ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ

16

Եվ չվախենա՞ս:
 
Ո՞նց չվախենաս,
Երբ քո մարմինը -
Գուցե ի ծնե -
Պատված է՝
         տեղ-տեղ
Դալկությամբ ձնե.
Տեղ-տեղ՝
         կապույտով -
Օվկիաններ ու ծով.
Իսկ քո շատ տեղին՝
Մահացու դեղին -
Խոցերի նման թարախակարմիր
Քեզ այլանդակող քանի՜ անապատ,-
Մի տգե՛ղ մարմին՝
Կապտադեղնապատ:
 
Բայց մի՛ սրտնեղիր:
 
Վաղը կամ մյուս օր,
Երբ որ իմ հզոր
Ձեռքերի առաջ պիտի տեղի տան
Գաղտնասեր նյութի թաքուն դեղատան
Ամենակարող պահարանները,
Միամի՛տ եղիր,
Որ ես կըբուժե՜մ
Քո մեծ ու փոքր Սահարանները՝
Ահեղ Բնության դաժան պըճեղի
Բոլո՜ր հետքերը -
Քո խոր վերքերը,
Թունոտ ու լեղի
Խոցերըդ դեղին:
 
Կըբուժե՜մ:
         Վկա՝
Այն Կարա-Կումը,
Ուր վարակում է
Արդեն կանաչը,
Ուր բարակում է
Անվերջ դեղինը
Եվ - մեկ էլ տեսնես - 
Կար... ու էլ չկա:
 
Կըբուժե՜մ:
         Վկա՝
Այն տափաստանը,
Որ պապակվել է դարեր շարունակ
Ու հետն էլ՝
         Սովյալ անունն է կրել,
Իսկ հիմա այնտեղ -
Ծփուն արտերի մի անդաստան է,
Որ երկրի բոլո՜ր գործազուրկներին
Կարող է մենակ կուշտ կերակըրել...


17

Քեզ հույս եմ տալիս,
Անկեղծ խոստանում,
Որ քեզ,
Սիրելի՜ս,
Չե՛մ թողնի, գնա,
Բայց դարձյա՛լ լալիս,
Չես հանգըստանում:
 
Եվ քիչ է մնում,
Որ չհասկանամ:
 
Բայց հանկարծ - այնպես պարզ եմ հասկանում,
Թե ինչո՞ւ բնավ խոսքի չես գալիս,
Թե ի՞նչն է, որ քեզ հանգիստ չի տալիս:
 
Չէ՞ որ, իսկապես, այնպե՜ս կուզեի
Լինել անկըշիռ
Եվ առանց քաշի,
Որ մեր մարդկային այս մաշկը թըշվառ,
Որ մեր խեղճ կաշին
Անվերջ չըքաշի,
Չըտանի դըժվար
Ա՛յն ծանրությունը,
Որ բնավ չունեն
Այս Լուսին կոչված բոլոր լըրբերը.
Ա՛յն ծանրությունը,
Կշիռն ու բեռը,
Որից զըրկվելու,
Որից փըրկվելու
Վառ անըրջանքից լուռ կըկոցվելով՝
Բարակ ասեղի կետեր են դառնում
Իմ խեղճ բիբերը:
 
Սակայն...
         ի՜նչ արած.
Դե՛հ, սերը սեր է -
Լավ ես, թե վատ ես՝
Ես եմ քո տերը.
Դարձյալ չե՛մ լքի
Ու չե՜մ հեռանա՝
Կըշռազըրկումի հույսով տարվելով:
Դարձյալ չե՛մ լքի
Ու չե՜մ հեռանա՝
Այնքանով գոնե մխիթարվելով,
Թե անկըշռության այդ զգացումը
Դու քնիս մեջ ես երբեմն ինձ տալիս:


18

Սակայն դու էլի չես հանգըստանում:
 
Հասկանում եմ քեզ... մի վերջի՛ն անգամ:
Հասկանում -
         և ի՜նչ.
Ահա մի րոպե
Սիրտըս սկըսեց կըրկին տըրոփել
Իր քենով նախկին
Ու հին չարությամբ՝
Առանց նորօրյա խղճահարության:
 
Վերըստին ահա մտաբերեցի,
Որ պսակելիս չհարցըրեցին.
-«Որդյա՛կ իմ, տե՞ր ես»:
 
Չհարցըրեցին,
Բայց ես հասկացա,
Որ եթե հետո
Խուլ լինես ու կույր, 
Դառնաս կոնդ ու թույլ՝
Քեզ,
Ինչպես որ կաս,
Պիտի ընդունեմ -
Է՜լ քեզ լքելու իրավունք չունեմ:
 
Հետո, իսկապե՛ս, համրացար հաճախ,
Եվ նույնքան անգամ նաև խլացար.
Ով քո օգնական ձեռքին էր նայում՝
Դու ժլատորեն նույնիսկ զլացար
Դատարկ խոսք ասել քաջալերումի,
Ով արժանի էր սրտաբուխ ներման՝
Ոչինչ չարժեցող մի բառ ներումի...
 
Նաև կա՜ղ եղար -
Միջնադարներո՛ւմ,
Երբ դար էր տևում քո ծանր տարին...
 
Եղար նաև կույր,
Հիմա էլ հաճախ
Խառնում ես աջ-ձախ
Եվ չար ու բարի.-
Ում տեսնել է պետք՝
Դու չես նկատում.
Ում սիրել է պետք՝
Նրան ես ատում.
Ում պետք է ատել՝
Ամենից հաճախ 
Սիրով ես պատում,
Տալիս ես շոյանք.
Ում պետք է խոյանք՝
Նրան ոտնում ես.
Ում գրկել է պետք՝
Նրան գետնում ես.
Անարժաններին՝
Հասցընում փառքի,
Արժանավորին՝
Մուրողի պարկի...
Իմ սրտից հիմա արյուն է կաթում,
Արդար չարությունն ինձ մշուշում է:
Երբ չուզելով իսկ՝
Դարձյալ հիշում եմ,
Որ կյանքիդ համար կյանքը վտանգած
Ինքնազոհ քաջին
Չգիտեմ ինչու
Զըրկում ես հանկարծ իր զորեղ աջից.
Փըրկել ուզողիդ
Գամում ես խաչի.
Խաբվում ես հաճախ հուդայող պաչից.
Շոյված խոսքերից կեղծավոր բիճի՝
Կյանքից ես զրկում ուղղամիտ լաճիդ.
Դրախտի հույսով՝
Զըրկվում ես նաև
Քեզ կերակրող խոփից ու մաճից.
Ու չես տարբերում
Պանիրը՝ գաջից.
Հառաչը՝ հաչից,
Ծաղիկը՝ դաջից...
 
Միջակությունը մետրաչափ շինած
Ու սուր մըկրատով ինքըդ քեզ զինած՝
Դու այդ քո մետրով-արշինով-գազով
Չափում ես մարդկանց
Եվ այնպե՜ս խուզում,
Որ նրանք դառնան... հավասար գազոն:
Եվ ո՜նց է ուզում
Մըկրատը քո սուր -
Մինչևիսկ առանց թույլ ափսոսանքի -
Որ կյանքի թավուտ անտառը դառնա
Չափված ու ձևված մի... զբոսայգի...
 
Ու ճիշտ այդպես էլ՝
Հաճախ քեզ համար
Մե՜կ է
Մանվածքի բարակն ու հաստը...
 
Եվ չես ընդունում շողշողուն աստըղ -
Գերադասում ես աստղակույտ - բազումք...
 
Եվ ի՞նչ ես շինել քեզ համար լոզունգ՝
Ինչո՞վ ես դու քեզ շարունակ զինել:
Ինչո՞վ,
Եթե ոչ միշտ նույն... խոստումո՜վ,
Որ սակայն տարբեր կերպ է ընդունել -
Մերթ կոչվել է նա
Նիրվանա
Ու մերթ՝
Դրախտ ու ջեննեթ...
 
Եվ մութ խորքերում քո անձավների
Առավել սակավ,
Քիչ կա ավելի
Կրծոտված ոսկոր վայրի կենդանու,
Քան թե քո մթին բանտ ու զնդանում...
 
Ծնում-սնում ես հազար բռնակալ
Ու... թույլ չես տալիս,
Որ այդ բառն անգամ
Գեթ հնչի:
Օ, չէ՜.
Ստիպում ես դու
Աստվա՜ծ էլ կոչել...
Այսքանից հետո՝
Ո՞նց չըսարսափես,
Ինչպե՞ս չըդողաս,
Երբ քեզ -
Վերջապե՛ս -
Կարող եմ լքել՝
Ձգել -
Հեռանալ,
Քո ամե՜ն տեսակ բեռից վերանալ
Եվ ընկերանալ երջանկությանը -
Տիրանալ հիմա ուրի՛շ մի բախտի:


19

Բայց դեմ եմ կանգնում իմ ցանկությանը:
 
Ո՛չ, 
Մինչև անգամ այսքանից հետո՝
Դարձյա՛լ չեմ դիմի ես արտագաղթի:
 
Սեղմ շըրթունքներիս՝
Սուր ճիչեր թառած,
Սրտիս մեջ՝
Լիքը բողոք ու հառաչ,
Դարձյա՛լ չեմ լքի
Ու չեմ հեռանա,
Բայց...
Դու էլ հիշի՜ր,
Էլ մի՛ մոռանա,
Որ հիմա պիտի քեզ խելո՜ք պահես -
Ո՛չ թե երևաս հնազանդ ու հեզ,
Ո՛չ էլ կոտըրված իմ սիրտը շահես,
Այլ -
         վերջ տաս բոլոր չարությունների՜դ...
Հիշի՛ր, որ տե՜րդ եմ,
Եվ ո՛չ թե գերիդ:
 
Վերին օվկիանոս ու երկնային ծով
Արդ բաց են իմ դեմ.
Կարող եմ արդեն
Վաղը կամ մյուս օր,
Անվախ-անվարան,
Հանգիստ ճամփորդել
Կամ գնալ այնտեղ,
Ինչպես որ այսօր -
Ուղեգիրներով -
Ծովափ են գնում: 
Կամ առողջարան:
 
Կըգնա՜մ...
         Եվ իմ մարմինը հոգնած
Կըթրջեմ հրի անձրևի ներքո -
Չե՛մ վերադառնա հին խոց ու վերքով…
 
Կազատվեմ գուցե թաքուն դողերից -
Արևների մեջ ես ինձ կըսուզեմ...
 
Կընդունեմ ցնցուղ բուժիչ շողերի -
Մաշված ջըղերս թերևըս բուժեմ...
 
Մի երկնաշարժից ցած կիջնեմ փութով,
Եվ այս անգամ էլ անտոմս ու ձրի,
Չըհամարելով բնավ անվայել՝
Մեկ այլ մոլորակ կընստեմ շուտով
Եվ, խիղճըս հանգիստ, կըտրամվայեմ
Կանգառներից զուրկ հսկա մարշրուտով...
 
Իմ հիացագին ապշած աչքերին
Կըշողան բոլոր կրակներն այն ծով,
Որ տեսնում էր իմ Ջորդանո քեռին
Մըսակեր հրի
Բոցերի միջով...
 
Եվ աշխարհներն այն տիեզերական,
Որոնց մասին է հորեղբայրս ասել՝
«Բայց... պտըտվում են»,-
Աշխարհներն այդ նույն
Թե ինձ՝
         լողորդիս,
Վտանգի պահին հեռվից փարոսեն,
Ապա մոտիկից՝
Ինձ ընդունելով,
Օրորեն պիտի՝
Որպես կարուսել...
 
Իմ տեսածներից ես կըզարմանա՞մ,
Թե՞ հիանալով ապշած կըմնամ,
Ու դրանից էլ
Ես էլ միգուցե
Քայլեմ ծուռումուռ,
Ոլոր ու մոլոր,
Ինչպես քայլում է մի ինչ-որ Սիրիուս...
 
Բայց ինչ էլ լինի՝
Չե՛մ մնա այնտեղ,
 
Դարձյալ ե՛տ կըգամ
Եվ իմ շուրթերին
Ես ներողության խոսքեր կըբերեմ,
Որ ամոթահար-քըրտնած սըփռեմ
Քո՛ ոտքերի տակ՝
Միակ տիրուհո՜ւս...
 
Ու եթե քեզնից
Կամ -
Ավելի շուտ -
Չար փորձությունից լինի հրաման,
Եվ վերևներում
Ես -
Լայկայի պես -
Նույնիսկ սատկեմ էլ՝
Ես քե՜զ կըճամփեմ սրտիս զարկերը -
Սըրտիս զարկերի կարդիոգրաման...
 
Իսկ եթե մնամ ես ողջ ու առողջ,
Նույնիսկ կազդուրվեմ,
Ինչպես այնպիսի՛ առողջարանում,
Որ անճարին է նույնիսկ ճար անում,
Ապա 
Ծիրկաթնի հըսկա կամուրջին՝
Կանգառում վերջին,
Իմ կոշիկներից թափ կտամ փոշին տիեզերական
Ու երթագծով վար ընկնող աստղի,
Անօդ անհունի և օդի միջով,
Կըսուրամ կըգամ:
 
Ու եթե իրոք խելքըդ հավաքես,
Այնժամ, հավատա՛,
Ինքս էլ կօգնեմ քեզ,
Եվ գիտե՞ս
         ինչո՛վ:


20

Վերին օվկիանոս
Ու երկնային ծով
Արդ բաց են իմ դեմ:
 
Այստեղից այնտեղ
Մեքենայություն ես կարտահանեմ
Ու կըներմուծեմ նոր մեքենաներ:
 
Ես կարտահանեմ սև միտք ու խավար
Ու կըներմուծեմ նույնչափ... սև խավիար:
 
Ամենայն սիրով ես կարտահանեմ
Կարճամիտ հավկուր-հավատեսների
Ու ոչխարային լավատեսների
Ե՛վ կույր հավատը,
Ե՛վ հեզությունը՝
Ուժից վեր բեռից միշտ շտապելու
Եվ ոչ թե մեջքից ներքև թափելու
Այդ մարդկայնացած հին իշությունը,
Եվ կըներմուծեմ դրա փոխարեն
Լուրջ բաղդատելու 
Ու պաղ դատելու
Հավետ անվըտանգ ա՛յն գժությունը,
Ուր կատաղության նշո՜ւյլ իսկ չկա,
Ու մոլեգնության մի շյո՜ւղ իսկ չկա,
Ուրեմըն՝ չկա չընչի՛ն իսկ առիթ զգուշանալու,
Սակայն -
Չըգիտես, թե ինչի՞ համար -
Լուրջ բաղդատելու
Ու պաղ դատելու
Հավետ անվըտանգ այդ գժությունը
Ենթակա է միշտ... մեկուսացումի,
Եվ այն էլ -
Այն էլ... ո՛չ գժանոցում,
Չէ՛ (երանի չէ՜ր)...
 
Ես կուզենայի
Եվ առևտըրի մի էժանացում,
Որով ճար լիներ
Այս չար աշխարհի հերը անիծել -
Մի նոր ու խորունկ հավատ ստանալ՝
Դառնորեն կորած հույսերի գնով,
Սառը վաճառել՝
Ու ջերմ ստանալ դրա փոխարեն.
Խառնը վաճառել՝
Ու սերմ ստանալ -
Հատի՜կ-հատի՜կ սերմ.
Եվ ճառ վաճառել՝
Ու ճար ստանալ...
 
Ես կուզենայի -
Սեփական անձիս ի գործածություն
Պըղտորված ջրում ուռկան գցելու
Քիչ փորձվածություն,
Երբեք չգործած հանցանքիս դիմաց՝
Փոքր-ինչ թողություն,
Եվ հեշտ կապկելո՛ւ
Ու թութակելո՜ւ
Մեծ կարողություն...
 
Ու ներմուծելով էժանության միտք՝
Կարտահանեի տեղը մտքերի ճոխ էժանություն:
Կարտահանեի և չարդարացվող նոր դաժանություն,
Որ դրա դիմաց ձեզ բավարարեմ
Լայնասըրտությա՛մբ,
Խըղճո՛վ,
Գթությա՛մբ՝
Թեկուզ դա թվա ինչքան հնացած,
Նույնքան միամիտ:
 
Ե՛ս,
Որ լոկ ունեմ
Կիսով քայքայված մի տընտեսություն՝
Տիեզերական շուկա կըտանեմ
Կարի՛ք,
Հո՛գս առատ,
Պակասություննե՛ր,
Որ տեղն ստանամ
Հոգս ու կարիքի քիչ պակասություն.
Եվ հակասության լուծումի հույսով՝
Ես կարտահանեմ
Կարծիք ու փորձի,
Խոսքի և գործի
Զարմանահրաշ մի հակասություն...
 
Բայց...
Մինչև անգամ դիցուք վիզայի հարց էլ չլինի -
Եվ դյուրին լինի հա՜ գնալ ու գալ
Տիեզերական փակ սահմաններով,-
Բայց չէ՞ որ մեկ է.
Սատանա՜ն տանի,
Ախար ո՞վ ինձ հետ առևտուր կանի
Խիստ անհավասար այս պայմաններով:
Եվ այս պատճառով
Ես ինձ չեմ զգում ինչ-որ պետություն,
Մնում եմ նորից ես անհատ մի անձ՝
Ինչքան որ անուժ,
Նույնքան էլ միանձն,
Ու դուրս չըգալով՝
Մնալով այստեղ,
Ահա -
         անհատո՛ւյց -
Ուղարկում եմ ես Երկրի չորսբոլոր՝
Կախյալ ու անկախ,
Հըսկա և փոքրիկ ամե՛ն պետություն,
Խորունկ սիրելու և չդրժելու մի վարպետություն
Ու հետն էլ -
         Ոչ թե իբրև սուտ ռեկլամ,
         Այլ մի ակնառու պարզ ցուցադըրում -
Ես սե՜ր եմ ցրում՝
Հորդ ողողելով
Ու հեղեղելով
Համաշխարհային դատարկված շուկան -
Ունիվերմագներ,
Խանութ ու դուքան...
 
Ինչպես որ շոգից անվերջ բարակող
Առվակի ջուրը բանդից են կապում՝
Ճիշտ այդպես էլ ես
Հիմա բարության
         Որքան անվնաս,
         Նույնքան վարակող
Մի բացիլային հորդ հոսք եմ թափում
Կեսլի-կեսթափուր
Մարդկային սըրտում,
Հանդում ու արտում,
Օդ-մթնոլորտում:
 
Եվ ամեն կարգի՝
         Բաց ու բերանփակ,
         Խորունկ ու տափակ,
Թե՛ մարդկայնության հրում թրծըված,
Թե՛ վառ հնոցից հում-հում վերցըված
Ամե՜ն անոթում
Հիմա տեղում եմ,
Հիմա հեղում եմ,
Նույնիսկ մղում եմ
         Խոր մարդկայնությո՜ւն...
 
Ձեզ իմ հասցե՞ն է գուցե հարկավոր.
 
Ինչո՞ւ եք քաշվում -
Խընդրե՛մ, ի՜նչ կա որ.
Դա պիտի գըտնի
Զավակը՝
         իր մոր,
Թոռը՝
         իր տատի,
Սիրահար տղան՝
Սիրածի սըրտում,
Մեծատառ Մարդը՝
Իր նման Մարդու,
Եվ մյուսներդ էլ -
         Հեռու եք արդյոք,
         Թե մոտ հարևան՝
Խընդրեմ.
Կարող եք հասցեագըրել.
         «Այստեղ,
         Հողագունդ,
         Քաղաք Երևան,
Այն խելառ Մարդուն,
Որ շաղ է տալիս
         Սիրո թարմությո՛ւն -
         Հավատարմությո՜ւն...»:
 
11-15.IV,
3-21.V.1959թ.
Մոսկվա

 



 < 1 2 3 4



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз