ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

I

Ես շատ էի նման այն հեքիաթի կատվին,
Որ երբ մինչև անգամ չքանում է աչքից՝
Վառ ժպիտը նրա դեռ մնում է երկա՜ր...
 
Ես գյուտարարն էի քո այն գեղեցկության,
Որ մի գուցե չկար ինձնից առաջ
Եվ չլինի գուցե ինձնից հետո:
 
Ու նիրհեցի (գուցե և քնեցի՞)
Քո այդ գեղեցկության ստվերի տակ՝
Բոլոր կասկածներս արձակուրդի ճամփած
Եվ ծածկըված տաքուկ այն չգիտեմ ինչով,
Որ կոչվում է... հավա՞տ, վստահությո՞ւն:
 
Արթնացել եմ արդեն:
Օ, չէ՛, արթնացի՜ր:
Եվ իմ գրչի ծայրից, օր-ցերեկով,
Մի պուտ մթին գիշեր հենց նոր կաթեց
Այս միամիտ-անմեղ
Մաքուր-ճերմակ թղթին,
Մաքուր-ճերմակ՝
Ինչպես ինքըդ երեկ...


II

Ես գիտեի հաստա՛տ,
Ես գիտեի վաղո՜ւց:
Դա գիտեի՝ նույնիսկ քո ծննդի՛ց առաջ:
 
Ես սպասում էի և գիտեի՝
Կգա՜ս:
 
Եվ գիտեի նաև, որ ինձ համար
Քո գալստյան օրը պետք է լինի
Սարսափելի, բայց և հանդիսավոր այնքան,
Որքան հավատացյալ մարդու համար
Ակնկալված օրը Ահեղ Դատաստանի:
 
Հավատացյալն եմ ես մշտայցելու սիրո,
Եվ օրերի օրը հասա՜վ. 
-Եկա՛ր:
 
Գործած և չքաված իմ մեղքերի ծովից
Ես դուրս եկա մաքուր՝ որպես որոր ճերմակ:
 
Եվ ինձ պետք չէր դրախտ կամ եդեմյան այգի.
Քաղաքամերձ անտառ և այգիներ կային...


III

Քաղաքամերձ անտառ և այգիներ կային,
Որ ինձ համար դարձան արվեստանոց սիրո...
 
Թե մինչև իսկ կայիր դու ինձանից առաջ՝
Ես քեզ միանգամայն նորի՛ց ստեղծեցի,
Քեզ տվեցի նո՛ր կերպ՝
Ըստ իմ սիրո: 
 
Ու երբ քաշված մի կողմ՝
Քեզ նայեցի հեռվից,
Սառած իմ աչքերը միանգամից դարձան
Անշեղ հիացմունքի կրակարան երկու:
 
Ո՞վ չի սքանչանում իր իսկ ստեղծածով...
 
Իրոք. այդ ես էի, որ քեզ ստեղծեցի,
Այդ ես էի, որ քեզ կյանք տվեցի կյանքում:
Եվ վաղ թե ուշ պիտի դու ապրեիր
Քո առանձի՛ն կյանքով:
 
Եվ ապրեցի՜ր:
 
Իսկ ես միայն մարդ եմ:
Ես աստված չեմ բնավ,
Որ բարկանամ հանկարծ և որոշեմ.
-«Ե՜ս տվեցի քեզ կյանք,
Ես էլ ետ եմ առնում»...


IV

Աղջիկները կյանքում ուռենու են նման.
Շա՜տ արագ են աճում:
 
Եվ աճեցի՛ր:
 
Ինչ ես էի զգում՝ հասցըրեցիր զգալ,
Ինչ ես էի սիրում՝ դու սիրեցիր:
 
Ինձ հետ - կմոռանա՞մ - դու երջանիկ էիր
Ավելի, քան գուցե
         Դաղձը՝ առվի ափին,
         Ցուլի վզին՝ զանգը,
         Ջրհորի մեջ՝ աստղը:
 
-Քեզ ի՞նչ եղավ հանկարծ,
         Իմ բախտավո՜ր...
 
...Քո երգեցիկ քայլից
         Իմ ականջի համար
Անդուլ դղրդացող այս քաղաքի
Դժոխային աղմուկն ու ժխորն էր լռում:
 
-Նվագդ ինչո՞ւ լռեց,
Իմ երգեհո՜ն...
 
...Ոչ մի արդուկ կյանքում չի՜ հարթեցնում կնճիռ:
Քո ձեռքն - ի՜նքդ գիտես - շա՛տ դյուրին էր հարթում.
         -Ձեռքըդ ինչո՞ւ չվեց՝
Ամռան կեսի՜ն...
 
...Սերն իմ գեղեցիկ էր քնած մանկան նման,
Որ ժպտում է նաև՝ երազի մեջ:
 
-Ինչո՞ւ արթնացըրիր՝
Լացացնելո՜վ...
 
...Բայց նման չե՞մ հիմա ես այն մանկանն արդեն,
Որ հարցնում է նաև իր իմացա՛ծ բանից:
 
-Չէ՞ որ ինքս գիտեմ.
Աղջիկները կյանքում
Ուռենու են նման -
Աճում են շո՜ւտ այնպես:
 
Եվ աճեցի՛ր:
 
Հիմա
Ի՞նչ կա զարմանալի,
Որ քո ըստվերի տակ,
Քո շվաքի ներքո
Նաև ուրիշներն են հանգըստանում...


V

Ա՜խ, ես սիրո հարցում երեխա եմ տարեց...
 
Ու ծխամորճն է լոկ իմ ստընտուն բարի
Եվ իմ աղախինը, որ չորս կողմից հիմա
Շրջապատում է ինձ իր հոգատար ծխով:
 
Բայց չորս պատերի մեջ բանտված ծուխը հլու,
Համբերությունն արդեն իսպառ հատած,
Ապըստամբում իր դեմ,
Իմ աչքերն է ճանկռում:
 
Ես ամե՜ն ինչ գուցե կյանքում լինեմ,
Բայց բռնակա՞լ -
         երբե՛ք,
Ինչպես էլ նա կոչվի՝
«Հա՞յր», «ղեկավա՞ր», «արքա՞»,-
                  միևնո՜ւյնն է:
 
Ու ես բաց եմ անում լուսամուտիս փեղկը՝
Ազատություն շահած ծխին ուղեկցելով
Ներողություն հայցող իմ հայացքով տխուր...
 
Նո՛ւյն հայացքով հիմա ուղեկցում եմ և քեզ,
Ավելի ճիշտ՝
Ինքըս նահանջում եմ դանդաղ,
Միշտ դեպի քեզ՝ դեմքով,
Մեջքով՝ դեպի այնտեղ,
Որտեղ դու չես լինի,
Բայց կլինես նաև՝
Թեկուզև այն բարի հիշողությամբ,
Թե քեզ ազատեցի՝
                  չսպասելով
Քո ապըստամբ խոսքին
Եվ ակնարկին անգամ...


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз