Sevak

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ԾԱԽՈՒՄ - ԱՌՆՈՒՄ - ԲԱՇԽՈՒՄ ԵՄ

Թե ավելորդ գորով ունեք՝ 
         Տարեք շուկա՜, 
Ես ծախո՜ղ եմ, ո՛չ թե առնող: 
 
Թե ավելորդ կորով ունեք՝ 
         Ես կամ ու կամ, 
Էլ ինձնից էլ լավ ձեռք բռնո՞ղ: 
 
         Խե՞լք եք ծախում՝ 
         Առնողը չեմ, 
Թե գինն անգամ ջրի գին է,- 
Հաջողությա՛ն համն եմ անգամ ես մոռացել,
         Ահա թե ի՜նչ: 
 
         Ելք չե՞ք ծախում՝ 
         Հազա՜ր ափսոս, 
Թե չէ մուտքը իմ կողքին է, 
Չի պահանջվում և մուտքի տոմս - 
Քիչ է մնում քաշեն թևից: 
 
Ինչի՜ս է պետք և ձեր երգը, 
Առնող ճարեք՝ ինքըս ծախեմ: 
Դահլիճ լինի կամ լսարան՝ 
         Այդ ուրի՛շ բան, 
         Կառնեմ ե՜ս էլ: 
 
Ինչի՜ս է պետք ձեր տարերքը, 
Փոխող բերեք՝ ինքըս փոխեմ: 
Հանգի՜ստ փոխեմ իմ տարերքի գոնե կեսը: 
 
Ո՞վ է այնտեղ համարյա թե ձրի ծախում նահանջ: Ունե՛մ: 
Ինձ հարձակման թափ էլ պետք չէ:- 
Ճարպկությա՜ն պահանջ ունեմ... 
 
Ո՞վ է այնտեղ ներկեր ծախում,- 
Ներկարա՞ր եմ ու նախշո՞ւմ եմ... 
 
         ...Եվ շատ բաներ, 
Որ չեն ծախվում ու չեն առնում, 
         Ես բաշխո՜ւմ եմ: 
 
Ես բաշխում եմ ազնըվության անցագըրեր, 
Սակայն ո՛չ թե «մի անգամվա», 
Այլ «մշտական»՝ միանգամայն: 
 
Ես բաշխում եմ հանդըգնությո՜ւն, 
         Ո՛չ ճգնություն 
Անզորության փակ շրջանում, 
Եվ ո՛չ մտքի մթագնություն, 
         Այլ տքնությո՜ւն, 
Որ թռիչքով է վերջանում: 
 
Գութ ու խղճից զրկվածներին՝ 
Մինչև անգամ ո՛չ խղճի խայթ, 
Ողորմաբար խի՜ղճ եմ տալիս. 
 
Ո՜չ թե դեմքի ծամածըռանք, 
Այլ օգնություն աղերսելու ճիչ եմ տալիս՝ 
         Ցավածներին, 
Անմահություն՝ 
         Զոհվածներին, 
Ծլարձակում՝ 
         Բովվածներին, 
Անդավաճան ընկերություն՝ 
         դավվածներին, 
Բարի գալուստ՝ 
         չվածներին... 
 
Համակրությո՞ւն է հարկավոր բարի գործին, 
Եվ մաքրությո՞ւն է հարկավոր միտք ու հոգու,- 
Թեկուզ մտքո՛վ, նույնիսկ հոգո՛վ լոկ կամեցեք 
Եվ... մի՛ քաշվեք-կարկամեցեք, 
 
         Մո՜տ համեցեք... 
Ես ծախում եմ, նաև առնում 
Եվ, հույս ունեմ, ինձ չեք խառնում 
Չարաշահող չարչիներին, 
Թե չէ, գիտե՞ք, ո՛չ թե աստված, 
Չարչինե՜րն էլ ձեզ չեն ների...
Մոսկվա
04-05.VI.1957թ.

ԳԺՎՈՒՄ ԵՄ

Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 
 
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 
 
Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 
 
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 
 
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի... 
Երևան
01.X.1961թ.

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, 
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. 
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, 
Իբրև պատասխան նրանց կարիքի. 
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, 
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,- 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստըդ բարի՜: 
 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ ատոմական այս ահեղ դարի 
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի 
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, 
Եվ նրա անտես սլաքները զույգ 
Իրենց վիրավոր թևաթափությամբ 
Ոչ թե մեզ կրկին 
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, 
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին 
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն... 
 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ ավելանա աշխարհի բարին, 
Եվ այդ աշխարհի բախտի վրայով 
Խևորեն ձգված մետաղալարին 
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝ 
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ... 
 
Ձյունն է վար իջնում 
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ: 
Իսկ ուրիշ մի տեղ 
Անձրևն է կրկին 
Երկինք ու երկիր մեկմեկու հինում, 
Կարծես թե հսկա տավիղ է շինում, 
Որի հոսանուտ լարերի վրա 
Իրիկնամուտի տավղահար քամին 
Մրսած մատներով 
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝ 
Ի վերա սիրո, 
Վասն խնդության, 
Վասն մարդկային ոգու խենթության: 
 
Անձրևի տեսքով, 
Ձյան կերպարանքով 
Այդ դու ես գալիս: 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստդ բարի՜: 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ անձրևը հորդ սրբելով տանի 
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, 
Այլ նաև փոշին ու մուրը հոգու, 
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում, 
Եվ ձյունը իջնի որոգայթների՛, 
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛, 
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա 
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ 
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի... 
 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց այսպե՛ս արի, 
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ 
Դառնա վարակի սավան ու վերմակ, 
Եվ որ անձրևի ջուրն աստվածային 
Մարդու արյունը ջրի վերածի, 
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ 
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ 
Նոր հիվանդության դիվային անուն, 
Որից մինչև իսկ մահն է մահանում... 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 
Ուշ մնացածին, 
Քնով տարվածին. 
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, 
Հիասթափվածին՝ նոր մի հիացում, 
Սիրասթափվածին՝ մի նոր միացում. 
Ձեռքից հավատը փախուստ տվածին, 
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, 
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, 
Մանկանը՝ մեծի մտքի լիացում, 
Մեծին՝ մանուկի անարատություն, 
Տափարակներին՝ Արարատություն, 
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, 
Որ նրա վրա Քաղցը այսուհետ 
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, 
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. 
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 
Տրվի ճախրանքի, 
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, 
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. 
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, 
Ո՛չ մի ազգ ու ցեղ 
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, 
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար. 
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար: 
Նաև հասկանա՛նք, 
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր... 
Երևան
05.I.1963թ.

ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՄ

                  Արդարացնում եմ 
Այս երկինք կոչված հրա՛չք սիրունի, 
                  Հրա՜շք սիրունի 
Հիմար թվացող անտերությունը 
Եվ ա՛յն, 
                  Որ աստղե իր խալերի հետ 
                  Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի: 
 
                  Արդարացնում եմ 
Եվ անծիր ծովի ա՛յն թերությունը, 
                  Որ... ափեր ունի: 
Մոսկվա
20.VI.1957թ. 20.XI.1957թ.

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

         Հաճախ սիրում եմ, 
Երբ մարդկայնորեն սիրտըս գերում են: 
 
         Հաճախ լռում եմ, 
Երբ ճիշտ ասածըս դիտմամբ ծռում են: 
 
         Նաև խղճում եմ, 
         Եթե զղջում են: 
 
         Հիասթափվում եմ, 
         Եթե խաբվում եմ: 
 
         Նաև ատում եմ, 
         Եթե ստում են: 
 
         Բայց ամենի՛ց խոր 
         Ես հավատո՜ւմ եմ: 
 
Ո՛չ միայն գիտեմ. 
         Ես հավատո՜ւմ եմ 
Երկնի բացխուփիկ քողարկությանը, 
Օվկիանոսների հավերժ կրկընվող խաղարկությանը, 
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը: 
 
Ո՛չ միայն գիտեմ. 
         Ես հավատո՜ւմ եմ, 
         Որ անհնար է արևը բանտել, 
         Երկնակամարի զարդերը քանդել, 
         Խմորի նման հունցել ու գնդել 
                  Կապույտը ծովի, 
         Ատելի լուսնին բռնել վռնդել 
                  Երկընքից ծավի... 
 
         Ինչո՞ւ թաքցընեմ,
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն: 
Ի՜նչ ասես չկա նրա փակ սրտում: 
 
         Գիտի կործանե՛լ, 
         Բայց և... գո՜րծ անել, 
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեռքերով՝ 
Աշխարհը լցնել շռայլ բերքերով: 
 
         Նո՛ւյն այդ ձեռքերով՝ 
         Ե՛վ ճրագ մարել, 
         Ե՛վ խարույկ վառել: 
 
         Նո՛ւյն այդ ձեռքերով՝ 
         Ե՛վ դանակ խրել, 
         Ե՛վ վեպեր գրել: 
 
         Նա գիտի զարկե՛լ 
         Ու զրկե՜լ գիտի, 
         Բայց գիտի գրկե՛լ 
         Ու փրկե՜լ գիտի: 
 
         Նա գիտի կեղծե՛լ 
         Ու սրբապղծե՛լ, 
         Առավել ևըս՝ 
         Գիտի ստեղծե՜լ: 
Ես նրան հաճախ դատափետում եմ, 
Երբեմըն նրան նույնիսկ ատում եմ, 
Բայց, ամենից շատ, խոր հավատո՜ւմ եմ: 
 
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը՝ 
Ստորությա՛նը 
Ու չարությա՛նը, 
Այլ խորությա՜նը 
Ու բարությա՜նը. 
Ո՛չ ծերությանը, 
Այլ նորությա՛նը՝ 
Զավակի տեսքով անվերջ կրկընվող այդ հարությանը,- 
 
Ես հավատում եմ կենդանի մարդուն, 
Առավել՝ նրա ծնվելիք որդուն: 
 
Ես հավատում եմ նրա անուրջին. 
Նա որտեղ որ է Մարս էլ կթռչի,- 
Նոր է սկըսում տիեզերական ճամփորդությունը: 
Եվ Վեներայի լանջին կկառչի,- 
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը... 
 
Ես հավատում եմ նրա ծով խելքին 
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը, 
Ամե՜ն ինչ տեսնող աչքերի ցոլքին 
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը: 
Ես հավատում եմ նրա մատների 
Հար անհատնելի 
                  ճարտարությանը, 
Նրա ոտների 
                  արդարությանը. 
Մինչև իսկ եթե ճամփից էլ հանեն՝ 
         Էլի՜ ճար կանեն, 
         Տե՛ղ կհասցընեն... 
 
Ես հավատում եմ հավատի՜ն մարդու՝ 
         Իմ ա՛յս հավատին... 
Մոսկվա
02.VI.1957թ.

Lilas