ԳԱԶԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ

Բառեր՝ Գևորգ Էմինի

Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
        Եվ չգիտե՜մ ինչի համար.
Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
        Որ իմանամ ինչի՛ համար:
 
Քարե՛րը քո հին բերդերի
        Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
 
Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
        Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահա՜ր են մայթերի-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
 
Համբո՛ւյրը քո աղջիկների,
        Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկների՜ն-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
 
Կուզեմ լինեմ Նորքի նման,
        Ծաղկեմ ամեն եկող գարնան.
Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
 
Կամ լինեմ այս քամին լոթի 
        Եվ, հարբած քո անուշ հոտից,
Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
        Ու... չիմանա՜մ ինչի համար:
 
Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
        Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
        Ու... չիմանա՜մ ինչի համար:
 
Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
        Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ-
        Ու... չգիտե՜մ ինչի համար...