ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

ՍՊԻՆԵՐԸ

Վերքերն արդեն սպիացել
Ու նշան են միայն դարձել
Անցյալ փառքի ու խոյանքի -
Ա՛յն ամենի, ինչ անցել է,
Ինչ ապրել ու զգացել են
Մեր մարմինը ու մեր հոգին:
 
Վերքերն արդեն սպիացել,
Ու կսկիծն է նրանց անցել,
Բայց և այնպես բավական է
Օրվա թերթը նորից բացել,
Տեսնել՝ այնտեղ ինչ են գրում 
Ատլանտյանի այն ափերից.
Բավական է, որ արկերից,
Ամենակուլ կրակներից,
Պատերազմից, մահից խոսեն.
Բավական է ստվեր մի սև
Մոտենա մեր մաքուր խղճին,
Բավական է մի ցուրտ փչի,-
Սկսվում է սպին նվալ,
Եվ այն կսկիծն է արթնանում,
Որ ստիպում էր մորը լալ,
Գրոհի էր որդուն տանում:
Այն կսկիծը, որ հինգ տարի
Ամեն տան մեջ իմ աշխարհի
Աներևույթ հյուր էր դարձել...
Այդ կսկիծն է վաղուց անցել՝
Մեր վերքերն են սպիացել,
Բայց դարձել են ո՛չ թե միայն
Նրան, որ մեր դեմքի վրա
Անցյալ փառքի ցոլքն է փռում:
 
Ում որ պետք է՝ թող իմանա՛,
Որ վերքերն այդ սպիացել:
Փակվել են,
         բայց...
                  իբրև բռո՜ւնցք:

22.VIII.1951թ.
Նավչալու


ԵՐԳ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՍԻՆ

Մոսկվա՜... Եվ չե՛ն ճարվում այն բառերը, որով
Պիտի հյուսվի երգը նրա մասին.
Ե՛րգ, որ արյուն դառնա, մարդկանց երակներով
Արյան նման խայտա, արյան նման հոսի:
 
Ե՛րգ, որ ծանոթ լինի մանկութ երգի նման,
Եվ նոր լինի ու թարմ՝ ինչպես գարուն.
Ե՛րգ, որ հուզի, ինչպես հեռվից եկող նամակ,
Եվ կարկաչի՝ ինչպես հայրենի տան առուն:
 
Որ չլինի նման այն երգերին, որտեղ
Խինդի փրփուրի տակ հուզման գետն է կորչում:
...Սակայն դու էլ, իմ սի՛րտ, այդ դու էլ ես հորդել...
Չկրկնված նոր ե՞րգ... Դու իզո՜ւր ես փորձում:
 
Հիմա ես հասկանում եմ. հապա ինչպե՞ս իրար
Չնմանվեն երգերն այս քաղաքի մասին,
Երբ նույն այս հուզմունքն է պատել նաև նրանց,
Ինչպես որ քեզ պատեց ահավասիկ:
 
...Երգն է տուժում գուցե, բայց շահում է Մոսկվան,
Որի անունը հենց, եթե կուզեք,
Հենց այդ չգրվա՛ծ դեռ, չեղա՜ծ երգի նման
Համայն աշխարհին է կարողանում հուզել:

23.XI.1951թ.
Մոսկվա


ՄՈՍԿՎԱՅԻՑ

Ո՛չ մի բարձունք մերձաստեղ,
Ո՛չ մի Մասիս, Հիմալա՛յ:
Բայց Մոսկվայից, բայց այստեղ
Շատ ավելի հիմա լայն
Ու պարզ, ու լավ ես տեսնում
Չորս ծագերը աշխարհի
Եվ ծագերը այն գալիք,
Որ աննկատ են հասնում,
Ինչպես մանուկն արգանդում,
Ազատությունը՝ բանտում:
 
Ո՛չ մի բարձունք մերձաստեղ,
Եվ Հիմալայ կամ Մասիս:
Բայց Մոսկվայում, բայց այստեղ,
Ինչպես բարձր անհասից,
Ավելի սուր ես դիտում,
Ավելի խո՛ր հավատում,
Որ չի կարող շղթայվել
Ու փականքի տակ պահվել
Ինչպես մանուկն արգանդում՝
Ազատությունը բանտում:
 
Ժխո՛ր, աղմո՛ւկ, եռուզե՛ռ՝
Մի մարդկային ծփուն ծո՜վ:
Բայց ժխորի՛, ծփանքի՛,
Եռուզեռի՛ հենց միջով
Այս եզակի քաղաքի
Փողոցներում է լսվում
Քաղցր զնգոցը բահի
Չինաստանի դաշտերում
Եվ ոտնաձայնը մահի
Վիետնամի վաշտերում.
 
Եվ այն խռովքն ահարկու,
Որ խլրտում է անգամ
Եգիպտական համր ու կույր
Սֆինքսների հոգում քար...
Հենց այստեղի՛ց, հենց այստե՛ղ
Լսում ես պարզ ու հստակ.
Երկիր կոչված այս գնդում
Դարբասներն է բախում փակ
Ինչպես մանուկն արգանդում՝
Ազատությունը բանտում:

25.II.1952թ.
Մոսկվա


ՄՈՍԿՈՎՑԻՆ

-«Սովորական բան է, մանրուք է սա»,- արագ
Պիտի ասի իսկույն
Նա, ով գեթ մի օրով այս քաղաքն է մտել:
 
Այո՛, մանրուք է սա,
Սովորակա՜ն այնքան և հասարա՛կ,
Որ կարող ես անգամ չնկատել:
 
Այսպես՝
         շտապում ես և կամ ման ես գալիս
(Անկարևոր է սա, երկրորդական):
Եվ դու թուխ ես, ինչպես մի հնդկական Վալի,
Եվ աչքերդ շեղ են՝ կիրգիզական:
Եվ աչքերդ սև են - սև խաղողի հատիկ,
Բերանդ է ընդգծված՝ ինչպես արաբ,
Քիթըդ ուղիղ, ասես ֆրագմենտ է անտիկ,
Եվ դու ման ես գալիս քո ժամերին պարապ:
 
Հանկարծ դեմից, կողքից,
Միշտ «ներեցեք» խոսքով,
Մեկը դիմում է քեզ
         և դու կանգ ես առնում:
Նա շեկ մազեր ունի,
         ասես զօծված ոսկով,
Աչքեր՝ կապո՜ւյտ-կապո՜ւյտ,
Բիլ երկինքն է կարծես այնտեղ անդրադառնում:
 
-«Խնդրեմ ասեք, ընկեր,
Ո՞նց կարող եմ ընկնել»...
Եվ նա տալիս է քեզ մի փողոցի անուն,
Ասենք Նիկիտսկու և կամ Կոլորովի:
Եվ հարցնողի մտքով գեթ մի վայրկյան
Չի էլ անցնում անգամ,
Որ դու մոսկովցի չես:
Բոլորովի՜ն:
 
Ռուս է ոտից-գլուխ,
Գուցե և մոսկովցի,
Ռուս է Ռյազանից,
         Դոնից
                  կամ Վոլգայից,
Եվ կանգնեցնում է նա, հարցնում է - հասկացի՜ր -
Մոլդավացուց,
         օսից,
                  չուկոտացուց,
                           հայից:
 
Եվ չի անցնում մտքով
Ոչ մի վայրկյան անգամ,
Որ ում դիմել է նա
Թե նման չէ ռուսի,
         ուրեմն մոսկովցի չէ: 
 
Սա մանրուք է, անշուշտ, սովորակա՜ն այնքան,
Որ պոետի մտքով չի էլ անցնի անգամ
Նստել ու երգ գրել...
 
Երգ չի սա է՛լ, օ չէ՜:
Սա հենց այն է, ինչով Մոսկվան Մոսկվա մնում,
Ինչով նա հաղթում է և ինչով նա հիմա
Ազնիվ մարդկանց սրտում,
         երկրագնդում համայն
Այն անխորտակ,
         անտակ,
         խոր հավատն է ծնել,
Որ գալիք է Մոսկվան ողջ աշխարհի համար
Եվ իսկական բոլոր ազնիվ մարդիկ այնտեղ՝
Վաղվա մոսկովցիներ...

 


25.I.1952թ.
Մոսկվա


ՄՈՍԿՎԱՆ-ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Առա՜նց գրքի ու քարտեզի,
                  առա՜նց թերթի:
Ի՞նչ է, մի՞թե ես տուրիստ եմ կամ օտար եմ:
Յուրաքանչյուր իմ երակով
Եվ տրոփով ջահել սրտի
Ես զգում եմ,
Ես տեսնում եմ խուփ աչքերով
Իմ աշխարհը
         և իմ դարը:
Այո՛, առա՜նց քարտեզների,
                  առա՜նց գրքի,
                           առա՜նց թերթի:
 
Ես տեսնում եմ.
Իմ հոր ձեռքով
Եվ քո եղբոր աշխատանքով,
Անքնությամբ իմ ընկերոջ
Մեր կառույցներն են բարձրանում երկնի ներքո:
Մեր կառույցները վիթխարի,
Որ աշխարհի
Եվ մարդկության զարմացական ճիչն են կորզում.
Անապատով հանկարծ հսկա գետ է վազում,
Իմ Սևանա կղզին այսօր հայացքիդ դեմ
Փոխարկվում է թերակղզու,
Իսկ վաղն արդեն
Կղզու եթե՝
Կղզու ոչ թե կապույտ լճում,
Այլ օրեցօր անտառացող այգիների
Թունդ կանաչում:
Իսկ անտառի կանաչի տեղ,
Ուրի՛շ մի տեղ,
Հանկարծ կապույտ ծով է բուսնում,
Ծո՛վ, որ հլու չորեքթաթ է ինքը տալիս,
Խոնարհաբար ինքը գալիս
Եվ ցանկացած քո քաղաքի դուռն է հասնում:
Իսկ ցանկացած քո քաղա՜քը...
         Ուրիշ էլ ի՞նչ,
Այդ ինչ քաղաք է ցանկալի,
Քան առաջին հերթին ինքը
Մոսկվան կարմիր:
 
Ուրի՛շ բան է փայտը կայմի
Եվ ուրիշ բան՝ նավը ծովում
Եվ ծովն ինքը:
Ամբողջ կյանքում ամեն տեսակ ծովից հեռու՝
Թաղված եղել ու թաղված է
Մոսկվան թավուտ անտառներում,
Որտեղ որքան սիրտըդ ուզի
Դու կճարես և թի՛, և կա՛յմ,
Բայց ոչ երբեք ծով կամ օվկիան,
 
Առա՛նց շեշտի, առա՛նց հանգի,
Առա՛նց ինչ-որ մակդիրների փնտրտուքի:
Ո՛չ, ծնվում է այս երգն այնպես,
Ինչպես մորից առաջնեկն է ծնվում անգին,
Ինչպես հանկարծ սրտիդ խորքում,
Հաճախ նույնիսկ քեզնից թաքուն,
Սերն է ծնվում հանկարծակի:
Իսկ նման է թե սա երգի՝
Այս է պահված նրա խորքում.
-Մոսկվան հիմա դարձել է մի նավահանգիստ
Ո՛չ թե միայն հինգ ծովերի գոռ ալիքի,
Ո՛չ թե միայն նավերի ու նավակների,
Այլև հինգ մայր ցամաքների՜,
Այլև մարդո՛ւ և մարդկության վառ գալիքի:
Ու եթե դեռ ոմանց համար
Մոսկվան հիմա
Մի փարոս է միայն անմար,
Վաղն իսկապես պիտի դառնա
Հանգրվան ու նավահանգիստ,
Ուր պատմության նավն ահագին
Մրրկի միջից ու փորձանքի
Խարիսխները պիտի ձգի
Այս ափերում,
Որ այնուհետև իր արշավը շարունակի
Դեպի լուսե կոմունիզմի կապույտ հեռուն:

[1952թ.]
Մոսկվա


 < 1 2 3 4 5 6 7 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз