ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ

ԵՐԲ ՄԱՐՍԻ ՎՐԱ ԶԲԱՂՎԱԾ ԷԻ...

Երբ Մարսի վրա զբաղված էի երկրագործությամբ`
Երազկոտ նստած իմ քաղաքային նեղլիկ սենյակում,
Իմ խեղճ դռնակը հանկարծ ենթարկվեց ահեղ փորձության.
Դու էիր թակում.
 
Ես դա զգացի,
Ինչպես թռչունն է զգում վերահաս փոթորկի շունչը`
Թռչունն այս դեպքում բույնն է շտապում,
Իսկ քանի որ ես իմ բնումն էի,
Էլ ի՞նչ էր մնում,
Որ ի՛նչ անեի.
Ու ես փակեցի աչքերըս վախով,
Թերևս ակամա ես հետևեցի
Ջայլամի հիմար իմաստնությանը:
Իսկ դու որսորդ ես.
Եվ չսպասեցիր իմ «համեցեք»-ին,
Ի՛նքըդ ներս մտար:
 
Աստվա՜ծ իմ,
Չէ՞ որ մի փոքըր առաջ
Ես Մարսի վրա
Զբաղված էի երկրագործությամբ:
Եվ ահա փչեց քամին փորձության,
Եվ ահա խոփըս դիպավ ժեռ քարին,
Իսկույն չքացան ցորենն ու գարին,
Դեմըս լոկ մնաց դեմքն այդ ցորնագույն
Ու գարեհատիկ վզնոցը զնգուն,
Մնացին միայն աչքերը`
Նրա՜նք,
Որ միշտ կյանքիս մեջ ցանում են վարանք...
 
Ես չէի նայում աչքերին, դիտմա՛մբ,
Որ կեռ հոնքերի բացմամբ ու կիտմամբ
Փոխում են և՛ ձև,
Ե՛վ ցոլք ու երանգ:
Ես չէի նայում,
Բայց զգում էի,
Որ պիտի նայե՛մ,
Որ չե՜մ դիմանա,
Եվ նայեմ թե չէ`
Իսկույն կիմանա,
Որ իմ կյանքի մեջ ոչի՜նչ չի փոխվել,
Որ առաջվա պես այդ ինքն է մխվել,
Մխվել իմ կյանքում,
Մխվել` որպես սեպ,
Որ ո՛չ ճեղքում է,
Ո՛չ դուրս է գալիս...
 
Ես չէի նայում,
Որ անինքնասեր իմ լեզուն հանկարծ
Չասի. «Ցանկալի՜ս»։
 
Եվ իմ ցավատանջ գլխի կեսդարձով,
Առանց նայելու երեսին նրա,
Սուտ հանգըստություն երեսիս վրա`
Նրան եմ դիմում նույն հիմար հարցով.
-Քեզ ի՞նչն է այսպես իմ դուռը բերում:
 
Նա հապաղում է,
Ես` մտաբերում,
Հիշում եմ հանկարծ
Եվ... մռայլ ու կարճ
Պատասխանում եմ ինքըս իմ հարցին.
-Հայտնի է կարծեմ,
Որ հանցագործին
Նրա ոտքերը սիրում են տանել
Այնտեղ, որտեղ նա... մարդ է սպանել...
 
Ելնում է ոտքի:
Հանգիստ է: Վսեմ:
Ասածըս կարծես նույնիսկ չի լսել:
Ու դուրս է գնում այնպիսի՛ քայլքով,
Ասես ուզում է իր կրունկներով ողջե՜րթ նվագել:
 
Գնում է,
Թողնում,
Որ... Մարսի վրա կատարած ցանքիս
Բերքը հավաքեմ...

15.X.1959թ. 18.XI.1959թ.
Չանախչի


ՎԵՐՋԻՆ ՍՓՈՓԱՆՔ

Իմ տված ցավից
Դու լաց ես լինում,
Իսկ ես` ամոթի՛ց`
Տաք-պաղ քրտնում եմ:
 
Ի՜նչ ասեմ հիմա:
Գեթ մխիթարվի՛ր,
Որ նույն համն ունեն
Քրտինք ու արցունք...

19.IV.1959թ.
Մոսկվա


ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ

Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
 
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
 
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:
 
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...
 
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն... միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:
 
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա...

29-30.IV.1959թ.
Մոսկվա


Ո՞ՒՐ Է ԳԻՇԵՐԸ ՀԱԶԱՐՄԵԿԵՐՈՐԴ

Անձրևն իր հալված երկար մատներով
Մատնահարում է լռին մայթերի գորշ ստեղները,
Եվ ամայացած-քնած քաղաքում
Սկիզբ է առնում մի խուլ եղանակ,
Որտեղ մաս ունի
Աշնան ծառերի դանդաղ դեղնելը,
Ե՛վ այն ամուրին,
Որ պաղ սենյակում քնել է մենակ,
Ե՛վ այն բողոքը,
Որ դատարանում իզուր չի հարգվել,
Ե՛վ այն կարոտը,
Որ սրտի վրա`
Իր տիրո՜ջ վրա,
Նոր տեր է կարգվել,
Ե՛վ այն աղջիկը,
Որ գեշ երազից ճչում է անձայն,
Ե՛վ այն հուշերը,
Որ եկան անկոչ,
Ես վռընդեցի՜,
Բայց էլի՛ չանցան:
 
Չանցա՛ն
Եվ հիմա,
Ինձ հետ միասին,
Ականջ են դնում,
Թե անձրևն իր պաղ, երկար մատներով,
Իր վատ նվագից չվհատվելով,
Ինչպե՞ս է ծեծում
Համըր մայթերի ստեղնաշարը:
 
Եվ իմ տխրության,
Չանցնող կարոտի առատ պաշարը
Համալըրվում է գթոտ խոսքերի նոր մթերումով:
 
Քո հեռո՜ւ-հեռո՜ւ պաղ մայթերում ո՞վ,
Ո՞վ կարող է քեզ այն խոսքերն ասել,
Որ եկել ահա բկիս են հասել.
-Իմ սիրտը
Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել,
Իսկ ո՞ւր է հապա,
Ո՞ւր է գիշերը հազարմեկերորդ:
Մինչև վերջ պատմել ինչո՞ւ չես ուզում,
Ինչո՞ւ չես ուզում,
Իմ Շահրազադե՜:
 
Դու ո՞ւմ ես ուզում մահից ազատել...
 

14.X.1959թ.
Չանախչի


ԱԹԻԼԼԱՅԱԲԱՐ

         Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
         Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
 
Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին - անգիտակցաբար մեծ մեղք են գործում:
 
Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:
 
Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
         Աթիլլայաբար հասցընում մտնել,
         Բայց չեն հասցընում կրակի մատնել... 

13.I.1962թ.
Երևան


 < 1 2 3 4 5 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз