Sevak

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ

Հրաժարվում եմ նախ՝ ի՛մ իսկ ձեռքից, 
Եթե նա պիտի պոկի վիրակապ 
Փակվել սկըսվող խորամուխ վերքից: 
 
Հրաժարվում եմ օգնական զորքից, 
Թե պիտի հետո նա չհեռանա 
                  իմ երկրի խորքից: 
 
Հրաժարվում եմ ա՛յն միակ արկից, 
                  որ պատերազմի ելք չի որոշում, 
Այլ միայն տասնյակ մարդկանց է հոշում: 
 
Ա՛յն միակ զարկից, 
              որ և հերիք է, 
Որպեսզի կրկին նոր կյանք ստանա 
                  Մսրա Մելիքը. 
Նաև ա՛յն բարկից, 
              Որ լոկ վառում է - չի տաքացընում, 
              Եվ ոչ թե թրծում, այլ ճաքեցընում: 
 
              Հրաժարվում եմ 
              Ինչից որ կուզեք՝ 
Նույնիսկ սեփական հպարտությունի՜ց: 
Բայց ո՛չ թանկ նստող ճշմարտությունից: 
 
Իսկ եթե հանկարծ անկարող լինեմ 
Չհրաժարվել ճշմարտությունից 
Թե կուրծքըս չուզի, որ իր վանդակին գնդակներ խրվեն, 
Թե վիզըս չուզի պինդ օղակի մեջ մի կողքի ծռվել, 
Թե մեջքս չուզի մայր հողի վրա դիտապաստ փռվել,- 
              տեսնելով, որ իմ կյանքը հատվում է՝ 
              Իմացեք, ես է՛լ 
              Այդ պահին կասեմ. 
              -«Բայց այսուհանդերձ... նա պտըտվո՜ւմ է»... 
Մոսկվա
06.VI.1957թ.

ՎԱԽԵՆՈՒՄ - ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ

Վախենում եմ շա՛տ բաներից, 
Ամեն տեսակ վա՛տ բաներից: 
 
Ինչպես մանուկն է փախենում 
Գիշերային ավեր վանքից՝ 
Վախենում եմ ես էլ արդի 
Կեղծ ֆանատիկ-մոլեռանդի 
                  կուրա՛չ ջանքից: 
 
Ինչպես մանուկն է վախենում 
Գերեզմանոց տանող ճամփից՝ 
Վախենում եմ ես իմ անվան, 
Պատվի՜ համար՝ 
                  որքան անբիծ, 
Նույնքան նաև չպաշտպանված 
Զրպարտության թուխպ ու ամպից... 
 
                  Վախենում եմ 
Սին մտքերի ճարճատումից, 
Հին մտքերի աղճատումից, 
Նոր մտքերի կրճատումից: 
 
                  Վախենում եմ 
Մերժված կնոջ ահեղ քենից, 
Խարխուլ պատի խաղաղ շուքում 
Հոգնած մանկան անմեղ քնից: 
 
Վախենում եմ ես թույլերի՜ց. 
Այդ նրանք են ամենից շատ 
Ստորություն անում կյանքում... 
Վախենում եմ ես ծույլերի՜ց. 
Այդ նրանք են ամենից շատ 
Հոգնածորեն ծանըր տնքում... 
 
Եվ աստղային ա՛յն բույլերից, 
Որ խաբում են ճամփորդներին՝ 
Շփոթեցնում հյուսիս-հարավ... 
 
Եվ տակը ծակ ա՛յն դույլերից, 
Որ խաբում են ճամփորդներին՝ 
Ջրհորի մոտ թողնում ծարավ... 
 
Վախենում եմ ես շա՜տ բանից, 
Սարսափում եմ շատ... քի՜չ բանից: 
 
«Խոսքն է եղել սկըզբանից...», 
Իսկ թե հանկարծ մի անբանից 
                  Հըրաման գա՝ 
                  Մինչև անգամ 
Վերցնել մարդկանց լեզվի՞ց զրկել - 
Ո՛չ թե մարդկանց քիմքին կպած 
Այն մի կտոր միսը պոկել, 
Այլ բերա՜նը ամուր փակել... 
 
Դժբախտ մարդ է անշուշտ կաղը: 
Բայց ինչ արժե և կաղության 
Անբնական ծանըր խաղը՝ 
Երբ կաղություն պիտի խաղաս, 
Սուտ-սուտ լնգաս, բռնի կաղաս... 
Դեռ կա ուրի՛շ զարհուրանք էլ - 
Երբ մինչև իսկ երազա՜նքը 
Սենյակի պես կտան վարձով, 
Հոգեփրկիչ թղթի նման 
Կվաճառեն կյանքում նորից... 
 
-Սարսափում եմ վերադարձող 
Քաղաքակիրթ միջնադարից...
Մոսկվա
08, 09.VI.1957թ.

ՔՐՏՆՈՒՄ ԵՄ

                  Ես քրտնում եմ՝ 
                  Ինչպես որ նա, ինչպես որ դու. 
Այստեղ մեր մեջ՝ արդեն ո՛չ մի տարբերություն: 
                  Ես քրտնում եմ 
                  Տաք քրտինքով՝ 
                  Տապի՜ց, 
                  Տոթի՛ց, 
Պաղ քրտինքով՝ 
                  Ե՛վ սարսափից, 
                  Ե՛վ ամոթից: 
 
Ես քրտնում եմ և ամոթից, 
Երբ ես կուշտ եմ, դու՝ անոթի, 
Երբ ես՝ սխալ, իսկ դու ճիշտ ես, 
Երբ կարծեցյալ ծանըր վիշտըս 
Քո վշտի դեմ լոկ փետուր է. 
Մինչ կաթում է իմ կտուրը՝ 
Տանիք չունի տունըդ մի՛շտ էլ: 
 
Տաք քրտինքն է հոգիս պատում, 
Երբ ինձպեսին ինքս եմ դատում: 
 
Ամաչում եմ իմ անտեղի կոշտությունից, 
Իմ պատճառով խիստ խորացած գժտությունից, 
Դիտավորյալ, ոչ թե անկեղծ հաշտությունից: 
Ամաչում եմ ու քրտնում եմ այն ժամ նաև, 
Երբ - լինում է - սիրտ չեմ անում 
Իմ իսկ սրտի խորքը նայել, 
Նայել - և ի՜նչ՝ 
Հանկարծ զգալ, 
Որ չեմ սիրում, այլ խաղում եմ, 
Որ չեմ աղում, այլ մաղում եմ, 
Որ չեմ ատում, այլ պարզապես նախանձում եմ, 
Եվ շոյում է մեղք գործածի թախանձումը, 
Ու ստում եմ, թե իբըր ես հավատում եմ, 
Չե՛մ հավատում - հավատացող ձևանո՜ւմ եմ... 
 
Սակայն կյանքում շա՛տ ավելի ես քրտնում եմ ուրիշի՜ տեղ, 
Թեպետ գուցե չի երևում իմ քրտինքի աղի շիթը: 
Ուրիշի՛ տեղ, 
Երբ որ մի բան մտածում են, 
Բայց ասում են բոլորովին ուրի՜շ մի բան 
Եվ չեն զգում, որ այդպես է հասնում ահա 
Ա՛յն դանակի բթացումը, 
Որով մարդիկ այգու նման կյանքն են էտում: 
Ուրիշի՛ տեղ, 
Երբ նրանք չեն կշռադատում - 
Կատարում են լոկ հրաման, 
Ասես ուսին գլո՛ւխ չունեն, 
Այլ շուռ տված մի ջրամա՜ն... 
 
Ես քրտնում եմ ուրիշի՛ տեղ, 
Երբ որ նրանք իրենց ուժը... 
Բայց այս մասին՝ ուրի՛շ անգամ,- 
Չէ՞ որ ինձ պես անզգույշը... 
Իմ այս վախկոտ-զգուշավոր մտքի համար՝ 
Ես քրտնում եմ նաև հիմա 
Եվ մտածում, 
Թե ինչի՞ց է քրտնում մարդը: 
Ի՞նչ եք կարծում: 
Ինձ թվում է՝ 
Ա՛յն պատճառով 
Եվ այնժամ է քրտնում մարդը, 
Երբ որ օդը պակասում է: 
 
Ձեզ թվում է, 
Թե ամոթի կամ սարսափի զգացումը 
Իմ ասածին հակասո՞ւմ է... 
Մոսկվա
04, 17.VI.1957թ.

ՀԻՄԱՐԱԲԱՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՄ

Հիմարաբար խոստովանեմ և այն, որ ես... 
Ես էլ ձեզ պես մարդ եմ ծակաչք. 
                            Անտեր աչքըս՝ 
                            Թեկուզ փակած, 
                            Չի՛ կշտանում - 
                            Ու տանջում է, 
                  Եվ գլխիս դեմ սիրտս հաճախ 
                            Ըմբոստանում՝ 
                            Պահանջում է 
Օտար այգուց վարդ ու կակաչ, 
Ուրիշների փռից՝ տաք հաց. 
Ծուռ է նայում օտար կնոջ, 
Թե իմն անգամ լինի հնոց, 
Իսկ նա՝ նույնիսկ ցրտից ճաքած... 
 
Հիմա՞ր մարդն է այսքան անկեղծ խոստովանում, 
Թե՞ խելոքն է ունեցածով միշտ գոհանում... 
Մոսկվա
20.VI.1957թ.

ՆԵՐՈՒՄ ԵՄ

Ես չե՛մ հարգում, ճի՜շտ հասկացեք, 
                  Ես չե՛մ հարգում, 
         Բայց ներում եմ ջահելներին՝ 
Երբ զուր տեղը կռիվներ են նրանք սարքում - 
         Մեղավոր է հորդող ուժի ավելցուկը: 
 
Ես չե՛մ հարգում, ճի՜շտ հասկացեք, 
         Ես չե՜մ հարգում, 
Բայց ներում եմ ահելներին՝ 
Երբ ասում են շատ լրջորեն, 
         Հետն էլ տնքում. 
-Բա սա ձո՞ւկ է: Մեր ժամանակ լա՜վն էր ձուկը... 
 
         Ես ներում եմ 
Օտար երկրում լիազորված հայրենասեր այն դեսպանին, 
Որ հայրենիք տանող ճամփա չի հարցընում՝ 
Իմանալով, որ իր դժբախտ հայրենիքում վիշապացել 
Ու խժռում է բռնակալի դեռ երեկվա բարակ օձը: 
 
Այսպես՝ նաև ես ներում եմ ինքնասպանին, 
Թե մի քնած ժողովուրդ է արթնացընում 
                  Նրա միակ կրակոցը... 
 
         Ու ներում եմ գլխացավը՝ 
Թե ծագում է տարիքն առած կուսությունից, 
         Գլխացավանքն անակընկալ՝ 
Թե գալիս է հաջող չանցած քսությունից. 
         Եվ այն ցավը, 
Որ արդյունք է սիրո անուշ հիվանդության, 
Եվ այն հիվանդ սովորույթը, 
Որ ծնունդ է ավանդության: 
         Թող որ ներվի 
Նաև սուտը անմեղունակ, 
Ամեն կոպիտ անմեղ հանաք, 
Ամեն ամպ օր ու եղանակ: 
 
Եկեք նաև մի՛ նեղանաք, 
Թե սիրում են՝ ցույց չեն տալիս, 
         Բայց մի՛ ներեք, 
Թե ցույց տալիս, բայց չեն սիրում: 
 
Եկեք նաև նրա՛ն ներենք, 
Ով լռում է հարկադըրված, 
Սակայն գոնե փրփըրում է, 
         Բայց ոչ նրան, 
         Ով դավում է 
Եվ ցավում է՝ հարկադըրված... 
 
         Ես չներե՞մ երեխեքին, եթե նրանք 
         Եվ թանկարժեք իր են կոտրում,- 
Թող սպառնան մինչև անգամ և լուսնյակի՜ն: 
Ես կներեմ ամե՜ն տեսակ ձեռնածություն ու հնարանք- 
                  Եթե նրանք 
Երեխայի սրտաճմլիկ լացն են կտրում, 
Երեխայի լացն են կտրում, բայց ոչ խաբում 
Դավաճանած եղջյուրակիր ամուսնյակին... 
Երբ ենք ներում կամ չենք ներում, 
         Հասկանո՞ւմ եք: 
 
Մենք ներում ենք 
         Ամե՛ն անգամ 
         Ու լոկ այնքա՛ն, 
Որքանով որ կատարվածը հասկանում ենք:
Մոսկվա
29.V.1957թ. 10.VI.1957թ. 21.XI.1957թ.

Lilas