Ինքնակենսագրություն
Ես՝ Պարույր Ռաֆայելի Սեվակս (Ղազարյան), ծնվել եմ 1924 թվականի հունվարի 26-ին, Հայկական ՍՍՀ Արարատի շրջանի Սովետաշեն գյուղում, գյուղացու ընտանիքում:
Սկզբնական և միջնակարգ կրթությունս ստացել եմ 1929-1939 թվականներին, տեղի լրիվ միջնակարգ դպրոցում:
1936 թվականին ընդունվել եմ ՀամԼԿԵՄ շարքերը:
1940 թվականին ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժանմունքի Հայոց լեզվի ու Գրականության բաժինը, որ ավարտել եմ 1945 թվականին, «Գերազանց» դիպլոմով:
Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել եմ Հայկ. ՍՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հայ հին և միջնադարյան Գրականություն մասնագիտությամբ:
Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել եմ նախ իբրև «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, ապա Արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերության մամուլի բաժնում, իբրև ավագ ռեֆերենտ, որտեղից տեղափոխվել եմ «Գրական թերթ»-ի խմբագրություն՝ իբրև պոեզիայի բաժնի վարիչ (1945-1951թ.թ):
1951 թվականից ուսանել եմ Մոսկվայի Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտում, որի լրիվ դասընթացն ավարտել եմ «Գերազանց» դիպլոմով, 1956 թվականին: Այս ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել եմ նույն այդ ինստիտուտում, իբրև ավագ դասախոս (1957-1959թթ):
1963 թվականի հունվարից մինչև այսօր աշխատում եմ Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, իբրև ավագ գիտաշխատող, որտեղ 1967 թվականի հուլիսին պաշտպանել եմ թեկնածուական դիսերտացիա «Սայաթ-Նովա» թեմայով, բայց Գիտական կոչումներ շնորհող Գիտական խորհրդի միաձայն որոշմամբ ինձ շնորհվել է Բանասիրական գիտությունների գիտական աստիճան:
1966 թվականի նոյեմբերից և մինչև այսօր միաժամանակ աշխատում եմ նաև իբրև Հայաստանի Գրողների միության քարտուղար և հանդիսանում եմ նրա նախագահություն, ինչպես նաև ՍՍՀՄ Գրողների վարչության անդամ:
Գրական և Գրականագիտական աշխատանքով զբաղվում եմ 1941 թվականից սկսած: Մինչև հիմա տպագրել եմ բանաստեղծությունների և պոեմների 8 ժողովածու հայերեն, 5 ժողովածու ռուսերեն, ինչպես նաև «Սայաթ-Նովա» մենագրությունը:
1966-1969 թվականներին եղել եմ Երևանի Քաղաքային խորհրդի դեպուտատ, իսկ 1968-1970 թվականներին՝ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ:
Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի Գրականության ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ եմ:
Հայաստանի Պետական մրցանակաբաշխության դափնեկիր եմ:
Ամուսնացած եմ, ունեմ երեք տղա:
ՊՍեվակ (Ղազարյան)
11.II.1971
Երևան