ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ԵՍ ՀԱՅՐ ԵՄ

Երբ անլուսընկա ու պարզ երկնքում
Աստղաբներ են երևում նորից`
Բնակալներով իրենց հատ ու կենտ
Կամ թխսկան հայցող ձվակույտերով,
Երբ իր սև կաթով գիշերը բարի
Շեկ լուսաբացն է մայրաբար սնում,-
Կրկին խոսում է հայրությունն իմ մեջ:
 
Աշխարհի բոլո՜ր որբ մանուկներին
Որդեգըրելու այն միտքը կպչուն, 
Որ սոսնձվել է իմ հիմար սրտին
Ու դարձել նրա թաղանթը երկրորդ, 
Այդ միտքը նորի'ց-կրկի'ն-վերըստի'ն
Ճչում է իմ փակ երակների մեջ:
Ուզում եմ, որ ինձ «հայրիկ ջա՜ն» կանչեն
Աշխարհի բոլո՜ր-բոլո՜ր ծայրերից:
Ուզում եմ, որ գան, 
Թղթերս խառնեն, 
Քաշեն մազերըս, 
Նստեն ծնկներիս, 
Պաչպչվենք ամուր, 
Եվ պարզ նկատեմ
Իմ իսկ սեփական նմանությունը
Բոլորի՜ դեմքին, 
Շարժուձևի մեջ-
Շեկ լինեն թե թուխ,
Աղջիկ թե տղա...
Ես կասկած չունեմ, 
Որ եթե հանկարծ գա մի հարցասեր
Եվ ինձ` քնածիս, 
Ինչպես որ հարկն է դեռ չարթնացըրած`
Հարց տա.
_Ի՞նչ ես դու ամենից առաջ,-
 
 
Ես կասկած չունեմ,
Որ դեռ չզարթնած, 
Դեռ քունը գլխիս.
-Ամենից առաջ ես հա՜յր եմ, - կասեմ....

19.XII.1959
Թիֆլիս


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз