ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

***

Բավական է
Ասես «ջանիկ»`
Իրեն կզգա
Նա երջանիկ...
Վա՜յ քո խելքին,
Վա՜յ քո երգին,
Վանդակ ընկած
Դու դեղձանիկ...


***

Նա սուտ է փչում: Թե սուտը բռնես-
«Որսորդ եմ» կասի:
Անհամի մեկն է: Ասես` անհամ ես-
«Նոր սորտ եմ» կասի:
Մարդ է սպանել: Ու եթե բռնես
Հանցանքի տեղում`
Էլի՜ կգտնի արդարացումը.
«Հերսոտ եմ» կասի:


***

Հետըդ «ուռռա» բերեցիր
Եվ ի՜նչ - միայն «վայ» տարար,-
Ուռցըրածըդ` համարիչ,
Զուր ցրածըդ` հայտարար:
Ինքըդ հաշվիր, թվաբա՛ն,
Թե ի՛նչ մնաց քանորդում.
Մի մանրացո՜ղ կոտորակ...
Տե՜ղն է անբան շանորդուն:


***

Թե նա մի քիչ վատ է զգում`
Թեթևակի հիվանդանում,
Վայնասուն է գցում իսկույն,
Ո՜նց է սուգ ու շիվան դնում:
Իսկ դու - կեցցե՜ս. Հրո երկիր,
Թե Սառուցյալ օվկիան ընկիր`
Միևնույնն է, զգում ես քեզ
Բարեհուսո հրվանդանում:


***

Գրաբար բառ է. այդ ի՞նչ ասել է
         «Դաստիարակել»,-
Եվ հասկանում է նա էլ յուրովի`
         «Ղաստի վարակել»:
Անծանոթ բառ է նաև «կրթելը»,
         Բայց նա կրթում է,
Եվ ստացվում է նո՛ւյն բանը կրկին.
         Շա՜տ լավ կրտում է:


***

Շնախոտ լինի,
Թե գինձ ու կոտեմ՝
Ինչ էլ տալիս են,
Ասում է՝ կուտեմ:
Մարսողությունըդ
Ասենք թե սուր է,
Բայց, խելքի՜դ մեռնեմ,
Բա խե՜լքըդ ուր է:


***

Աչք մտնողը աչքի ընկավ`
         Աչք կհանի...
Աչքալույս տաս` աչքի լույսն ես -
         Աչքով կանի.
Աչքիդ չընկավ` աչքի փուշն ես -
         Այնուհետև`
Քեզ նայելու աչք էլ չունի
         Չորսաչքանին:


***

Գործի գլուխ ես`
Գլուխդ է տանում,
Գլխիցդ էլ դուրս տաս`
Գլխով է անում:
Գործից հանեցի՞ն -
Էլ գլո՞ւխ կտա...
Իր գործից լավ է
Նա գլուխ հանում:


***

Ինքն էլ գիտի, որ գործից
Բնավ գլուխ չի հանում,
Բայց արի տես, որ հիմա
Գործի գլուխ է դարձել:
Իր այդ բարձր պաշտոնով
Ոմանց խելքից է հանում,
Սակայն շատ ու շատերին
Նաև խելքի է գցել:


***

Գլխի է ընկել.
Գլուխ է պահում`
Այստեղ ու այնտեղ
Գլուխ տանելով:
Գլխի է ընկել.
Գլուխ է յուղում`
Գլխավորներին
Գլխով անելով:


 < 1 2 3 4 5 6 7 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз