ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ

ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ

Սկսվում է գիշերն արդեն:
 
Եվ աստղերը,
Որ ողջ ցերեկ խոր քուն մտան,
Հիմա իրենց ճառագայթե
Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում`
Ընդդեմ մթան:
 
Եվ անպաշտպան իմ կարոտը,
Որ անցել է խոր ընդհատակ
Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի,
Իմ կարոտը մատնըվում է քո անունից.
Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:
 
Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում,
Իսկ ես`
         լուսնո՛տ,
Ես`
         լուսնահա՜ր,
Շեղ-սայթաքուն կտուրներով
Ու քիվերով ատամնաբաց,
Մինչև անգամ շանթարգելով,
Ահա նորից քեզ եմ գալիս`
Կյանքըս կրկին վտանգելով:
 
Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար վախենալով,
Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:
 
Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:
 
Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու,
Եվ դա- 
         ո՛չ թե բարությունից,
Այլ... պարզապես չսիրելո՜ւց...
. . . . . . . . . . . . . . . . . . . 

22.III.1959թ.
Մոսկվա


ԱՆՈՒՂՂԵԼԻՆ

Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
 
Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:
 
Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:
 
Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:
 
Փոխում եմ նաև... Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու... լոկ քո ժպիտին:
 
Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս... 
 

27.I.1962թ.
Երևան


ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով...
 
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ- 
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:
 
Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ- 
         իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:
 
Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես... մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
         իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:
 
Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
         վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:
 
Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր... 

26.I.1962թ.
Երևան


ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Ծանոթանա՞նք:
Շա՜տ լավ:
Բայց ես անո՛ւն չունեմ:
Թե ուզում ես, խնդրեմ, «Հոմո Սապիենս» կոչիր
Եվ ազգանվան տեղ էլ ասա «Հարավ»:
 
Ես աչքերս եմ փակում:
Ես հոգնած եմ, այո՛:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի 
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել:
Այդ ապրե՞լ է կոչվում: Ի՞նչ իմանամ:
 
Ծառերը մայթերին բազմակետ են դնում.
Ունեն ինչ-որ գաղտնիք, որ ես չեմ ընդունում:
Չէ՛, ես սխալվեցի.
Գաղտնիքն ընդունում եմ,
Չեմ ընդունում արգելքն այն անտեղի,
Որ միշտ բազմակետ է բազմացընում...
 
Եվ փրփուրը բերնիս ես կարող եմ վիճել,
Որ բերան է տրված ո՛չ ուտելու,
Այլ խոսելո՜ւ համար:
Եվ ավելին.
Շուրթերո՜վ են խորհում, ո՛չ թե գանգուղեղով:
Ծանոթացա՞նք:
Դեռ ո՞չ:
Շարունակե՞մ:
 
Սովա՜ծ են ոտներըս.
Թող հո՛ղ կոխեն մի քիչ:
Եվ աչքերս են սոված.
Չի կշտացնում լույսը...
 
Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.
Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,
Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում...
 
Եվ չի պոկվում ինձնից մի անսահման կարոտ,
Ու զզվել եմ արդեն պարզությունից գծի:
Թե կեռ-կորությունը շռայլություն է մեծ,
Չկարոտե՞մ գոնե այն կետ-գծին,
Որ նեղ նպատա՛կ չէ,
Այլ երազա՜նք այրող...
 
Ծանոթացա՞նք արդյոք:
Բեթհովենի՛ց հարցրու,
Մի՛ մոռացիր, սակայն, որ նա խուլ է մի քիչ
Եվ կարող է հարցըդ չհասկանալ:
 
Իսկ ես ավելացնեմ,- քեզ օգնելու հույսով,-
Որ ինձ փոքրիշատե ճանաչելու համար
Հարկավոր է զրկվել... նախապաշարմունքից:
Որ և հեշտ չէ նույնքան,
Որքան որ ապրելը...
 
Ո՛չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ,
Իսկ թե ստիպված եմ, այսուհանդերձ, ստել`
Մեղավորը ե՛ս չեմ, 
Իսկ թե ո՞վ է` քե՜զ ինչ:
Ինչո՞վ պիտի օգնես,
Ի՞նչ կփոխես:
 
Անկեղծության համար թե խաչեին,
Քրիստոսը վաղո՜ւց չէր ունենա պաշտող:
Ա՜խ, այդ պաշտամունքը, որ ձևեր է փոխում,
Ինչպես մոր մեջ սաղմը,
Բայց ծնվելիս ծնվում մի՛շտ մանուկի նման`
Ուղեղը դեռ անբան և աչքերը դեռ գոց...
 
Ծանոթացա՞նք արդյոք:
Դու` չգիտեմ,
Իսկ քեզ ճանաչեցի ես իսկապես:
Քո փոխարեն աչքերդ ասում են լուռ,
Որ ինձ համարում ես ծանըր հիվանդ,
Եվ զառանցանք` խոսքըս:
Բայց հավատա՜.
Խոսքս զառանցանք չէ,
Ոչ էլ հիվանդ եմ ես:
Ես պարզապես վաղուց համոզված եմ,
Որ դուր գալու ծանոթ առևտըրում
Հարկավոր է լինել չմանրվող դրամ
Եվ չծախսել իրեն կոպեկ-կոպեկ...
 
Ծանոթացա՞նք արդյոք:
Անշո՛ւշտ, ծանոթացա՜նք:
Բաժանվելուց առաջ թույլ տուր ասեմ գոնե,
Որ քեզ նմանները, իմ սիրելի՛,
Գուցե կարողանան ինձ ամե՜ն ինչ անել,
Բայց չեն կարող խլել լավատեսի
Իմ ժպիտը, այո՛, իմ ժպի՜տը,
Նամանավանդ եթե չմոռանանք,
Որ ժպիտի ինչ-որ մի տեսակն է նաև
Անմահ քմծիծաղը...
 
Մնաս բարև՜:

30.IX.1961թ.
Երևան


ԳԱՐՆԱՆ ՀՐԱՀՐՄԱՄԲ

         Երեկ` դեռ խոնարհ,
         Երեկ` դեռ հլու,
         Իմ սիրտը այսօր
Խաղա՜ղ - անարյո՜ւն ապըստամբության դրոշ է պարզել
Իշխանության դեմ ա՛յն բռնակալի,
         Որ կոչվում է Խելք
         Ու կոչվում Գլուխ:
 
         Արյուն չի՜ թափվի.
         Զորքեր մի՛ բերեք:
         Արյուն չի՜ թափվի:
         Բայց արյան եռքից
         Երակ-զարկերակ
         Խփում են արագ.
Ապըստամբության թմբուկ են զարկում:
 
         Արյուն չի՜ թափվի:
         Դրա փոխարեն`
Արյուն է թափում ծաղկած նռնենին,
Արյուն են հագել կին ու աղջիկներ,
Արյուն է հոսում երկնակամարով`
         Արյուն արևի՜.
Որ լերդանալիս դառնում է վառ ամպ:
 
Եվ ի՞նչ է ուզում սիրտըս ապըստամբ:
         Թե չեք հասկանում`
         Դուրս եկեք փողո՛ց,
         Դուրս եկեք փողո՜ց,
         Ուր, տեսե՛ք, մարդիկ
Լքել են հիմա իրենց տաք մորթին
         Ու հագել մի բան,
Որ հին մի բառով - անշուշտ` անհաջող- 
         Մետաքս է կոչվում,
Իսկ նոր մի բառով - նույնքա՛ն անհաջող`
         Նեյլոն ու կապրոն:
 
Անցնում են, տեսե՜ք, կեցվածքներ պես-պես,
         Ձևեր բյուրբազում,
Բոլորը` մսից - տա՜ք ու մարդկայի՛ն,
Կրծքների ներքո ո՛չ թե պաղ մարմար,
         Այլ մսի կտոր,
         Որ կոչվում է սի՜րտ,
         Եվ ամե՜ն սրտում`
Խաղա՜ղ - անարյո՜ւն խռովություն է...
 
         Կանանց աչքերում,
         Տեսե՜ք,
         Փլվել է ինքը երկինքը
         Ու ծիծաղում է...
 
Շքահանդես է սարքել արբունքը- 
Պատանիների շուրթերի վրա`
         Բեղերի շարքով,
Կորություններով նորատիների,
Որ դեռ չեն զգում սուրբ կոչումն իրենց...
 
         Մայիսյան արփին,
         Տեսե՜ք,
         Բազմահարկ շենքերի վրա
Իր նկարչության դասերն է տալիս,
         Մի նկարչությո՛ւն,
Որ ձանձրացել է իրապաշտներից...
Քամին ձևեր է քանդում ու կերտում,
Ասես թե Լուվրի կամ Էրմիտաժի
Հազարէջանոց ալբոմ է թերթում,
Թերթածը կարգին չհասկանալով`
         Երեխայի՛ պես...
 
         Ես երեխա չե՜մ.
         Լա՛վ եմ հասկանում:
 
         Լա՛վ եմ հասկանում,
Եվ այդ պատճառով սիրտըս ուզում է
Ապըստամբության դրոշը ներկել
         Արևի՛ հրում,
         Ժպիտների՛ մեջ,
Երանգների՛ մեջ ցոլուն աչքերի,
Կանանց հանդերձի գույներո՛վ զառ-վառ,
Դեռատիների շիկնանքո՛վ խոսուն...
 
         Սիրտըս պարզել է
Ի՜նքս էլ չգիտեմ, թե ինչի՞ դրոշ...

02.III.1959թ.
Մոսկվա


 < 1 2 3 4 5 6 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз