ՔԵՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Բառեր՝ Աշուղ Միջազի · Երաժշտություն՝ Աշուղ Միջազի
Չորրորդ գունդի հրամանատար քաջ Քեռի,
Ինքդ արի, գործերդ էին միշտ բարի,
Սրտաճմլիկ՝ լուրդ առանք ցավալի,
Քաջաց քաջ հերոս, Քեռի պանծալի:
Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց,
Մեր սրտերում անբուժելի վերք բացեց,
Միթէ չար գնդակը քեզի՞ որոնեց,
Գաղափարդ ու հոգսերդ խորտակեց:
Թող լռեն սոխակներ, էլ չճլվլան,
Սլացեք կռունկներ դեպի Հայաստան,
Լուր տարածեք ամբողջ հայության՝
Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման:
Դու ամեն տեղ վազում էիր օգնության,
Քեզ ազդում չէր ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ գնդակ,
Ամենքին անխտիր էիր դու պաշտպան,
Կոչմանդ արժանի հերոս Քեռի խան:
Մահդ Դաշնակցության մեծ ցավ պատճառեց,
Եվ ընտանիքիդ էլ սիրտը խռովեց,
Համարյա թէ ամբողջ Կովկասը ցնցվեց,
Քեզ համար շատ մայրեր լացին ողբացին:
Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր,
Թշնամու զորքերն էին բյուր հազարավոր,
Տասնինը տասնվեց Մայիս տասնհինգին,
Հայոց առյուծն ընկավ վրեժը կրծքին: