ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

***

Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ,
Սապատ տանիքով ծխոտ մի հյուղակ,
Ուր մանկությունն իմ ոչ ոքի չի խաբել
Խաղալիքներով:
 
Պաղ ալիքներով
Լվացվում անփույթ, դեմքս էի սրբում
Ինչով պատահեր, մեծ մասամբ թևքով,
Եվ, լեցուն սիրով ու անրջանքով
Ու մի կարոտով, որ անուն չունի,
Դաշտ էի ելնում գառների հետքով:
 
Իմ գառներն էին մուշ-մուշ արածում,
Իսկ գարնան հովը շվի էր ածում
Վայրի հացենու փչակում խորունկ,
Ուր ծաղկել էր մի սիրո անմոռուկ:
 
Իմ ուսին էիր մեղմորեն փարվում,
Ձեռքս էիր բռնում ափերով քո տաք...
Ողջը աշխարհում իմ շուրջն էր փռվում,
Իսկ ես՝ ողջի հետ՝ քո ոտքերի տակ...
 
Գառներն՝ իմ ձայնին, ես քո հայացքին 
Հնազանդ այնպես և այնպես խոնարհ,
Շրթներիս վրա խոսքը հիացքի,
Երջանկությունից աչքերս խոնավ՝
Տուն էի դառնում իրիկնապահին,
Եվ այդժամ միայն, միայն այդ պահին
 
Հասկանում, որ մի մեծ բան է պակաս.
Որ ես մենակ եմ և որ դու չկաս,
Որ դու եղել ես իմ երազներում,
Որ ես խաբվել եմ երազանքներով:
 
...Իսկ դու այդ պահին ինձանից հեռու,
Խաբված ես եղել խաղալիքներով.
Տարված ես եղել նույն այն գրքերով,
Որտեղ հերոսի-ասպետի դերում
Ես էի կրկին քո սիրտը գերում...
 
...Անուն չունեիր դու այն ժամանակ,
Չէ՞ որ, սիրելի՛ս, դեռ այն ժամանակ
Ո՛չ երջանկություն, ո՛չ կարոտ, ո՛չ սեր
Եվ ո՛չ տխրություն չունեին անուն:
 
Ես հիմա եկել ու քեզ եմ հասել
Ո՛չ երազանքով, այլ իրականո՜ւմ: 
Ես սիրում եմ քեզ նույն սիրով հիմա
Եվ պատանեկան նույն երազանքով:
Այժմ սիրելի անունիդ համար
Շրթներս են դողում մի գորովանքով,
 
Որ նույնիսկ հիմա դեռ անուն չունի,-
Բայց ես, փոխարեն քո թանկ անունի,
Երգերում դարձյալ քեզ «սեր» եմ կանչում,
Անվանում եմ «բախտ», «կարոտ» ու «թախիծ»,
Կուչ գալով ցավից և ոչ թե վախից՝ 
Մերթ ընդ մերթ նաև «տենչանք» եմ կոչում:

21.VII.1953թ.
Նավչալու


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз