ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XXI

Բոլոր փողոցներում՝
                  քամիների ժողով,
Իսկ խաչմերուկներում՝
 
                   խորհրդակցություն բքի.                    
-Ի՞նչ են քննում արդյոք,
Ի՞նչ կորոշեն:
Իսկ ես...
         արդեն խորհել
                  ու մտածել եմ ես,
Ինչ որ ծածուկ էր դեռ՝
Արդեն բացել եմ ես,
Եվ մեկընդմիշտ՝ ցավով՝ արդ հասկացել եմ ես,
Որ դու գիշերային իմ սարսափն ես անանց.
-Թույլ տուր մի քիչ քնե՜մ...
Եվ այն ափն ես հեռու,
Որ ընկած է անծիր օվկիանոսից անդին.
-Եթե այստեղ՝ գիշեր,
Այնտեղ ցերեկ է վառ...
 
Այս առաձիգ կյանքի ցատկան լարի վրա
Թե ես՝ լարախաղաց,
Դու այն ձողն ես փրկիչ,
Առանց որի վաղուց փշրել էի գանգըս...
 
Դու՝
         վրիպա՜կ իմ սեր,
Եվ այնպիսի՛,
Որին շտկում չկա,
Ու դրանից
Աղճատվում է կյանքի իմա՜ստը ողջ...
 
Եվ ինձ ի՞նչ է մնում, որ ի՞նչ անեմ:
 
Թե իմ տառապանքից ես արձաններ շինեմ՝
Դու կարող ես իսկույն մի կռատուն դառնալ,
Ուր կարող է անթիվ տոտեմների
Մի ո՜ղջ կենդանական աշխարհ լինել.
Բացի շնի՛ց գուցե,
Որ տոտեմն էր կարծեմ հավատարիմ սիրո...
 
Սակայն կուռք են կերտում լոկ հավատի՛ց դրդված
Եվ հավատի՜ համար,
Ինչ ես չունեմ հիմա,
Ու թե տառապում եմ՝
Ա՛յդ պատճառով...
 
Ու ես տառապանքից խաղալիք եմ շինում,
Որ... ինձ նման տարեց մանուկներին խաբեմ...


XXII

Եվ իջնում է ահա մի գոգավոր գիշեր,
Ասես հսկայական մի կափարիչ մրոտ:
Եվ զգում եմ հիմա իմ սեփական կաշվին,
Որ - հակառակ խելոք օրացույցի պնդման - 
Գիշերներն են աճում ցերեկների հաշվին...
 
Դրսում վրնջում է սանձակոտոր քամին՝
Իր զամբիկից զրկված հովատակի նման:
Եվ իմ կուրծքն է իջնում ու բարձրանում շուտ-շուտ՝
Անխղճորեն քշված ձիու կողերի պես...
 
Մե՜կ էլ անակնկա՛լ,
                  ռադիո-ալիքներով,
Առանց դուռ բախելու՝
                  օգնության է գալիս
Բախը բարությամբ իր աստվածային:
Անշունչ երգեհոնը տառապյալ է դառնում.
Ընկնում-վերականգնում՝
                  ավաղանքի ծխով
Ճշմարտում է սերը զուգակշիռ ցավին
Եվ անձնադատ խոսքով պատժապարտում իրեն:
 
Ու ես վերանում եմ,
Այս աշխարհից պոկվում,
Ու ես կորցընում եմ զգացումը կշռի:
Բայց... հիշում եմ հանկարծ,
Որ այսպես էր լինում,
Երբ գլուխըս հանգչում քո ծնկներին
Ու ճակատս էր շոյվում քո ափերով տաքուկ:
 
Վերացումի այդ կարճ-երկար վայրկյաններին
Ես հավատում էի մարդկայնորեն,
Որ կարո՛ղ են լինել և իսկապե՛ս որ կան
Ուրիշ մոլորակներ և աշխարհներ ուրիշ,
Որտեղ չկա կշիռ ու ծանրություն...
 
...Հիմա կշռում եմ ես երեք հազար չորս փութ,
Եվ չի կարողանում հողն ինձ կրել.
-Նրա կեղևի մեջ իմ ոտներն են խրվում՝
Սեր ու կորուստ չափող կարկինի պես...


XXIII

Բքի հարվածներից ծառերն ահա
Խեղճ-խեղճ կկոցում են աչքերն իրենց:
Ե՞ս եմ արդյոք լալիս,
Թե այդ՝ ձյունն է հալչում
Տառապանքից ջերմած դեմքիս վրա...
 
Իմ տղամարդ տեղով լաց եմ ուզում լինել:
Ի՞նչ կա ամաչելու.
Հապա ինչպե՞ս,
Բա ո՞նց...
Չէ՞ որ հիմա ես մի թանկ մեռել եմ թաղում,
Այն էլ՝ ո՜ղջ ու առո՜ղջ,
Ապրո՛ղ ու կենդանի՜...
 
Գիտե՞ս, թե ինչպե՞ս են մեռելատեր մարդուն
Մխիթարում մերոնք՝
Լեռնաշխարհի մարդիկ.
«Աստված ձեռիցդ առավ,
Թող սրտի՛ցդ էլ առնի»:
 
Քեզ իմ ձեռքից առա՜ն.
Մեռելատեր եմ ես:
Իսկ ե՞րբ պիտի գնաս և իմ սրտի՜ց, սրտի՜ց...
 
Իսկ թե ի՜նչ է լինում իմ սրտի՛ հետ, գիտե՞ս:
Հարմար բառը գտնել այնքան հեշտ հիմա,
Ինչքան որ աստըծուն բակում հանդիպելը:
 
Եվ այստեղ է, ահա, որ չես կարող
Չնախանձել,
                  թե կան այլ լեզուներ,
Որ և՛ բաժանումը , և՛ պայթումը սրտի
Նո՛ւյն բառով եմ կոչում,
Նույն մե՛կ բառով...


XXIV

Եվ ուզում եմ ասել քեզ երկու խոսք:
Ու խցիկն եմ մտնում հեռախոսի:
Բայց հիշում եմ հանկարծ, որ ամիսներ առաջ,
Երբ ես խոսում էի հեռախոսով քեզ հետ՝
Սառած լսափողը շիկանում էր ձեռքիս
Քո կարոտի խոսքից ու շշուկից սիրո:
 
Ինչպես ոսկորի մեջ ծուծն է մնում՝
Լսափողի մեջ էլ մնում էր քո ձայնից
Ինչ-որ ալիք մի տաք,
Ու ես -
Գազանի պես -
Պատրաստ էի ջարդել,
Միայն թե դուրս հանեմ...
 
Հիմա, հավանաբար, լսափողով այդ նույն,
Ինչպես մութ անցուղով,
Պիտի մի ցուրտ սողա,
Մի միջանցիկ կեղծիք...
Ու ես 
Անմիջապես
Ձեռքըս ետ եմ քաշում լսափողից՝
Ա՛յն գազանի նման, որ սխալմամբ
Թաթն է հանկարծ դնում ոզնու վրա:


XXV

Ասեղներ են հոսում ամեն ջրհորդանից:
Ասեղների հոսք է և իմ ներսում...
 
Մեծքթանի մի ամպ առաջ մեկնած դնչով
Հոտոտում է հեռվից մի երկնաքեր շինվածք,
Որ երևի նրան ուրույն կին է թվում՝
Սլացի՜կ ու ճերմա՜կ,
Հնարավո՛ր սիրով...
 
Ես իմ տառապանքից տոկունություն հյուսում
Եվ ձգտում եմ կախվել կանանց թարթիչներից.
-Գոնե չլինեի՜ն այսքան ներկված-սարքված...
 
Եվ կտրելով իսկույն՝
                  հրթիռի պես
Հայացքս եմ վեր նետում
Ու նկատում,
Որ մեկ ուրիշ սև ամպ, իտալիաձև՛
Իր կոշիկն է կախել ուղիղ գլխիս.
-Ո՜ւր էր թե հարվածեր՝
Խելքի գայի...
 
Ա՜խ, թե խելքի գայի
Ու չզգայի,
Որ քո մաշկով էին իմ մատները սնվում,
Մինչդեռ հիմա, երբ ես քեզ եմ դիպչում հանկարծ՝
Ընկրկում եմ իսկույն բնազդական վախով,
Ասես հանկարծ դիպա էլեկտրական լարի.
-Իմ մատները քեզնից օտար հոտ են առնում...
 
Եվ համբուրում էի ես այն տեղերը քո,
Որ տարիներ հետո խորշոմներ են տալիս.
-Այդ խորշոմներն արդեն ե՛ս չպիտի տեսնեմ...
 
Օր ու գիշերները հաշվված ժամերն իրենց
Ծախսում են միշտ՝ տնտես մի տանտիրոջ նման:
Սակայն կույրի վե՞ջն է, թե թանկ արժե մոմը:
 
Մենք՝ կուրացած սիրուց
Ու կուրացած բախտից,
Ցերեկ էինք վառում գիշերվա մեջ
Եվ գիշերվա հաշվին ձգում ցերեկները...
-Ո՞վ կարող է ասել, թե այդ ե՞րբ է հասնում
Իր չհաշվված սիրո օրահավասարը...


Սկիզբ  < 2 3 4 5 6 7 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз