ԱՆՏԻՊՆԵՐ

ԽՈՍՔ ՎՇՏԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում,
Եվ թախիծին անսովոր մեր դեմքերից, աչքերից,
Միշտ վեր պարզված, բոցի պես ջերմացընող ու գերիչ
Դրոշներից մեր այսօր տխրություն է ցած կաթում...
Այսօր թաղում են նրան... Այսօր ամբողջ հինգ րոպե
Մեր սրտերը խոր ցավից կդադարեն տրոփել:
Կդադարեն հինգ րոպե, որ այնուհետ առանձին
Զորեղությամբ տրոփեն հանուն նրա սուրբ գործի:
Այսօր ամբողջ հինգ րոպե կդադարի և շարժում,
Եվ աշխատանք՝ իմ երկրի ամեն ծայրում ու մասում:
Կդադարի հինգ րոպե, որ այնուհետ անդադար
Մեր հաղթարշավն ընթանա մի կատարից նոր կատար:
Այսօր գուցե հինգ րոպե նենգ թշնամու կրակին
Վյետնամցին չի տալու պատասխանն իր շեշտակի:
Կորեացին հինգ րոպե զենքը կրծքին կսեղմի,
Որ դադար տա վրեժին և իր կսկիծը մեղմի:
Լոկ հինգ րոպե, որ հետո դադարի տեղ կարճատև
Թշնամական դիրքերում գնդակները ճարճատեն,
Գնդակները կռվողի վիշտը փոխեն վրեժի...
Այսօր գուցե հնդկացին անվերադարձ որոշի
Իր ճանապարհը կյանքում և իր կյանքը՝ աշխարհում-
Որ չքանա իր հողից անդրծովյան վաշխառուն:
Խեղճ, ալեզարդ հույն մայրեր... Ձեզ հասկանում եմ հիմա.
Իբրև վերջին հույս ու ճար էլ ո՞ւմ գրեք դուք նամակ,
Էլ ո՞ւմ խնդրեք մայրաբար, որ նա փրկի ձեր որդուն...
Վիշտը կծիկ է դարձել ողջ աշխարհի կոկորդում...
Բայց խոր սգի այս պահին մեր վշտի ցավը ահեղ
Իր տակ այն մեծ ու խորունկ գիտակցությունն է պահել,
Որ հանճարներ ամփոփող Դամբարանը Մոսկվայում
Սրբատեղի լինելով և այլ բան է վկայում:
Վկայում է այն մասին, որ աշխարհում բովանդակ,
Ամենուրեք, մարդկային յուրաքանչյուր կրծքի տակ
Ապրում է այն, ինչ արդեն դամբարանում չես պահի,
Ինչ անմահ է, անվախճան և ենթակա չէ մահի.
Այն, որ անունը նրա, ում թաղում ենք մենք այսօր,
Ինչպես առաջ՝ այսուհետ խոր հավատով ու հույսով
Պիտի հավետ ողողի բոլոր նրանց, ում համար
Վշտի մեջ են ու ցավի ոչ թե մեկ, այլ երկու մայր
Մայր, որ ծնել է նրանց և հայրենիք հարազատ,
Որ գերված է, բայց մի օր պիտի լինի հարազատ...
Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում:
Նա մեր հոգում է կիտվում, ինչպես մեր սերն անհատակ,
Որ ի հեճուկս մահի միշտ կմնա թարմ ու տաք:
Նա մեր հոգում կարծրանում ու դառնում է սուրբ երդում,
-Վշտի կծիկ չթողնել ողջ աշխարհի կոկորդում...

III.1953թ.


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз