ՔԱՐՏԱՇԸ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՏԻՊ ՊՈԵՄԸ
 
        «Քարտաշը (գրական պորտրետ)» պոեմը Պ. Սևակի անտիպ գործերից է: Ինքնագիրը՝ մաքուր, ընթեռնելի, 15 էջ ծավալով, պահպանվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Գուրգեն Մահարու ֆոնդում (թիվ 349): Պարույր Սևակն այն գրել է 1947թ.: Բաղկացած է 402 տողից: Առաջին էջին մատիտով կա մակագրություն՝ «Ընկ. Հարությունյանին: Քննել երիտասարդ գրողների սեկցիայում: Հ. Քոչար»: Դարձյալ առաջին էջին մատիտով ավելացված է՝ «Ինչ քննել, տաղանդավոր պոետ է... 1947, ստորագրություն»:
        1947թ. Հրաչյա Քոչարը Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար էր: Հարությունյանը կա՛մ գրականագետ Սուրեն Հարությունյանն է, որը 1947-1949թթ. արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահն էր, որտեղ 1946-1949թթ. Պ. Սևակն աշխատել է որպես մամուլի բաժնի խորհրդատու, կա՛մ Սաղաթել Հարությունյանը, որը 1946-ից ՀԳՄ անդամ էր: Սևակը՝ ՀԳՄ անդամ է դարձել 1949-ից: Հավանաբար վերջինն է, որ Սևակից երեք տարով մեծ էր և երիտասարդ գրողների բաժանմունքի եռանդուններից էր:
        Ինչպես է այն հայտնվել Մահարու թղթերի մեջ: Առաջին աքսորից Մահարին վերադարձել է 1947թ. օգոստոսի 9-ին և օգոստոսի 20-ին արդեն Երևանում էր, իսկ երկրորդ աքսորի ուղարկել են 1949թ. մարտի 5-ի դատավճիռով: Մահարուն սիրով «գտան» երիտասարդ բանաստեղծները, որոնց մեջ, ըստ Մահարու ինքնակենսագրության, նաև Պ. Սևակն էր (Գ. Մահարի, Երկերի ժողովածու, հ. 1, Ե, 1966, էջ XIII): Գրողների միությունից և հատկապես Հ. Քոչարից նա նեղացած էր, որովհետև «վերջինս մերժել էր տպագրել նրա ստեղծագործությունները, անգամ Ստեփան Շչիպաչևից կատարած թարգմանությունը» (Դ. Գասպարյան, Փակ դռների գաղտնիքը, Ե, 1994, էջ 66): Մահարին ապրում էր անվստահության մթնոլորտում, և հազիվ թե Քոչարը նրան ներգրավեր ԳՄ աշխատանքների մեջ, առավել ևս, որ Քոչարը Ն. Զարյանի հետ մեկտեղ այն խմբի գրողների մեջ էր, ովքեր 1937-ին աքսորի կամ գնդակահարության էին ուղարկում իրենց գրական ընկերներին, որպեսզի ավելի ուշ ստեղծեին իրենց գրական «կոլխոզը»:
        Պոեմը Մահարուն կարող էր տալ հենց ինքը՝ Սևակը, կարծիք իմանալու համար: Պոեմի ձեռագրի կողքին կան դիպուկ նշումներ, որ ամենայն հավանականությամբ կատարել է Մահարին: Վրա է հասել երկրորդ աքսորը, Մահարուն ձերբակալել են, և այդ պոեմն այդպես էլ մնացել է նրա թղթերի մեջ ու հայտնվել նրա պահոցում:
        Ձեռագրի համապատասխան տողերի կողքին արվել են այսպիսի լուսանցանշումներ.
        20-30-րդ՝ «Այսքան հեռավոր հանգ!»:
        114-րդ՝ «Ո՞ւմ դեմ է»:
        127-131՝ «Շինծու է»:
        219-224՝ «Ե՞րբ դարձավ քարտաշ»:
        230-234՝ «Լավ է»:
        307-309՝ «Հակառակը՝ Վիլհելմը թուրքի յաթաղանով»:
        324-334՝ «Որդու սպանվելը չի հուզում, որովհետև նա անծանոթ է ընթերցողին»:
        343-344՝ «Վերքը չի ծածկվում սպիներով, այլ սպիանում է»:
        355-354՝ «Ինչացո՞ւ է այս ներգաղթը»:
        366-367՝ «Շինծու համեմատություն է, որ ճիշտ չէ»:
        Պոեմը մի քարտաշի դիմանկարային ակնարկ է, բնույթով պատմողական երկ: Նյութը՝ այդ տարիներին խրախուսվող աշխատանքային առօրյան, աշխատավորի կերպարը: Իսկ այս քարտաշը նաև հայրենադարձ է և ծանրաբեռնված է պատմական հիշողություններով: Սևակն արձագանքում է նաև 1946-ի հայրենադարձությանը:
        Սա այն Սևակը չէ, որ 1942-ին տպագրեց իր առաջին հզոր բանաստեղծությունները, այլ այն Սևակը, որը նախապատրաստում էր առաջին՝ «Անմահները հրամայում են» (1948) գիրքը: Հրապարակում ենք որպես Պ. Սևակի գրական ժառանգության նորահայտ մի էջ՝ հուսալով, որ վերջապես արդեն անհետաձգելի անհրաժեշտություն կդառնա նրա երկերի ժողովածուի ամբողջական գիտական հրատարակությունը:
 
ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

I

Նա հասարակ քարտաշ է ձեռքերով կոպիտ,
Փոքր ինչ կուզիկ է - այր մի տարեց:
Հոնքերը թավ են: Աչքի կոպին
Փոշու մի խավ է հանգիստ թառել:
Ճակատը լայն է: Փունջ մի մազի,
Որ օրորվում է անգամ հազից,
Կիսով օղակվել և աննշմար
Կազմել է ահա հարցական նշան:
Նա անխոս է միշտ, անխոս ու լուռ
Եվ լռությունն այդ իմաստալի
Ահա այս մուրճն է լոկ թարգմանում:
Իսկ նա, այդ մուրճը,
Օ, ինքնասեր է ամեն բանում,
Հպարտությամբ է հպարտանում:
Այսինքն նա, այդ փոքրիկ մուրճը,
Լոկ իր ձայնին է ականջ դնում,
Երբ անտարբեր են հանդեպ նրա,
Երբ չեն նկատում նրան շուրջը...
Եվ մենք, որ այսքա՛ն, այսքա՜ն լուրջ ենք,
Իսկապես՝ ե՞րբ ենք լսել նրան...


1

Դեռ արևից կանուխ նա նա գալիս է գործի,
Հեռու ծայրամասից, հաճախ ոտքով
(Տրամվային նայես՝ կուշանաս դու գործից,
Տրամվայի պարկից դե բոլորն են դժգոհ):
Նա քայլում է արագ, քայլվածքո՜վ մի փութկոտ,
Որ հատուկ է բոլոր գործի մարդկանց:
Քայլում է նա, սակայն թույլ կկոցված աչքով
Շուրջն է նայում: Կարծես նորավարտներ չկան,
Մինչդեռ կիսակառույց՝ որքան ուզես:
Ասես թե հաճույքով իր ուսերը ճկած
Ծանրության տակ մուրճի, նա անցնում է շուկան,
Թեքվում է դեպի վերև:
Նոր շենքեր են բուսել
Այս ու այն կողմ - ամեն քայլափոխում:
Քաղաքն ասես լինի մի անավարտ նկար,
Որի վրա իրենք-
Վարպետ արվեստագետ նկարչի պես,-
Ամեն ժամ ու վայրկյան
Քսում են նոր գույներ ու հին տեսքը փոխում:
...
 
...Եվ հասնում է ահա նա գործավայր,
Ուր անավարտ շենքը, հորանջով մի անփույթ,
Նոր արթնացած կարծես անգոյության քնից,
Բարձրանալու անհագ ցանկությունով, հիմա
Սպասում է նրան...
Նա գոգնոցն է կապում,
Ձեռքն է առնում մուրճը և հազում է անհայտ,
Ո՛չ - հազում է վստահ և բանիմաց...


2

Բարձրանում են պատեր, կամարներ են կոչվում,
Տաշվում են ապարներ համառ ու հաստակող,
Անձնատուր է լինում գրանիտը կռվում,
Տուֆը հիացմունքից ժպտում է գոհ:
Հարվածի տակ մուրճի և ուժի տակ կռան
Քարերն ամեն կարգի և ամեն բնույթի,
Համաձայնվում, զիջում, նստում իրար վրա
Ու լուռ զրուցում են և իրա՛ր հետ և մեզ,
Լռության խոր-լեզվով ու բարբառով դյութիչ...
...
 
Կառուցվում է տունը...
Քարե հիմքի վրա
Ելնում են պատերը նույնպես քարից.
Լուսամուտներն ահա, իբրև աչքեր բարի,
Ցանցաձև քիվերի - թարթիչների
Պայծառ և լուսավոր սրտերի տակ
Փայլ են տալիս նրան կենդանության:
Դռան շրջանակը, առայժմ բաց, անդուռ,
Կարծես պատուհանին փեղկի համար խանդում
Եվ լուռ համրանում է շեմքի վրա:
Իսկ թաց
Աշնանային հողը, օծված ավիշներով,
Բուրմունքներ է փռում առավոտյան օդում...
Ասես ծխում է մի անուշահոտ կերոն
Ու իր հոտով ողջը, ողջը պատում:


3

Եվ հոտևան աշնան բուրմունքներից գինով,
Նա հիշում է մեկից, միանգամից, հանկարծ...
Ծանո՛թ, ծանո՜թ է այդ հիշողությունն այնքան,
Ասես լինի տեսած մի հին կինոնկար...
 
Եվ ակամա, խոր մի բնազդով թաքուն,
Դանդաղում են, փափկում հարվածները մուրճի...
 
...Նա մանուկ էր այնժամ: Մինչ հայրը գար գործից,
Մինչ երեկոն իջներ, նա տան բակում,
Ընկուզենու շքեղ ստվերի տակ,
Մաշված գորգի վրա, տատի կողքին նստած,
Խորասուզված այնպես խաղում էր լուռ:
Այգում
Բարձրանում էր հանկարծ աշնան քամին,
Բարձրանում էր հանկարծ, քշում միանգամից
Տանում գլորում էր, խճճում էր հողով
Հին կծիկը տատի...
Մինչ տատը մեղմաբար
Խաչակնքում դեմքը, փնթփնթում էր, ապա
Դանդաղ ելնում ոտի,-
Իբրև բողոք
Իր իսկ պտուղներն էր գետնին թափում
Բեղուն և ծանրահակ խնձորենին...


4

Նա մանուկ էր սակայն և չգիտեր այնժամ,
Որ ո՛չ աշնան քամի, այլ սամում էր պայթում,
Որ կծիկը իրենց գոյության ու բախտի
Ո՛չ թե խճճվում էր, այլ թել առ թել փրթվում,
Որ արդար իր հայրը իր իսկ հերկած արտում
Սպանվել էր..., Մայրը ընկել խոնավ տախտին,
Տան ապավեն կովի բութ հայացքի ներքո,
Կաթնադույլի առաջ և կաթի հետ խառնած
Մայրական արյունը...
Ճանապարհը գաղթի
Ձգվե՛լ, երկարե՜լ էր դեպի առաջ,
Անկարեկից, մթնած երկինքների ներքո...
Լոկ լսվել էր հեռվից մորթվող կովի բառաչ,
Աղաղակներ դաժան.
Ու երգել էր քամին - ուրախ ու ինքնագոհ,
Որպես հարբած խուժան...


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз