ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԳԻՏԵՄ ԻՆՉԸ *

Շա՜տ սպասելով,
Զո՜ւր սպասելով հարմար պաշտոնի`
Ես ինքս եմ ահա ինձ նշանակում
Լուսավորության նախարա՞ր ասեմ,
Թե՞ կատարածու լուսավորության,
Այսնինքըն` լույսի,
Լամպերի,
Ջահի,
Որպեսզի... նույնիսկ կույր քարանձավի
Խուլ մթությունը դահլիճ դարձընեմ
Կա՛մ համերգային,
Կա՛մ հարսանեկան...
Սեղմե՜մ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն...
Հո՜ւպ տամ մի կոճակ`
Եվ ստվերները
Դառնան ցայտաղբյուր ճառագայթների...
Աջ կամ ձախ պտտե՜մ մի երրորդ կոճակ`
Եվ մութը իսկույն
Հին չարքի նման
Չքվի-չքանա,
Ու թե մութ մնա,
Մնա ի՛մ կամքով,
Ու մնա միայն իբրև վարագույր
Համբույրի համար սիրահարների,
Իբրև ծածկատեղ փակ կրծքի բացման
Եվ իբրև պայման մանկահղացման...
Ու եթե լինի՜,
Հենց այսպե՛ս լինի,
Իզուր չե՛մ գոչի ես «Եղիցի լո՜ւյս»,
Այլ կշշնջամ արդեն. «Եվ եղև՛»:
 
Եվ լինի՜,
Լինի՜...
 
*բանաստեղծությունը դրվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ» գրքից հանված «ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԸ» բանաստեղծության փոխարեն

15.II.1962թ. 17.III.1967թ.
Երևան Արզնի


ՎԱՌԵՑԵՔ ԼՈՒՅՍԵՐԸ

Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
 
Մենք ուզում ենք
Սին երազի երկար կապը քաշե՜լ-քաշե՜լ
(Ինչպես երկար թել ունեցող փուչիկների
Թելն են քաշում մանուկները),
Սին երազի կապը քաշե՜լ
Ու ձգելով բերել նրան
Նստեցընել մեր ծնկներին`
Սեր խաղացող աղջկա պես,
Եվ նայելով 
Նրա լպիրշ ու խլրտուն աչքերի մեջ`
Համբերահատ և բարկացած արուի պես նրան բիբել.
-Խո՛սքդ ասա. այո՛ կամ ո՛չ...
 
Որովհետև չունենք այսքան հանդգնություն,
Որովհետև համբերահատ ու բարկացած արուներ չենք.
Որովհետև սեր խաղացող աղջըկան մենք
Չե՜նք զորելու նստեցընել մեր ծնկներին.
Որովհետև երկար թելով փուչիկ ունեն
Մանուկնե՜րը, բայց ո՛չ թե մենք.
Որովհետև երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում,
-Շո՜ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն...

03.XI.1963թ.
Երևան


ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՊԱՏԻ ՀԵՏ

Ես բարությա՛ն պապակից եմ մխում հիմա...
Ու վերստին կանգնած եմ ես ինքս իմ դիմաց
Ինքնադժգո՜հ,
Ինքնապարսա՜վ
Ու խռովո՛ւն:
 
(Բարությունն այս ինձ խեղդում է կամա՜ց-կամա՜ց)...
 
Կեղծի՛ք ու տե՜ր,
Ճի՛շտ ու ծառա՜,-
Դուք չե՞ք հոգնել այս խոսքերից գոռ ու գոռան,
Որ չեն մեխվում` ազգանվան պես` ամեն դռան,
Բայց դարձել են ճակատագիր
Ա՛յն համազանգ-համաճակատ մոլորակին,
Որ զզվել է այս խոսքերի արձագանքից`
Սրտախառնուք զգալո՜ւ չափ,
Եվ դրանից է պտտվում`
Այդ զզվանքի՛ց:
Պտտվում է ու պտտվո՜ւմ:
Դե եկ ու մի՛ խղճա նրան...
 
(Բարությունն այս ճզմում է ինձ, ճխլում է ինձ
Իր կանացի գաղջ գրկի մեջ ու շոգ բռան)...
 
Ես նախկինն եմ, բա՛ն չի փոխվել.
Առաջվա պես ուժն եմ սիրում,
Նախ և առաջ` ո՛ւժը,
Հետո` ո՜ւժը կրկին,
Բայց այս անգամ արդեն ո՛չ ձեր հասկացածը.
Կարեկցանքի՛
Եվ բարությա՜ն ուժն ահարկու,
Որ զորեղ է, ինչպես... հացը,
Հզոր, ինչպես... մանկան լացը,-
Կարեկցանքի՜
Եվ բարությա՜ն ուժն ահարկու:
 
(Եվ հաղթում է նա ինձ հիմա`
Հայրենիքի՜ կանչի նման)...
 
Համարյա թե պարտված արդեն`
Ես թիկնել եմ ահա քարին,
Եվ իրար հետ ջերմություն ենք փոխանակում
Ես ու քարը` 
Անգամ առանց սակարկության,
Ու մինչև իսկ չնայելով
Դարձյա՛լ նայում մեր դեմ փռված-ծռված գետին,
Որ շարունակ
Իր ափերի կա-չկան է գույքագրում,
Որպես անխիղճ և անհոգի մի հարկահան:
 
(Բարությունն ինձ գերի տանում հարկի դիմաց
Ու կես գնով վաճառքի է հանում հիմա)...
 
Ինչքա՜ն կուզեն
Այս գետի պես թո՛ղ ինձ անվերջ գույքագըրեն.
Իմ կա-չկան այս է որ կա`
Այս ահարկու բարությո՜ւնը,
Իմ թշնամի՛ն,
Ոխերի՛մը,
Որ ուզում է խեղճիս խեղդել
Ցավով թաքուն, բաց պայքարով, 
Բայց... չի՜ կարող,
Որովհետև գետն ինչքան էլ ահեղ լինի`
Ափերն էլի շա՜տ ավելի զորավոր են,
Ինչպես որ կյանքն է զորավոր բարությունից:
 
(Բարությունըս, վերջ ի վերջո, ես կխեղդե՜մ,
Թե չարացնող կյա՛նքն էլ չօգնի`
Խեղդվելիս... մե՜ջըս կխեղդեմ)...

29.X.1965թ.
Չանախչի


ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆ ՍՊԻՆԵՐԸ

Ա՜խ, այս աշխարհի հին սպիները...
 
Մեր նույնիսկ առո՛ղջ մսերի մեջ էլ նրանք են նվում
Եվ տառապանքով հարստացնում են մեզ ու մեր կյանքը,
Որ անհամեմատ աղքատ կլիներ,
Եթե ամենքըս լինեինք առողջ,
Ինչպես արջառը
Կամ անանուխը:
Էլ ինչո՞ւ եք դուք, սիրելինե՛րըս, այսպես վախենում
Հին սպիների կազդուրիչ ցավից:
 
Եվ այդ ո՞ւմ է պետք
Պատգամախոսի մեր ծիծաղելի վստահությունը,
Եթե օրենսդիրն այն ցավն է միայն,
Որի ծնունդն ենք:
Ու կնճիռների վայրիվերումը
Բնավ էլ պա՜ր չէ,
Այլ մի այնպիսի՛ արարողություն,
Որով ամեն օր սրբագործվում է ինքը ճակատը:
Ուրեմն էլ ինչո՞ւ, սիրելինե՛րըս, ինչո՞ւ խուսափել
Հին սպիների հարուցած ցավի սրբագործումից:
 
Եվ ցա՞վն է արդյոք վտանգավորը,
Թե՞ հենց այն դեղը,
Որով ձգտում ենք ցավը դարմանել,-
Այս տափակ հարցին
Ո՞վ պիտի իր սուր պատասխանը տա,
Այդ ո՞ր հիմարը:
Եվ ո՞վ կարող է ցավի հետ վիճել,
Այդ ո՞ր հիմարը
Եթե ցավի հետ վիճելը նույնն է՛,
Ինչ ծովի վեճը աղաջըրի հետ:
Ուրեմն` էլ ինչպե՞ս, սիրելինե՛րըս, 
Մենք ինչպե՞ս պոկվենք ինքներս մեզնից
Եվ ինչո՞ւ պոկվենք:
 
Ուր որ է կրկին կիջնի գիշերը
Եվ մեր վրայով կանցնի ծանրորեն`
Մամլիչի՜ նման,
Եվ մեզ համարյա իրո՛ք կսպանի`
Մի յոթ-ութ ժամով:
Բայց չե՜նք մեռնի մենք.
Մեր ապրած մահը և վերապրումը
Կմամլենք կյանքի երեսի վրա`
Մեր ոտքի՛, ձեռքի՛, մտքի՛ հետքերով
Եվ ցավի՜… երբե՛ք չբարեփոխվող ուղղագըրությամբ,
Որ մանուկ օրը, աշակերտի պես,
Սկսի հեգել գրերը կյանքի`
Մեր ոտքի՛, ձեռքի՛, մտքի՛ հետքերը
Ցավի չփոխվո՜ղ ուղղագըրությամբ,-
Մի հի՜ն դասագիրք, սիրելինե՛րըս,
Որ ինչո՞ւ վառենք` քարածըխի տեղ...
 
Ուրեմն ի՞նչ անենք, սիրելինե՜րըս:
Այսուհետև էլ գոհությա՜մբ կրենք
Եվ դեռ ավելի՛ն`
Հռչակենք օրե՜նք
Մեր ցա՛վը`
Լա՜վը...

04.XII.1964թ. 09.XI.1965թ.
Երևան Չանախչի


ԽԱՐՈՒՅԿ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

Թողե՛ք,
Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ
Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը:
Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք
Հավատացյալի երեխայական միամտությամբ,
Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ,
Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ.
Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ,
Քան թե ելքի փնտրտուք.
Եվ որովհետև կյանքն - ի՜նչ էլ լինի - ընդլայնում է մեզ,
Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին
Ա՛յն հորիզոնը,
Որ փակ է թվում լեռան ոտքի տակ.
Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,
Բոլորի՜դ սիրում,
Ու բոլորիցըդ ոմանք` նաև ի՛նձ…
 
Ուրեմըն թողե՛ք,
Թողե՛ք,
Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից
Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը,
Որ մեր երեկվա
Ու մեր այսօրվա անուժությանը
Ասում է. «Կա՛նգ առ»`
Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով,
Ու մեր մարմնական անարմատ ծառի
Անհասկանալի աշխատանքը մութ
Տալիս է իր պարզ պտուղը`
Ծիծա՛ղ,
Ժպի՛տ,
Գոհությո՛ւն
Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք…
 
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր աչքերը
Լոկ թխսավայր չեն բու-ագռավների,
Այլ նաև փեթակ` լցված շողերով,
Եվ ականջները`
Մարդաձև ծառի մեր փչակը զույգ,
Դամբարաններ չեն լոկ սրտնեղության,
Այլ նաև խոր բույն`
Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ:
 
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:
 
Եվ փա՜ռք աստըծու,
Որ աղմուկների հասունացումից
Թագադրվում է ո՛չ թե գիշերը,
Այլ օ՜րն է ծնվում:
 
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր հոգու մեջ
Եթե կա ամիս տերևաթափի,
Ապա կան օրեր և աստղաթափի՛,
Եվ աստղաթափի՜…
 
Հազա՜ր բերան փառք:

28-29.X.1965թ.
Չանախչի


 < 1 2 3 4 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз