն են աչքերիս զարկվում, 
Իրենց լպրծուն թևերով կախվում իմ թարթափներից, 
Իբրև գորշ կաթիլ հոգու արցունքի` 
Ա՛յն համաչափված կաթոցքի ձևով, 
Որ ընդամենը լոկ քա՛ր չի ծակում,
Այլ համըր և խուլ վայրկյաններին էլ պարգևում է ձա՜յն 
Եվ դրանով իսկ կետադըրում է անտըրոհ օրը.
-Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... գի՛ծ-կե՛տ...
 
Ու եթե կետն ու գիծը միացնենք, 
Դու ի՞նչ ես կարծում,
Մի՞թե սլաքներն իմ ժամացույցի ետ-ետ չեն գնա, 
Որպեսզի... կրկի՛ն եղածը լինի 
Ու ներկայանա անցյա՛լը դարձյալ։ 
Մի՞թե այս «միթե»-ն 
Չի ծլարձակվում ո՛չ մի բարությամբ։
 
ՉԷ՛,
Երազախաբ լինելուց երբեք զավակ չի՜ ծնվում... 
 
-Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... գի՛ծ-կե՛տ,-
Օտար մի ձեռք է կարծես միացնում կետն ու գիծն իրար 
Եվ դրանով իսկ չափում է մի կերպ 
Զսպանակաձն թախծի... մոտավո՜ր երկարությունը...
 
Ու ես զգում եմ ճառագայթների ճնշումն ինձ վրա 
Եվ ծանրությունը՝ բիբերիս խորքում։
 
Ու ետ դառնալով քայլում եմ այնպե՛ս,
Ոտներըս կարծես լինեն ուրիշի,
Նայում եմ այնպե՛ս,
Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում.
Ու եթե թախծում՝
Ուրիշի՜ սրտով...
 
Նույն ժանիքավոր-գիշատիչ քամին՝
Հոշոտված լճի դիակը լքած,
Իր մագիլներն է խրում գլխիս մեջ,
Նաև թիկունքիս,
Եվ չի՛ հասկանում, 
Որ իմ գլուխը իմըս չէ բնավ,
Եվ ուրիշինն է թիկունքըս նաև...
 
Մանուկներն այստեղ խաղում են գնդակ,
Մանուկներն այնտեղ գնում են դպրոց,
Մանուկներն անվերջ երթն են խանգարում
Նախրի պես անցնող մեքենաների
Եվ մի մոլորվա՜ծ-շվարա՜ծ քեռու,
Որ քայլ է փոխում ուրիշի՛ ոտքով,
Եթե նայում է՝ ուրիշի՛ աչքով,
Եվ մտածելով գլխո՛վ ուրիշի՝
Առայժըմ այն է հասկացել միայն,
Որ երազախաբ լինելուց երբեք զավակ չի՛ ծնվում...

16-17.II.1964թ.
Երևան


ԳԻՇԵՐԱՄՈՒՏ

Ինքնաշարժերը,
Որ մինչև հիմա ասես կույր էին
Կատվի նորածին ձագերի նման,
Իրար ետևից աչքերն են բացում:
 
Ու լռությունը
Արդեն ամեն ինչ հրմշտորում է,
Որ իրեն համար կարգին տեղ բացի.
Եվ այդ տևական հրմշտոցից է,
Որ հեռացած են թվում լեռները:
 
Գինովանում է մենակությունը` Խայամի նման,
Գինովանում ու հայհոյում… աստծուն:
Բարի շների հաչոցն էլ հիմա
Հաչոց չէ կարծես,
Աղոթք է` հղված հայհոյված աստծուն,
Որ հայհոյողին գթաբար ների:
 
Մութը դառնում է գրատախտակի ջնջոց սպունգե,
Մինչդեռ երկինքը
Դանդա՜ղ պատվում է աստղաեղյամով:
 
Եվ սկսում են մարդիկ քիչ խոսել
Եվ ցածր խոսել,
Քանի որ լույսերն ու լապտերները
Ավելի լավ են խոսում-զրուցում:
Եվ ամեն մի տուն
Ազդանշան է ճամփում տիեզերք`
Մանկական լացով,
Կանչով մայրական,
Մեքենաների,
Անասունների,
Ասես կետգծված շչակ բառաչով
Եվ, ամենից շատ, լույսերով այս նույն,
Որ մարում-վառվում-թարթվում են անվերջ,
Կարծես թե ինչ-որ մի նո՛ր Մորզեի
Նո՛ր այբուբենի համապատասխան:
Իսկ հետո,
Երբ որ մարում են արդեն ձայներն այս բոլոր
Ու լույսերն այս նույն,
Երևի նաև հասնում է պահը
Տիեզերական պատասխանների,
Որ ընդունում են մարդիկ… քնի մեջ`
Մղձավանջի կամ երազի տեսքով:
 
Բարի երազըս`ձե՜զ, սիրելինե՛ր,
Ու ձեր մղձավանջն` ի՛նձ, ձեր սիրելո՜ւն…

XI.1965թ.
Չանախչի


ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Դու ի՞նչ ես ուզում:
Դու շա՜տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ:
 
Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ:
 
Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես ընդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուստ… համբերությունի՜ց):
Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես` ցաված.
Ես չեմ մերժում քեզ,
Ես նա եմ, հենց նա՛,
Ով մարդկանց մերժել չի՜ կարողանում…
 
Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր
Իրենց սաղարթի ձուլածո ոսկին
Առանց զնգոցի մանրում են անվերջ,
Վերածում էժան թղթադըրամի`
Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:
Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,
Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս
Մի ամբո՜ղջ խտիտ թղթադրամի.
Բարո՛վ վայելես:
 
Կտրուկ քարափով վերջացող լանջը
Իր հնադարյան խզարով քարե,
Տե՛ս,
Համառում է կտրել երկնքի կապտաջիղ կողը:
Ու ես էլ ահա
Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով
Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.
Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:
 
Քամին ավազից ու փխրուն հողից
Երեխայական լեռնապարեր է սարքում անընդհատ
Եվ դժգոհելով` երեխայի պես,
Հենց տեղն ու տեղն էլ սարքածն է քանդում`
Քանդածը կրկին վերաշինելու նո՛ր ախորժակով:
Լիազորված եմ ես քամու կողմից,
Ու եթե կուզես` մի վայրկյան հետո
Սարքեմ ու տամ քեզ մի ո՜ղջ լեռնաշխարհ.
Քեզ համար ապրի՛ր
Եվ շնորհակալ մի՛ լինիր բնավ, -
Դրանով դու ինձ կվիրավորե՜ս:
 
Էլ ի՞նչ ես ուզում:
 
Իսկ թե հոգնել ես դու ապառնիից
Եվ ապառիկի հույս ունես դարձյալ,
Ոչի՛նչ չես շահի ինքդ դրանով,
Իսկ ես դրանից շա՜տ եմ վնասվում,
Քանի որ ցավով տեսնում եմ կրկին,
Որ մարդկանց առաջ զո՜ւր է բացվելըս,
Դաշտի պես փռվել ու տարածվելըս.
Դարձյա՛լ չեն տեսնում ու չեն ճանաչում,
Թաքստոցներ են փնտրում կանաչում…
 
Թե քեզ չես խղճում` ինձ խղճա գոնե 
Ու խոսքիս վերջին նվոցը լսիր. 
Երբ որ աստղերը
Արդեն հոգնում են անշարժությունից,
Վերևից իրենց նետում են ջուրը,
Որ բարի քամին ման ածի իրենց:
Դո՛ւ,
Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,
Արի՛,
Ապրիր հոգուս մեջ,
Որ չունի պատեր, որոնց դու խփվես:
Ապրի՛ր հոգուս մեջ,
Ուր չես դեգերի նաև մտովին,
Ուր դու կնստես ու կիշխե՜ս անգամ`
Ա՛յն զարմանալի առատության հետ,
Որ այնտեղ տե՜ր է, արքայից արքա՛:
 
Ի՛նքըդ հասկացիր
Եվ ուրիշների՛ն դու լավ հասկացրու,
Որ ոչի՜նչ-ոչի՜նչ ձեզ տալ չեմ կարող.
Ես լոկ կարող եմ ձեզ սիրե՜լ… այսքա՛ն:

12.II.1964թ.
Երևան


 < 1 2 3 4 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз