ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՎԱՀԱԳՆԻՆ

Ով աստվածն իմ հայրերուս...
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
Աստվածն էիր իմ հայրերի
Եվ սակայն
Հիմա արդեն որդի՛ ես դու, հայորդի՜,
Ու կարող է, որ կոչվում ես Ժակ կամ Ժան,
Ու կարող է, որ վատ գիտես հայերեն:
Եվ ես հիմա քեզ եմ դիմում՝ եղբո՛ր պես,
Ավա՛գ եղբոր կամ, թե կուզես, հո՛ր նման:
Չե՜մ աղոթում, այլ պահանջո՛ւմ սաստումով,
Զո՛հ չեմ բերում, այլև զո՜հ եմ պահանջում՝
Իրավունքով այն չգրված, բայց անջինջ,
Որ իմ ու քո նախնիներն են տվել ինձ
Եվ այլևս չեն կարենում ետ առնել...
 
Վահա՛գն,
Վահա՛գն,
Իմ հարազա՜տ անծանոթ,
Աստվա՛ծ գիտե, թե ո՜ւր են նետված ու միտված.
Իմ երակին կպած երակ հեռավոր,
Իմ բազուկից զուգաճյուղված դու բազուկ,
Դու կիսագունդ իմ իսկ արյան գնդիկի,
Իմ մոր որդի և հոր զավակ տնեդուրս:
Մի՞թե պիտի ուրախացնենք թշնամուն՝
Քո կորըստով,
Քո հալում ու ձուլումով՝
Այդ նորօրյա-այլափոխված զուլումով:
Մի՞թե պիտի ուրախացնենք թշնամուն,
Ա՛յն թշնամուն, որ քո հողից քեզ զրկեց,
Սակայն հողըդ քեզնից պիտի չզրկվի՛,
Եվ չի՜ զրկվի, քանի դու չես կամենում...
 
Վահա՛գն,
Դու թոռ Վիշապաքաղ Վահագնի,
Մի՞թե պապիդ արյունը ջուր է դարձել
Քո այն բանուկ երակներում, որոնց մեջ
Արյան փոխվեց ճերմակ կաթը Աստղիկի:
Մի՞թե ամեն հարկի ներքո հայկական
Լուսադեմին էլ սիրո մեջ չեն երկնում
Երկիր, երկին, ապա թե ծով ծիրանի,
Որ դուք կարմրիկ եղեգնիկի ծոց-բոցից
Վազեք հուրհեր, ու բոցմորուք, ու բոցբեղ,
Վազեք դեպի ա՛յն վիշապը, որ միայն
Ձևն է փոխում, իսկ էությունը՝ երբեք:
Ա՛յն վիշապը, որ իր մարմնով ճաքճաքուն
Բոլորակ է քաշել հողիդ հայրական՝
Պոչի վրա դրած գլուխն իր արնոտ,
Եվ ուր որ է պիտի իր պոչն իսկ խածի:
Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
Չընդդիմանաս, չդիմանաս ու կորչես:
Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
Ջազի միջով Գողթան փանդիռ չըորսաս:
Եվ չի՛ խածի իր պոչը նա, եթե դու՝
Ինքըդ գուցե արդեն մի Ժակ կամ Ժուլետ,
Զավակներիդ վաղը անսուտ զղջումով
Չմըկրտես նորից Վահագն ու Աստղիկ:
Եվ չի՛ խածի, լա՜վ իմացիր, չի՛ խածի,
Ինքն իր պոչը չի՛ խածի նա, եթե դու
Չհասկանաս արք-արարքը պապիկիդ՝
Ա՛յն Վահագնի, որ քայլ քայլեց երկնքով՝
Հարդագողի ճամփան իբրև հետք թողած:
Ստիպված էր նա գնալու, ինչպես դու:
Բայց նա գնաց ու... ե՛տ դարձավ: Չմնա՜ց:
Մենք երկնքում մեր ոտնահետքն ենք թողել,
Որ կոչվում է Հարդագողի ճանապարհ,
Եվ բա՜վ է դա, մեզ բա՜վ է դա, սիրելի՛ս:
Հարդագողի հետքե՞ր թողնել վերստին
Եվ այս անգամ երկրի՞ վրա, աշխարհի՞,
Նրա լայնքին ու երկայնքի՞ն... խաչի՛ պես:
Շա՞տ չէ արդյոք,
Վա՞տ չէ արդյոք, սիրելի՛ս.
Հարդագողի ճամփա թողնել... խաչի՛ պես,
Ճիշտ ա՛յն խաչի, որ տարել ենք դարեդար
Ու տանում ենք, ու դեռ չենք էլ հասկանում՝
Մե՞նք ենք արդյոք նրան տանում, թե՞ նա մեզ...
 
Վահա՛գն,
Վահա՛գն,
Եղբա՛յր, որդի՛, հարազա՜տ,
Իմ երակին կպած երակ հեռավոր,
Իմ բազուկից զուգաճյուղված դու բազուկ,
Դու կիսագունդ իմ իսկ արյան գնդիկի,
Իմ մոր որդի և հոր զավակ տնեդուրս.
Մենք,
Որ անցանք Հրո Երկրի ցուրտ-պաղից,
Բարեհուսո Հրվանդանի դեմ-դիմաց
Ինչպե՞ս, ինչո՞ւ պիտի իրար կորցընենք:
Թող որ կորչի մեր թշնամի՜ն, մենք ինչո՞ւ.
Հերթը նրա՜ն, ո՛չ թե մերն է, սիրելի՜ս:
 
Ուրեմն արի՛, իսկ քանի դեռ չես եկել,
Վահա՛գն մնա,
Եվ Աստղիկը՝ հարսը իմ,
Թո՛ղ պարգևի նոր-նոր ուստրեր ու դուստրեր՝
Ամեն մեկը՝ մի նոր Վահագն ու Աստղիկ,
Մազերն իրենց, դրոշի պես, բաց արած
Բարեհուսո Հրվանդանի հովերին,
Իմ օդային պագի պես տաք հովերին:

 


27.XI.1962թ.
Երևան


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз