ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԲԱԼԼԱԴ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ

Իրիկունը մոսկովյան թանձրանում է ահա, տե՛ս:
Հյուսիսային օրը կարճ աղոտանում է, մարում:
Եվ ինչ-որ մի կախարդ ձեռք և՛ աննկատ, և՛ անտես
Այս վիթխարի քաղաքի բոլոր լույսերն է վառում:
Լույս է շուրջըդ ամենուր՝ փողոցներո՛ւմ, տներո՛ւմ,
Լույս է վերում՝ շենքերի ճակատների՛ն, կատարի՛ն,
Երկինք միտվող տների մարմարակերտ պատերին,
Լույս է անգամ գետնի տակ՝ մարմարակերտ թունելում:
Ու թվում է, թե անգամ անբավ ձյունը հյուսիսի
Ինչ-որ ձևով խտացած անհուն պաշար է լույսի...
 
*
Կարող էինք մենք անգամ չհավատալ այս փաստին,
Թե չլիներ մեր ձեռքին ահա գիրքն այս հավաստի:
 
Քսանմեկ թի՛վ:
Դեկտեմբե՛ր:
Մերձմոսկովյան իրիկո՛ւն:
Վլադիմիր Իլյիչը աշխատում է սենյակում:
Գորկան լռել է ցրտից:
Շուրջը լուռ է ու խավար:
Շրջապատում Իլյիչի համեստ լույսն է միայն վառ:
 
Աշխատում է Իլյիչը խորասուզված ու տարված:
Հանկարծ շշուկ ու թակոց:
-Խնդրե՛մ, մտե՜ք:
-Ներեցե՛ք...
Երկու մուժիկ՝ դռներում:
-Խնդրե՛մ, խնդրե՛մ, համեցե՜ք:
Երևում է, թե որքան շփոթված են գյուղացիք.
-Խանգարեցինք...
Բայց բարի այս ժպի՜տը Իլյիչի,
Որ ընդհատում է նրանց «ներողությունը» իսկույն:
Պավլովսկոյե գյուղի պատվիրակներն են երկու:
Վաղը հավաք կա այնտեղ: Շատ է ուզում գյուղացին
Ականջ դնել մի անգամ Վլադիմիր Իլյիչին:
Իսկ Իլյի՜չը: Նա նույնիսկ մի վայրկյան չի հապաղում.
-Խնդրե՛մ: Բայց ե՞րբ: Ի՞նչ, վաղը ցերեկո՞վ եք մտադիր...
Բթամատերն Իլյիչի թևքերի մեջ ժիլետի
Ուշանում են մի՛ վայրկյան, երկո՛ւ վայրկյան, տասներկո՛ւ:
Վլադիմիր Իլյիչը լուռ քայլում է սենյակում:
Դուք չե՞ք տեսնում՝ ակնհայտ վատ է զգում ձեր առաջ
Ինքը Լենինը ահա. նա չի՜ կարող, ի՞նչ արած:
-Երեկոյան հավաքվենք, ինչո՞վ է վատ: Գեղեցի՞կ: 
Իլյիչի դեմ այս անգամ վատ են զգում գյուղացիք:
Ինչպե՞ս ասեն: Բայց, ասենք, ինչո՞ւ չասել, հը՞, ինչի՞:
Չի կարելի՝ օտարին, կարելի է Իլյիչին:
-Երեկոյան ավելի լավ կլիներ, խոսք չկա,
Բայց...
-Էլ ի՞նչ «բայց»:
-Բայց գյուղում լո՜ւյս չես ճարի:
-Նավթ չկա...
Հիմա արդեն այս փաստին շատ դժվար է հավատալ,
Թեպետ կարող ես սևով ճերմակ թղթին դու կարդալ:
...Բթամատերն Իլյիչի բաճկոնակն են քրքըրում:
Վլադիմիր Իլյիչը, խորասուզված մտքերում,
Մտածո՜ւմ է, մտածո՛ւմ, հետո գրում մի բացիկ,
Որ... ինչ-որ տեղ մի լիտըր նավթ ստանան գյուղացիք...
Ու հավաքն է կայանում:
Այնտեղ Իլյիչն է խոսում,
Ի՞նչ է խոսում,- այդ մասին գիրքն այս ոչինչ չի ասում:
Բայց ո՞վ մեզնից չգիտի, թե մեր ձեռքը չհասած
Իր ելույթում Իլյիչը այն հավաքում ի՛նչ ասաց:
Կսխալվե՞մ միթե ես, եթե ասեմ. ցերեկով
Նա չգնաց հավաքի ու նախընտրեց երեկոն,
Որովհետև ԳՈԷԼՌՈ-ն սպասում էր Իլյիչին,
Սպասում էր Իլյիչի լույսեր ծնող գրիչին...
 
*
Զարմանալի բան չկա, որ Պավլովկան ու Գորկան,
Որ ձեզանից, մոսկովցի՛ք, շատ էլ հեռու չեն այնքան,
Այսօր իրենց լույսերով խառնըվում են Մոսկվային:
Սակայն գյո՜ւղն իմ հայրենի...
Զուր քարտեզին մի՛ նայիր: 
Ոչ մի քարտեզ չի կարող նրա մասին այն ասել,
Ինչ հեռավոր այդ գյուղում ես եմ ապրել ու տեսել:
Բայց դա նյութ է պոեմի...
Այսքանն ասեմ այս անգամ.
Այդ հեռավո՜ր-հեռավո՜ր իմ գյուղակում հայկական
Օրեր առաջ, երբ նորից տարեդարձն էր Իլյիչի,
Մի պահ հուզված նայելով հսկայական դահլիճին՝
Դասընկերն իմ երբեմնի (նա էր այդօր զեկուցում)
Էլեկտրական լույսերից իր աչքերը կկոցում
Ու չէր պատմում այն մասին, որ և իրենց կոլխոզում
Տներից կալ և աղաց լույսի հեղեղ է հոսում:
Ինչո՞ւ պատմել այն մասին, ինչ տեսնում ես, ինչ որ կա
Ու հայտնի է բոլորին զեկուցողից ոչ պակաս...
Եվ ինչպես ես՝ երգն իմ այս, նա իր խոսքը տարածում,
Այս նույն փաստի վրա է զեկուցումն իր կառուցում՝
Եղելություն է պատմում, որ նման է բալլադի -
Անիրակա՜ն է այնքան, այնքա՜ն հեռու հավատից:
Նա պատմում է պարզապես, ոչի՜նչ նա չի հավելում,
Եզրակացնել, ամփոփել ավելորդ է համարում:
 
Ինչ ավելորդ է թվում զեկուցման մեջ հարակից՝
Բանաստեղծի երգի մեջ ավելորդ է կրկնակի: 
 

09.I.1953թ.
Մոսկվա


ՀԵՐՈՍՆԵՐԸ

Թե չլիներ՝ ինչ որ եղավ,
Ի՞նչ իմանաս, հիմա գուցե
Ջրանցքներ էր Զոյան բացել,
Գորովագին մայր էր դարձել
Եվ ապրում էր հաշտ ու խաղաղ,
Թե չլիներ՝ ինչ որ եղավ:
 
Թե չլիներ՝ ինչ որ եղավ,
Թե մեր կյանքը մնար խաղաղ,
Անշուշտ նրանք՝ կրասնոդոնցիք,
Դարձել ուսման գերազանցիկ,
Դարձել էին կամ շինարար,
Արտիստուհի կամ նորարար,
Կերտել էին և կառուցել,
Խորունկ երգեր բանաստեղծել -
Հայտնի դարձել կյանքում խաղաղ,-
Թե չլիներ՝ ինչ որ եղավ:
 
...Հիմա գուցե մեր աշխարհում
Արհավիրքից հավետ հեռու,
Մի նոր Զոյա, անհայտ դեռ մեզ,
Դեռ դեռատի, համեստ ու հեզ,
Դասագրքերն է իր թերթում:
Ի՞նչ իմանաս, գուցե հիմա
Մեկ այլ աղջիկ՝ մի Չայկինա,
Իր պատմության դասն է թերթում:
Ատելության հուրը սրտում,
Աչքերի մեջ մոլուցք ու մեգ՝
Գուցե հիմա մի նոր Օլեգ
Ֆադեևի գիրքն է կարդում...
 
Հազար Հունան ու Մատրոսով
Աշխատում են, գործում այսօր,
Քար են տաշում ու հունձ անում,
Խաղող ճմլում տաք հնձանում,
Հնոցների դեմ կատաղի
Ձև են տալիս շեկ մետաղին,
Սովորում են, գործում անդուլ,
Կարոտում են, սիրում, խանդում...
 
Եվ մեզանից, հավանաբար,
Շատ շատերը նրանց գիտեն.
Մեկըս մեկի թևն է մտել,
Զրուցել է մտերմաբար,
Վստահել է, սիրտը բացել:
Եվ մեր մտքով չի էլ անցել,
Թե աղջիկը այս դեռատի
Չայկինա է սրտի խորքում,
Թե կրծքի տակ այս խառատի
Կոշեվոյի սիրտն է զարկում,
Թե կոլխոզնիկ այս պարզ տղան,
Որ անցնում է ծով դաշտերով,
Մի Հունան է, մի Գաստելլո...
 
Մենք չենք հիշում: Հարկ էլ չկա:
Բայց - երեկվա փառքը վկա - 
Մեր թշնամին թե մոռանա,
Իրեն վրա թող չարանա... 
 

03.IV.1951թ.
Երևան


«ՀԵՔԻԱԹԸ»

Իմ լուսեղենի՛կ, իմ աննմա՛ն,
Իմ ապագա՛, գալի՜ք...
Ի՞նչ ես անում արդյոք հիմա,
Իմ հեռավո՜ր բալիկ:
 
Բարձիդ տա՞կ ես թևդ կոխում
Ու խորամանկ ժպտում,
Թե՞ վեր կենում ու կիսամերկ
Մահճակալում պտտում:
 
Թե՞ մայրիկիդ հյուսքը բռնած
Քրքըջում ես անմեղ,
Թե՞ «կարդում ես» քո չըմբռնած
Գրքույկները գունեղ:
 
Թե՞ երգում ես, արտասանում
«Բանակային եմ քաջ»...
Բանակային ե՛ս եմ, բալիկ,
Մա՛յրդ, պա՛պըդ անգամ:
 
Բանակայի՛ն, որ մոտ չգա
Ոչ մի գայլ ու գազան,
Ոչ թե, բալիկ, քո իմացած
Հեքիաթներից դաժան,
 
Ո՛չ աշխարհից քո իմացած
Սև ու Ճերմակ դևի:
Կա մի ուրի՛շ դև ու աշխարհ՝
Ամբողջովին դեղի՜ն:
 
Դու չգիտես դեղին դևին՝
Գայլի ախորժակով:
Ապրում է նա մեզնից հեռու,
Օվկիանոսից այն կողմ...
 
Քեզ այդ մասին կպատմեմ ես
Հետո՜, հիմա քնի՛ր:
Այնժամ գուցե դա իսկապես
Հեքիաթի պես լինի... 
 

29.II.1952թ.
Մոսկվա


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Գարո՜ւն է...
 
Փողոցով անցնում ես ակամա ժպտալով,
Ժպտալով ալիքվող մայթերին,
Շենքերին, որ իրենց վարդագույն տուֆ քարով
Թվում են քեզ այսօր անթերի:
 
Ուզում ես մոտենալ, մի բարի խոսք ասել
Գլանակ վաճառող ծերուկին,
Քեզ դիմող կոլխոզնիկ քեռու հետ սկսել
Մի զրույց սրտառուչ-սրտագին:
 
Թվում է՝ ծանոթ են անծանոթ այս կանայք,
Մտերիմ՝ աղջիկներն այս ջահել.
Թվում է՝ բոլո՜րն էլ քեզ պիտի հասկանան
Եվ նույնիսկ... կարող են քեզ սիրե՜լ...
 
Գարուն է... 

31.III.1951թ.
Երևան


ՁՅՈՒՆԸ

Սիրում եմ ես ձյունը:
 
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է 
Անտես երկինքներից այս մայթերին,
Եվ մեծաքա՜յլ , դանդա՜ղ դու շրջում ես,
Ինքդ էլ չիմանալով անրջում ես
Այն, ինչ կյանքում վեհ է և անթերի:
 
Սիրում եմ ես ձյունը:
 
Երբ որ նա իջնում է,
Դու հիշում ես հանկարծ 
Անցած տարիներիդ խայտանքը մանկական,
Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է:
Դու հիշում ես հանկարծ
Երբե՜ք չմոռացված այն աղջըկան,
Որի թարթիչներին իջած ձյունը 
Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը…
 
Սիրում եմ ես ձյունը:
 
Երբ որ նա իջնում է,
Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես,
Որ գալիքը, վաղը, որ ապագան
Քեզ չտեսած անգամ՝
Ճանաչում է:
Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է.
Քաղցր է թվում, որ դու
Այս կյանքում չես ծնվել օրապակաս,
Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս,
Որ շնչո՜ւմ ես…
 
Սիրում եմ ես ձյունը:
 
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջել է,
Երբ իջել է նաև լռությունը,
Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով,
Դու զգում ես նրա 
Փխրունության վրա
Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը... 

II.1955թ.
Մոսկվա


 < 1 2 3 4 5 6 7 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз