ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՍԱՐՔԵՐԻՆ

Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
 
Հաշվեցե՛ք հապա, 
Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում 
Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից 
Դեպի ամոթխած այտերը նրա՝ 
Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,
Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել։ 
Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում 
Մեր մթնոլորտված աչքերի միջով, 
Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի,
Եվ այս փոխադարձ ճառագայթումը 
Վտանգավո՞ր է մեր սրտի համար, 
Թե՞ օգտակար է։
 
Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
 
Հաշվեցե՛ք հապա, թե մեր ափերով
Քանի՞ կիլովատ հոսանք ենք տվել
Երեխաների մազերին փափլիկ ու թաթիկներին, 
Մեր սիրածների իրանին ճկուն,
Ուսերին նկուն մեր տատիկների,
Եվ մեր ստացածն ինչքա՞ն է պակաս
Կամ ինչքա՞ն ավել։
 
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
 
Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև, 
Թե մեզնից գոնե մեկ՛ը իր կյանքում 
Քանի՜ կնոջ է տենչանքով նայել,
Քանիսի՛ն՝ մաքուր մի հիացմունքով, 
Քանիսի՛ն՝ միայն եղբոր քնքշությամբ...
Նշեցեք նաև տեղերն ա՛յն կանանց, 
Որ կարող էին մեզ խորունկ սիրել, 
Բայց մենք այդպես էլ չհանդիպեցի՜նք:
Եվ թիվն ասացեք ա՛յն մանուկների, 
Որ կարող էինք ունենալ կյանքում,
Բայց մենք չունեցա՛նք ու չե՜նք ունենա։ 
Եվ թիվը նաև ա՛յն մանուկների, 
Որ պիտի մերը լինեին կարծես, 
Բայց մերը չեղա՜ն...
 
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
Մենք դեռ մի կարգին չգիտենք նույնիսկ, 
Թե այդ ինչի՞ց է մարդը ծիծաղում, 
Մի՛միայն մարդը,
Եվ ո՛չ մի ուրիշ կենդանի էակ :
Դուք մեր ծիծաղի 
Ալիքների թիվն ասացեք հապա,
Ծույց տվեք նրանց գույները պես-պես 
Եվ քմծիծաղի ու քրքջոցի 
Տարբերությունը հասկացըրեք մեզ...
 
Էլեկտրական ձեր գանգով հուժկու 
Ու ճառագայթուն-անսպիտակուց-կիկլոպյան բիբով 
Տարրալուծեցեք կարոտն էլ հապա, 
Բաղադրեցեք այն ծուխն էլ անտես, 
Որ անջատվում է միշտ այդ կարոտից 
Եվ ու՞ր է քաշվում...
 
Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
 
Ա՛յն թվականը նշեցեք հիմա, 
Գեթ այն մոտավոր, մոտալուտ տարին, 
Երբ որ, վերջապե՛ս, ազգերը խոցված 
Պիտի ողջանան կամ ապաքինվեն, 
Եվ վիրավորող ազգերն ստանան
Հատուցումն արդար ու չբեկանվող:
Թե չէ՝ շատերը, քանի՜ դար արդեն, 
Հույսները կտրած անողորմ աստծուց՝ 
Սպասու՛մ են դեռ։
Սպասու՛մ են դեռ։
Դու՛ք՝ նո՜ր աստվածներ նո՛ր ժամանակի,
Սուտ դուրս չգայիք գեթ դու՛ք, գոնե դու՜ք...
 
Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք 
Երկրներ կապող ա՛յն կամուրջների,
Որոնց վրայով 
Կուզեինք նաև մե՛նք անցած լինել,
Բայց դեռ չե՛նք անցել 
Ու չե՜նք անցնելու...
 
Թիվը ցույց տվեք 
Ա՛յն երազների և անուրջների,
Որ այս բառով են կոչվում աշխարհում
Լոկ ա՛յն պատճառով,
Որ չեն կատարվու՜մ...
 
Անկասկածելի թիվը նշեցեք ա՛յն կասկածների, 
Ինչից մենք հաճախ հասունացել ենք, 
Առավել հաճախ՝ վաղաժամ թոշնել...
Ցույց տվեք գիծը հիասթափությա՜ն, 
Եվ հուսանք, 
Որ դա գեթ չի ունանա ձևը կայծակի...
Եվ գիծը նաև հուսախաբությա՜ն, 
Որ մեր կյանքի հետ 
Վա՜յ թե հենց կազմի զուգահեռություն, 
Իսկ զուգահեռը զուգահեռի հետ 
Չի՛ հատվում կարծեմ...
 
Եվ թիվն ասացեք 
Մեր ա՛յն ժամերի, անթի՜վ- անհամա՜ր, 
Որ ծանր ու թեթև ժամանակներում կորա՜ն-գնացի՜ն
Ինչ- որ հերթերի 
Ու երթերի մեջ
Եվ ընթերցման մեջ ա՛յն բազմալեզու օրաթերթերի, 
Որոնց սևաբոց գլխագրերից 
Ամեն առավոտ 
Հրանոթների կենտ աչքն է նայում մեր զույգ աչքերին, 
Սուզանավերն են մեր տենչանքները հոգու մեջ սուզում, 
Ջրածընային արկերն են ուզում 
Մեր երակների կարմիր արյունից 
Ճերմակ ջուր ծնել...
Այսքանից հետո պիտի՛ որ հաշվեք 
Եվ ասե՛ք, թե դեռ քանի՜ տոնն ատոմ ճեղքելուց հետո 
Հեշտ կարելի է այս Երկրագնդի միջուկն էլ ճեղքել։ 
Պիտի՛ որ հաշվեք, 
Թե դեռ ի՞ նչ զենքեր ծնելուց հետո 
Մայրը կզրկվի զավակ ծնելու կարողությունից։ 
Թե այսքանն ասեք՝ 
Էլ հարկ չի՛ լինի, որ ասեք նաև
Ծանրության չափը հավատազրկման.
Կմնա միայն, որ պարզաբանեք,
Թե ի՞նչ հրաշքով
Հավատազրկման այդ բեռան ներքո
Մինչև վիզներս չենք խրված հողում՝ սուր ցցի՛ նման...
Բարեկամաբար ասացե՛ք նաև. 
Քանի՞ տարին մեկ աշխարհ է գալու 
Ա՛յն անդերսենյան մանուկը, 
Որից 
Թագավորները պիտի իմանան, 
Որ մերկ են իրենք։
Եվ խնդրեմ՝ նաև ավելացրե՛ք. 
Այդ իմանալով՝ 
Թագավորները 
Ծածկո՞ւմ են արդյոք մերկությունն իրենց,
Թե՞ շարունակում կրկին մերկ մնալ 
Եվ հակառակը կամեցողներին
Հարկադրում են՝ 
Աշխարհում ապրել կապվա՜ծ աչքերով...
 
Եվ ասե՞ք գուցե, 
Թե բեթհովենյան խլությունն արդյոք 
Չի՞ կապվում բնավ 
Ա՛յն ահագնացող պայթյունների հետ, 
Որ կատարվում են հիմա աշխարհում 
Եվ վե՜ր աշխարհից։ 
Ու թե կապ ունի, խնդրե՜մ, պարզեցե՛ք . 
Աշխարհը հիմա 
Անթիվ- անհամար բեթհովեններո՞վ կըերջանկանա,
Թ՞ե կավելանա պարզապես թիվը խլացածների...
Հաշվեցե՛ք նաև, մի վերջի՜ն անգամ, 
Թե այդ ի՞նչ ձևով,
Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի 
Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել 
Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ...

26.X.1962թ.
Երևան


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз