ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XVI

Դու մեղք բնա՜վ չունես,
Ես այդ գիտե՛մ, գիտե՜մ:
Եվ ուզում եմ ցավըս արդարացման փոխել,
Բայց և հասկանում եմ, որ դա շատ է նման
Մի աչքը շիլ մարդու այն ձգտումին,
Երբ նա նկարվում է միշտ կիսադարձ,
Կարծես պիտի աչքը շտկի նկարվելով...


XVII

Եվ սևահեր-սևաչ կարոտ կնոջ նման,
Ինձ գիշերն է կանչում-հրավիրում՝
Տաք ժպիտով զառ-վառ իր լույսերի,
Իր գինդերով լամպե,
Ռեկլամ-հեռագրերով:
Եվ չգիտի խեղճը,
Եվ չգիտի, թե ես,
Ե՛ս, որ հայացքով իմ
Անցնող-դարձող կանանց
Մեխում էի մի պահ իրենց տեղում
Եվ տիրաբար անխոս հրամայում.
«Կանգնիր՝ քեզ աչքերով սիրե՜մ մի քիչ»,-
Ես դարձել եմ հիմա ինչ-որ էակ անսեռ...
 
Ու ես դուրս չեմ գնում,
Ես իմ տանն եմ մնում,
Որտեղ մի այնպիսի՛ մթնոլորտ է հիմա,
Այնպիսի՛ գարշ մի օդ, որից հավանորեն
Կսատկեին և՛ ճանճ, և՛ փայտոջիլ...
 
Իսկ աչքերիս առաջ, նույն սեղանին,
Հարցականի պես կեռ նույն լամպն է միշտ տնկված՝
Կոպիդ այնքա՜ն նման լուսամփոփով:
Ու մտքերս են հիմա իմ ուղեղը խածում՝
Իշամեղուների անտես պարսի նման...
 
Ու բերանըս հիմա ասես դուռն է դառնում
Այն մութ քարանձավի, որտեղ ձմռան մուտին
Տարթն են կրակ տալիս հովիվները...
 
Եվ իմ տառապանքը նորից նմանվում է
Մեր լեռնային կեռման կածաններին...
 
Ա՜խ, այդ լեռնաշխարհը...
 
Թե լինեի այնտեղ
Եվ այս կեսգիշերին ելնեի բակ՝
Այս արթըմնի ծանըր մղձավանջից
Դուրս հանելու բարի կամեցությամբ,
Ինձ կդիմավորեր մի ողջ հաչո՜ղ երկինք...
 
Դու չպիտի՛ տեսնես այդ երկինքը երբեք,
Եվ չպիտի՛ զգաս, որ այդ լեռնաշխարհում
Երբ նայում ես վերև՝
Գիշերային երկնին,
Ասես զույգ ա՛չք չունես,
Այլ զույգ հեռադիտա՜կ... 
 
Թե լինեի այնտեղ 
Ու դուրս գայի հիմա
Ձեղնածածկ ու կավե մեր տնակից,
«Քար-կշեռքը» պիտի աչքերիս դեմ ճոճվեր:
 
Ինձ թվում էր, թե նա իր թաթերով
Լույս ու մութն է կշռում ազնըվորեն,
Որ հաշտեցնի երկու վիճող հարևանի՝
Գիշեր-ցերեկվանը:
 
Իսկ հիմա նա
Հավանաբար պիտի իմ կորուստը կշռեր՝
Մի նժարին դրած քո արդարացումը...


XVIII

Գարնան քայլն եմ լսում.
Հասեհաս է արդեն:
 
Իսկ դու հեռանում ես:
-Գնաս բարո՜վ:
 
Գնա՛, սակայն հիշի՜ր.
Կան այգիներ,
Որոնց շուտով երբ դու այցի գնաս,
Ծանոթ ծառերը քեզ պիտի հարցնեն անշուշտ.
-Իսկ ո՞ւր է նա... ո՞նց թե...
 
Դու մտածիր,
Թե ի՛նչ պիտի նրանց պատասխանես:
 
Կա նստարան կանաչ:
Պիտի կանչի նա քեզ,
Եթե մինչև անգամ փոխես ճանապարհըդ,
Եվ իր կանաչ դեմքը թուխ բիբերիդ հառած՝
Պիտի հարցնի.
-Ո՞վ է այս օտարը կողքիդ...
 
Լիճ կա զբոսայգում,
Կան նավակներ ափին:
Ամեն անգամ հենց որ թիերն անվարժ բանեն՝
Ջուրը պիտի հարցնի.
-Ո՞նց թե... առանց նրա՞...
 
Ճոճ կա լճի ափին,
Հսկայակա՜ն մի ճոճ,
Որ պտույտ է գործում շուրջանակի
Եվ զույգեր է ճոճում՝
Նրա՛ համար կարծես,
Որ նոր ծնված սերը հասունանա:
 
Ճոճն այդ,
Քեզ տեսնելով ուրիշի հետ՝
Իր պտույտով պիտի գծի մի մե՜ծ... զրո:


XIX

Ես չեմ եղել Համլետ,
Չեմ էլ ուզում լինել.
«Լինել-չլինելը» մեզանից չէ կախված...
 
Եթե պետք է, որ ես ո՛չ ինձ նման լինեմ,
Այլ անպատճառ ինչ-որ ուրիշ մեկի նման,
Ապա ես կուզեի, շա՜տ կուզեի
Լինել շեքըսպիրյան մի խեղկատակ,
Որ ասեի հենց այն,
Ինչ բոլորը գիտեն,
Բայց բարձրաձայն ասել չեն հանդըգնում...
 
Սակայն ես դեռևս քեզ սիրում եմ այնքան,
Որ, է՜հ, դուրս եմ գալիս իմ երազած դերից
Եվ կաշխատեմ հագնել Առլեկինի դիմակ.
 
-Սուտ սե՜ր պիտի խաղամ, անհա՛յտ Կոլոմբինա...


XX

Արդյոք չէի՞ր ուզի գեթ մի պատառ լեգենդ:
 
Աստված, երբ Մովսեսին գերապատվեց՝
Բոլորի մեջ նրան նախընտրելով,
Եվ պատվիրեց իր ձայնը հասցընել
Մեղքերի մեջ թաղված ժողովրդին,-
Աստված, որ աստված էր՝
Չէր նկատել մի բան.
Իր Մովսեսն էր թլվա՛տ, կակա՛զ, ծանրալեզո՜ւ:
 
Աստծու համար ի՜նչ կա.
Ամենազոր է նա:
Եվ թույլ տվեց աստված, որ իր զրույցներին
Ներկա լինի նաև Ահարոնը,
Որ, իհարկե, ուներ ճարտար լեզու:
 
Մովսեսի պես թլվա՜տ,
Մովսեսի պես կակա՛զ՝
Ես որտեղի՞ց գտնեմ մի Ահարոն,
Որ քեզ սիրող սրտիս պատվիրաններն ամեն
Ականջիդ մեջ թողնի՝
Հեռանալուցս առաջ:
 
Սակայն ինչի՜դ են պետք պատվիրաններն իմ սուտ.
Չէ՞ որ ամեն նոր սեր իր նոր օրենքն ունի,
Ուրեմն ունի նաև արդարացումն իր նոր...
 
Ու ես պիտի մեռնեմ որոշակի մահով.
-Մի օր ես խեղդամա՜հ պիտի լինեմ,
Սակայն ո՛չ թե ջրում,
         թեպետ մինչև այսօր
Չեմ սովորել գոնե կյանքում փո՜քր-ինչ լողալ:
Ապրած-զգացածըս ասել չզորելո՜ւց
Ես կխեղդվեմ մի օր՝
                  ինչպես մահանում են
Կոկորդի մեջ խցված սուր ոսկորից...


 < 1 2 3 4 5 6 7 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз