ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ.
 
Աշխարհում կա ջահելությո՛ւն,
Կա կյա՛նք,
Կա սե՛ր,
Կան տղաներ և աղջիկնե՜ր,
Կա շե՛կ, կա սև՛:
 
Եվ մի աղջիկ`
Սև աչքերով, սև մազերով,
Ինձ գերել է, խելքից հանել իր նազերով:
 
Գալիս է նա և շատ հաճախ
Ձեռքըս բռնում, ափըս բացում,
Սև աչքերը մերթ՝ կկոցում,
         Մերթ` լայն բացում,
         Մերթ փակում է,-
Սկըսվում է... գուշակո՜ւմը:
 
-«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ...
Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում...»:
 
-«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ...
Տեսնենք` տղան ի՞նչ է ասում...»:
 
-«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ... »:
 
Եվ մի օր էլ չեմ համբերում.
-Գիտե՛մ, գիտե՜մ,
Գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես.
Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:
Բայց իմ ափը ի՞նչ է տալիս:
Ինքըդ գիտես , որ մի ափը
Մինչև անգամ ծա՛փ չի տալիս:
Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ:
Կուզե՞ս 
         դառնամ 
                  մարդ՝ ափի մեջ...
 
Մարդկանց առաջ և քո առաջ 
Ահավասիկ ինքս եմ բացում
Ինչ որ ունեմ - ինչ որ չունեմ 
Իմ հոգո՛ւ մեջ.
Մարդկանց առաջ և քո առաջ 
Ահավասիկ ինքս եմ բացվում,
Ինչպես մանուկն օրորոցում`
Երբ շոգում է...

30.V.1957թ.
Մոսկվա


ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՄ

Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից: 
Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ... 

05.V.1957թ.
Մոսկվա


ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ

Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ 
Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի. 
 
Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ 
Խոր սահանքներից այս ահեղ դարի: 
 
Ուզում եմ այսօր լինել եսասեր. 
Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել, 
 
Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց, 
Քո աղջըկական սատանությունի՛ց՝ 
 
Քո սուտ վանումից ու խուսափումից 
Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից: 
 
Եվ կահավորել այն տունը գուցե, 
Որ Քաղսովետից չենք էլ ստացել: 
 
Եվ չհավանել այն վարագույրդ, 
Որ չի նվիրել դեռ մորաքույրդ: 
 
Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել, 
Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել: 
 
Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝ 
Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց, 
 
Նրանց սպասող լավ մանկությունից, 
Ապահով կյանքից, երջանկությունից: 
 
Եվ լինել անհոգ, և անդարդ լինել, 
Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել, 
 
Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ, 
Քեզնով լիանալ 
Ու քեզ միանալ... 

26.IV.1957թ.
Մոսկվա


ՈՒԶՈՒՄ ԵՄ

Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, 
         բայց ոչ թե մոր, այլ մանուկի: 
Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի, 
         որ կարապը ապրի՜ երգով: 
Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, 
         ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա: 
Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի, 
         ոչ թե օձեր և մողեսներ: 
 
         Ու թե մահը անխուսափ է՝ 
Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին: 
         Թե կռիվը անխուսափ է՝ 
Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին: 
         Թե արդուկելն անխուսափ է՝ 
Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին: 
 
Թաղե՞լ է պետք - 
                  պառավ մորը որդին թաղի, 
                  ոչ թե մայրը ջահել որդուն: 
 
                  Եթե երգել՝ 
Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. «Հոգի հանեց»: 
                  Եթե գրկել՝ 
Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում: 
                  Եթե հարգել՝ 
Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի: 
                  Եթե փրկել՝ 
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի: 
                  Ու թե պառկել՝ 
Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան, 
                  ոչ թե հրշեջ մեքենայի: 
 
                  Մի անգամ էլ թողեք ուզեմ. 
Ես ուզում եմ՝ 
         ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից՝ 
         չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ 
         առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜... 
 
                  Ես ուզում եմ. 
Եթե գերվել՝ 
                  ոչ թշնամուց, 
                  այլ խելքահան աղջիկներից: 
Եթե մերվել՝ 
                  ապա երբեք չթթվելով: 
Եթե լարվել՝ 
                  ապա միայն ստեղծելիս: 
Եթե ճարվել՝ 
                  ապա փրկել մահամերձին: 
Եթե ներվել՝ 
                  էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ: 
Եթե սիրվել՝ 
                  միայն մեկի՛ց և մե՜կ անգամ... 
 
Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը: 
Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜, 
Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜, 
Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն, 
Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն: 
Թե բարակել է հարկավոր՝ 
                  թող բարակի մե՛ջքը կանանց, 
Թե տառակեր է հարկավոր՝ 
                  թող նա մնա մեզ անճանա՛չ: 
Պատարագե՞լ է հարկավոր՝ 
                  համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի, 
                  ո՛չ թե երգով դագաղ փակվի: 
Կոտորակվե՞լ է հարկավոր՝ 
                  դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի, 
                  ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի: 
Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր. 
                  թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը, 
                  այն էլ եթե անորակ է, 
                  ոչ թե արդար և մեղավոր 
                  մեր մարդկային մոլորակը... 
 
                           Ես ուզում եմ... 
Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ... 

25, 26.V.1957թ.
Մոսկվա


ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՄ

Դառնամ փառաբանեմ ձկնորսներին ծովում՝ 
                  փոթորկի թունդ պահին, 
Սերմնացանին՝ արտում, երբ է՛լ չի սպասում 
                  նա տաք օրեր: 
Դառնամ փառաբանեմ ձորից կաքավ թռցնող 
                  զրընգոցը բահի, 
Գերանդու խուլ երգը, որ դժվար է անգամ 
                  նոտագըրել... 
 
Պտղավորումն այգու, արտի փոշոտումը 
                  փառաբանեմ կրքո՛վ, 
Ազնիվ թթխմորով հունցված ցորեն հացը 
                  մեր սեղանի վրա, 
Մեր անխարդախ գինին, որ մեր սիրտն է լցնում 
                  մի անբարբառ երգով 
Եվ կյանքը դարձնում է... հնարավոր հրաշք... 
 
Դառնամ փառաբանեմ մանուկների խաղը՝ 
                  այնքա՜ն ինքնամոռաց 
Եվ մտասո՜ւյզ այնքան, ասես որտեղ որ է 
                  հսկա մի գյուտ կանեն: 
Դառնամ փառաբանեմ նրանց թաթիկները 
                  ցեխաջրից սառած, 
Իրենց սրտակտուր ու փութանցիկ լացը 
                  ցավո՛վ փառաբանեմ: 
 
Դառնամ փառաբանեմ ջահել աղջիկների 
                  ծիծաղն աննպատակ, 
Նրանց կանչող ե՛րգը, նրանց անցնող վե՛րքը 
                  սիրո՜վ փառաբանեմ: 
Վախո՜վ փառաբանեմ այն պատանու ձեռքը 
                  և՛ դողացող, և՛ տաք, 
Որն առաջին անգամ սիրտ է անում... դեպի 
                  սիրած կուրծքը տանել... 
 
Սե՜րը փառաբանեմ և՛ պառավ մո՛ր հանդեպ, 
                  և՛ զառամյալ տատի՛, 
Որոնց սուրբ փեշերից անցած քո ողջ կյանքի 
                  ծով բուրմունքն ես առնում. 
Սերը՝ որդու հանդեպ, առանց որի ի՜նչ ես - 
                  մարդ ես մի աղքատիկ, 
Մինչ գներն էլ շուրջըդ բարձրանում են անվերջ- 
                  կյանքը թանկ է դառնում: 
 
Դառնամ փառաբանեմ... փառաբանեմ մարդուն՝ 
                  ա՛յն էակին միակ, 
Որ ծիծաղե՛լ գիտի, որ արտասվե՛լ գիտի, 
                  երգե՛լ գիտի, 
Թո՛ղ որ գիտի նաև իր նմանին դարձնել 
                  անշնչացած դիակ, 
Բայց և գիտի գրկե՜լ, գիտի գրել գրքե՛ր, 
                  հերկե՜լ գիտի: 
 
Նրա տքնությունը, բայց առավել ևս 
                  հրաշք հուր-կայծակի 
Այն բոց բռնկումը՝ այն ներշնչման պահը 
                  փառաբանեմ ցնծո՛ւն, 
Որ մեր աչքից ծածկված հազա՜ր ճանապարհ է 
                  բացում հանկարծակի 
Ու դարձնում է մարդուն... հավասար է դարձնում 
                  իր ստեղծած աստծուն... 

15.VIII.1954թ. 05-06.V.1957թ.
Նավչալու Մոսկվա


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз