ԴԱՐՁ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
 
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս. -
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
 
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ ծնկները կըգրկեմ հուսով
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...