Sevak

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Աչքըս բաց

         Աչքըս բաց՝
Բայց էլի խաբեցիր -
Ոտքերըս-ձեռքերըս
         Կապեցիր:
         Հիմա էլ
Կտրում ես յոթ անգամ,
         Բայց գոնե
Մեկ անգամ չափեցի՞ր:

Ես քո մասին

         Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում:
         Ես քո մասին
Ախար ի՜նչ չեմ մտածում,
         Բայց թերևս
Ամենից շատ` մտովին
         Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում:

Ի՜նչ ես տանջում, կամ թո՛ւյլ եղիր

Ի՜նչ ես տանջում, կամ թո՛ւյլ եղիր,
         կամ արի՛-
Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜,
         կամ արի՛:
Թե չէ` այդպես դու նման ես
         չփլված,
Բայց ուր որ է գլխիս թափվող
         կամարի:

Թող լինի այնպես

Թող լինի այնպես,
Ինչպես հուշում ես.
Էլ չե՛նք հանդիպի,
Ինչպես ուզում ես:
Ինչ էլ որ լինի`
Հիշելու բան կա.
Քե՛զ մոտ ավարտվեց
Սիրո ուսումըս:

Ես գիտեմ, կհանդիպենք դեռ

Ես գիտեմ, կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»:
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են - գցում»...

Lilas