ՄՈՒՏՔ

ՍՈՆԵՏՆԵՐ

I
ԻՆՁ - ՊՈԵՏԻՍ
Ծովասույզի նման կյանքդ վտանգված
Դու հազվագյուտ մարգարիտներ ես հանում
Զարդարելու ժամանակը քո ապրած...
Գ. ՀԵՐՎԵԳ
Ժամանակն իմ, դարն իմ այնքան ահեղ է,
Որքան վայրի ցուլը կրքի մոլուցքում,
Սպառնալից, որքան կայծը չոր լուցկում,
Որքան նետը, երբ լարված է աղեղը:
 
Արյան տենչը՝ ոսկու ոսկրոտ մատներով 
Իր հորձանքն է նետել հազար պոետի...
Ու թող էլի հազար-հազարին նետի,
Որպես չնչին տաշեղ, որպես չոր տերև...
 
Թող որ նետի... Ես զորեղ եմ ու կանգուն
Ու նետում եմ նրան կռվի ձեռնոցն իմ,
Քանզի մահվան գիշերում ես եմ անքուն...
 
Եվ տքնաջան աշխատանքով աննկուն
Ես դեռ կապրեմ ժպտադեմ ու խնդալի,
Որ զարդարեմ ահեղ դեմքը իմ դարի...
 
 
III
 
Կյանքին
 
Սիրել եմ քեզ որքա՜ն, որքա՜ն խոր սիրով,
Հրկեզ սիրով՝ տենչանքներս երիզող... 
Մոտիկ այսքան - թվացել ես հորիզոն,
Ջահել այսքան - կնճիռներով, խորշերով...
 
Գրկել կուզեմ, պրկել կուզեմ իմ գրկում,
Քամել կուզեմ հյութը մեղրափեթակիդ,
Կուզեմ թողնես մի աստղահուռ հետագիծ
Իմ փոթորկոտ հոգում, խորունկ իմ սրտում:
 
Կուզեմ ծնվի գրկիս մեջ քո մանուկը -
Ազատությունը - բարիքը արգանդիդ,
Եվ մեռնի քեզ բռնաբարող արքան բիրտ:
 
Ու թող մաղվի գլխիս մահվան արճիճը,
Երբ որ լսվի երկրագնդում - ծայրից ծայր,
Մեռնող Հոր ու ծնվող Մանկան սուր ճիչը...
 
IV
 
Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի,
Հարթելով նոր ու ինքնուրույն իմ հունը,
Դրոշմելով դարերում իմ անունը,
Չեմ կասկածում, թե լինելու եմ գերի...
 
Չեմ կասկածում, թե գերի եմ լինելու
Հին քնարի - անհարազատ խոկմունքով,
Կամ մտքերի - ծնված անցավ երկունքով,
Եվ կամ անկոչ հյուր - դավադիր տներում:
 
Սակայն կլինեն շիթեր, անշո՛ւշտ, անմաքուր,
Որ կաշխատեն դառնալ երգիս կերակուր,
Բայց դրանցից ոչ մի վայրկյան չեմ սարսում,
 
Քանզի ջուրը իմ երգերի, ոչ թե այն
Շիթերից է դառնում պղտոր, ցեխախառն,
Այլ ինքն է նրանց մութ աչքը պարզում...
 
V
 
Ես չեմ մեռնի մռայլ մահով մի անհեթեթ,
Չեմ էլ սարսի սակայն նրա շնչիցը սառն.
Մի ումպ ըմպած նրա դաժան սուր ճիչը դառն,
Նրա հանդեպ ձեռք կբերեմ իմունիտետ...
 
Կթափառեմ այնուհետև Մարսի վրա,
Լուսնի վրա կթողնեմ մի ավտոմոտոր,
Սատուրնի կոր շրջանակում ցուցամատով
Կըստեղծեմ մի Անանուն, որ մարզի նրան:
 
Ապա նման անանուններ կպարգևեմ
Եվ երկնային չթվարկած մարմիններին,
Հետո այնտեղ ամեն տեսակ մուտք կարգելեմ,
 
Որ այն պահին, երբ բռնկվի համաշխարհում
Հոկտեմբերը, իմ ուժերով պատրաստակամ
Մոլորակներն հայտարարեմ սովետական...
 
VI
 
Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում,
Երակներում - նոր արևի ջեռ տապը,
Եվ նրանց նոր յուրաքանչյուր էտապը
Հնի հանդեպ իմ կրակն է բորբոքում...
 
Եվ իմ երգը այդ ուժն ու այդ արևն են
Լցնում կյանքի հարատրոփ էությամբ,
Եվ գալիքի հազարավոր արևներ
Իմ աչքերում վառում անհուն զորությամբ:
 
Այդ ուժով ու այդ արևով զորացած,
Կտրել եմ երգիս ճյուղքերը չորացած
Ու դրանցով հրդեհել եմ նավը այն,
 
Որով պիտի ես դրախտը մտնեի
Սին դրախտը - հին երգերի մտերիմ,-
Որտեղ գուցե դիմավորեր ինձ Եվան...
 
VII
 
Շուրջը շող էր, մեռնող մարդու ժպիտ կարծես,
Մայր է մտնում արևն ահա արևմուտքում.
Հորիզոնը արնալեցուն աչք է կարծես,
Հրագունդը - դեղնած, գունատ աշնան պարտեզ:
 
Ես ակնապիշ դիտում եմ սեգ մահը նրա
Ու փնտրում եմ նրա շունչը կարծես այնտեղ.
Նվաստացած մերթ մարում եմ ինչպես կանթեղ,
Մերթ էլ ցասկոտ գոռում եմ ես նրա վրա.
 
-Կորի՛ր, պետք է քո արևող դեմքին թքել...
Դո՛ւ, որ գիտես վառվել այդպես վառ ու պայծառ,
Սակայն դու էլ մահվան առաջ վիզդ ես թեքել:
 
Ես - ո՛չ արև, ո՛չ մարգարե և ո՛չ հանճար.
Ես - անմշակ պարտեզ՝ վայրի, անպետք, անբերք,
Սակայն թեքվել մահվան առաջ... երբե՛ք, երբե՛ք...
 
VIII
 
Հովերը կախել են ականջները իրենց,
Թփերը խշշում են մեղմիկ ու թեթև...
Հուզմունքը՝ խոհի հետ,- նժույգով անթև
Ծեծում է դարպասն իմ - սմբակներով հենց... 
 
Գոց է իմ դարպասը... Ես էլ չեմ բացում...
Խրխինջ է արձակում նժույգը արձակ...
Ես չեմ կասկածում, թե գործել եմ հանցանք
Անզգույշ իմ գրչով, կարևոր հարցում...
 
Ու հանկարծ նժույգը թռչում է կողի՝ 
Դարպասի այս կողմը,- թռիչքով ահեղ,
Աչքերը՝ սոնետիս առաջին տողին...
 
Ես նոր եմ հասկանում... նժույգը անմեղ -
Խենթացած խոլ ուժից անսանձ կրքերի,
Հովերը կարծել է մի ինչ-որ ջորի...
 
IX
 
Մի ցրտին ու սառն խարույկ է վառվում Արևմուտքում
Բոցերը հավաք մի կիզակետում - դեպ երկիրն իմ,
Բոցավառ ձեռքը՝ գալիքի հանդեպ լուռ, անքնին 
Բորբոքում է դեռ գիշեր ու ցերեկ նստած անքուն...
 
Գեհենածավալ լեզուներ ունեն այդ բոցերը...
Բոցավառ ձեռքը - մատներով ցմքած, ոսկրացած,
Կարծես իրանով գեհենի դռան մոտ կռացած
Պլուտոնի տեղ ինքն է պահապան, նա - Հիտլերը...
 
Փչում է մի թունդ նավթահոտ նրա բերանից,
Քանզի թոքերը Ռումինիայի նավթով են լիք...
Բացում է ահա բերանն իր նորից, որ բորբոքի
 
Խարույկն իր վառած... Բայց բերնից ելնող նավթաշոգին
Կլանում է ողջ խարույկից ելնող բոցերը շեկ...
Պայթում է ինքը... ցըվրվում ամբողջ գեհենով մեկ...
 
X
 
Պատկառանքով Արարատը բիբլիական
Նայում է ինձ - Արարատյան դաշտից անծայր.
Փեշերն՝ անտառ, գլխին ձյունյա թագը պայծառ, 
Նայում է ինձ լեռնապարի խրոխտ արքան...
 
Նայում է ինձ... Ինչո՞վ եմ ես աչքի զարնում,
Ի՞նչն է ինձ մոտ ծեր արքային հետաքրքիր...
Նայում է դեռ պատկառանքով նա ինձ կրկին, 
Իսկ ես ապշած մտորում եմ ու զարմանում:
 
-Կորցրեցի լավաս հարյուր տարի առաջ.-
Հանկարծ խոսեց արքան լեզվով մեր մարդկային
Եվ արտասվեց՝ նստած ալմաստ, անհաս գահին.-
 
-Այսօր հարյուր տարի հետո աչքս հառած
Քո աչքերին, տեսա մի կայծ այնտեղ հանկարծ,
Քո հոգու մեջ է, անկասկած, լավաս հանգած...

 

XI
 
Բիլ հորիզոնից ելնում է մեգը, տարածվում
Աչքերիս առաջ, հեռո՜ւ, հեռավոր, հմայիչ
Ընդարձակ դաշտը դառնում է նրան խոր մահին,
Լուռ գագաթները՝ խաղաղ գերեզման, լուռ աճյուն...
 
-Ես մշուշ, մեգ չեմ աշխարհի վրա ծանրացած,
Ես ամպ չեմ՝ մշուշ, մառախուղ ծնող, սևասիրտ.- 
Սիրտն իմ ժպտում է լուռ գագաթների անհասին,
Սիրտն իմ դյութում է արեգակը՝ վառ հրացան:
 
Հոգիս թող լինի գերեզման մեգի, մշուշի.
Ցուրտը շնչելով թող նրանք իջնեն իմ կրծքին,
Որ իմ երգերի չորությունը չոր միշտ բուժվի,
 
Եվ միշտ ունկնդիր մոլի ամպերի մոլուցքին
Իմ գագաթները տեղա անձրևը վարարուն,
Եվ միշտ հմայեն երգերիս արև ու գարուն...
 
XII
 
Երբ հոգնում եմ ես երգերի անքուն որսից՝
Խաղաղվում է հոգուս օվկիանը ալեկոծ.
Կարծես մեռնում է հուզմունքի ծիլ ու բողբոջ,
Հոգուս վարար Ամազոնն է դառնում ոսին:
 
Այնժամ մի խեղճ հուսալքում, վիզը ծռած՝
Գալիս է, որ հուսալքում ցանի այնտեղ.
Անհամարձակ, ահ ու դողով, վախով հանդերձ
Մոտենում է հոգուս՝ ձեռքն իր սրտին դրած...
 
Սակայն աչքս,- պահապանը արթուն ոգուս,
Զինված ամուր ադամանդյա սուր նիզակով -
Բըզկտում է նրա հոգին... մեն մի զարկով,
 
Մի հայացքով խոր ու անգութ խամրում նրան...
Քանզի գիտի՝ հոգիս շուտով կփոթորկի 
Ծով երգերիս, և արևը կըհուրհուրա...
 
XIII
 
Խաղաղության աստծուն հավետ թշնամի
Ջահել հոգիս անհանգիստ է, փոթորկուն.
Կյանքի հանդեպ խստաբարո ու տոկուն.
Ե՛վ սառնասիրտ, և՛ փոթորկուն - նույն ժամին...
 
Որպես կյանքի պոետ, որպես բանաստեղծ
Գիտեմ զգալ կյանքը անգամ երակով,
Ցրտության դեմ կռվել հոգու կրակով,
Անգամ գրկել բիլ երկինքը բազմաստեղ:
 
Հրճվել գիտեմ որպես մանկիկ անմեղիկ,
Եվ այդ պահին խելառ դառնալ, խենթ դառնալ,
Եվ վշտանալ գիտեմ՝ տեղի, անտեղի:
 
Սակայն միշտ էլ կարող եմ այն մոռանալ,
Գրել վիշտը հեղեղամերձ ավազին.
Մնալ նորից հոգով ծաղկուն օազիս...

 

XIV
Պետրոս Դուրյանին
Եղբայր իմ դու, վաղամեռիկ ու հանճարեղ.
Ես քեզ համար արցո՞ւնք հեծեմ, արյո՞ւն լացեմ,
Ես դալկաթերթ քո ճակատին գարուն բացե՞մ,
Պաղ հոգուդ մեջ վառե՞մ նորեն անանց արև:
 
Ասա՛, եղբայր, ի՞նչ կուզես դու, ի՞նչ կցանկաս.
Գաղտնարանը հոգուս լիքն է ամեն ինչով.
Մահվան ժամը դալկադեմ՝ իր քուն ու նինջով, 
Իմ սրտից՝ զատ, հոգուց՝ հեռու և բացակա:
 
Լուռ է, անձայն... Նա չի խոսում, չի գանգատվում.
-Կուզե՞ս Լուսինը սգա քեզ, ասա՛, եղբայր,-
Ձայնեցի ես նորեն սիրով, մտերմաբար...
 
Նրա շիրմից մարվող մրմունջ է անջատվում.-
Ոնց մխացող խնկի հոտով մեղմիկ հուշեն.
-Մահից հետո թող ինձ հիշեն, միայն հիշեն:
 
XV
Կրկին անգամ Պետրոս Դուրյանին
Նա որքա՜ն դալկադեմ, մրսո՞ւմ է նա արդյոք,
Այս հիվանդ պատանին՝ և՛ անխոս, և՛ անձայն. 
Նա ցավի, զրկանքի կենդանի մսարձան,
Նա երկնող ցավերի ցավածին սև արդյունք:
 
Նա որքա՜ն անհանգիստ...Վառ հուրն է երևի
Մոխրանում փոթորկոտ նրա մունջ հոգում,
Կյանքի վառ կարոտն է այն հոգում մորմոքում,
Կարոտը վառ սիրո և անմար արևի:
 
Օ՜, որքա՜ն ցավեր ու կսկիծ է ամբարել,
Օ՜, որքա՜ն նրբանուրբ, որքան խո՜ր ու խորունկ,
Այս հիվանդ, մխացող պատանին հանճարեղ...
 
Ես ցավով մի խորին, աչքերիս արտասուք,
Հոգուս մեջ - և՛ կսկիծ, և՛ խոր, և՛ արնալի,
Համբուրում եմ նրա ճակատը մեռյալի...

 

 

XVI
Երրորդ անգամ Պետրոս Դուրյանին
Նա այնքա՜ն փոթորկուն, նա այնքա՜ն անհանգիստ,
Նա այնքա՜ն կատաղի, հոգում՝ ծով ու մրրիկ, 
Տաղերում՝ հեծեծմունք, տողերում՝ փոթորիկ,
Հայացքով՝ հուսահատ, աստծո դեմ հանած քիստ:
 
Եվ անզոր՝ մահի դեմ, ցավի դեմ, կարիքի, 
Սիրո դեմ՝ մերժումով, կյանքի դեմ՝ խորշումով, 
Իր հոգում՝ թոքախտի, բախտի դեմ՝ գորշ հունով,
Հուսահատ հայացքով՝ հույսի դեմ, գալիքի...
 
Ա՜խ, ինչպե՞ս նա պիտի հողի տակ լուռ հանգչի
Իր հոգով անհանգիստ, մրրկող ու հեծեծող,
Հանց ալիքը մոլի՝ ծովափերը ծեծող...
 
Օ՜, գեհեն... Իջնում եմ խորության հատակըդ,
Զգում եմ մի անգութ, սոսկալի գերություն. 
-Ո՞նց հանգչի նա այնտեղ, ի՞նչ անել դրություն...
 
XVII
 
Ահեղ օրեր են թավալվում այստեղ, իմ հայրենիքում.
Մոլեգնած, մոլի ֆաշիզմն է ելել, որ մեզ ընկըճի,
Որ իր օվկիանում քամին բարենպաստ ուղղությամբ փչի
Եվ լողա հեռո՜ւն՝ ռասայական անարև միգում:
 
Հիտլերը՝ բռնած այդ պատերազմի պոչը մաշկված,
Թաթերը դրած Եվրոպայի հին, ուղտյա ուսերին,
Անոգ հայացքը հառած Կրեմլի անհաս լույսերին,
Գեբելսի թևով թռչել է ուզում դեպի Մոսկվա...
 
Ֆրիցը,- կռվում ընկած զավակի մահը մոռացած,
Ռիբենտրոպը,- բերանում համը մոսկովյան ճաշի,
Գեորինգը,- հույսով, որ Ուկրաինայից կստանա բաժին,
Գալիս են... Թող գան, թող գան կուրացած խավար ուժերը,
Չգիտեն նրանք՝ հանված է իրենց մահվան մանդատը,
Քանզի ելնում է մեզ հետ աշխարհի պրոլետարիատը...
 
XVIII
 
Սիրում եմ ես կյանքը, մանավանդ, եթե լավ է այն,
Բայց Ազատությունը սիրում եմ էլ ավելի...
Անկաշկանդ իմ հոգուն ոչ ոք կարող է ավարի,
Թեկուզ և բռնկվի աշխարհում Վեզուվյան լավան:
 
Եվ քանզի հայրենի երկիրն իմ խոր Ազատության
Օվկիանն է կրում իր հոգում, քան երբևիցե,
Եվ քան մի այլ հող... և այդ նույն անխառն կավից է,
Ա՛րդ, կերտված անկաշկանդ իմ հոգին՝ աննյութ դաշնությամբ,-
 
Ապա, ես ամենայն սիրով և ուրախությամբ խոր
Կըգնամ դեպի մահ, դեպի սև կործանումը բութ,
Որ բոլորի մահով երկրի ամեն մի խորշ
Ըստանա Ազատությունը, հանց պարգևած Օգուտ,
Որ բոլոր անկաշկանդ սրտերին հրճվանքը ձյունի,
Գալիքի պոետն էլ անկաշկանդ նվագներ ծնի...
 
XIX
 
Ընկած մտքերի մանարանը, պոետս ահա
Չգիտեմ ինչպե՞ս պոկվեմ պտտվող բյուր իլիկներից,
Մանված մեկի հետ, կապված մի այլին, երրորդին՝ գերի,
Ինչպե՞ս զատզատեմ խոհերս մաքուր ցեխից տղմահած -
 
Ի՞նչն է էական, ի՞նչն է հրատապ և ի՞նչը անպետք,
Ի՞նչն է խավարում վառվելու պայծառ ու հրահավերժ,
Ո՞րն է մարելու հենց վաղը, ո՞րն է մնալու միշտ թեժ,
Որ ես ընդ որում հիվանդ խոհերիս գերեզման ճամփեմ:
 
Հեռո՜ւ հեռավոր բիլ հորիզոնից - եզերքից եզերք
Արեգակ-բառով, ծիածան-տառով, գրիչ-անտառով,
Գրում է անտես և աներևույթ մի Գողյաթյան ձեռք.
-Մոլորյալ պոետ, նայիր միշտ առաջ և բարձր նայիր,
Վազել կարող ես - միշտ վազիր առաջ, թքած զրկանքին,
Վազել չես կարող - գոնե առընչվիր դարդիդ ընթացքին...
 
XX
 
Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից,
Մշուշն է ցրում դիմացի լեռան կատարին,
Քիչ ասդի՝ չնչին խաղալիք շինած անտառին,
Քիչ անդի՝ լազուր երկինքը մաքրած ամպերից:
 
Ես կախարդված եմ բնության վայրի այդ պարին,
Մերթ խենթ հրճվանքով խենթանում, մերթ լուռ մտորում.
Հոգիս բնության ավազով մտքերս է թորում,
Հոգիս երգում է, սիրտս նվագում այդ պահին:
 
Բայց հալածական ամպն է ահա հուսահատ
Գոռում կատաղած, շաչում ամպրոպով, կայծակով,
Թարթիչների տակ՝ անձրև-արցունքը լուռ պահած...
 
-Ողջույն Քե՛զ, ո՛վ Մայր Բնություն, արքա հյուլեիս,
Տո՛ւր հալածական ուժերին ամպրոպ ու ցասում,
Եվ զորություն տուր, կորով տուր բոլոր թույլերին...
 
XXI
 
Իմ շուրջը ահա խավար գիշերն է ծավալվել կրկին,
Ինչպես Կետարի առասպելյալ, սև վրանը հսկա...
Թոփ-դաղը՝ արքան այս լեռնապարի խավարում նստած,
Կռթնած է կարծես հետին ոտների ջարդված կրնկին...
 
Այս կողմ - Սոմրովը՝ թավշյա կանաչով, ձգված ահագին,
Այն կողմ - ամպերի քարավանն ահա՝ մթով թանձրացած,
Հեռվում - անանուն լեռներ՝ խավարում խրոխտ բարձրացած.
Եվ ես - հուրհուրող կրակի առաջ՝ բոցերը հոգիս...
 
Շուրջըս քնած է նախիրը, հոտը - ոչխարի, գառի,
Քնած են բոլոր սրտերը ջահել, ծեր ու պառաված...
Ես եմ մեն մենակ - իմ ձեռքով վառված խարույկի առաջ:
 
Ես եմ մեն մենակ - ունկընդիր հեռվի շառաչին վայրագ,
Խոլ բախումներին, հոգով անհանգիստ, հոգով անհամբեր.
-Ա՜խ, թե երանի ես էլ լինեի հաղթության բանբեր...
 
XXIII
 
Գիշերային այս ուշ ժամին, ես ունկնդիր հողմերին,
Հոգիս ձեռքն իր պարզած նրանց, սիրտս՝ իր սիրտը տված,
Միտքս՝ լեզվիս ծայրին աննյութ շղթաներով կըծկըված,
Իր ողջույնն է հղում համայն աշխարհի չորս կողմերին:-
 
Այնտեղ, ուր որ չարքաշ կուլին ճակտից քրտինք է քամում,
Նեգրը հյուղում խոտն է եփում՝ զավակներին կերակուր,
Հնդիկն, արաբը սևամորթ հանք են հանում աննկուն,-
-Վրե՛ժ, եռա՛ ու մոլեգնի՛ր որպես լավա, խենթ սամում...
 
Այնտեղ, ուր որ Ազատության մանուկն է հար խոշտանգվում,
Ուր կարիքն է թագավորում, սովը՝ տներն է լիզում,-
-Հատուցման ժա՛մ, հասի՛ր, խեղդի՛ր տերերին - քո սահանքում:
 
Այնտեղ, ուր որ արեգակը հուր է թափում ու կիզում,
Փլվի՛ր, երկինք - կայծակնահար և խորտակվիր դու՝ երկիր,
Որ կարմրասիրտ Հոկտեմբերը նոր աշխարհում փոթորկի...
 
XXIV
 
Լռիր, անտուն ու շրջմոլիկ քամի,
Երգ իմ, սուրա՛ քամու թևով, անցի՛ր
Մայր ցամաքներ, օվկիանոսներ անծիր
Գիշերային այս խաղաղված պահին:
 
Անցիր որպես խենթ փոթորիկ ծովով,
Թշնամական գծանավը սուզիր,
Նեգրական հին առագաստի ուսին
Սիրով նստիր, որ լողա ապահով:
 
Եվրոպայով անցիր, որպես սամում՝
Բաստիլները երերան քո ուժից,
Չարքաշ կուլու դեմքը սրբիր մուժից:
 
Եվ քույր դարձած անօթևան քամուն՝
Հողմաղացները աշխարհի շարժիր,
Որ ֆաշիզմը աղանք պինդ ու ամուր...
 
XXV
Իմ ժողովրդին, որդիական սիրով
Իմ մայր ժողովուրդ, դու հանճարածին,
Դու բազմախորհուրդ, սրբազան պատգամ -
Ավանդված հին-հին անանձնապատկան
Դարերից մեր այս վառ այգաբացին:
 
Այսօր ահռելի այս թոհուբոհում,
Բյուր թոհուբոհներ ոստյունով անցած,
Քո խոկումներով - մաքուր, անհանցանք,
Նորեն վառ հույսըդ անմար ես պահում:
 
Ու պիտի պահես... Զավակները քո
Նետվել են ահեղ ու դաժան մարտի -
Բոլոր մարտերը արյունով ներկող:
 
Իրենց բազմազգի եղբայրների հետ
Նրանք ետ կգան այդ դաժան մարտից,
Ինչպես գերանդով հնձվորը արտից...
 
XXVI
 
Լուռ նստած քարափի չոր ափին,
Պոետն էր մտածում յուրովի -
Սեգ հոգին՝անթախիծ, կորովի,
Հայացքը - երկնքի սև ամպին...
 
-«Այս ամպը հեղուկ է, քարացել,
Հեղուկով ծանրացել է համակ.
Քարափն այս - անջուր, չոր ու ցամաք
Ահա իր ոտներն է տարածել:
 
Եվ ինչո՞ւ այս ամպը միշտ չըգա,
Որ ջրով ողողի քարափն այս,
Որ ոչ ոք չորության պետք ըզգա...» -
 
Եվ հանկարծ ամպրոպն է որոտում,
Գոռում է կարծես ողջ երկըրով.
-Դաշնությունն այդ կըգա պայքարո՛վ...
 
XXVII
 
Աշնան հանդերն են - անծաղիկ, անվարդ,
Աշնան քամին է - սառը շունչն աշնան...
Ես ժայռի գլխին նստել եմ անձայն,
Դիտում եմ շուրջս ամեն ակընթարթ...
 
Ո՛չ անտառ, ո՛չ ծառ չկան այս սարում,
Միակ ծառն այստեղ մասրենին է լոկ,
Այն էլ դեղնազօծ, անտերև ու բոկ,
Բայց պտուղներով հասուն, զարդարուն:
 
Ու դիտում եմ ես այս լուռ քարափի
Ծերպերին թառած տկլոր մասրենուն,
Որ չունի ընկեր ու սերմ է ցանում... 
 
-Ողջո՜ւյն անանուն, միայնակ ընկեր,
Որ գիտես տոկալ հեռո՜ւ, անընկեր
Եվ գիտես վաղվա տընկիներ տընկել...
 
XXVIII
 
Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ,
Ու գըգվում է, փարվում ինձ իր ոսկեգույն վարսերով,
Հոգիս լցնում զմայլանքով, սիրտս - պայծառ, վառ սիրով...
Ու փոթորկում է իմ հոգին ու սավառնում թևարձակ:
 
Ջահել սիրտս խոր ու անափ սիրով հարբած, երազում
Ցնծում, բերկրում, ծիծաղում է, ծեծում դարպասը հոգուս.
Հորդում է սերը - անապակ իմ աչքերից անբիծ, կույս,
Կախվում դաժան թարթիչներիս կախաղանից բազմասյուն:
 
Ու ցանկանում եմ ես հալվել, դառնալ հեղուկ և օծել
Սիրուս աղբյուր արեգակի վարսերը հուր, ոսկեգույն,
Որ Ամուրի նետերի պես նրանք բյուր սրտեր խոցեն...
 
Իմ ցանկության առհավատչյան - հալված կաթիլն իմ հոգու
Բազմապատկվում է հևիհև, ակնթարթ առ ակնթարթ.
-Միջօրեի արևի տակ չէ՞ ոչ քրտնել եմ ես ա՛րդ...
 
XXIX
 
Թևավորված մի աստղային վեհ խորհրդով,
Իմ տքնաջան աշխատանքից հետո, ահա,
Աչքըս՝ հոգուս, ձեռքս՝ հոգուս հոգուն պահած
Մտորում եմ ահա հանգիստ ու անվրդով...
 
...Հոգիս անհուն մի օվկիանոս, խոր, բազմալիք,
Միտքս պայծառ, միտքս ճեղքող, ինչպես կայծակ
Անհունության երկինքներում լայն ու արձակ
Եվ թափառող - դարերի մեջ անցած, գալիք:
 
Սիրտս - լազուր երկինք - անամպ ու բազմաստեղ,
Ուր հուրհուրող արևները տեղ են հայցում,
Կաթնածիրնե՜ր, որ աստղերին վառ պատվաստվեն...
 
Եվ խոհերն իմ՝ հսկա հրդեհ. հուր բոցակիզ...
Տողերն իմ այս այն հրդեհից լոկ առկայծում,
Խոր օվկիանից - ալիք մի, ցոլք մի - կայծակից...
 
XXX
Սիրելի Սուսաննային՝
սիրով
Երբ կարդան տողերս, կկարծեն, թե շատ եմ շռայլ,
Առատ են ձոներս քեզ և շատ եմ ձոնում «սիրով»,
Եվ իմ շռայլության հանդեպ, կասեն, լուռ է սիրող
Սիրտըդ, համր է կանչիս և լուսո հանդեպ իմ մռայլ:
 
Չէ՞ որ, կասեն, պոետն է միշտ զեղումներով շվայտ,
Զգայաբարի զույգ ոտներով ամենուր թառած,
Եվ սիրով, ոնց սերը կաթի,- հազար սրտի վրա սառած.
Այդ ամենը, իհարկե, ճիշտ է, և բնավ զրպարտանք չէ այդ:
 
Ես երջանիկ եմ, որ ունեմ միջոց սիրտս տալու,
Որ հազար այլ սրտեր դիտեն նրան սիրով, ոխով,
Սակայն ինչպե՞ս հայտնես դու սերդ, առանց ժպտալու...
 
Եթե նրանք իջնեն սրտիդ խորքերը խո՜ր, անպա՜րփ,
Սիրուս տաճարի քուրմ, հավետ մաքրամաքուր իմ քույր,
Կըզգան, թե որքա՜ն եմ ժլատ, դեռ որքա՜ն եմ պարտ...
 
XXXI
Հայաստանին
Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում.
Նա գալարվում է, սողում է կարծես ցավից,
Դեմքին քսած մեռելային փայլուն կավիճ,
Ճամփան - երկար, ալիքը - կարճ ու վետվետուն...
 
Արարատը՝ անխոս վկան նրա ցավի,
Մյուս ափից ինձ հետ նայում է լուռ նրան...
Հասկանում ենք իրար անխոս ու անվարան
Ես՝ իմ, նա՝ իր սրտով - խորշով քարանձավի...
 
-Մայր իմ Արաքս, ջրերը քո ճողփել են շա՜տ -
Օտարոտի սմբակներից, շա՜տ են հորդել
Եվ քի՛չ է շատ, որ հոսել ես հանգիստ, ազատ:
 
Վերջին անգամ կփոթորկեն ջրերը քո -
(Ժամն այդ ահեղ ու ահալի մոտ է արդեն)
Ու կժայթքի Մասիսն հրով, ես՝ իմ երգով...
 
XXXII
 
Գետակն այս թավալվում է ձորում -
Փրփրադեզ կոհակներ ցայտելով.
Մի աղջիկ արևհար այտերով,
Գետափին ծամերն է հարդարում:
 
Իսկ պոետը նստել քարափին,
Խորհում է.- Ի՞նչ գրեմ արժանի,
Որ փառքն իմ աշխարհով արշավի,
Վաստակեմ անուն, փառք ու դափնի:
 
Ու բնավ չի տեսնում աղջկան,
Չի տեսնում գետակին թավալվող,
Ոչ էլ այս ժայռերը վիսական...
 
-Օ՜, պոետ, սնապարծ, կուսական,
Բազմել ես դու կյանքին հավելվող,
Չես տեսնում հավելվածը սակայն...
 
XXXIII
Աշոտին
Հեզանազ իջնում է երեկոն,
Ժայռերը մթով են թանձրանում.
Մի ժայռի կատարի բարձրանում,
Նստում ենք իրար մոտ երեքով:-
 
Ես եմ, իմ մուսան ու ընկերս,-
Ես շապիկ հագած, իսկ մուսաս մերկ,
Ընկերս - շրթներին մի նոր երգ,
Ուսերին - վերարկուն մուգերես...
 
-Պարզության մեջ պիտի լինել մերկ,
Պնդում է մուսաս իր չոր ձայնով.-
-Անշապի՞կ,- գոչում եմ ես,- երբե՛ք...
 
Ընկերս երգախառն մեղմ ձայնով.
-Պարզության մեջ հագիր վերարկուդ...
Ու վիճում ենք մինչև իրիկուն...
 
XXXIV
Ընթերցողներիս
Նա՛ - երգերիս երկրպագուն,
Երեկ մոտով իմ անցնելիս,
Տեսավ ինձ դառն արտասվելիս
Ու դարձավ իր մոտիկ մարդուն.
 
-Տե՛ս, ինչքա՜ն է նման սա մեր
Բանաստեղծին նորաքանքար,
Նա, որ գիտի ժայռերն անգամ
Հսկա ձայնով իր սասանել:
 
Խոսակիցը նրա, որ ինձ
Գիտեր միայն հեռու-հեռվից.
-Հենց նա ինքն է հիմա՛ր,- ասաց...
 
Երկրպագուն իմ երգերի
Ոչ մի գնով չհավատաց.
-Նա չի լինի երբեք գերի...

 

XXXV
 
Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում,
Խոլ հառաչներ է արձակում ցավից, ոռնում է մերթ,
Մերթ աղաղակում, խոսում բարձրաձայն, լռում է, երբ
Մեղմում է ցավը - սողում է կարծես Խոր Վիրապում...
 
Ես հետևում եմ նրա հոգու ողջ տվայտանքին՝
Թթվում է դեմքս նրա տառապող դեմքի հանգույն,
Նա գունատվում է,- դառնում է դեմքն իմ նույնպես դժգույն,
Թախծում է հոգիս՝ նրա հոգու խոր տխրանքից...
 
Ու խեղդում են ինձ խոհեր անդեմ ու անկերպարանք.
-Ինչո՞ւ է կյանքը, երբ ցավը պիտի միշտ մոլեգնի,
Եվ մահը մինչև ե՞րբ պիտի մեզ միշտ հեգնի...
 
Բայց ժամ անց ցավը անցնում է անհետ, ըշտապ.
Ժպտում է պապըս, կատակում - ձայնով դեռ զիլ հնչուն...
-Օ՜, Մայր Բնությո՛ւն, անտանջանք կյանքը սուգ է, Ողջույն: -
 
XXXVI
 
Արտասուքը թարթիչներից կախած ցած,
Տատս խնդրում, աղաչում է ինձ անվերջ.
-«Մի՛ գնա, մի՛, քաղաք, որդիս, քնիս մեջ
Վատ երազ եմ տեսել... Գթա՜ մեզ, Աստված...
 
