ՔԱՐԱՎԱՆ
Բառեր՝ Վլադիմիր Հարությունյանի · Երաժշտություն՝ Արտեմի Այվազյանի
Անապատով անափ, անցիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկինքն հավետ գարնան`
Դու տար, ինձ տար, իմ քարավան:
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող խնդության
Արտասուքըս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:
Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ հայուհի մի արևոտ
Մնում է իմ դարձին կարոտ:
Այնտեղ Հրազդանն է կարկաչում
Եվ տուն է ինձ կարծես կանչում,
Ահա, գալիս եմ կարոտած,
Իմ Հայրենիք, քո գիրկը բաց: