Մի՞թե վերջին պոետն եմ ես
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ՝
Ցոլա՛, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի ...