ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՐԻԿ

1993թ.

Այս տարվա քո նվերները 
Մութն ու ցուրտն են, ի՛մ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը 
Քեզ դարձել են խաղալիք:
 
Եվ այս խաղը պատերազմն է,
Որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է՝
«Ես սպասում եմ քեզ, հայրի՜կ»:
 
Ա՜խ, այս ի՞նչ Ձմեռ պապի է, 
Որ քո տանն է հայտնվել, 
Այս թշվառ ծեր մուրացկանը, 
Տե՛ս՝ ինչեր է քեզ բերել:
 
Ա՜խ, այս ի՞նչ Ձմեռ պապի է, 
Որ քո տանն է հայտնվել, 
Այս թշվառ թափառականը
Նվերներ է քեզ բերել:
 
Իսկ նրա բերած նվերը
Մահվան գուժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են 
Եվ, մեղա՜ քեզ... մանուկնե՜ր:
 
Հողի տակ մեր եղբայրներն են
Ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը 
Անեծքի է վերածվել:
 
Ա՜խ, այս ի՞նչ երկար ձմեռ է, 
Տեսնես՝ ե՞րբ կվերջանա, 
Երբ նորից բացվի գարունը, 
Քո հայրիկը տուն կգա՞:
 
Քո հայրիկը, իմ փոքրի՛կս, 
Անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշի՛կս, 
Կգրկի քեզ, կխաղա:
 
Իսկ եթե հանկարծ, փոքրի՛կս, 
Քո հայրիկը ուշանա,
Դու հիշի՛ր նրան, պստի՛կս, 
Նա քեզնից չի հեռանա:
 
Եվ դաժան այս ձմեռները 
Դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, 
Դու շատ շուտ կմեծանաս:
 
Դու փակիր քո աչուկները, 
Բայց նրան մի՛ մոռանա,
Ու հայրիկդ, իմ փոքրի՛կս, 
Անպայման քեզ մոտ կգա: 
 
Քո հայրիկը, տե՛ս, եկել է,
Ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տե՛ս, եկել է,
Աչքերում արեգակներ:
 
Այդ նրա ուժեղ ձեռքերն են 
Բարձրացնում քեզ դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, 
Որ եկել է քեզ նվեր: