Sevak

ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ

Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել

Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
Աղբյո՜ւր ես եղել և ո՛չ թե հեղեղ:
 
Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,
Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ:
 
Դու փոքր ես եղել այն մուրճի՛ նման,
Որ ձև է տվել ժայռերին համառ:
 
Փո՜քըր, բայց նման այն կշռաքարին,
Որ միշտ դըրվել է բարու նժարին
 
Եվ այդ նժարը ներքև է տարել...
Եկել են դարեր, անցել են դարեր,
 
Քեզ մատնել սրի, ավերի, գաղթի:
Բայց տիրացել ես այսօր մի բախտի,
 
Որ մեծ է քո հին վշտերի՛ց անգամ:
Եվ լա՜վ է որքան, ինչ քա՜ղցըր է զգալ,
 
Որ այսօր, երբ որ աշխարհը համայն
Կշեռքի երկու թաթի է նման,
 
Դու քո պատմության դասերով բոլոր,
Քո երջանկությամբ ու բախտով քո նոր,
 
Քո հին անունով, կյանքով դժվարին՝
Ծանր կանգնած ես այն մեծ նժարին,
 
Որ ծանր է կշռում ո՛չ թե արկերով,
Ո՛չ թե վառոդի, զենքի հակերով,
 
Ո՛չ թե ավերման կրքով կատաղի,
Ո՛չ թե մայրերի արցունքով աղի,
 
Այլ երջանկության մշտավառ հրով,
Խաղաղ ծերությամբ, շիկնանքով սիրո,
 
Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան,
Ձեռքի սեղմումով բարեկամական...
 
Այն մեծ նժարին, որտեղ ապագան
Ու պատմությունն են դարձել կշռաքար:
Երևան
XI.1950թ.

Դու քո խաղողի նման ես եղել

Դու քո խաղողի նման ես եղել.
Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել,
Բայց երբ անցել են ցրտերը ձմռան,
Հողի մեջ թաղված վազերիդ նման,
Դու նոր մի ուժով նորից ընձյուղել,
Կորված ճյուղերդ ես վերստին ուղղել,
Եվ եթե կրկին կորվել ես՝ արդեն
Ողկույզների տակ այն ադամանդե,
Որ ճաքճըքել են քո քաղցրությունից,
Մինչ դառնությունդ... դարձել է գինի...
Երևան
[1950թ.]

Ինչ լա՜վ է, որ դու աշխարհի մեջ կաս

Ինչ լա՜վ է, որ դու աշխարհի մեջ կաս,
Ինչ լա՜վ է, որ դու քո ծանր բեռով
Քո ծանր անցյալից հասար այս ներկան
Կենաց ու մահու ճանապարհներով:
 
Ինչ լա՜վ է, որ դու լոկ պատմությո՛ւն չես,
Ընկած սյուն, խոյակ կամ հին ձեռագիր:
Պատանու նման տաք է քո շունչը,
Շիկնել է դեմքդ ներքին կրակից:
 
Ինչ լա՜վ է զգալ՝ դու մի կամուրջ ես,
Որ շաղկապում է անցյալն ու ներկան,
Եվ որ խոսում է նորից քո մուրճը
Իր հասկանալի լեզվով անթարգման:
 
Որ դու աշխարհի տված հարցին էլ
Ինձ նման ունես քո պատասխանը.
-Ես սովետական քաղաքացի եմ,
Ես՝ Սովետական նոր Հայաստանը:
Երևան
[1950թ.]

Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա

Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա
Ինքնամոռացումը մեր խենթ ջրվեժների,
Մեր ձորերը անտակ, մեր ծերպերը մռայլ,
Կենդանակերպ տեսքը մեր ապառաժների:
 
Մեր կեռ կածանները, որ անջուր առվի պես,
Մերթ՝ միայնա՜կ, խռո՜վ, մերթ՝ խճողո՛ւն,
Գլորվում են սարից, գալիս ու վերջապես
Ձուլվում գետի նման լայն խճուղուն:
 
Ձորերն ի վար խուժող մեր մշուշը կապույտ՝
Ներշնչման պես ցնդող, հղացման պես անձև,
Մեր ամպերի լողը, մերթ ցաքուցի՜ր, անփո՛ւյթ,
Ու մերթ՝ հանդիսավո՜ր թափո՛ր լինի կարծես:
 
Մեր սարերը ձյունոտ, արոտները կանաչ,
Կարոտը երգեցիկ՝ կոմիտասյա՜ն,
Մեր հարսների քայլքը, նազանքը մեր կանանց՝
Ամեն մեկը խոյակ միայն մի սյան:
 
Մեր հին պատմությունը՝ մի փառահեղ վիպերգ-
Հյուսված կրկներգներով սխրանքների, ցավի,
Ու մեր ներկան՝ իբրև և՛ անցյալի վերջերգ,
Ե՛վ նախերգանք վաղվա, ապագայի:
Երևան Երևան
14.IV.1951թ. [1950թ.]

ԵՐԵՎԱՆԻՆ

Ա
Նա փոխվում է ամեն վայրկյան՝
Արբունքահաս պատանու պես,
Ե՛վ դեռ մանուկ, և՛ առնական,
Արբունքահաս պատանու պես:
 
Երեկ՝ խաղում փոշիներում,
Լվացվում է այսօր նա, տե՛ս,
Հայելակերպ ավազանում
Արբունքահաս պատանու պես:
 
Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով՝
Արբունքահաս պատանու պես:
 
Արբունքահաս պատանու պես
Նոր է միայն նա կյանք մտնում,
Նա ինքն իրեն նոր է գտնում
Արբունքահաս պատանու պես:
 
Բայց և հիմա պա՜րզ է այնպես
Նրա գալիքն ու ապագան՝
Երբ որ դառնա նա առնական
Արբունքահաս պատանու պես:
 
Բ
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է...
Ա՛խ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:
 
Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ,
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:
 
Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:
 
Մի «չքնաղ» է մնում.
Մի «հոյակապ», մի «պերճ»,
Մի մեծ «չնաշխարհիկ»,
Մի «վեհ» փոքրիկ և՝ վե՛րջ:
 
Ու ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիաթներում:
 
Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն...
 
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:
 
Գ
Քաղաքամերձ անտառն իր կանաչին
Դանդաղ և աննկատ
Դեղին ոսկեթել է ընդելուզում:
Նորքի կտուրներին դդում ու չիր
Արեգակի վերջին
Լիցքերն են ծուլորեն կորզել ուզում:
 
Ցածում՝
Արարատյան տաք հովտի մեջ,
Հորդ անձրևից հետո, Երևանն է շողում
Աշնանային շոյող արեգակի ներքո:
Եվ կամարնե՛րը կոր,
Եվ լորինե՛րը մայթամերձ
Շողշողում են, զինվում մի նոր կախարդանքով՝
Անձրևաթաց փողոցների հայելու մեջ
Ճանաչելով իրենք իրենց
Ու մնալով խիստ գոհ:
 
Ցածում Երևանն է,
Որ թռչելով Զանգուն և անցնելով այն կողմ՝
Կանգ է առել մի պահ,
Որ շունչ առնի, ապա
Նորից ձգվի դեպի Էջմիածին, Փարպի.
Նա՛, որ իր մի ձեռքը Քանաքեռին հպած,
Մյուս թևը իր բաց
Տարածում է դեպի այն լեռը, որ
Հին լեգենդից բացի՝ հայտնի է նոր
Մեր հայկական գերբից:
 
Երևանն է շողում իբրև հսկա մագնիս,
Իր կողերից կախած բազում նոր ավաններ՝
Փոքրիկ երևաններ,
Որոնք իրար հանդեպ, իբրև հարևաններ,
Նախանձո՛տ չեն, սակայն նախանձախնդի՜ր են.
Ասֆալտ ու տուֆ հագնել,
Երևանի կողքին ինքնավայել կանգնել -
Նրանց համար ահա թե ո՛րն է խնդիրը:
 
Իսկ այդ ավանների անուննե՜րը խոսուն.
Նոր Կիլիկիան ահա,
         ահա Արաբկիրը,
Ահա Նոր Արեշը,
         Նոր Զեյթունը:
Յուրաքանչյուր ավան
         տարբեր մի երկիր է,
Եվ ամեն մի երկիր
Արժանացել հարկի,
Լոկ այստեղ է գտել
         վերջին հասցեն,
                  տունը: 
 
Կարելի է կարծել, որ աշխարհը համայն
Սեղմվել ու փոքրացել
Եվ ձգվելով թովիչ այս քաղաքից՝
Նրա շուրջն է սիրով խմբվել հիմա:
Ի՞նչ է, արտառո՞ց է, զարմանալի՞:
Մի մոռացեք սակայն, որ այս հարցում
Քար զարմանքի բոլոր փակ դռներն է բացում
Տխուր մեր անցյալը -
         հին բանալին:
 
Մինչդեռ նորը, խնդրե՛մ.
Իբրև արվեստագետ և իսկական, և մեծ,
Խոսում է ո՛չ այնքան, որքան ցույց է տալիս.
Երևանն է շողում
Արարատյան բեղուն տաք հովտի մեջ:
 
Երևանն է շողում
         իբրև հսկա՜ մագնիս...
Չանախչի
06.VII.1946թ. [1946թ.]

Lilas