ՔԱՐՏԱՇԸ

5

Եկավ նամակ: Լուրեր: Եվ ավետիք խնդուն:
Մտնում էին մերոնք հողը գերմանական:
Խոստանում էր որդին շուտով, շուտով գալ տուն:
Մայրը սպասում էր...
Գարնան մի օր սակայն
(Թող միշտ գարուն փռվի մեր աշխարհին),
Գարնան մի օր... Մայրը անարտասուք սգաց...
 
Հոր մուրճն այդօր հոգնած հանգավ կարմիր քարին...


6

Եվ լռեցին նրանք ամիսներով
(Կորըստյան կսկիծը չուներ խոսքի կարիք)...
Ու մնային պիտի կարծես այդպես «խռով»,
Թե չլիներ դուստրը՝ փոքրիկ Մարին,
Որ ժպիտով անմեղ ու մանկորեն բարի,
Եվ միամիտ իր բյուր հարցումներով
Արծարծում էր խոսքի և զրույցի կարիք...
...
 
Կյանքը իրենն արավ. - Չանցած տարին
Անագորույն վերքը ծածկվեց սպիներով...


7

Եվ ժամանակ չկար: Ամեն մի անկյունից
Նայում էին տներ կիսակառույց
Ու քիվերով կարծես ձեռք կարկառում,
Օգնության ձեռք... երկրի ամեն մի անկյունից...
Նայում էին շենքեր ավեր, կիսակործան,
Եվ քաղաքներ - այրված կմախքներով իրենց...
 
Վարանումը մեղք էր, դանդաղումը՝ հանցանք...
Եվ ժամանակ չկար - պետք էր վերաշինել...


8

Այնուհետև՝ շտկում բախտի հին սխալի՝
Միշտ նույն, միակ արդար և մեծ մարդու ձեռքով:-
Օտար, անկարեկից երկինքների ներքո,
Ցրված ափունքներին ողջ աշխարհի,
Աստանդական, պանդուխտ, անօթևան
Հայերի չուն դեպի Մասիս, Սևան,
Մայր Հայաստան դեպի...
 
Անդարձ երջանկության, հույսի քարավաններ...
 
Կարո՞ղ ես հուզմունքդ կառավարել...
Շրթներդ չե՞ն այրվում ուրախության տապից...
...
 
Օ, ի՜նչ երջանկություն, եթե իր հին տնից
Փրկված մեկը գար ետ...
Միջում առավոտյան
Մասիսները - երկքիստ, կրկնակատար-
Կարծես թե ձուլվում են՝ իբրև խորհրդանիշ...


9

...Եվ արևից կանուխ նա գալիս է գործի,
Կարծես թե հաճույքով ուսը ճկած
Ծանրության տակ թեթև իր կարճատուտ մուրճի,
Շուտով հասնում է, տե՛ս, նա գործավայր,
Որտեղ սպասում է դեռ անավարտ
Տո՜ւնը, նրանց տունը, որ հորանջով մանկան
Անգոյության քնից նոր արթնացած կարծես
Ժպտո՜ւմ է քաղցրորեն...
Դեռ չըհագած
Իր գոգնոցը կաշվե, մուրճը չառած դեռ տաք,
Մի պահ նայում է նա քարաշեղջին անտաշ,
Նայում է մի հայացքով սովոր ու սուր,
Ասես թե տեսնում է մի նոր ավան, նոր թաղ
Իր աչքերի հանդեպ...
Եվ բանիմաց
Նա հազում է այնպես, հազում այնպես խորունկ,
Կարծես ոչ թե պիտի տուֆքար տաշի հիմա,
Այլ մի վերջին անգամ երգի «Կռունկ»:


 < 1 2 3 4 5 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз