Տխուր մեռան կապուտաչյա
Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.-
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...
Էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
-Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՜...
Ցուրտ է դարձյալ, մութ՝ իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն.
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...
Միայն քեզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր.-
Հայտնըվիր սև անապատում-
Ամոքի՛ր ու ազատի՛ր...