-Մեր տան էն մեծ թոնիրն էի ես վառում,
Մեր ողջ տան մեջ լցվել էր մի թանձր ծուխ.
Ինքնաեռում դրել էի ես ածուխ...
Դու ծխի մեջ գրում էիր ու գրում...
 
Հանկարծ, որդի՛ս, մեր ինքնաեռը պայթեց...
Ծուխը մեր բակն ու շրջապատը պատեց...
Իսկ դու ներսում գրում էիր ու գրում...»:
 
Եվ մինչ տատս արտասվում էր, ես բերկրում,
Ցնծում էի հոգով... որ միշտ կըգրեմ,
Թեկուզ լցվի բոցեր ու ծուխ ողջ երկրում...
 
XXXVII
 
Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց.
-Արփին ծագեց Արևելքից և ինքնագոհ
Արևմուտքում կորավ, իջավ երբ երեկոն,-
Ու ծիծաղեց նա - ընթերցողն իմ սրտաբաց:
 
Այնժամ նրան հարցըրեցի դիմաթաքուն.
-Ի՞նչն է, ընկե՛ր, այդպես ծիծաղ քեզ պատճառում...
-Տե՛ս, պոետն այդ,- պատասխանեց,- ի՞նչ է ճառում,
Դա իր հաշվով ֆոկո՞ւս է մի, թե՞ հսկա գյուտ...
 
Ավելի քան պարզ է, եթե հռչակավոր
Մի աստղաբաշխ այսօր հպարտ ազդարարի,
Թե երկիրը պտտվում է շուրջն արևի:
 
-Այո, փոքրիկ - նա մեծ էր, տարիքավոր -
Պարզ է այնքան,- ասացի ես գոհ ու հպարտ,-
Այդ պտույտի նման, սակայն նույնքան և բարդ...

 

XXXVIII
Արևմուտքը ահա
Ռ. ՌՈԼԱՆ
Արևմուտքը ահա... Ուր մարում է լույսը,
Ուր մարում է հավետ արեգակը լուսե,
Ուր խավարը մթին իր շղարշն է հյուսել,
Ուր մեռնում է կյանքի վերջին, վերջին Հույսը:
 
Արևմուտքը ահա դեղին փայլ է հագել,
Որպես մահվան պատան փայլն է հագել ոսկու,
Երբ բորբ Արևելքում նոր արև է ծագել,
Երբ բորբ Արևելքը, որպես ահեղ սոսկում
 
Պարզել է դեպի վեր սեղմած բռունցքը իր,
Ահեղ բռունցքը իր՝ աշխարհներ կործանող,
Իր անամպ երկնքում աստղերի բույլ ցանող...
 
Մեռնում է մեռնողը և՛ ոխով, և՛ ցավով,
Սաստում է ծնվողի բռունցքը հաղթական,
Որ սոսկումով մեռնի մեռնող ուժի արքան...
 
XXXIX
 
Զգացումն այդ, որ անկեղծ է ու զորեղ,
Որ ծնվում է հանկարծակի քո սրտում,
Ինչպես կրակ - աշնան միգում ու ցրտում, 
Որ սարսափի նման հաղթ է ու հզոր է,-
 
Զգացումն այդ դու չես փոխի աստծու հետ,
Զգացումն այդ դու չես բաշխի արքային...
Դու ծնվել ես այս աշխարհում նրա հետ,
Նրա ուժով բազմելու ես մի գահի,
 
Որի մասին գեթ երազել չի կարող
Ո՛չ դալկամիտ հիմար աստվածը անկամ,
Ո՛չ բռնակալ ճնշումների խենթ արքան...
 
Բայց դրանով հպարտանալ չես կարող.
Երջանիկ չէ, անհոգ չէ նա այնքան էլ,
Ով սրտերի, տիեզերքի արքան է...
 
XXXX
Թշվառ Ֆաուստ, ես քեզ էլ չեմ ճանաչում...
ԳՅՈԹԵ
Իմ կյանքի դեմ օրերն ահա նահանջում,
Օրերն ահա նահանջում են անշտապ.
Անցնում են իմ երազները ջերմ ու տաք,
Ու ես նոր եմ, ես նոր եմ քեզ ճանաչում...
 
Երբ մանկական իմ բողբոջն էր կանաչում,
Կարո՞ղ էի հասկանալ ես միթե քեզ...
Ու քո մտքի անծայրածիր կանաչում
Սահում էին երազներն իմ կապտակեզ:
 
Երիտասարդ տարիքի մեջ երբ անցա,
Նորեն մատով շոշափեցի հսկայիդ
Ու զգացի պատկառանք ու ակնածանք...
 
Նստել եմ ա՛րդ հասունության իմ գահին,
(Թեկուզ դեռ չեմ տեսել տասնինը գարուն),
Սակայն արդեն ճանաչում եմ հսկայիդ...

 


11-25.VIII.1941թ.


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз