Sevak

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Ես բռնել ուզեցի

Ես բռնել ուզեցի,
Եվ դու պուկ տվեցիր,
Ես արև ուզեցի,
Եվ դու շուք տվեցիր:
Իսկ հենց որ` դառնացած`
Ուզեցի արտասուք.
Արցունքը շատ էր քի՞չ,
Որ և սուգ տվեցիր:

Մաղի մեջ

Մաղի մեջ
Ջո՞ւր կմնա,
Պաղի մեջ
Հո՞ւր կմնա,
Այրում են
Թե անկրակ,
Էլ մոխիր,
Մո՞ւր կմնա:

Թե ինձ համար ինչ է պահված

Թե ինձ համար ինչ է պահված`
Ինքս էլ կարգին չգիտեմ...
Հազար գետից թռել-անցել,
Կանգ եմ առել մեկի դեմ,
Կանգ եմ առել, չեմ հասկանում.
Թրջվելո՞ւց եմ սարսափում,
Թե՞ ինձ ոչինչ չի գրավում
Ու չի ձգում այն ափում:

Հովիտը ինքս տվեցի

Հովիտը ինքս տվեցի,
Խլեցիր և սարավանդը.
Քեզ քիչ էր այս այրող սերը,
Վառեցիր և կիզող խանդը:
Ուզեցի, որ հավետ կապվենք,
Որ սիրով խայտանք ու ծփանք,
Դու կապը դարձըրիր կապանք
Եվ տուն կոչեցիր... այս բանտը:

Դո՛ւ ես ձգում

         Դո՛ւ ես ձգում,
Այնինչ ես եմ կտըրվում.
         Դո՛ւ բռնըվում,
Այնինչ ես եմ փետըրվում:
Ի՜նչ էլ անեմ,ի՜նչ էլ չանեմ,
         Ա՛յ քեզ բան,
         Կուժն ու կուլան
Իմ գլխին են կոտըրվում:

Lilas