...Գեղեցիկ ես իբրև զԵրուսաղեմ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
1.
Օ Սուլամի՜թա.
Հապա շու՛ռ արի, որ ես քեզ տեսնեմ:
2.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս:
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ:
3.
Դու սև ես՝ ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սևության մեջ՝ այնքա՛ն լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը:
Սև են աչքերըդ՝ իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս ա՛յն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու:
4.
Սև են վարսերըդ, ինչքան ճերմակ է
Դեռ փակ կուրծքը քո,
Ավելի՛ ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
Որ փրկեց Նոյին,
Ուրեմըն՝ և քե՛զ,
Ի՛նձ ու... մեր սե՜րը.
Ավելի՛ ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես և ո՛չ մի սև աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ:
5.
Մի՛ լինիր այսքան... այսքան սպիտակ.
Բացվի՛ր հայացքիս և աչքերիս դեմ,
Նաև մատների՛ս,
Յուրաքանչյուրը՝ միս դարձած մի շող:
Արևառությո՛ւն ընդունիր մի քիչ
Իմ հայացքի՛ տակ,
Նաև մատների՜ս:
6.
Քո կրծքի նման ճերմակ են նաև քո ատամները:
Եթե պարկեշտ ես՝
Մի՜ ժպտա երբեք...
7.
Օ Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի՛ եկ ինձնից,
Բայց շիկնի՛ր, շիկնի՜ր,
Որ իմ նեղ խցում
Արևածագի պատրանքն զգամ ես:
Շիկնի՜ր ու թո՛ւյլ տուր,
Որ հետըդ խոսեմ՝
Փարվելուց առաջ.
Փարվելուց առաջ՝
Մի փոքըր հեռվից
Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում:
8.
Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր՝
Քո թուխ մազերով լուսապսակված:
Եվ քո շուրթե՜րը...
Ինչո՞ւ է թվում,
Թե քո այտերին - առաջի՛ն անգամ-
Հպվելը նույնքա՛ն դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման - դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն - առաջի՛ն անգամ-
Նու՛յնն է, ինչ մի նոր տաճա՞ր ավերել,
Թե՞ հիմնադըրել մի եկեղեցի...
9.
Քո պարանոցը՝
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից - դարե՜ր - մարդիկ են կախվել՝
Ինձ նմաննե՜րը...
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չե՛մ բողոքում:
10.
Օ Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից:
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված:
Դու չե՞ս կամենում, որ ամբողջ գիշեր
Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
Սաղմոսնե՜ր երգեն.
«Օ Սու՛լ...
Սուլամի՛...
Օ Սուլամի՜թա...»:
11.
Օ Սուլամի՜թա.
Տեսնո՞ւմ ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի՝
Սողոմոնի՛պես:
Նրա արյունից մի՞թե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում:
Որտեղի՞ց հապա
Նրա արյունը օտարի՛ս սրտում՝
Ի՛մ սրտում, որ քեզ
Սիրում է այսպես՝
Աստվածաշնչյան ա՛յնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց... նրա՛ աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա:
Իսկ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜:
12.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի՝
Սողոմոնի՛ պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես...
Գիտե՞ս,
Ես ինչ-որ չափով նու՛յնպես արքա եմ:
Ո՛չ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ո՛չ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել:
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ի՞նչ եմ ե՛ս հապա,
Ինչպե՞ս ի՛նձ կոչել, եթե ոչ արքա,-
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՞րբ են պատկանել մանկլավիկների...