ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ՄԵՂԱՆՉԵԼ - ԶՂՋՈՒՄ ԵՄ

Պատահել է, որ չեմ սիրել, 
Բայց, չգիտեմ՝ ինչի՞ համար, 
Չեմ զլացել անսեր տիրել. 
Գրկել եմ կամ համբուրել եմ: 
Չեմ ընդունել սրտիս խորքում, 
Սակայն լռել-համբերել եմ: 
 
Ես շատ հաճախ ա՛յն չեմ տվել,- 
Մեղանչել եմ,- կարո՜ղ էի. 
Ու շատ հաճախ ցած եմ թևել, 
Իսկ վեր թևել կարո՜ղ էի: 
Եվ փախուստ եմ ինձնից տվել՝ 
Ուրիշ տեղ եմ իզուր չվել - 
Օտա՜ր ոլորտ՝ օտա՜ր թևով, 
Մինչդեռ մնալ կարո՜ղ էի, 
Կարո՜ղ էի և - պարտավո՛ր: 
 
Մեղավոր եմ հույսի համար,- 
         Չարդարացա՜վ՝ 
         Ո՛չ իմ մեղքով. 
Եվ կենդանի ա՛յն հավատի, 
         Որ քարացա՜վ՝ 
         Ո՛չ իմ մեղքով. 
Եվ ա՜յն բարի սրտի համար, 
         Որ չարացա՜վ՝ 
         Ո՛չ իմ մեղքով: 
         Մեղանչել եմ 
Եվ ա՛յն ըմբոստ երգի առաջ, 
Որ խոհեմըս պատառեցի. 
Ա՛յն խոհերի մահվան համար, 
Որոնց ծինը խաթարեցի. 
Մեղավոր եմ և քո՛ առաջ, 
Որ... սիրելուց դադարեցի, 
Եվ ա՛յն ներման, որ բռնությամբ 
Իմ լայն սրտից վտարեցի... 
 
         Իսկ ճիշտն ասած՝ 
Ընդհանրապես մեղա գալու քի՛չ բան ունեմ...

04.V.1957թ. 27.XI.1957թ.
Մոսկվա


ԽՆԱՅՈՒՄ ԵՄ

Խնայում եմ ո՛չ թե սերըս. ճի՜շտ հասկացիր: 
Խնայում եմ քո նոր զարթնած սի՛րտը միայն 
Տարիքն առած ինձ պես մեկի խելառ սիրուց, 
                  Ինչպես որ հին - նստած գինուց, 
                  Անփորձները շուտ են հարբում 
                  Եվ շատ ուշ են ուշքի գալիս... 
 
                  Խնայում եմ միակ հույսըս, 
                  Ինչպես նաև պառավ մորըս, 
                  Թե չէ, գիտե՛ք, մե՜կ էլ տեսար՝ 
                  Ինչ-որ հոգնած մի վայրկյանի, 
                  Վերջ տվեցի հիմար կյանքիս... 
 
                       Թե չեմ ասում, 
Որ մեր տնկած խնձորենին ուռի դարձավ, 
              Արդյոք ո՞ւմ եմ ես խնայում. 
                  Մե՞զ՝ խեղճերիս, 
                  Թե՞ ուռենին... 
 
                  Թե չեմ ասում, 
Որ հատակին թափված յուղը 
Էլ ոչ մի կերպ ճաշ չի դառնա, 
                  Ո՞ւմ եմ արդյոք խնայում, 
                  Պարզ է, որ մե՜զ, 
                  Ոչ թե յուղը... 
 
Խնայում եմ ես ոչ այնքան ձեր ակա՛նջը, 
                  Որքան ա՜չքը, 
                  Թե չէ, գիտե՞ք, 
Ձեզ բոլորիդ այն ցույց կտամ, 
Ինչ ես վաղուց նկատում եմ... 
                  Խնայում եմ 
Ու - ծալում եմ ցուցամատըս... 

08.XII.1957թ.
Մոսկվա


ԱՂՄԿՈՒՄ ԵՄ

Այս ամենը արդյոք ի՞նչ է. 
Խեղճի նվոց ու ճռի՞նչ է, 
         Թե՞ մի ճիչ է 
         Ու մորմոքում 
         Հզոր հոգու: 
 
Եվ գալիքի աչքում ի՞նչ եմ. 
Ճո՞րտ եմ արդյոք, 
Թե՞ ազատ եմ, 
Հարազա՞տ եմ, 
Թե՞ լոկ բիճ եմ: 
Կենդանաշատ մի հատա՞կ եմ, 
Թե՞ լոկ այնտեղ ննջող խիճ եմ, 
Կախարդում եմ ու մոգո՞ւմ եմ, 
Թե՞... պարզապես աղմըկում եմ: 
 
Եվ իրար հետ դաշնակի՞ց են, 
Թե՞ թշնամի զույգ բանակ են 
Իմ մեջ քանակն ու որակը: 
Եվ ապագա ինչ-որ ժամի 
Ես՝ գազանըս, 
Ես՝ վազանըս, 
Չե՞մ շորորա ու չե՞մ քայլի հենափայտով: 
 
Սա 
         Ո՛չ աղքատ ձևանալ է, 
         Ոչ հանաք է.
Հանրահաշվի մի խնդիր է՝ զույգ անհայտով, 
Որ կարող է լուծել միայն ժամանակը: 
Իսկ առայժըմ աղմըկում եմ, 
         Ինչպես ջուրը, 
         Որը ի՞նչ է, 
         Ծո՞վ է, 
         Լի՞ճ է, 
         Թե՞ ճահիճ է.
         Տա՞ք է, 
         Պղտո՞ր, 
         Պաղ ու ջի՞նջ է,- 
         Վերջին հաշվով ջրի համար 
         Միևնույնն է կամ ոչինչ է. 
         Նա հոսում է 
         Ու խոսում է՝ 
         Իր սեփական ձայնը բնա՜վ չլսելով, 
         Ո՛չ ցավ զգում, 
         Ո՛չ էլ սգում՝ 
         Իր գեղեցիկ մահը բնա՜վ չափսոսալով... 
 
         Իսկ առայժըմ աղմըկում եմ. 
         -Գոնե լսե՜ք...

13.XI.1957թ.
Մոսկվա


ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ

Ես, ճիշտն ասած, զարմանում եմ շա՜տ բաներից, 
Քիչ լավի հետ՝ ամեն տեսակ վա՜տ բաներից, 
Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել՝ 
Ա՛յն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել, 
                  Որ հոգնելով ճամփաներից՝ 
                  Ջարդ ու փշուր կանգ է առնում 
                  Եվ չի նայում առաջ, վար-վեր 
                  Ու հայացքով ետ չի դառնում - 
Հոգնածորեն նայում է նա աննպատակ 
Եվ ա՛յն տեսնում, ինչ ընկած է ոտքերի տակ: 
 
                  Ու ես հիմա, 
                  Որ անհարմար 
Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց 
                  Ջարդված-հոգնած՝ 
              Հանգըստանում-թարմանում եմ,
Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ, 
Որ - թռչնի պես - ճիշտ խոսքից է մարդը խրտնում, 
Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից. 
Լուսնի նման՝ արևից է նա սփրթնում 
Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից... 
 
                  Իսկ դուք՝ ինչպե՞ս: 
                  Դո՞ւք էլ՝ ինձ պես: 
 
Է՜հ, երևի, ինձ վրա եք դուք զարմանում...

20.XI.1957թ.
Մոսկվա


Սկիզբ  < 8 9 10 11



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз