ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

ՍԵՐԸ

1. 
Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի։
 
-Սերն է։
 
Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր։
 
-Սերն է։
 
Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես։
 
-Սերն է…
 
2. 
Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից,
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված։
 
-Սերն է։
 
Քներակիդ զարկը կաթոցքի է նման,
Ա՛յն կաթոցքի, որ (ճի՜շտ) քար է ծակում։
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ։
 
-Սերն է։
 
Քնքշացել ես այնքա՜ն
Ու խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի։
 
-Սերն է։
 
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,-
Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...
 
-Սերն է...

10.III.1964թ.
Դիլիջան


ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...
 
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նու՛յն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նու՛յն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նշանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում...
 
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...

06.II.1964թ.
Երևան


ՀԱԳՈՒՍՏՈՎ ԾՆՎԱԾԸ

Գործըս թողած`
Ես քեզ համար
Նոր հագուստներ եմ հորինում,
Որովհետև ես չգիտեմ,
Թե դու ի՞նչ ես հագնում հիմա:
Եվ գարունը`
Այս նոր ու հին
Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին,
Ի՛մ պատվերով ու քե՜զ համար
Ճորտուհու պես
Անձեռագործ կերպասներ է ձեռագործում
Ու դիպակներ զանազան ու զարմանազան,
Եվ թվում է, թե ընկել եմ
Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր,
Ինչպես... ինչպես դեղատունը:
Եվ թվում է,
Թե քեզ համար շոր ընտրելը
Հեշտ է այնքա՛ն,
Որքան լեցուն դեղատնից
Սովորական դեղ խնդրելը,
Հե՜շտ ու դյուրին`
Իր սեփական ազգանունը ասելու չափ:
Բայց... քիչ հետո հասկանում եմ,
Որ դա հեշտ է,
Ինչպես մարդու երկու աչքում
Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ:
Փորձե՞լ ես դու:
Հապա փորձի՜ր...
Ու հիմա քեզ հագցընելու գործըս թողած`
Մտածում եմ,
Որ կան կանայք
Եվ աղջիկներ կան աշխարհում ,
Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է 
Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից.
Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ`
Մե՜րկ են քայլում նրանք կարծես:
Իսկ դո՜ւ...
Ուրի´շ, ուրի՜շ ես դու:
Դու ծնվել ես 
Կարծես այդպե՛ս՝ հենց հագուստո՜վ...
Քո սեփական ստվերն անգամ
Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝
Խորհրդապաշտ թիկնոցի պես...
Ո՛չ մի կոպիտ միտք ու տենչանք 
Քեզ չի հասնում,
Իսկ հասնելիս՝
Քեզ դիպչելով ընկրկում է
Ու վնասում
Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,
Իրե՛ն գցում իր իսկ աչքից...
 
Ուրի՜շ ես դու:
Քոպեսներին սիրում են լոկ,
Միա՛յն սիրում:
Քոպեսների անունն ի՜նչ էլ դրած լինեն`
Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիամ:

24.II.1964թ.
Դիլիջան


ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Մարիա՛մ, լսո՞ւմ ես,
Տեսնո՞ւմ ես, Մարիա՛մ,
Դրսում անձրև է շեղակի մաղում, 
Ու երբ բացում եմ իմ լուսամուտը,
Ասես բացում եմ
Գժված ջերմուկի գազառատ մի շիշ:
 
Նույն լուսամուտով երկինք եմ թռչում,
Որ արդեն հիմա` անձրևից հետո,
Վճիտ է ու ջինջ`
Քո հայացքի՛ պես,
Եվ լայնատարած ու հեռագնաց`
Ինչպես ժպիտըդ:
Հետո երկնքից ընկնում են սարին,
Որտեղ վեհորեն ժայռերն են թառել`
Նախապատմական թռչունների պես...
 
Դու ի՛նձ չես մերժում:
Դու աշխատում ես ժխտել ինքըդ քե՜զ:
Եվ քո մերժումի սուտ-սուտ խոսքերից
Կարող եմ խրտնել ես այնպես դյուրին,
Ինչպես... քարեղեն այս թռչունները:
Հիմա հասկացա՞ր...
 
Տե՛ս,
Հորիզոնի գիրգ-գգվոտ գոգին
Իր գանգրագիսակ գլուխն է դրել
Մեկնըված դաշտը`
Մի անտառապատ մեծ լեռան տեսքով,
Որի անունը քչերը գիտեն,
Ինչպես որ իմը:
Իսկ ո՞վ չգիտի, Մարիա´մ, անունըդ,
Որ հորիզոնի նման է, Մարիա´մ.
Երբ ընկրկում ենք`
Նա մոտենում է, 
Երբ մոտենում ենք`
Հեռանում է նա...
 
Գեթ մեկի՛ համար,
Գոնե ի՜նձ համար մ՛ի լինիր կյանքում
Այս քո անվան պես կամ հորիզոնի,
Որ... երբ մոտենամ`
Դու չհեռանաս...

24.III.1964թ.
Դիլիջան


ՍՈՒՐՃԻ ԳԱՎԱԹԻ ԴԻՄԱՑ

Դու մի հորինված էակ ես գուցե
Ու հանդիպել ես ինձ մտքումըս լոկ:
Բայց իրական ես, ինչպես բուրմունքը
Հողի՛,
Վարունգի՛,
Խոտի՛,
Մատիտի՜:
Եվ ես ուզում եմ, որ շրջապատես
Ինձ ա՛յդ բույրերով,
Լոկ ա՛յդ բույրերով`
Հողի՛,
Վարունգի՛,
Խոտի՛,
Մատիտի՜`
Բույրով մանկության,
Բույրով մաքրության…
 
Ի՜նչ զարմանալի աչքեր ունես դու.
Կարծես թե լինեն երկվորյակ լճեր
Հին հրաբխի զույգ խառնարանում:
 
Ի՜նչ հրաշագործ նայվածք ունես դու.
Ինչի նայում ես` քե՜զ ես նկարում:
 
Ծոծրակդ կարծես մթին անտառի բացատ է գողտրիկ,
Ուր սփռված են միայն հասմիկներ:
 
Մազերիդ բույրից
Հին աստվածներն են հարություն առնում
Դամբանում իրենց`
Ռունգներում իմ տաք:
 
Քնքշորեն ասված ամեն խոսքը քո 
Եթեր է ճամփում ռադիոալիքներ,
Որոնց կարող է ամե՜ն ոք որսալ,
Ով երջանկության տառերը գիտի:
 
Քո նայվածքի հետ
Ինքըդ քեզանից զատվում - անջատվում,
Բազմապատկում ես ինքդ քեզ կարծես`
Շարժանկարի ժապավենի պես,
Որ… հազարնե՜րը հիանան` ձրի՛:
 
…Հազարի՜ նման մի աղջիկ ես դու,
Ում գտել եմ ես` մեկըս հազարից,
Եվ հիմա `
Քեզնից աստծո՜ւ չափ հեռու,
Նստած եմ ահա տխուր-երջանիկ
Ու դեռ փակ կրծքիդ տաք կաղապարով`
Ճերմակ գավաթով, սև սուրճ եմ խմում,
Որ անքնությունն իր բույնը հյուսի
Լարված ջղերիս մերկ ծառի վրա:
 
Ու եթե մեկը սուրճով բախտ բացեր,
Ապա կարող էր գուշակել անսուտ,
Որ ես ինքնակամ ու սիրահոժար
Մնացած կյանքիս կեսը կտայի,
Միայն տեսնեի գրկիդ… թուխ մանուկ,
Ինչպես որ քեզ եմ իմ գրկում տեսել…

11.III.1964թ.
Դիլիջան


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз