ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒՄ ԵՄ

Հյուրասիրում եմ 
Ձմռան վերջերին՝ խաղողի ճութով, 
Եթե չեք ճաշել՝ կաքավի ճուտով, 
Որին, հավատա, ես չեմ սպանել: 
Պատիվ եմ անում, 
Ո՛վ քաջ սպաներ, 
Ձեզ՝ արձակուրդով, 
Ծեր պատմաբանիդ՝ այնպիսի նյութով, 
Որ կնախանձեր և Հերոդոտը: 
 
Թե հին տանձենին հյութի կարոտ է՝ 
Հյուրասիրում եմ անարատ հյութով: 
 
Թե աշխատանքից հոգնել ես, խնդրե՛մ, 
Հյուրասիրում եմ կենարար մութով: 
 
Եթե փող չունես և առիթ չունես՝ 
Չգիտես ինչպես ուրախացընես 
Կնոջդ սիրած, 
                            ի՞նչ է հարկավոր, 
Ինձ համար հեշտ է, խնդրե՛մ, ի՜նչ կա որ՝ 
Հյուրասիրում եմ քեզ... մարտի ութով: 
 
Ով առանց այն էլ շատ է սպասել՝ 
Հյուրասիրում եմ վերահաս «շուտ»-ով: 
Հյուրասիրում եմ արտերին պուտով, 
Արտերին... վա՜յ, չէ՛... ծովի՛ն կարկուտով, 
Եվ ի՜նչ կարկուտով. 
Որ նա չհալվի՝ դառնա մարգարիտ, 
Եվ ողջը հասնի ծովի արքային՝ 
Հողածին մարդուն... 
 
Քեզ ի՞նչ տամ, ասա՛, խռոված բալիկ. 
Կուզես՝ պաղ ալիք, 
Կուզես՝ խաղալիք: 
Չէ՛, հյուրասիրեմ ես քեզ խտուտով, 
Իսկ խռով զույգին՝ ճիտով-խտիտով, 
Լռակյաց ձորին՝ 
                            երգող արտուտով, 
Հոգնած հնձվորին՝ 
                            արևամուտով, 
Ջրով՝ ծարավին, 
Սառած հյուսիսին՝ օդով հարավի, 
Պառավին՝ 
                            երկար ու անվիշտ կյանքով, 
Կյանքին՝ խնդությամբ և ուրախությամբ, 
Ուրախությանը ոչ թե թռիչքով, 
                            այլ տևողությամբ, 
Կախյալ լուսնյակին՝ սեփական լույսով, 
Կախյալ գաղութին՝ փրկվելու հույսով, 
Հույսին՝ կատարմամբ... 
 
Հյուրասիրում եմ 
Անզավակ մարդուն՝ երազած որդով, 
Ով չունի և տոհմ՝ քառասուն պորտով, 
Փոքըր աշխարհին՝ մեծ ժողովրդով, 
Ցորենի արտին՝ աննշան հարդով, 
Շալ դարձած բրդով՝ 
                            գառնուկին անծին, 
Առաջին վարդով՝ 
                            ժամադրվածին, 
Ձախորդ ձկնորսին՝ հաջողակ կարթով, 
Ձախորդ որսորդին՝ 
                            լեցուն թակարդով, 
Պառավ օրիորդին՝ 
                            հոյակապ մարդով, 
Թունդ խաղամոլին՝ 
Երկրի քարտեզով և ոչ թե քարտով. 
Այն բաղաձայնին, 
Որ գեթ մի անգամ երգել է ուզում՝ 
                            ուժեղ կոկորդով. 
Այն պառավ տատին, որ վերջի՜ն անգամ 
Կով է երազում՝ 
                            խորոտիկ հորթով. 
Այն կիրթ կրիային, որ գիտի իրեն 
Փշեր չեն սազում՝ 
                            ջրարջի մորթով... 
 
Հյուրասիրում եմ մի վերջին անգամ 
Գաղտնիք պահ տվող հուզված սրտերին 
Ինձ նման ձրի ու թանկ լոմբարդով, 
Իսկ գեղեցկուհուն՝ ինձ նման ճորտով, 
Ինձ նման ճորտին՝ մի շռայլությամբ, 
Որ չունի և վերջ, 
Վերջին՝ սկիզբով, 
Սկզբին՝ հարմար շարունակությամբ, 
Որ ունի նաև... չափի զգացում: 
 
Հյուրասիրում եմ ես ինձ էլ նույնով՝ 
                            չափի զգացմամբ...

27.V.1957թ.
Մոսկվա


ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ

Օդում լավ ձե՞ռք է մնացել կախված՝ 
                            սիրո՛վ կսեղմեմ. 
Անարատ սի՞րտ է զուր տեղը դաղված՝ 
                            ցա՛վը կմեղմեմ. 
Սրբատաշ քա՞ր է լուռ ընկած գետին՝ 
                            կդնեմ պատի՛ն. 
Թե հալոցք է պետք՝ սառույց էլ լինեմ՝ 
                            կդառնամ կաթիլ. 
Թե թանաք է պետք փրկարար գործին՝ 
Ի՜նչ թանաք, կտամ արյո՛ւնըս անգամ, 
Թե նոր զոհ է պետք ընդհանուր գործին՝ 
Այդ ո՞ւմ եք փնտրում, ես արդեն հո կամ: 
 
                            Նաև ասում եմ. 
Գերադասում եմ կրակից հեռու մի փոքր մրսել, 
Քան այրվել նրա մոտիկությունից. 
Եվ հրաժարվել հյուրասիրվելու սուր ցանկությունից, 
Քան դժվարությամբ կերածս մարսել... 
 
                            Հայտարարում եմ. 
Միայն ընդհանուր հայտարարում են 
Ճշտվում - ճշգրտվում տրված թվերը, 
Թռիչքի մեջ են փորձվում թևերը, 
Մարմնի ձևերը՝ 
                            լոկ մերկանալիս, 
Անգին նվերը՝ 
                            լոկ ստանալիս, 
Լոկ ճուտ հանելիս՝ 
Թռչունի առողջ կամ լակ ձվերը 
Թռչուններն իրենք՝ 
Երբ սկսվում է նրանց չվելը... 
 
                            Հայտարարում եմ. 
Չե՜մ պրծնի երբեք կնոջ նազանքից, 
Իսկ նազուտուզից հոգնել եմ վաղուց... 
Չե՜մ ելնի երբեք խորունկ ակոսից, 
Խորամանկ փոսից զզվել եմ վաղուց.... 
Չե՜մ հոգնի երբեք մարմնի մարզանքից, 
Մտքի մարզանքից հոգնել եմ վաղուց... 
 
                            Հայտարարում եմ. 
Իմ փորձված մետրը երբեք չեմ փոխի 
                            անորոշ թիզով, 
Փորձված բանջարն իսկ երբեք չեմ փոխի 
                            անծանոթ մսով: 
                            Միջնադար ընկնեմ, 
Թե բռնակալ է իմ շահնշահը՝ 
                            չեմ դառնա վեզիր, 
Ես նրա համար ոչ թե շքեղ գորգ - 
Չեմ դառնա անգամ և մաշված խսի՜ր... 
                            Ապագա ընկնեմ՝ 
Եթե հանդիպեմ գայլ ու աղվեսի, 
                            տուզի և տզի, 
Գործուղում կառնեմ, կվերադառնամ 
Քսաներորդի այս ծանոթ կեսին... 
 
Հայտարարում եմ, օ ո՜չ, խնդրում եմ. 
-Գործուղում տվեք ապագա գնամ... 

29.V.1957թ.
Մոսկվա


ԱՏՈՒՄ ԵՄ

                  Ատում եմ ձյունը՝ 
Թե նա տեղում է ամառվա կեսին, 
                  Եվ մահն եմ ատում՝ 
Թե հյուր է գալիս աղջըկատեսին, 
                  Մահից ոչ պակաս՝ 
Եվ ա՛յն քողարկված մենատընտեսին,- 
                  Նրա՛ն ու նրա՜նց, 
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝ 
Իրենց պետք եկած գերանի համար, 
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝ 
Մի բուռ չհասած ծիրանի համար, 
Ովքեր համայնքի ծովից են խոսում, 
Բայց դեպի իրենց լճակն են հոսում... 
 
Ատում եմ նաև այն խելոք սուսիկ - փուսիկությունը, 
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից, 
Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը, 
Որ ստացվում է... ցած առաստաղից: 
 
Ատում եմ նաև այն նեղ կոշիկը, 
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում, 
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում... 
 
                  Ա՛յն գործն եմ ատում, 
Որ ոչ թե գործ է, այլ ծանըր հանցանք, 
                  Ա՛յն փորձն եմ ատում, 
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք, 
                  Ա՛յն դավանանքը, 
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի, 
                  Գլխացավանքը, 
Որ փոխարկվում է սուր գլխացավի... 
 
Խավարն եմ ատում, եթե խավարում 
Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ: 
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ, 
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք... 
 
Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին, 
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ատե՞մ, թե խղճամ այն տարեգըրին, 
                  Որ նյութ է սարքում, 
                  Ոչ թե հավաքում: 
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին, 
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում... 
 
Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,- 
Ես չգիտեի... 

25-26.V.1957թ.
Մոսկվա


ՉԵՄ ՀԱՐԳՈՒՄ

Մինչ տարին ունի տասներկու ամիս ու չորս եղանակ, 
Տասներկու անգամ սա եղանակ է մի օրում փոխում: 
Եթե դուք պետք եք և, դիցուք, նույնիսկ հաշիշ եք ծխում, 
Նա էլ է ծխում, որպեսզի հանկարծ... դուք չնեղանաք: 
Ի՜նչ էլ նվագեն՝ նա է պարողը, 
Ի՜նչ էլ կարել տան՝ նա է կարողը, 
Ո՛ր ծառն էլ ցույց տան՝ նա է քարողը: 
                            Հարգո՞ւմ եք նրան:
 
                            Իսկ հապա սրա՞ն, 
Որ ասես լինի առածի պարան.
Հապա փո՛րձ արա ու ցա՜խ դիր վրան... 
 
Չեմ հարգում շանն էլ, որին չար տերը 
Անտեղի տեղը որքան ծեծում է, 
Այնքան նա լիզում տիրոջ ոտերը՝ 
Իրեն տրորո՜ղ-ջարդո՜ղ ոտերը, 
Եվ կծելու տեղ լոկ կաղկանձում է.
 
Եկեք միասին չհարգենք նրա՛նց, 
Ովքեր սերտում են և ոչ թե դատում, 
Ճառո՜ւմ են - բնավ չե՛ն կշռադատում. 
Ովքեր չեն ջոկում ո՛չ թացը չորից, 
Ո՛չ էլ տարբերում անդունդը ձորից. 
Ովքեր գրածի տառն են ընթերցում, 
Ովքեր քնածին մեռած են կարծում, 
                            Ովքեր կարծում են 
                            Ծուխը՝ հըրաբուխ, 
                            Իսկ լացը՝ հարբուխ... 
 
Չեմ հարգում նաև ա՛յն նորությունը, 
Որ վաղեմության նոր տարբերակն է, 
                            Ա՛յն չորությունը. 
Որ չի տարբերվում անգթությունից, 
Անհուն թվացող ա՛յն խորությունը, 
Որտեղ աճում է եղեգն ու ջրմուռ, 
Եվ հիմարավուն ա՛յն բարությունը, 
Որ մոռանում է կսկիծ ու մրմուռ... 
 
Հարգած չունենամ ա՛յն ծերությունն էլ, 
Որ իմաստնության նույնիսկ բո՜ւյր չունի: 
Հարգած չունենամ ա՛յն ծռությունն էլ, 
Որ Սասնա ծռից մի նշո՜ւյլ չունի, 
Եվ հնարավոր ա՛յն հարությունը, 
Որ ավարտվում է լոկ... համբարձումո՜վ, 
Ո՛չ թե մարդկանց մեջ վերադարձումով... 
 
Ե՛վըս մի անգամ չհարգեմ նրանց, 
Ովքեր մտնում են հոտած գաղջ անկյուն, 
Երբ կարող էին թարմ օդում մնալ, 
Թեկուզև այնտեղ մի փոքր մրսել 
                            (Այդտեղ եմ հասել 
                            Երբեմըն ես է՛լ)... 
                            Ովքեր մթնում են, 
Երբ կարող էին միշտ մնալ լուսե, 
(Ինձ էլ երբեմըն խավարն է գրկում)... 
                            Ովքեր վատնում են 
Իրենց ուժերը փսփըսուքի մեջ, 
Մինչ կարող էին բարձրաձայն խոսել 
(Երբեմըն նաև ես ի՛նձ չեմ հարգում)... 
 
Երբեմըն նաև ես ի՜նձ չեմ հարգում... 

25, 27.V.1957թ.
Մոսկվա


ՎԻՃՈՒՄ ԵՄ

Ես վիճում եմ, 
                   մե՜կ է՝ ո՛ւմ հետ,
Ինքըս ի՞նձ հետ, 
Թե՞ ուրիշի: 
Իսկ դու մի պահ ակա՛նջ արա 
Ու լա՜վ հիշիր: 
 
Ես վիճում եմ և աստղերից լավերի՛ հետ, 
Եթե նրանք տալիս են մեզ աղո՜տ մի լույս, 
Բայց ո՛չ կրակ... 
 
Ես վիճում եմ կանաչների ծովերի՛ հետ, 
Եթե նրանք դաշտում փտում, 
Բայց չեն մտնում 
Ո՛չ մի մարագ: 
 
Ես վիճում եմ զավակի հետ, 
Ա՛յն զավակի, 
Որ իր մորը փող է տալիս դատարանով... 
 
Ես վիճում եմ ավագի հետ, 
Ա՛յն ավագի, 
Որ կրտսերից ինքը պիտի խելք հավաքի, 
Մինչդեռ նրան իր ետևից 
Քարշ է տալիս հաստ պարանով... 
 
Ես վիճում եմ շվաքի հետ, 
Ա՛յն շվաքի, 
Որ արևից թունդ է վառում: 
 
Ես վիճում եմ նվագի հետ, 
Ա՛յն նվագի, 
Որ բոլորին զզվացըրել, 
Բայց և այնպես չի դադարում... 
 
Պիտի վիճեմ 
                   Եվ երգի՛ դեմ, 
Թե բռնի են երգել տալիս խեղճ երգողին. 
                   Եվ բերքի՛ դեմ, 
Թե չի սնում բերք ու բարիք հավաքողին. 
                   Եվ վերքի՛ դեմ, 
Թե չի բուժվում, այլ վարակում, 
                   Եվ ներկի՛ դեմ, 
Թե ծածկում է, չի՛ նորոգում... 
 
Ես չվիճե՞մ 
Ա՛յն կրքի դեմ, 
Որ չի ծնում մի նոր որդի, 
Այլ պարզապես զուր վատնում է. 
Ա՛յն գրկի դեմ՝ հուդայական, 
Որ մատնում է... 
 
Ասե՛ք, ինչպե՞ս դեմ չխոսեմ 
                   Ա՛յն պիտակին, 
Որ չի սազում, բայց կպչում է և չի պոկվում. 
                   Ա՛յն շիտակին, 
Որ դիմակներ փոխելով է մտահոգվում. 
                   Ա՛յն դիտակին, 
                   Որ քնած է. 
                   Ա՛յն կտակին, 
                   Որ գնված է... 
 
Նորի՜ց վիճեմ՝ 
                   ա՛յն բախտի հետ, 
Որ գալիս է, գալը բարի՜, 
Սակայն ու՞ր է - տե՜ղն է պարապ: 
 
Նորի՜ց վիճեմ՝ 
                   ա՛յն թխպի հետ, 
Որ կուտակվում բոլոր տարին, 
Բայց չի դառնում տեղատարափ... 
 
Վիճեմ նաև ա՛յն մութի դեմ, 
Որ կուրացնո՜ւմ - ա՛չք չի շոյում,- 
                   Մթնա՜ծ վիճեմ. 
                   Ա՛յն բութի դեմ, 
Որ կարծում է՝ շեշտ է դարձել,- 
                   Շեշտվա՛ծ վիճեմ. 
                   Ա՛յն կուտի դեմ, 
Որ ցորեն էր մի ժամանակ, 
                   Սրսո՜ւռ ցորեն,- 
                   Վիճեմ լացո՜վ. 
                   Ա՛յն ճութի դեմ, 
                   Որ չի ուտվում, 
Ոչ էլ դառնում արդար գինի,- 
                   Հարբա՜ծ վիճեմ. 
                   Ա՛յն փուտի դեմ, 
Որ ինքն իրեն սերտ է կարծում,- 
                   Իզո՜ւր վիճեմ. 
                   Ա՛յն տուտի դեմ, 
                   Որ տո՜ւտ չունի՝ 
Որ անծայր է այս վեճի՛ պես,- 
                   Վիճեմ անվե՜րջ... 
 
Վիճեմ նաև ա՛յն վեճի դեմ, 
Որի բերած օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը՝ 
                   Ես չգիտե՜մ... 

20, 26.V.1957թ.
Մոսկվա


 < 1 2 3 4 5 6 7 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз