ՈՂՋՈՒՅՆԻ ՔՄԱՅՔՆԵՐԸ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Իմ սենյակի մեջ 
Գարնան հալոցքի պատրանք էր ցրում 
Լվացարանի ծորակը ծանոթ. 
(Սիրտըս կարոտ էր մտերի՜մ ձայնի)... 
 
Ջրհորդաններում 
Նորից տանջվում էր ջուրը թալկացած, 
Որ մեկ-մեկ նաև ուշքի էր գալիս 
Եվ ուրախ լալիս՝ 
Նո՛ւյն վաղածանոթ-ընտանի ձայնով. 
(Սիրտըս կարոտ էր հարազա՛տ ձայնի, 
Որ դեռ չէ՜ր հնչում)... 
 
Ապակիների լռության վրա 
Անբուրմունք-անգույն ծաղկունքը ցրտի 
Լուռ թախծում էին, 
Ինչպես որ նույնիսկ բենզինն էր թախծում 
Սառած-կանգ առած մեքենաների երակների մեջ. 
(Սիրտըս կարոտ էր սպասվա՜ծ ձայնի, 
Որ պիտի՛ հնչեր)... 
 
Ու ես կարծես թե շատ էի նման այն տիպ-նկարին, 
Որ իր թափանցիկ թաղանթի ներքո 
Տանջվում է սաստիկ, խեղդվում է ասես, 
Ու երազում է մի ձեռք մանկական, 
Որ թրջի իրեն 
Ու շրջի թղթին: 
 
Եկա՛ր, 
Թրջեցիր քո քնքշանքի մեջ 
Մանկականից էլ անմեղ ձեռքերով 
Ու փակցըրեցիր մաքրությանը քո, 
Որ ես ազատվեմ ճնշող թաղանթից 
Եվ պայծառացած գույներով զնգա՜մ... 
 
Դո՛ւ չշտապեցիր, 
Կյա՜նքը չուշացավ, 
Որ... մեր անձնական օրացույցի մեջ 
Մե՛կ օր էլ ներկի ալ-կարմիր գույնով 
Եվ գորշությանն իր տա երանգ տոնի: 
 
Եկա՛ր, 
Որ (բա՜վ է) էլ չապավինեմ
Կարոտ հոլովող բառերին ծխոտ, 
Եվ որ (հերի՜ք է) ձեռքերս այլևըս չսովեն կրկին: 
 
Եկա՛ր, 
Եվ եկար՝ առողջությա՛ն պես, 
Որ... իմ երբեմնի 
Հիվանդությունն էլ վերհիշեմ հիմա 
Քնքշությամբ թաքուն 
Եվ հասկանալի մի գորովանքով: 
 
-Բարո՜վ ես եկել: 
 
Եկա՜ր: 
Եվ եկար՝ վարպետությա՛ն պես. 
Փոքր-ինչ ուշացած, սակայն մեկընդմիշտ:
 
-Գալուստըդ բարի՜: 
 
Եկա՛ր, 
Որ նույնիսկ ամենաանզո՛ր բառը («Տե՛ր աստված»)
Հանկարծ վերածվի ամենազորե՜ղ բառի («Տե՛ր աստված»): 
Տե՛ր ու սե՜ր աստված, 
Իրավ չի՞ ասված, 
Որ մահիճները երբ հարդարված են՝ 
Արդեն չե՛ն ապրում, արդեն մեռա՜ծ են: 
Եկա՛ր, 
Որ նրանք հարությո՜ւն առնեն՝ սրբերի՛ նման...

25-29.II.1964թ.
Երևան


ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Եթե աշխարհիս ճանապարհները 
Լինեին միա՜յն միակողմանի՝ 
Լոկ գալո՛ւ համար, 
Եվ ո՛չ գնալու... 
 
Բայց բիլ երկնքի աստղագիր թղթին 
Իր վայրկենական վարժ ձեռագըրով 
Շանթն է վերստին ինքնաշարժ գրում՝ 
Ասես պետի պես ստորագըրում. 
Ա՛յն պետի, 
Որի մականունն է Կյանք, անունն՝ Անհրաժեշտ. 
Դու մեկնե՛ս պիտի. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Տե՛ս, 
Ծիր Կաթինը կարծես թե լինի մի ուղեփակոց 
Մայրուղու վրա կողպ Տիեզերքի: 
Բայց ամպերն ահա կծածկեն նրան, 
Ու քեզ կթվա, 
Թե ճանապարհը բացված է արդեն. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Պտղած ծառերը կկտցահարի անձրևը շուտով, 
Բայց չի կարենա կտցածն իր ուտել. 
Նա ընդամենը կտցով կկծի 
Ու ցած կգցի՝ 
Այնքա՜ն են հասած: 
Նո՛ւյնքան հասած է միտքը մեկնումիդ. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Ծառերի վրա, 
Նրանց սաղարթի հովանու ներքո, 
Եվ թռչուններն են համագումարվել. 
Նո՛ւյնպես քննում են հարցը մեկնումի: 
Ու շուտով նրանք սուր եռանկյունով 
Պիտի չափչփեն երկինքն աննկար՝ 
Քարտեզագրման բնազդով ծածուկ: 
Դո՛ւ էլ չես կարող և պիտի չվես. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Քեզ հասկանում եմ և լա՜վ հասկանում. 
Անհայտի կանչը վախեցնում է մեզ, 
Բայց անկարելի-անհնարին է այդ կանչը չանսալ 
Եվ չհետևել այդ ահեղ կանչին... 
 
Հասկանում եմ քեզ և լա՜վ հասկանում. 
Տարածությունը ձգում է այնպես, 
Ինչպես... անդունդը կամ վիհը, 
Հիշի՜ր, 
Ինչպես... անդո՛ւնդը կամ վի՛հը: 
Եվ դու 
Կարո՞ղ ես չափել խորքերը նրանց 
Գլխիվայր անկման քո թիռ-թռիչքով: 
Իսկ մենք մեխված ենք՝ ցուցանակի՛ պես՝ 
Ապրելու տենչով մեխված ենք կյանքին: 
Հանե՞լ ես քեզնից այդ մեխերը դու... 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Մեր ծերությունը 
Կարող է հանկարծ մեզ հարցնել մի օր. 
«Իսկ որտե՞ղ, ասե՜ք, 
Ինչպե՞ս երևաց, 
Ինչո՞վ երևաց 
Ջահելությունը ձեր ամենազոր»: 
Գնո՞ւմ ես: Գնա՛: 
Բայց խորհի՛ր նաև, 
Թե քո ծերության անխուսափ հարցին 
Դու ի՞նչ ես մի օր պատասխանելու: 
 
Ասել-ասում են, թե լավ է այնտե՛ղ,
Որտեղ մենք չկանք: 
Իսկ ես պնդում եմ, որ լավ է այնտե՛ղ, 
Որտեղ չե՛նք կարող չլինել ու կա՜նք: 
Դու ինձ կարող ես հիմա չլսել: 
Եվ մի՛ էլ լսիր: 
Գնա՛, 
Որ ինքըդ նո՛ւյնը հասկանաս 
Եվ հասկանալով նաև հասկացնես, 
Որ աշխարհումըս ճշմարտությունը չի՛ հետազոտվում. 
Ճշմարտությունը ապըրվո՜ւմ է լոկ: 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Կյանքի վճռական բոլո՛ր պահերին
Միշտ էլ լռում են մի քանի րոպե:
Այդպես էլ՝ նաև ճանապարհելիս:
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս,
Նաև` հապշտապ:
Ահա թե ինչու
Հոգուս խորքերում ու լեզվիս վրա
Բազմակետերն են խոսքերին հաղթում,
Եվ ինչ-որ զեռուն բառեր են վխտում՝
«Իհարկե... սակայն... և այսուհանդերձ»...
Եվ, այսուհանդերձ, թերևըս գուցե 
 
-Բարի... վերադա՞րձ:

22.II.1964թ.
Երևան


 < 1 2



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз