ՍԱՐԴՈՍՏԱՅՆ

1974թ.

Երեկոն սենյակիս պատերին
Շուռումուռ ստվերներ է գծում,
Հեռացող քայլերի արձագանք կա
Դատարկ փողոցում:
 
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ՝ ոչ,
Արդյոք ո՞ւր են գնում,
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ
Այս դատարկ աշխարհում:
 
Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ ապրել:
 
Կա մկնիկ, որ շաքար է սիրում
Եվ ունի ընտանիք,
Եվ կատու, որ սիրահարվում 
Ու փախչում է տանիք:
 
Կա մի սարդ, որ սիրում է կախվել
Փոշոտ առաստաղից,
Ու մեկ-մեկ զրուցում է ինձ հետ
Տանջող հոդացավից:
 
Երեկոն հուշերիս թելերից
Սարդոստայն է գործել,
Ես սարդի հետ իմ առաստաղից
Որոշել եմ կախվել:
 
Որոշել եմ կախվել հենց էնպես,
Առանց լուրջ պատճառի,
Փաթաթվել հուշերիս թելերին
Ու ոռնալ կատաղի:
 
Թե բոլորս հյուրեր ենք անկոչ
Ու որբեր միայնակ,
Էլ ինչո՞ւ ենք իրար հալածում
Ու կրծում շարունակ:
 
Երեկո. հուշերիս փողոցով,
Իմ անցյալն է անձայն հեռանում,
Եվ նրա հեռացող քայլերից
Ես մենակ եմ մնում:
 
Իմ մկնիկը արդեն արթնացել,
Ուտելիք է փնտրում,
Իմ կատուն ինձանից ձանձրացել,
Տանիքում է քնում:
 
Ժամանակը սարդի պես նայում է ինձ
Մութ անկյունից,
Մեղքերիս թողություն եմ հայցում
Չգիտես, թե ումից:
 
Հուշերիս կոտրված հայելուց
Սառնություն է փչում,
Այնտեղից անծանոթ ինչ-որ դեմք
Անթարթ ինձ է նայում,
 
Ես գոռում եմ՝ կորի՛ր, գարշելի՛,
Այդտեղ ի՞նչ ես անում, 
Նա նայում է արդեն չարացած,
Եվ ես ինձ եմ տեսնում:
 
Երեկո. իմ փոքրիկ սենյակում
Մի թիթեռ է անվերջ պտտվում,
Եվ նրան իմ սենյակը փոքրիկ
Մի անվերջ սարդոստայն է թվում: